ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/2534/02/08 |
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/2534/02/08 2009թ. |
Նախագահող դատավոր՝ Ն. Հովսեփյան | |
Դատավորներ՝ Ա. Մկրտչյան Ն. Բարսեղյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Է. Հայրիյանի | |
|
Վ. Աբելյանի | |
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Ե. Խունդկարյանի | ||
|
Ե. Սողոմոնյանի |
2009 թվականի հուլիսի 24-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Գենադի Ղարիբյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.03.2009 թվականի որոշման դեմ՝ ըստ Էդվարդ Ղարիբյանի հայցի ընդդեմ Գենադի Ղարիբյանի, ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանի` ժառանգությունն ընդունելու բաց թողնված ժամկետը հարգելի համարելու, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու և ժառանգական գույքի 1/3 բաժնի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Էդվարդ Ղարիբյանը պահանջել է հարգելի համարել ժառանգությունն ընդունելու բաց թողնված ժամկետը, անվավեր ճանաչել 26.06.1998 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը և ճանաչել ժառանգական գույքի` Երևանի Նոր Նորքի 4 մ/շ 2 հատվածի 32 շենքի թիվ 9 բնակարանի 1/3 բաժնի նկատմամբ սեփականության իրավունքը:
Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 10.12.2008 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 24.03.2009 թվականի որոշմամբ Էդվարդ Ղարիբյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակի, և Դատարանի 10.12.2008 թվականի վճիռը մասնակիորեն` մոր ժառանգությունն ընդունելու մասով բեկանվել է, և գործն այդ մասով ուղարկվել նույն դատարան` նոր քննության:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գենադի Ղարիբյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Էդվարդ Ղարիբյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածը, 210-րդ հոդվածի 5-րդ մասը, 213-րդ հոդվածի 1-ին մասը և 219-րդ հոդվածի 3-րդ մասը, որոնք պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Էդվարդ Ղարիբյանը դատարան հայց է ներկայացրել հետևյալ պահանջներով` ժառանգությունն ընդունելու բաց թողնված ժամկետը հարգելի համարելու, 26.06.1998 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու և ժառանգական գույքի` Երևանի Նոր Նորքի 4 մ/շ 2 հատվածի 32 շենքի թիվ 9 բնակարանի, 1/3 բաժնի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու վերաբերյալ:
Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, անտեսելով վերաքննության սահմանները, որոշմամբ բեկանել է վճռի «մոր ժառանգությունն ընդունելու» մասը, որպիսի պահանջ Էդվարդ Ղարիբյանն ինչպես հայցադիմումով, այնպես էլ վերաքննիչ բողոքով չի ներկայացրել:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 24.03.2009 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 10.12.2008 թվականի վճռին:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Վերաքննիչ դատարանը որոշումը կայացրել է ելնելով արդարադատության շահերից, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Դատարանի վճռով խախտվել է Էդվարդ Ղարիբյանի ժառանգելու իրավունքը, անտեսվել է, որ ըստ օրենքի առաջին հերթի ժառանգ է, մինչդեռ Վերաքննիչ դատարանի որոշումը հիմնավոր է և օրինական, իսկ բերված վճռաբեկ բողոքը` անհիմն:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1. 26.06.1998 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն` Խաչիկ Ղարիբյանի ժառանգական գույքի` Երևանի Նոր Նորքի 4 մ/շ 2 հատվածի 32 շենքի թիվ 9 բնակարանի նկատմամբ ժառանգ են ճանաչվել կինը` Թամարա Ղարիբյանը և որդին` Գենադի Ղարիբյանը (հատոր 1-ին, գ.թ. 13):
2. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Նոր Նորք տարածքային ստորաբաժանման 01.07.2008 թվականի գրության համաձայն՝ Երևանի Նոր Նորքի 4 մ/շ 2 հատվածի 32 շենքի թիվ 9 բնակարանն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով գրանցված է Թամարա և Գենադի Ղարիբյանների անվամբ (հատոր 1-ին, գ.թ. 15):
3. 06.08.2008 թվականի թիվ ԱԱ-153505 մահվան վկայականի համաձայն` Թամարա Ղարիբյանը մահացել է 25.01.2008 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 61):
4. Էդվարդ Ղարիբյանը հայցադիմումով պահանջել է հարգելի համարել 1998 թվականին ժառանգությունն ընդունելու բաց թողնված ժամկետը, անվավեր ճանաչել 26.06.1998 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը և ճանաչել ժառանգական գույքի` Երևանի Նոր Նորքի 4 մ/շ 2 հատվածի 32 շենքի թիվ 9 բնակարանի, 1/3 բաժնի նկատմամբ սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 3-4):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը քաղաքացիական գործը հարուցում է միայն հայցի կամ դիմումի հիման վրա, իսկ նույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ դատարանը վճիռ կայացնելիս որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:
Այսինքն` վերը նշված հոդվածների իմաստով դատարանը պարտավոր է՝
- քաղաքացիական գործը հարուցել միմիայն համապատասխան հայցի կամ դիմումի հիման վրա,
- քաղաքացիական գործը քննել միմիայն այդ գործով ներկայացված հայցապահանջների շրջանակում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների uահմաններում:
Սույն գործով Վերաքննիչ դատարանը, վերանայելով Դատարանի դատական ակտը, վերաքննիչ բողոքի բավարարման հիմքում դրել է այն հանգամանքը, որ «հայցվորի պահանջը` մոր ժառանգական զանգվածի ընդունման մասով պահանջը մերժելով` հանգել է սխալ եզրակացության»:
Մինչդեռ սույն գործով Էդվարդ Ղարիբյանի հայցադիմումի պահանջն է 1998 թվականին ժառանգությունն ընդունելու բաց թողնված ժամկետը հարգելի համարելը, 26.06.1998 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելը և ժառանգական գույքի` Երևանի Նոր Նորքի 4 մ/շ 2 հատվածի 32 շենքի թիվ 9 բնակարանի, 1/3 բաժնի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելը: Այսինքն` Էդվարդ Ղարիբյանը մոր` Թամարա Ղարիբյանի ժառանգական գույքի նկատմամբ ժառանգությունն ընդունելու վերաբերյալ պահանջ Դատարան չի ներկայացրել և այդ կապակցությամբ գործի քննության ժամանակ չի հայտնել իր դիրքորոշումը: Ավելին, Էդվարդ Ղարիբյանը մոր` Թամարա Ղարիբյանի ժառանգական գույքի նկատմամբ ժառանգությունն ընդունելու վերաբերյալ վերաքննիչ բողոքում որևէ հիմք և հիմնավորում կամ դիրքորոշում ևս չի արտահայտել:
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցվորի կողմից Դատարանում հայցի առարկան չփոխելու և դրա վերաբերյալ վերաքննիչ բողոքում դիրքորոշում չարտահայտելու կամ որևէ հիմք և հիմնավորում չներկայացնելու պայմաններում Վերաքննիչ դատարանը դուրս է եկել վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից՝ խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի պահանջները:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է: Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով՝ Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.03.2009 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 10.12.2008 թվականի վճռին:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
|
Ս. Սարգսյան |
Դատավորներ` |
|
Է. Հայրիյան |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Մ. Դրմեյան | ||
|
Ե. Խունդկարյան | |
|
Ե. Սողոմոնյան |