Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.06.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.08.11/39(705).1 Հոդ.931.15
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
26.06.2009
Подписан
Նախագահող
Дата подписания
26.06.2009
Дата вступления в силу
26.06.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/0771/02/08

Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/0771/02/08

2009թ.

Նախագահող դատավոր՝ Ն. Հովսեփյան

Դատավորներ՝ Է. Մուրադյան

               Ա. Մկրտչյան


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ե. Խունդկարյանի

 

Ս. Անտոնյանի

Ա. Բարսեղյանի

 

Մ. Դրմեյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

 

2009 թվականի հունիսի 26-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Պողոս, Սեդրակ և Դավիթ Հապետյանների ներկայացուցչի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.12.2008 թվականի թիվ ԵՄԴ/0771/02/08 որոշման դեմ՝ Կարապետ Անտոնյանի դիմումի հիման վրա քաղաքացիական գործով՝ ըստ դիմումի Պողոս, Սեդրակ և Դավիթ Հապետյանների՝ ժառանգությունն ընդունելու բաց թողնված ժամկետի պատճառները հարգելի համարելու և այն վերականգնելու պահանջի մասին, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.09.2007 թվականի թիվ 07-2746 վճիռը նոր երևան եկած հանգամանքներով վերանայելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

 

Դիմելով դատարան՝ Կարապետ Անտոնյանը պահանջել է նոր երևան եկած հանգամանքներով վերանայել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.09.2007 թվականի թիվ 07-2746 վճիռը:

Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 24.10.2008 թվականի որոշմամբ դիմումը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 23.12.2008 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն և որոշվել է. «Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանի 24.10.2008 թվականի որոշումը մասնակի բեկանել և փոփոխել՝ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 12.09.2007 թվականի թիվ 07-2746 քաղաքացիական գործով կայացված վճիռը վերանայելու նոր երեան եկած հանգամանք դիտարկել Մարի Անտոնյանի կողմից իր սեփականությունը հանդիսացող գույքից հրաժարվելու հանգամանքը, որի վերաբերյալ առկա են Մանուշակ և Հովհաննես Խարիկյանների, Իրա Հովսեփյանի հայտարարությունները»:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Պողոս, Սեդրակ և Դավիթ Հապետյանների ներկայացուցիչ Արթուր Մարտիրոսյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջը, ինչի արդյունքում խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 20410-րդ հոդվածի 1-ին կետի, 20411-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը Կարապետ Անտոնյանի դիմումի 4-րդ հանգամանքը, համաձայն որի՝ Մանուշակ և Հովհաննես Խարիկյանները, Իրա Հովսեփյանը տվել են հայտարարություններ այն մասին, որ Մարի Անտոնյանը հրաժարվել է իր սեփականությունը հանդիսացող գույքից, դիտարկել է որպես նոր երևան եկած հանգամանք: Մինչդեռ նշվածը Վերաքննիչ դատարանի 12.09.2007 թվականի թիվ 07-2746 վճիռը վերանայելու համար նոր երևան եկած հանգամանք չէ, քանի որ նշված հանգամանքը դեռևս մեկ ու կես տարի առաջ հայտնի է եղել Կարապետ Անտոնյանին, որն ամբողջ ծավալով արտացոլվել է վերջինիս կողմից Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարան ներկայացված հայցադիմումի մեջ։ Նշված հայցը դատարանում վարույթ է ընդունվել, ինչը Կարապետ Անտոնյանի և մյուսների չներկայանալու պատճառով 30.07.2007 թվականին թողնվել է առանց քննության։ Հետևաբար, Կարապետ Անտոնյանը ոչ միայն տեղյակ է եղել նշված հանգամանքին, այլև այն օգտագործել է իր կարծեցյալ իրավունքները պաշտպանելու համար։

Նշված պայմաններում դատարանը պետք է կիրառեր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 20410-րդ հոդվածի 1-ին կետը, ինչը չի արել, որի արդյունքում սխալ է գնահատել Կարապետ Անտոնյանի կողմից ներկայացված փաստաթղթերը՝ որակելով դրանք նոր երևան եկած հանգամանք։

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած կողմը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 23.12.2008 թվականի թիվ ԵՄԴ/0771/02/08 որոշումը և այն փոփոխել՝ Կարապետ Անտոնյանի դիմումը մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի 01.06.2007 թվականի թիվ 2-721 վճռով բավարարվել է ժառանգությունն ընդունելու համար բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և այդ ժամկետը վերականգնելու մասին Պողոս, Դավիթ և Սեդրակ Հապետյանների հայցապահանջը:

2. Կարապետ Անտոնյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանի 12.09.2007 թվականի թիվ 07-2746 վճռով բավարարվել է Պողոս, Դավիթ և Սեդրակ Հապետյանների ժառանգությունն ընդունելու համար բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և այդ ժամկետը վերականգնելու մասին հայցապահանջը:

3. ՀՀ վճռաբեկ դատարանի 08.10.2007 թվականի թիվ 3-1703 (ՎԴ) որոշմամբ վերադարձվել է Վերաքննիչ դատարանի 12.09.2007 թվականի վճռի դեմ բերված Կարապետ Անտոնյանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը:

4. 11.09.2008 թվականին դիմելով դատարան՝ Կարապետ Անտոնյանի ներկայացուցիչը պահանջել է նոր երևան եկած չորս հանգամանքների հիմքով վերանայել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 12.09.2007 թվականի թիվ 07-2746 վճիռը: Մասնավորապես, ներկայացվել է նաև Մարի Անտոնյանի կողմից իր սեփական գույքից հրաժարվելու վերաբերյալ Մանուշակ և Հովհաննես Խարիկյանների, Իրա Հովսեփյանի հայտարարությունները:

5. Կարապետ Անտոնյանը 2006 թվականի հունիս ամսին ներկայացրել է հայցադիմում ընդդեմ Պողոս, Սեդրակ և Դավիթ Հապետյանների և Կենտրոն նոտարական գրասենյակի նոտարի՝ սեփականության իրավունքի խոչընդոտները վերացնելու, ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջների մասին, որում արտահայտել է դիրքորոշում այն մասին, որ Մարի Կարապետի Անտոնյանի կողմից դրսևորվել է Երևան քաղաքի Վարուժանի թիվ 13 տնատիրության նկատմամբ սեփականությունից հրաժարվելու գործողություն, և նրա սեփականության իրավունքը դադարել է դեռևս Շահումյանի շրջխորհրդի գործկոմի 27.10.1988 թվականի թիվ 27/29 որոշմամբ:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 20411-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն՝ նոր երևան եկած հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե բողոք ներկայացրած անձն ապացուցում է, որ այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, կամ այդ հանգամանքները հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, և այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն:

Վերը նշված նորմի տառացի մեկնաբանության արդյունքում կատարված վերլուծությունից հետևում է, որ դատական ակտի վերանայման համար հանգամանքը որպես նոր երևան եկած որակելու համար անհրաժեշտ է նախ, որ այդ հանգամանքը օբյեկտիվորեն գոյություն ունեցած լինի մինչ վերանայման ենթակա դատական ակտի կայացման պահը, երկրորդ, որ հանգամանքը ներկայացված չլինի դատական ակտը կայացրած դատարանին (կամ այդ հանգամանքը գործին մասնակցող անձին հայտնի չլինելու կամ այդ հանգամանքները հայտնի լինելու իրավիճակում գործին մասնակցող անձից անկախ պատճառներով դատարան չներկայացվելու հիմքով) և երրորդ՝ այդ հանգամանքը գործի լուծման համար պետք է ունենա էական նշանակություն:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ յուրաքանչյուր գործ իր փաստական հանգամանքներով եզակի է, հետևաբար, նոր երևան եկած հանգամանքի էական լինելը յուրաքանչյուր գործով որոշելիս դատարանները պետք է հաշվի առնեն վերանայվող գործի բոլոր փաստերը և պարզեն՝ արդյո՞ք այդ հանգամանքներն իրենց բնույթով ազդում են վերանայվող գործի ելքի վրա, թե՝ ոչ:

Սույն գործի փաստերից հետևում է, որ Վերաքննիչ դատարանը 23.12.2008 թվականի թիվ ԵՄԴ/0771/02/08 որոշմամբ Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանի 24.10.2008 թվականի որոշումը մասնակի բեկանել և փոփոխել է՝ Վերաքննիչ դատարանի 12.09.2007 թվականի թիվ 07-2746 վճռի վերանայման համար նոր երևան եկած հանգամանք դիտարկելով Մարի Անտոնյանի կողմից իր սեփական գույքից հրաժարվելու հանգամանքը, որի վերաբերյալ առկա են Մանուշակ և Հովհաննես Խարիկյանների, Իրա Հովսեփյանի հայտարարությունները:

Միաժամանակ, սույն գործի փաստերից հետևում է, որ Կարապետ Անտոնյանն իր ներկայացուցչի միջոցով դեռևս 2006 թվականի հունիս ամսին ներկայացրել է հայցադիմում (գ.թ. 18-20) ընդդեմ Պողոս, Սեդրակ և Դավիթ Հապետյանների և Կենտրոն նոտարական գրասենյակի նոտարի՝ սեփականության իրավունքի խոչընդոտները վերացնելու, ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջների մասին, որում արտահայտել է դիրքորոշում այն մասին, որ Մարի Կարապետի Անտոնյանի կողմից դրսևորվել է Երևան քաղաքի Վարուժանի թիվ 13 տնատիրության նկատմամբ սեփականությունից հրաժարվելու գործողություն, և նրա սեփականության իրավունքը դադարել է դեռևս Շահումյանի շրջխորհրդի գործկոմի 27.10.1988 թվականի թիվ 27/29 որոշմամբ:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կարապետ Անտոնյանի ներկայացուցչի կողմից ներկայացված՝ Մարի Անտոնյանի կողմից իր սեփական գույքից հրաժարվելու հանգամանքի մասին տեղեկություններ պարունակող Մանուշակ և Հովհաննես Խարիկյանների, Իրա Հովսեփյանի հայտարարությունները չեն կարող որակվել նոր երևան եկած հանգամանքներ, քանի որ նշված հանգամանքը Կարապետ Անտոնյանին հայտնի է եղել դեռևս 2006 թվականի հունիս ամսին, որը հաստատվում է Կարապետ Անտոնյանի ներկայացուցչի կողմից Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարան ներկայացված հայցադիմումով, իսկ այդ հանգամանքը առաջին ատյանի դատարանում գործի քննության ընթացքում իրենից անկախ պատճառներով դատարան չներկայացնելու մասին որևէ ապացույց սույն գործում առկա չէ:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է: Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.12.2008 թվականի որոշումը և այն փոփոխել. ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.09.2007 թվականի թիվ 07-2746 վճիռը նոր երևան եկած հանգամանքներով վերանայելու մասին Կարապետ Անտոնյանի դիմումը մերժել:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  

Ս. Սարգսյան

Դատավորներ`

Ե. Խունդկարյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան