Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.07.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.10.23/53(719).1 Հոդ.1178.25
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
24.07.2009
Подписан
Նախագահող
Дата подписания
24.07.2009
Дата вступления в силу
24.07.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/1516/02/08

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/1516/02/08

2009թ.

Նախագահող դատավոր՝ Վ. Ավանեսյան

Դատավորներ՝ Ա. Խառատյան

               Կ. Չիլինգարյան


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ`

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ`

Մ. Դրմեյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Ե. Խունդկարյանի

Է. Հայրիյանի

 

Ե. Սողոմոնյանի

2009 թվականի հուլիսի 24-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Լալագե Հակոբյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.02.2009 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Սվետա Հարությունյանի, Գալուբսիկ Սողոմոնյանի ընդդեմ Լալագե Հակոբյանի` ապօրինի զբաղեցրած բնակարանից վտարելու, ունեցվածքի գույքագրումով բնակարանի և ամառանոցի մուտքերի դռները կնքելու, բանալիներն իրենց ի պահ հանձնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Սվետա Հարությունյանը և Գալուբսիկ Սողոմոնյանը պահանջել են վտարել Լալագե Հակոբյանին իրենց հանգուցյալ եղբոր միակ ժառանգի՝ հանգուցյալ Անանիա Սողոմոնյանի՝ Երևան քաղաքի Ազատության նրբանցք 2-րդ շենք թիվ 65 բնակարանից, և իրենց ներկայությամբ ունեցվածքի գույքագրումով կնքել նշված հասցեում գտնվող բնակարանի և Ձորաղբյուրում գտնվող ամառանոցի մուտքերի դռները, իսկ բանալիները հանձնել իրենց՝ ի պահ:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 12.09.2008 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 05.02.2009 թվականի որոշմամբ Դատարանի 12.09.2008 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նույն դատարան՝ նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Լալագե Հակոբյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Սվետա Հարությունյանը և Գալուբսիկ Սողոմոնյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1215-րդ հոդվածի 2-րդ կետը, որը պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ, 1217-րդ, 1219-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ Գալուբսիկ Սողոմոնյանին և Սվետա Հարությունյանին համարել է ժառանգությունն ընդունած ժառանգներ՝ անտեսելով այն հանգամանքը, որ տվյալ դեպքում առկա է երկրորդ հերթի ժառանգ:

Վերաքննիչ դատարանը անտեսել է այն փաստը, որ հանգուցյալ Անանիա Սողոմոնյանի քույրը՝ Լալագե Հակոբյանը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1217-րդ հոդվածի համաձայն, համարվելով երկրորդ հերթի ժառանգ, օրենքով սահմանված կարգով ընդունել է ժառանգությունը և ստացել ըստ օրենքի ժառանգության վկայական:

Այսպիսով, Վերաքննիչ դատարանը թույլ է տվել էական սխալ, ըստ օրենքի երկրորդ հերթի ժառանգի առկայության պայմաններում ըստ օրենքի չորրորդ հերթի ժառանգներին ճանաչել է ժառանգությունն ընդունած ժառանգներ, շեղվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1215-րդ, 1217-րդ և 1219-րդ հոդվածների պահանջներից՝ թույլ տալով նյութական իրավունքի նորմի խախտում:

2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 217-րդ և 220-րդ հոդվածների պահանջները:

Վերաքննիչ դատարանը անտեսելով այն հանգամանքը, որ Լալագե Հակոբյանն օրենքով սահմանված երկշաբաթյա ժամկետի պահպանմամբ ներկայացրել է վերաքննիչ բողոքի պատասխան, իր որոշման մեջ նշել է, որ վերաքննիչ բողոքի դեմ պատասխան չի ներկայացվել:

Փաստորեն, Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել առանց վերաքննիչ բողոքի պատասխանում նշված համապատասխան փաստական հանգամանքների և իրավական հիմնավորումների լիարժեք ուսումնասիրության՝ դրանով իսկ խախտելով նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի պահանջը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 05.02.2009 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 12.09.2008 թվականի վճռին:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Լալագե Հակոբյանը որևէ հերթի ժառանգների թվին չի պատկանում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1217-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ երկրորդ հերթի ժառանգներ են ժառանգատուի հարազատ եղբայրները և քույրերը: Այսինքն, տարանջատվել են «համահայր կամ համամայր երբայրներ ու քույրեր» և «խորթ եղբայրներ ու քույրեր» հասկացությունները:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. Ռազմիկ Սողոմոնյանը և Սոնա Հակոբյանը ամուսիններ են, որոնք ամուսնալուծվել են 06.10.1994 թվականին (գ.թ. 9 հ.1-ին):

2. Անանիա Սողոմոնյանի մայրը Սոնա Հակոբյանն է, իսկ հայրը` Ռազմիկ Սողոմոնյանը (գ.թ. 15, հ. 1-ին):

3. Լալագե Հակոբյանի մայրը՝ Սոնա Հակոբյանն է, իսկ հոր մասին ծննդյան վկայականում որևէ նշում առկա չէ (գ.թ. 5, հ. 1-ին):

4. Սոնա Հակոբյանը մահացել է 02.07.2006 թվականին, իսկ Ռազմիկ Սողոմոնյանը՝ 20.07.2006 թվականին (գ.թ. 7,10 հ.1-ին):

5. Անանիա Սողոմոնյանը մահացել է 09.10.2007 թվականին (գ.թ. 6, հ.1-ին):

6. Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 09.06.2008 թվականի թիվ 5648 վկայագրի համաձայն՝ Անանիա Սողոմոնյանի գույքի նկատմամբ ժառանգ է ճանաչվել Լալագե Հակոբյանը (գ.թ. 56, հ.1-ին):

7. Գալուբսիկ Սողոմոնյանը և Սվետա Հարությունյանը հանգուցյալ Ռազմիկ Սողոմոնյանի հարազատ քույրերն են (գ.թ. 11,13,14, հ.1-ին):

8. Գալուբսիկ Սողոմոնյանը և Սվետա Հարությունյանը Կենտրոն նոտարական տարածքի նոտարական գրասենյակ 25.03.2008 թվականին հայտարարություն են տվել 09.10.2007 թվականին մահացած Անանիա Սողոմոնյանի ժառանգական գույքը ընդունելու վերաբերյալ (գ.թ.18, հ.1-ին):

9. Կենտրոն նոտարական գրասենյակի նոտար Է. Շաբոյանը 09.06.2008 թվականի գրությամբ խնդրել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Զեյթուն տարածքային ստրաբաժանմանը 09.06.2008 թվականին տրված թիվ 5648 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը չգրանցել, չտալ պետական գրանցում և սեփականության իրավունքի վկայական, իսկ 10.06.2008 թվականին գրությամբ հայտնել է, որ 09.06.2008 թվականին տրված թիվ 5648 ժառանգության իրավունքի վկայագիրը համարել է չեղյալ (գ.թ. 16-17, հ.1-ին):

10. Սույն գործում առկա է Լալագե Հակոբյանի 24.11.2008 թվականի վերաքննիչ բողոքի պատասխանը (գ.թ. 49, հ.1-ին):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝

1) Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1217-րդ հոդվածի համաձայն՝ երկրորդ հերթի ժառանգներ են ժառանգատուի հարազատ եղբայրները և քույրերը: Ժառանգատուի եղբայրների և քույրերի երեխաները ժառանգում են ներկայացման իրավունքով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1219-րդ հոդվածի համաձայն՝ չորրորդ հերթի ժառանգներ են ժառանգատուի ծնողների եղբայրները և քույրերը (հորեղբայրները, հորաքույրերը, քեռիները, մորաքույրերը): Ժառանգատուի հորեղբայրների և հորաքույրերի ու քեռիների և մորաքույրերի երեխաները ժառանգում եմ ներկայացման իրավունքով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1215-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր հաջորդ հերթի ժառանգները ժառանգության իրավունք են ձեռք բերում նախորդ հերթի ժառանգների բացակայության, նրանց ժառանգությունից մեկուսացնելու, նրանց կողմից ժառանգությունը չընդունելու կամ ժառանգությունից հրաժարվելու դեպքերում:

Սույն գործով առաջին ատյանի դատարանը հայցը մերժելիս հիմք է ընդունել այն հանգամանքը, որ Անանիա Սողոմոնյանի ժառանգական գույքի նկատմամբ ժառանգ է ճանաչվել նրա միակ համամայր քույր Լալագե Հակոբյանը, իսկ Սվետա Հարությունյանի և Գալուբսիկ Սողոմոնյանի կողմից չեն ներկայացվել ապացույցներ ժառանգական գույքն ընդունելու հանգամանքը հաստատելու վերաբերյալ:

Վերաքննիչ դատարանը, դատական ակտը բեկանելով, հաստատված է համարել, որ Սվետա Հարությունյանը և Գալուբսիկ Սողոմոնյանն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ժառանգությունն ընդունելու մասին դիմում են ներկայացրել ժառանգության բացման վայրի նոտարին:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքի հիմքում բարձրացված հարցին պատասխանելու համար, սույն քաղաքացիական գործով անհրաժեշտ է պատասխանել հետևյալ իրավական հարցին.

Արդյո՞ք ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1217-րդ հոդվածի իմաստով համահայր կամ համամայր քույրերը կամ եղբայրները երկրորդ հերթի ժառանգներ են:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 11-րդ հոդվածի «բ» կետի համաձայն՝ արգելվում է ամուսնություն կնքել մերձավոր ազգականների (ուղիղ վերընթաց ու վայրընթաց ազգականների` ծնողների ու զավակների, պապի, տատի ու թոռների, ինչպես նաև հարազատ և համահայր կամ համամայր եղբայրների ու քույրերի, մորաքրոջ, հորաքրոջ, հորեղբոր և մորեղբոր զավակների) միջև:

Ամուսնական իրավահարաբերություններում, կարևորելով գենետիկական ներդաշնակության առաջնայնությունը, օրենսդիրը տարանջատել է «հարազատ եղբայրներ ու քույրեր» և «համահայր կամ համամայր եղբայրներ ու քույրեր» հասկացությունները՝ ամուսնության արգելք սահմանելով նաև համահայր կամ համամայր եղբայրների և քույրերի միջև, ինչը կապված է այս հարաբերությունների խիստ անձնական-ֆիզիոլոգական բնույթի հետ:

Մինչդեռ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի «Ժառանգական իրավունք» բաժնում զետեղված նորմերում որևէ տարանջատում սահմանված չէ «հարազատ քույրեր և եղբայրներ» և «համահայր կամ համամայր քույրեր և եղբայրներ» հասկացությունների միջև, քանի որ այս հարաբերությունները գույքային բնույթի հարաբերություններ են:

Այսինքն, ժառանգական իրավահարաբերություններում անձի ժառանգական իրավունքները սահմանափակված չեն ժառանգատուի հետ համահայր կամ համամայր եղբայր կամ քույր լինելու հանգամանքով: Հետևաբար, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1217-րդ հոդվածի իմաստով ժառանգատուի «հարազատ քույրեր և եղբայրներ» հասկացությունն իր մեջ ներառում է նաև համահայր կամ համամայր քույրերին և եղբայրներին:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ժառանգական իրավահարաբերություններում ժառանգատուի հարազատ եղբայրներին և քույրերին հավասարեցված են նաև ժառանգատուի հետ համահայր կամ համամայր քույրերը և եղբայրները:

Այսինքն՝ անձն երկրորդ հերթի ժառանգ է նաև այն դեպքում, երբ ժառանգատուի հետ համահայր կամ համամայր քույր կամ եղբայր է (տես՝ Արտավազդ Հովեյանն ընդդեմ Լարիսա Հովեյանի, երրորդ անձ Երևանի Կենտրոն նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանի՝ ժառանգության իրավունքի վկայագիրը և դրա հիման վրա տրված սեփականության իրավունքի վկայականն անվավեր ճանաչելու, ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջների մասին թիվ ԵԱՆԴ/1823/02/09 գործով Վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):

Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Լալագե Հակոբյանը Անանիա Սողոմոնյանի երկրորդ հերթի ժառանգն է:

Հիմք ընդունելով վերոգրյալը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Լալագե Հակոբյանը օրենքով սահմանված ժամկետում ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու համար դիմել է նոտարական գրասենյակ, հետևաբար, ընդունել է ժառանգությունը:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Գալուբսիկ Սողոմոնյանը և Սվետա Հարությունյանը, որպես ըստ օրենքի չորրորդ հերթի ժառանգներ, Լալագե Հակոբյանի կողմից ժառանգությունն ընդունելու պայմաններում ժառանգության իրավունք ձեռք չեն բերել:

2) Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքացիական դատավարությունն իրականացվում է կողմերի մրցակցության և իրավահավասարության հիման վրա:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 212-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործին մասնակցող անձը, վերաքննիչ բողոքի պատճենն ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, իրավունք ունի պատասխան ուղարկելու վերաքննիչ դատարան և գործին մասնակցող այլ անձանց:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 217-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ դատարանում գործի քննության ընթացքում զեկուցող դատավորը շարադրում է վերաքննիչ բողոքի և վերաքննիչ բողոքի դեմ ներկայացված պատասխանի փաստարկները: Դատական կազմում ընդգրկված դատավորներն իրավունք ունեն հարցեր տալու զեկուցողին, գործին մասնակցող անձանց:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն՝ վերաքննիչ դատարանի որոշման մեջ պետք է նշվեն վերաքննիչ բողոքի հիմքերը և հիմնավորումները, վերաքննիչ բողոք ներկայացրած անձի պահանջը, վերաքննիչ բողոքի պատասխանի առկայության դեպքում` պատասխան ներկայացրած անձի դիրքորոշումը և հիմնավորումները:

Նշված հոդվածներից հետևում է, որ օրենսդիրը, սահմանելով գործին մասնակցող անձանց վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու իրավունքը, ամրագրել է գործի քննության ընթացքում կողմերի մրցակցության և իրավահավասարության սկզբունքի իրականացումը:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ գործերի քննության ընթացքում պետք է պահպանվեն մրցակցային դատավարության սկզբունքները:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատավարությունում կողմերի իրավահավասարության սկզբունքը՝ կողմերի միջև «արդարացի հավասարակշռության» իմաստով, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված արդար դատաքննության հիմնական տարրերից մեկն է և պահանջում է, որպեսզի յուրաքանչյուր կողմին տրամադրվի ողջամիտ հնարավորություն՝ ներկայացնելու իր գործը այնպիսի պայմաններում, որոնք նրան մյուս կողմի նկատմամբ չեն դնի էականորեն նվազ բարենպաստ վիճակում (տես՝ Անկերլ ընդդեմ Շվեյցարիայի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 23.10.1996 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` Լալագե Հակոբյանի կողմից 24.11.2008 թվականին ներկայացվել է վերաքննիչ բողոքի պատասխան:

Մինչդեռ Վերաքննիչ դատարանը իր 05.02.2009 թվականի որոշման մեջ նշել է, որ սույն գործով վերաքննիչ բողոքի պատասխան չի ներկայացվել:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, չանդրադառնալով Լալագե Հակոբյանի վերաքննիչ բողոքի պատասխանին և չնշելով պատասխան ներկայացրած անձի դիրքորոշումը և հիմնավորումները, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածը, 217-րդ հոդվածի 4-րդ կետը, 220 -րդ հոդվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետը:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով՝ Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.02.2009 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 12.09.2008 թվականի վճռին:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

 

Մ. Դրմեյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ե. Խունդկարյան

 

Է. Հայրիյան

 

Ե. Սողոմոնյան