ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/1272/02/08 |
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/1272/02/08 2009թ. |
Նախագահող դատավոր՝ Վ. Ավանեսյան | |
Դատավորներ՝ Ա. Խառատյան Կ. Չիլինգարյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. Անտոնյանի | |
|
Վ. Աբելյանի | |
Մ. Դրմեյանի | ||
Ե. Խունդկարյանի | ||
Է. Հայրիյանի | ||
|
Ե. Սողոմոնյանի |
2009 թվականի հուլիսի 24-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Սամվել Մարդոյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.02.2009 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Սամվել, Վերոնիկա, Սիմոն և Լուսիկ Մարդոյանների ընդդեմ Գրետա Հարությունյանի` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Սամվել, Վերոնիկա, Սիմոն և Լուսիկ Մարդոյանները պահանջել են ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իրենց սեփականության իրավունքը:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 30.09.2008 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 05.02.2009 թվականի որոշմամբ Սամվել, Վերոնիկա, Սիմոն և Լուսիկ Մարդոյանների վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Դատարանի 30.09.2008 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սամվել Մարդոյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ, 280-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ և 53-րդ հոդվածները, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության 19-րդ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ բնակելի տան նախկին սեփականատիրոջ իրավանախորդ Նոյեմզար Հարությունյանը համապատասխան փոխհատուցմամբ առուվաճառքի պայմանագրով բնակելի տան մասը վաճառել է քննվող քաղաքացիական գործով հայցվորներին: Տվյալ հանգամանքը վկայում է վիճելի անշարժ գույքը բարեխիղճ տիրապետելու մասին:
Տիրապետման անընդմեջ լինելը հիմնավորվում է այն հանգամանքով, որ Մարդոյանների կողմից բնակելի տունը մի քանի անգամ ենթարկվել է հիմնանորոգման, ստեղծվել են կոմունալ և օժանդակ հարմարություններ, առանձնացվել են էլեկտրական հոսանքը, ջուրը, որոնց համար վճարումները նույն ժամանակվանից կատարվում են Սամվել Մարդոյանի կողմից: Այսինքն` վիճելի անշարժ գույքը, 1966 թվականից սկսված, շուրջ 43 տարի անընդմեջ տիրապետվել է Սամվել Մարդոյանի կողմից:
Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, հաշվի չի առել վերոնշյալ հանգամանքը, ինչպես նաև այն, որ Սամվել Մարդոյանի գույքը և իրերը մինչև 2008 թվականը գտնվել են բնակելի տան վիճելի մասում, երբ Գրետա Հարությունյանը, որին նվիրատվության պայմանագրով սեփականության իրավունքով տրամադրվել է վիճելի անշարժ գույքը, ապօրինաբար մուտք է գործել Սամվել Մարդոյանին պատկանող սենյակ, տեղափոխել իրերը և փոխել փականը, ինչի վերաբերյալ Սամվել Մարդոյանի դուստր Լուսիկ Մարդոյանը դիմել է Ոստիկանություն:
Ինչ վերաբերում է տիրապետման բացահայտությանը, ապա այն հիմնավորվում է տիրապետման մասին բոլորի, այդ թվում՝ բնակելի տան սկզբնական սեփականատիրոջ իրազեկվածությամբ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի 05.02.2009 թվականի որոշումը` հայցը Սամվել Մարդոյանի մասով բավարարել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1. 12.09.1966 թվականին Նոյեմզար Հարությունյանը Երևանի Րաֆֆու փողոցի թիվ 97 տան հյուսիսային մասում գտնվող մեկ սենյակը` 21քմ բնակելի մակերեսով և 12քմ պատշգամբով, ներքին առուծախի պայմանագրով վաճառել է Սամվել Մարդոյանին (հատոր 1-ին, գ.թ. 22):
2. 03.03.1998 թվականին Հեղուշ Հարությունյանի և Գրետա Հարությունյանի միջև կնքվել է Երևանի Րաֆֆու փողոցի թիվ 97 բնակելի տան նվիրատվության պայմանագիր` վավերացված նոտարական կարգով, որից ծագող սեփականության իրավունքը գրանցվել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արաբկիրի տարածքային ստորաբաժանումում (հատոր 1-ին, գ.թ. 21, 82):
3. Սամվել Մարդոյանը, նրա կինը` Վերոնիկա Մարդոյանը, այնուհետև նրանց երեխաներ Սիմոն և Լուսիկ Մարդոյանները բնակվել են Երևանի Րաֆֆու փողոցի թիվ 97 տան նշված մասում, իրականացրել են վերանորոգման աշխատանքներ, հոգացել գույքի պահպանման ծախսերը:
4. 1987 թվականին Սամվել Մարդոյանը, այնուհետև Վերոնիկա Մարդոյանը մեկնել են Ռուսաստանի Դաշնություն: 1990 թվականից ամուսնության կապակցությամբ նշված հասցեում այլևս չի բնակվել Լուսիկ Մարդոյանը: Սիմոն Մարդոյանը 1994 թվականին իր ընտանիքի հետ միասին նույնպես մեկնել է ՌԴ:
5. Վիճելի հասցեի և այնտեղ մինչև 2008 թվականը գտնվող Մարդոյաններին պատկանող գույքի մասին հոգ է տարել Լուսիկ Մարդոյանը, ում վստահված է եղել վիճելի բնակելի տան բանալին: Վերջինս, Գրետա Հարությունյանի կողմից վիճելի բնակելի տան փականի փոխված լինելու պատճառով չկարողանալով մուտք գործել տուն, 23.05.2008 թվականին դիմել է ՀՀ ոստիկանության Երևանի վարչության Արաբկիրի բաժին (հատոր 1-ին, գ.թ. 69):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը կարող է հրաժարվել իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից` այդ մաuին գրավոր հայտարարելով կամ այնպիuի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, oգտագործումից և տնoրինումից նրա մեկուuացման մաuին` առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատերը չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):
⚖Վերոնշյալ հոդվածների համադրումից հետևում է, որ ձեռքբերման վաղեմությունն իրենից ներկայացնում է օրենքով նախատեսված որոշակի ժամկետի լրանալու և որոշակի պայմանների վրա հասնելու ուժով մեկ անձի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման, իսկ մյուսի կողմից այդ իրավունքի դադարման միջոց:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի վերլուծությունից հետևում է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ է մի շարք վավերապայմանների միաժամանակյա առկայությունը: Մասնավորապես դրանք են`
1. տիրապետումը պետք է լինի բարեխիղճ: Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքը անձի փաստացի տիրապետմանը անցնելիս: Գույքն անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որևէ բռնության գործադրման: Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով: Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի հիման վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն,
2. փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփականը, այսինքն` գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում: Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփականը նաև երրորդ անձանց հետ հարաբերություններում,
3. տիրապետումը պետք է լինի տասը տարի և անընդմեջ: Այսինքն՝ 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի: Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն,
4. տիրապետումը պետք է լինի բացահայտ, այսինքն՝ փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով (տե'ս օրինակ` Վոլոդյա և Միշա Նիկողոսյաններ ընդդեմ Մանվել, Սոֆիկ, Մելանյա, Սամվել Սարիբեկյաններ և Քնարիկ Աղազարյան, Մանվել Սարիբեկյան և Քնարիկ Աղազարյան ընդդեմ Վոլոդյա և Միշա Նիկողոսյաններ` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը և սեփականության իրավունքի վկայականը մասնակի անվավեր ճանաչելու պահանջի մասին թիվ 3-1435/ՎԴ քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 10.10.2007 թվականի որոշումը):
«ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն` օրենսգրքի 187-րդ հոդվածի գործողությունը տարածվում է նաև այն դեպքերի վրա, երբ գույքի տիրապետումն սկսվել է 1999 թվականի հունվարի 1-ից առաջ և շարունակվում է օրենսգիրքը գործողության մեջ դնելու պահից:
Վերաքննիչ դատարանը, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Մարդոյանները 1994 թվականից չեն բնակվում վիճելի հասցեում, եկել է այն եզրահանգման, որ թեև վիճելի գույքի տիրապետումը սկսվել է 1999 թվականի հունվարի 1-ից առաջ, սակայն դա չի շարունակվել օրենսգիրքը գործողության մեջ դնելու պահին: Հետևաբար, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187 հոդվածի գործողությունը չի տարածվում նշված դեպքի վրա:
Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բնակելի տան տիրապետումը կարող է դրսևորվել ոչ միայն այնտեղ փաստացի բնակվելով, այլև դրա կառավարմանն ուղղված այնպիսի գործողություններ կատարելով, ինչպիսիք են գույքի պահպանմանն ուղղված միջոցներ ձեռնարկելը, գույքի պահպանման ծախսերը հոգալը, ինչպես նաև այն երրորդ անձանց ոտնձգություններից կամ հավակնություններից պահպանելը, որոնք ակնհայտորեն վկայում են գույքը որպես իր սեփականն ընդունելու հանգամանքը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` գործին մաuնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաuտերը: Նույն օրենսգրքի 53-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ Դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և oբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
Մինչդեռ Վերաքննիչ դատարանը չի իրականացրել սույն որոշման 3-րդ մասի 1-ին և 5-րդ կետերում հիշատակվող, քննվող քաղաքացիական գործում առկա ապացույցների պատշաճ գնահատում, որոնք վկայում են այն մասին, որ Սամվել Մարդոյանը 10 տարի անընդմեջ տիրապետել է վիճելի բնակելի տունը. մասնակցել է գույքի կառավարմանը` 1966 թվականից բնակվել է այնտեղ, իրականացրել է վերանորոգման աշխատանքներ, հոգացել է գույքի պահպանման ծախսերը, այնուհետև 1994-2008 թվականները գույքի պահպանման հոգսը հոգացել է իր դստեր միջոցով, ում վստահել է վիճելի տան բանալին: Բարեխիղճ տիրապետման մասին է վկայում այն հանգամանքը, որ տիրապետումը հիմնված է եղել վիճելի գույքի նոտարական վավերացում չստացած առուվաճառքի պայմանագրի վրա:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.02.2009 թվականի որոշումը Սամվել Մարդոյանի մասով բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.02.2009 թվականի որոշման` Սամվել Մարդոյանի մասը և գործն այդ մասով ուղարկել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
|
Ս. Սարգսյան |
Դատավորներ` |
|
Ս. Անտոնյան |
Վ. Աբելյան | ||
Մ. Դրմեյան | ||
Ե. Խունդկարյան | ||
|
Է. Հայրիյան | |
|
Ե. Սողոմոնյան |