Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.05.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.08.11/39(705).1 Հոդ.931.25
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
27.05.2009
Подписан
Նախագահող
Дата подписания
27.05.2009
Дата вступления в силу
27.05.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/2177/02/08

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/2177/02/08

2009թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Խառատյան

Դատավորներ՝ Վ. Ավանեսյան

               Կ. Չիլինգարյան


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ`

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ`

Մ. Դրմեյանի

 

Վ. Աբելյանի

 

Ս. Անտոնյանի

 

Ա. Բարսեղյանի

Ե. Խունդկարյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

 

Ե. Սողոմոնյանի

2009 թվականի մայիսի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Դավիթ Ծաղիկյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.02.2009 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Դավիթ Ծաղիկյանի ընդդեմ Գայանե Եսոյանի, երրորդ անձ Նոր Նորքի թաղային համայնքի խնամակալության և հոգեբարձության մարմնի` հայրության ճանաչման և երեխայի տեսակցություն սահմանելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

 

Դիմելով դատարան՝ Դավիթ Ծաղիկյանը պահանջել է ճանաչել իր հայրությունը Լև Դավիթի Եսոյանի (ծնված 08.05.2006 թվականին) նկատմամբ, ինչպես նաև սահմանել տեսակցության օրեր:

Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 12.11.2008 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 12.02.2009 թվականի որոշմամբ Դատարանի 12.11.2008 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Դավիթ Ծաղիկյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Գայանե Եսոյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը   

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, որի արդյունքում չի կիրառել ՀՀ ընտանեկան օրենսգրքի 36-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր, կիրառել է ՀՀ ընտանեկան օրենսգրքի 39-րդ հոդվածի 2-րդ կետը, որը չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բողոքը մերժելիս հիմք է ընդունել ՀՀ առողջապահության նախարարության հանրապետական դատական բժշկության գիտագործնական կենտրոնի կողմից տրված թիվ 97 փորձագիտական եզրակացությունը: Ընդ որում, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ նշված եզրակացության որոշ կետեր էականորեն հակասում են մեկը մյուսին:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը բազմակողմանի և օբյեկտիվ չի գնահատել նաև երեխայի ծննդյան վկայականում հոր տվյալների տակ գրանցված իր անուն՝ ազգանունը, որը գրանցվել է Գայանե Եսոյանի դիմումի հիման վրա, ըստ որի՝ երեխայի հոր անուն՝ հայրանունն է «Դավիթ Վազգենի»: Այսպիսով, ակնհայտ է, որ ինքն է երեխայի հայրը: Երեխայի հայրությունը հաստատվում է նաև Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 06.11.2006 թվականի թիվ 2-4309 քաղաքացիական գործով կայացրած վճռով, որտեղ Գայանե Եսոյանը հայտարարել է, որ իրենց փաստական ամուսնական հարաբերությունների ընթացքում ծնվել է Լև Եսոյանը, և այդ վճիռն էլ անհրաժեշտ է Գայանե Եսոյանին իրեն որպես Լև Եսոյանի հայր ճանաչելու համար:

Վերաքննիչ դատարանը իր միջնորդությունը՝ կրկնակի փորձաքննություն նշանակելու մասին, անհիմն կերպով մերժել է:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 12.02.2009 թվականի որոշումը և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

 

Վերաքննիչ դատարանը իրավացիորեն հիմք է ընդունել ՀՀ առողջապահության նախարարության հանրապետական դատական բժշկության գիտագործնական կենտրոնի կողմից տրված թիվ 97 փորձագիտական եզրակացությունն այն մասին, որ «Դավիթ Ծաղիկյանի հայրությունը Լև Եսոյանի նկատմամբ բացառվում է»: Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է ոչ թե ընդհանրապես ալելներ չլինելու, այլ դրանց անհամապատասխանության մասին, որ արդեն իսկ բացառում է ենթադրյալ հոր հայրությունը:

Ծնողների և երեխաների իրավունքները և պարտականությունները հիմնվում են երեխաների՝ օրենքով սահմանված կարգով հաստատված սերման փաստի վրա: Իսկ վեճի դեպքում նշված փաստը կարող է հաստատվել միայն համապատասխան դատագենետիկական փորձաքննության միջոցով, որը և սույն գործով իրականացվել է Դավիթ Ծաղիկյանի միջնորդությամբ:

Գայանե Եսոյանի ցուցումով երեխայի հոր անունն ու հայրանունը Դավիթ Ծաղիկյանի անվան և հայրանվան հետ համընկնելու փաստը, սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող՝ երեխայի սերման փաստը պարզելու համար, վերաբերելի չէ, քանի որ գործի հանգամանքները, որոնք օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:

Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 06.11.2006 թվականի թիվ 2-4309 վճռի նկարագրական մասում նշված հանգամանքը չի կարող դիտվել որպես ստույգ հաստատում, որ Լև Եսոյանը սերվել է Դավիթ Ծաղիկյանից, քանի որ նշված վճռով դիմումը վերաբերել է քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչելուն:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության Շենգավիթի տարածքային բաժնի կողմից տրված Լև Դավիթ Եսոյանի (ծնված 08.05.2006 թվականին) 11.05.2006 թվականի թիվ 674 ծննդյան վերաբերյալ ակտի գրանցման համաձայն՝ երեխայի հոր մասին տեղեկություններ սյունակում նշված է՝ անուն՝ Դավիթ, հայրանուն՝ Վազգեն (գ.թ. 7, հ. 1-ին):

2. Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի՝ 06.11.2006 թվականի թիվ 2-4309 օրինական ուժի մեջ մտած վճռի նկարագրական մասում նշվել է, որ 2005 թվականից Գայանե Եսոյանը փաստական ամուսնական հարաբերությունների մեջ է գտնվում Դավիթ Ծաղիկյանի հետ և նրա հետ, համատեղ կյանքում ունեցել են մեկ երեխա՝ Լև Դավիթի Եսոյան՝ ծնված 08.05.2006 թվականին (գ.թ. 13, հ.1-ին):

3. ՀՀ առողջապահության նախարարության հանրապետական դատական բժշկության գիտագործնական կենտրոնի կողմից տրված թիվ 97 փորձագիտական եզրակացության համաձայն՝ Դավիթ Ծաղիկյանի հայրությունը Լև Եսոյանի նկատմամբ բացառվում է (գ.թ. 98-100, հ.1-ին):

4. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի տեսուչ Կ. Սարգսյանի 21.05.2008 թվականի և 12.06.2008 թվականի եզրակացությունների համաձայն՝ 2005 թվականի օգոստոս ամսից քաղաքացի Գայանե Եսոյանը փաստացի ամուսնացել է Դավիթ Ծաղիկյանի հետ, և մոտ 6 ամիս հետո իրենց հարաբերությունները սրվել են, որից հետո բաժանվել են: Դավիթ Ծաղիկյանը պարբերաբար գալիս է Գայանե Եսոյանի տուն՝ պատճառաբանելով, որ ուզում է տեսնել իր երեխային (գ.թ.57-58 հ.1-ին):

5. Գործում առկա դատական նիստի արձանագրության համաձայն՝ Դավիթ Վազգենի Ծաղիկյանը փորձագիտական եզրակացության արժանահավատության վերաբերյալ կասկածներ առաջանալու պատճառաբանությամբ դատարանում միջնորդել է կրկնակի փորձաքննություն նշանակելու մասին, որը դատարանի կողմից մերժվել է:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ:

ՀՀ Ընտանեկան օրենսգրքի 34-րդ հոդվածի համաձայն՝ ծնողների և երեխաների իրավունքներն ու պարտականությունները հիմնվում են երեխաների` oրենքով սահմանված կարգով հաստատված սերման փաստի վրա:

ՀՀ Ընտանեկան օրենսգրքի 36-րդ հոդվածի համաձայն՝ ամուսնության մեջ չգտնվող ծնողներից երեխա ծնվելու դեպքում, եթե բացակայում է ծնողների համատեղ դիմումը կամ երեխայի հոր դիմումը, ապա որոշակի անձից երեխայի սերված լինելու փաստը (հայրությունը) որոշվում է դատական կարգով` համապատասխանաբար ծնողներից մեկի կամ մոր, երեխայի խնամակալի (հոգաբարձուի), կամ այն անձի դիմումի հիման վրա, որի խնամքին է գտնվում երեխան, իսկ երեխայի չափահաս դառնալուց հետո` վերջինիս ներկայացրած դիմումի հիման վրա: Այս դեպքում դատարանը հաշվի է առնում ցանկացած ապացույց, որը ստույգ հաստատում է, որ տվյալ երեխան սերվել է որոշակի այդ անձից:

Նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը ծնողների և երեխաների միջև իրավունքների ու պարտականությունների առաջացման հիմք է դիտում օրենքով սահմանված կարգով հաստատված սերման փաստը՝ սահմանելով որոշակի անձից երեխայի սերված լինելու փաստի (հայրության) որոշման դատական կարգ: Ընդ որում, այդ դեպքում դատարանը պետք է հաշվի առնի ցանկացած ապացույց, որը ստույգ հաստատում է, որ տվյալ երեխան սերվել է որոշակի անձից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործով ապացույցներ են նույն օրենսգրքով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: Այդ տեղեկությունները հաստատվում են՝ 1. գրավոր ապացույցներով, 2. փորձագետների եզրակացություններով, 3. վկաների ցուցմունքներով, 4. գործին մասնակցող անձանց ցուցմունքներով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության հիման վրա հիմնված ներքին համոզմամբ:

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը, սահմանելով ապացույցի հասկացությունը, սպառիչ սահմանել է դրանց տեսակները, այն է՝ գրավոր ապացույցները, փորձագետների եզրակացությունները, վկաների ցուցմունքները և գործին մասնակցող անձանց ցուցմունքները: Ընդ որում, դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության հիման վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ եթե դատարանի կամ դատավարության մասնակիցների մեջ կասկածներ են առաջանում փորձագիտական եզրակացության արժանահավատության կամ հիմնավորվածության վերաբերյալ, ապա դատարանը միևնույն հարցի վերաբերյալ կարող է նշանակել կրկնակի փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվում է մեկ այլ փորձագետի:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը բողոքի մերժման հիմքում դրել է ՀՀ առողջապահության նախարարության հանրապետական դատական բժշկության գիտագործնական կենտրոնի կողմից տրված թիվ 97 փորձագիտական եզրակացությունը, համաձայն որի՝ Դավիթ Ծաղիկյանի հայրությունը Լև Եսոյանի նկատմամբ բացառվում է:

Սույն գործում առկա են նաև 11.05.2006 թվականին կատարված Լև Եսոյանի ծննդյան վերաբերյալ ակտի թիվ 674 գրանցումը, համաձայն որի՝ երեխայի հոր մասին տեղեկություններ սյունակում նշված է՝ անուն՝ Դավիթ, հայրանուն՝ Վազգեն, ՀՀ ոստիկանության 21.05.2008 թվականի և 12.06.2008 թվականի եզրակացությունները, համաձայն որոնց 2005 թվականի օգոստոս ամսից քաղաքացի Գայանե Եսոյանը փաստացի ամուսնացել է Դավիթ Ծաղիկյանի հետ, և մոտ 6 ամիս հետո իրենց հարաբերությունները սրվել են, որից հետո բաժանվել են: Դավիթ Ծաղիկյանը պարբերաբար այցելել է Գայանե Եսոյանի տուն՝ պատճառաբանելով, որ ուզում է տեսնել իր երեխային: Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի՝ 06.11.2006 թվականի թիվ 2-4309 օրինական ուժի մեջ մտած վճիռը, որի նկարագրական մասում նշվել է, որ 2005 թվականից Գայանե Եսոյանը փաստական ամուսնական հարաբերությունների մեջ է գտնվում Դավիթ Ծաղիկյանի հետ, և նրա հետ համատեղ կյանքում ունեցել են մեկ երեխա՝ Լև Դավիթի Եսոյան՝ ծնված 08.05.2006 թվականին: Սույն գործի քննության ընթացքում Դավիթ Վազգենի Ծաղիկյանը փորձագիտական եզրակացության արժանահավատության վերաբերյալ կասկածներ առաջանալու պատճառաբանությամբ դատարանում միջնորդել է կրկնակի փորձաքննություն նշանակելու մասին, որը դատարանի կողմից մերժվել է:

Հիմք ընդունելով վերոգրյալը և համադրելով սույն գործի փաստերը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործում առկա վերը նշված փաստերը բողոք բերած անձի մոտ փորձագիտական եզրակացության արժանահավատության վերաբերյալ կասկածներ առաջացնող բավարար հանգամանքներ են, հետևաբար Դավիթ Ծաղիկյանը «Կրկնակի փորձաքննություն նշանակելու մասին» միջնորդություն ներկայացնելով, ըստ էության օգտվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետով, 48-րդ հոդվածի 1-ին մասով և 49-րդ հոդվածի 2-րդ մասով, 62-րդ հոդվածի 5-րդ մասով երաշխավորված ապացույց ներկայացնելու իր դատարավարական իրավունքից:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված նոր ապացույց ընդունելու Վերաքննիչ դատարանի իրավասությանը:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի և 49-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով գործին մասնակցող յուրաքանչյուր անձն է կրում իր վկայակոչված փաստերի ապացուցման պարտականությունը: Անհրաժեշտ ապացույցն ինքնուրույն ձեռք բերելու հնարավորություն չունենալու դեպքում գործին մասնակցող անձինք իրավունք ունեն տվյալ ապացույցը պահանջելու միջնորդությամբ դիմել դատարան:

Նույն օրենսգրքի 219-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Վերաքննիչ դատարանն իրավունք չունի նոր ապացույց ընդունելու և բողոքը քննելիս հիմնվում է միայն այն ապացույցների վրա, որոնք ներկայացվել են առաջին ատյանի դատարանին: Եթե առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ ապացույցը չի ներկայացվել կողմերի կամքից անկախ հանգամանքներով, ապա վերաքննիչ դատարանը բեկանում է գործը և այն ուղարկում համապատասխան առաջին ատյանի դատարան` նոր քննության, եթե գտնում է, որ ապացույցն էական նշանակություն ունի գործի լուծման համար:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Կրկնակի փորձաքննություն նշանակելու մասին» բողոք բերած անձի միջնորդությունը ուղղված էր սույն գործի քննության համար էական նշանակություն ունեցող նոր ապացույց ձեռք բերելուն, որն առաջին ատյանի դատարանում Դավիթ Ծաղիկյանը հնարավորություն չի ունեցել ներկայացնելու իրենից անկախ պատճառներով, այն է` առաջին ատյանի դատարանում միջնորդությունը մերժվելու հետևանքով:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.02.2009 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

 

Մ. Դրմեյան

 

Վ. Աբելյան

 

Ս. Անտոնյան

 

Ա. Բարսեղյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

 

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան