ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում գործ թիվ ԵՔՐԴ/0569/01/08 |
ԵՔՐԴ/0569/01/08
|
Նախագահող դատավոր՝ Մ. Պետրոսյան |
|
Դատավորներ` Տ. Սահակյան Ս. Համբարձումյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` |
Դ. Ավետիսյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Հ. Ասատրյանի | |
Ե. Դանիելյանի | ||
Հ. Ղուկասյանի | ||
Ա. Պողոսյանի | ||
Ս. Օհանյանի | ||
քարտուղարությամբ՝ |
Մ. Պետրոսյանի | |
մասնակցությամբ |
| |
դատախազ՝ |
Ա. Բոշնաղյանի | |
պաշտպան՝ |
Մ. Պողոսյանի |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի մարտի 20-ի որոշման դեմ ամբաստանյալ Արման Վլադիմիրի Կարախանյանի պաշտպանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. Քրեական գործը հարուցվել է 2008 թվականի մայիսի 29-ին:
2. 2008 թվականի սեպտեմբերի 30-ին Արման Վլադիմիրի Կարախանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 3-րդ մասով և 205-րդ հոդվածի 2-րդ մասով:
2008 թվականի հոկտեմբերի 13-ին Ա.Կարախանյանը ձերբակալվել է, 2008 թվականի հոկտեմբերի 15-ին՝ ներգրավվել որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 3-րդ մասով և 205-րդ հոդվածի 2-րդ մասով:
3. Երևանի քրեական դատարանի 2008 թվականի դեկտեմբերի 26-ի դատավճռով ամբաստանյալ Ա.Կարախանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 3-րդ մասով և 205-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով ազատազրկման 3 (երեք) տարի ժամկետով, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 3-րդ մասով դրամական տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառմամբ Ա.Կարախանյանը վերջնականապես դատապարտվել է ազատազրկման 3 (երեք) տարի ժամկետով և նրա նկատմամբ նշանակվել է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:
Նույն դատավճռով «Սպանդարյան 1» հարկային տեսչության 514545.1 հազ. ՀՀ դրամի, «Էրեբունու» հարկային տեսչության 137.894.190 ՀՀ դրամի, «Արաբկիրի» հարկային տեսչության 211541.4 հազար ՀՀ դրամի և 151341.3 հազ. ՀՀ դրամի, «Վանաձորի» հարկային տեսչության 17.427.000 ՀՀ դրամի քաղաքացիական հայցերը թողնվել են առանց քննության:
4. Պաշտպանի և մեղադրողի կողմից բերված վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2009 թվականի մարտի 20-ի որոշմամբ պաշտպանի վերաքննիչ բողոքը մերժել է, մեղադրողի վերաքննիչ բողոքը` բավարարել՝ Երևանի քրեական դատարանի 2008 թվականի դեկտեմբերի 26-ի դատավճիռը քաղաքացիական հայցի մասով ամբողջությամբ բեկանել է: ՀՀ Հարկային տեսչության համապատասխան ստորաբաժանումների (Արաբկիր, Վանաձոր, Էրեբունու) կողմից հարուցված քաղաքացիական հայցերը բավարարել մասնակիորեն, իսկ «Սպանդարյան 1» հարկային տեսչության քաղաքացիական հայցը բավարարել ամբողջությամբ՝ ամբաստանյալ Ա.Կարախանյանից հօգուտ պետբյուջեի բռնագանձել 274.236.700 ՀՀ դրամ՝ որպես պետությանը պատճառված նյութական վնասի փոխհատուցում:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը քաղաքացիական հայցերը մնացած մասով թողել է առանց քննության, ինչպես նաև առանց քննության է թողել դատավճռի մնացած մասը:
5. Վճռաբեկ բողոքը բերել է ամբաստանյալ Ա.Կարախանյանի պաշտպանը:
2009 թվականի մայիսի 26-ին ՀՀ վճռաբեկ դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով («բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար») բողոքն ընդունել է վարույթ:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
6. Ամբաստանյալներից Արման Կարախանյանը, հանդիսանալով Արաբկիրի հարկային տեսչությունում հաշվառված, «Սպաուն» ՍՊ ընկերության տնօրենը, 2004-2006 թթ. տարբեր կազմակերպությունների մատակարարել է 193 միլիոն դրամի ապրանքներ, սակայն խախտելով «Շահութահարկի մասին» օրենքի 7-րդ, 10-րդ և 46-րդ, «ԱԱՀ-ի մասին» օրենքի 20-րդ, 23-րդ, 32-րդ և 33-րդ հոդվածների պահանջները՝ հարկային հաշվարկների, հաշվետվությունների և հարկման հիմք հանդիսացող փաստաթղթերի մեջ ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերի՝ 45.748.200 դրամ հարկերը պետական բյուջե վճարելուց:
2005-2007թթ., հանդիսանալով «Յուսմե» ՍՊ ընկերության տնօրենը, տարբեր կազմակերպությունների մատակարարել է 452 միլիոն դրամի ապրանքներ, սակայն խախտելով «Շահութահարկի մասին» օրենքի 7-րդ, 10-րդ, «ԱԱՀ-մասին» օրենքի 20-րդ, 23-րդ և 43-րդ, «Եկամտահարկի մասին» օրենքի 20-րդ և 21-րդ հոդվածների պահանջները՝ հարկային տեսչություն ներկայացվող հարկային հաշվարկների, հաշվետվությունների և հարկման հիմք հանդիսացող փաստաթղթերի մեջ ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով չարամտորեն խուսափել է անձնապես խոշոր չափերի՝ 140.445.100 դրամ հարկերը պետական բյուջե վճարելուց:
Բացի այդ, հանդիսանալով «Յուսմե» ՍՊԸ-ի տնօրենը, առանց իրականում ապրանքներ մատակարարելու և ծառայություններ մատուցելու, կազմել և «Անդրանիկ-20» ՍՊ ընկերության տնօրեն Գրիշա Դոդոյանին տրամադրել է 24.803.000 դրամի կեղծ հաշիվ-ապրանքագրեր, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ 5.324.400 դրամի վնաս:
Փաստացի հանդիսանալով «Մոնումենտալ» ՍՊ ընկերության տնօրենը, 2007-2008թթ. ՀՀ տարածքում զբաղվել է ապրանքների ձեռք բերմամբ և իրացմամբ, սակայն խախտելով «Շահութահարկի մասին» օրենքի 44-րդ,46-րդ և 50-րդ, «ԱԱՀ-ի մասին» օրենքի 32-րդ և 33-րդ, «Եկամտահարկի» մասին օրենքի 20-րդ, 21-րդ, 23-րդ և 37-րդ հոդվածների պահանջները՝ հարակային տեսչություն ներկայացվող հարկային հաշվարկների, հաշվետվությունների և հարկման հիմք հանդիսացող փաստաթղթերի մեջ ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերի՝ 60.416.100 դրամ հարկերը պետական բյուջե վճարելուց:
Փաստացի հանդիսանալով «Արմալա» ՍՊ ընկերության տնօրենը, 2006-2007թթ. ՀՀ տարածքում զբաղվել է առևտրամիջնորդական գործունեությամբ, սակայն խախտելով «Շահութահարկի մասին» օրենքի 7-րդ և 10-րդ, «ԱԱՀ-ի մասին» օրենքի 6-րդ, 9-րդ և 20-րդ հոդվածների պահանջները՝ հարկային տեսչություն ներկայացվող հարկային հաշվարկների, հաշվետվությունների և հարկման հիմք հանդիսացող փաստաթղթերի մեջ ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով չարամտորեն խուսախել է առանձնապես խոշոր չափերի՝ 27.901.200 դրամ հարկերը պետական բյուջե վճարելուց:
Փաստացի հանդիսանալով «Անտոռիմ» ՍՊ ընկերության տնօրեն, 2006-2008թթ. ՀՀ տարածքում զբաղվել է ապրանքների ձեռք բերմամբ և իրացմամբ, սակայն խախտելով «Շահութահարկի մասին» օրենքի 46-րդ, «ԱԱՀ մասին» օրենքի 20-րդ, «Եկամտահարկի մասին» օրենքի 21-րդ, «Պարզեցված հարկի մասին» օրենքի 11-րդ հոդվածների պահանջները՝ պարզեցված հարկի, ավելացած արժեքի հարկի, շահութահարկի հաշվարկ հաշվետվություններ չներկայացնելու միջոցով չարամտորեն խուսափել է խոշոր չափերի՝ 4.948.700 դրամ հարկերը պետական բյուջե վճարելուց:
7. Այսպիսով, Ա.Կարախանյանը, փաստացի հանդիսանալով «Սպաուն», «Յուսմե», «Արմալա», «Մոնումենտալ» և «Անտոռիմ» ՍՊ ընկերությունների տնօրենը, խուսափել է առանձնապես խոշոր չափերի՝ 279.459.300 դրամ հարկեր վճարելուց և զբաղվելով կեղծ ձեռնարկատիրությամբ՝ պետության պատաճառել է առանձնպես խոշոր չափերի՝ 5.324.400 դրամ:
8. Գրիշա Դոդորյանը, հադիսանալով «Անդրանիկ 20» ՍՊ ընկերության տնօրենը, 2005 թվականի ընթացքում «Յուսմե» ՍՊ ընկերության տնօրեն Ա.Կարախանյանին վճարելով ապրանքների գումարը 8 տոկոսը՝ վերջինիցս առանց ապրանքների փաստացի մատակարարման ստացել է 15.971.972 դրամի կեղծ հաշիվ ապրանքագրեր, որոնց հիման վրա Գ.Դոդոյանը Վանաձորի հարկային տեսչություն ներկայացվող հարկային հաշվարկներում և հաշվետվություններում ծախսերի վերաբերյալ մտցրել է կեղծ տեղեկություններ, ինչի հետևանքով խուսափել է խոշոր չափի 5.324.400 դրամի հարկային պարտավորությունները կատարելուց:
9. Նկատի ունենալով, որ ՀՀ քրեական դատավարությունում քրեական գործի քննության հետ միասին կարող է հարուցվել և լուծվել միայն հանցագործությամբ անմիջականորեն պատճառված գույքային վնասի հատուցման հետ կապված քաղաքացիական հայցը, մինչդեռ հայցադիմումների հետազոտությունից պարզվել է, որ հայցվորների կողմից հայցապահանջի չափը զգալիորեն գերազանցում է ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքի ծավալում ներառված գումարի չափերը, որի դեմ ամբաստանյալները առարկել են, դատարանը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3751-րդ հոդվածի 6-րդ մասով, հարուցված քաղաքացիական հայցերը թողել է առանց քննության՝ քաղաքացիական հայցվորներին բացատրելով քաղաքացիական դատավարության կարգով հայց ներկայացնելու նրանց իրավունքը:
10. Երևանի քրեական դատարանում գործի քննության ընթացքում ամբաստանյալ Ա.Կարախանյանը առարկություն է ներկայացրել կապված այն հանգամանքի հետ, որ հայցապահանջի չափը զգալիորեն գերազանցում է մեղադրանքի ծավալում ներառված գումարի չափերին:
Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
11. Բողոք բերած անձը գտնում է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի մարտի 20-ին որոշմամբ որպես պետությանը պատճառված վնասի փոխհատուցում՝ Ա.Կարախանյանից բռնագանձվել է 274.236.300 ՀՀ դրամ, որը սխալ հաշվարկի արդյունք է: Իրականում այդ գումարը պետք էր կազմեր 189.258.200 դրամ և պետք է բռնագանձվեր ոչ թե Ա. Կարախանյանից, այլ նրա կողմից ղեկավարված ՍՊԸ-ներից՝ խախտելով «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերի պահանջները:
12. Ըստ բողոքաբերի, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից խախտվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.1-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջը, որի համաձայն՝ «(…) այն դեպքում, երբ ամբաստանյալը կամ քաղաքացիական պատասխանողը քաղաքացիական հայցը չի ընդունում, ապա դատարանը քաղաքացիական հայցը թողնում է առանց քննության՝ քաղաքացիական հայցվորին բացատրելով քաղաքացիական դատավարության կարգով հայցը ներկայացնելու նրա իրավունքը»:
13. Բողոքաբերը նշում է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից խախտվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 402-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը, որի համաձայն՝ վերաքննիչ դատարանի դատական ակտը հրապարակման օրվանից ոչ ուշ, քան 3 օրվա ընթացքում ուղարկվում է դատապարտյալին, արդարացվածին, նրանց պաշտպաններին և օրինական ներկայացուցիչներին, մեղադրողին, տուժողին և նրա ներկայացուցչին, ինչպես նաև քաղաքացիական պատասխանողին կամ նրանց ներկայացուցիչներին, եթե նրանք մասնակցել են գործի քննությանը վերաքննիչ դատարանում:
Մինչդեռ բողոքաբերը պնդում է, որ պաշտպանին հասցեագրված՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի գրությունը գրվել է 2009 թվականի մարտի 26-ին, փոստային առաքման միջոցով ուղարկվել է 2009 թվականի ապրիլի 1-ին, հասեցատիրոջն է հանձնվել 2009 թվականի ապրիլի 3-ին, այսինքն 12 օր հետո, ինչի արդյունքում Ա.Կարախանյանի պաշտպանը զրկվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատական ակտը խորությամբ վերլուծելու հնարավորությունից:
14. Բողոքաբերը, հիմք ընդունելով ՀՀ քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածի պահանջը և նկատի ունենալով, որ մինչև Երևանի քրեական դատարանի կողմից դատավճիռ կայացնելը Ա.Կարախանյանը վերականգնել է պետությանը պատճառված՝ 5.324.400 դրամ վնասը, խնդրել է նրան քրեական պատասխանատվությունից ազատել իրադրության փոփոխման պատճառաբանությամբ:
Բողոքաբերը գտնում է, նաև, որ Ա.Կարախանյանի նկատմամբ նշանակված 3 տարի ժամկետով ազատազրկումը ենթակա էր պայմանականորեն չկիրառման, քանի որ ՀՀ հարկային տեսչության ծառայությունների կողմից ներկայացվել են նոր հայցապահանջներ և նա, գտնվելով կալանքի տակ, հնարավորություն չունի լիովին պաշտպանելու իր շահերը դատարաններում: Ի հիմնավորումն իր պահանջի՝ բողոքաբերը խնդրել է գնահատման արժանացնել այն հանգամանքը, որ Ա.Կարախանյանը, ինչպես նախնական, այնպես էլ դատական քննության ընթացքում անկեղծորեն զղջացել է իր կատարած արարքի համար, նախկինում արատավորված չի եղել, երիտասարդ է և դեռ չի հասցրել ընտանիք կազմել:
Հիմք ընդունելով իր կողմից վկայակոչված հանգամանքները՝ բողոքի հեղինակը խնդրել է բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի մարտի 20-ի որոշումը:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
I. Վերաքննիչ դատարանի լիազորությունները քաղաքացիական հայցն առանց քննության թողնելու մասին որոշումները վերանայելիս:
15. Սույն գործով Վճռաբեկ դատարանը պետք է պատասխանի հետևյալ հարցին. երբ քրեական գործով դատավարության ընթացքում հարուցված քաղաքացիական հայցը Երևանի քրեական դատարանի կողմից թողնվել է առանց քննության, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն իրավասո՞ւ էր արդյոք քաղաքացիական հայցի մասով գործին ըստ էության լուծում տալ և կայացնել նոր դատական ակտ:
16. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 13-րդ կետի համաձայն՝ «վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի հիման վրա վերաքննության կարգով գործը քննող դատարանն է»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 385-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Վերաքննիչ դատարանում բողոքի քննության ժամանակ առաջին ատյանի դատարանում հաստատված փաստական հանգամանքները ընդունվում են որպես հիմք, բացառությամբ այն դեպքի, երբ բողոքում վիճարկվում է որևէ փաստական հանգամանք, և վերաքննիչ դատարանը հանգում է այն եզրակացության, որ տվյալ փաստական հանգամանքի վերաբերյալ եզրակացության հանգելիս առաջին ատյանի դատարանն ակնհայտ սխալ է թույլ տվել: (…)»
17. Վերոնշյալ հոդվածների վերլուծությունից բխում է, որ ՀՀ վերաքննիչ դատարանը հանդես է գալիս որպես առաջին ատյանի դատարանի կողմից կայացված դատական ակտի օրինականության և հիմնավորվածության ստուգման իրավասությամբ օժտված դատարան, որն առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերանայում է, որպես կանոն, վերջինիս կողմից հետազոտված փաստական տվյալների հիման վրա: Այսինքն, ամբողջ ծավալով գործի քննություն, ինչպես նաև գործով ներկայացված բոլոր ապացույցների հետազոտություն իրականացնելու լիազորություն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանին վերապահված չէ, հետևաբար, եթե վերաքննիչ դատարանը փորձում է դուրս գալ իր լիազորությունների շրջանակից, այն սկսում է գործել որպես առաջին ատյանի դատարան, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իմաստով անթույլատրելի է:
18. Սույն գործի նյութերից երևում է, որ Երևանի քրեական դատարանը, 2008 թվականի դեկտեմբերի 26-ի դատավճռով, հարուցված քաղաքացիական հայցերը թողել է առանց քննության՝ քաղաքացիական հայցվորներին բացատրելով քաղաքացիական դատավարության կարգով հայց ներկայացնելու նրանց իրավունքը (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը): ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, հարուցված քաղաքացիական հայցերը բավարարելով մասնակիորեն, իսկ «Սպանդարյան 1» հարկային տեսչության քաղաքացիական հայցը՝ ամբողջությամբ, ամբաստանյալ Ա.Կարախանյանից հօգուտ պետբյուջե բռնագանձել է 274.236.700 ՀՀ դրամ՝ որպես պետությանը պատճառված նյութական վնասի փոխհատուցում (տե՛ս սույն որոշման 4-րդ կետը):
Սույն գործով վերաքննիչ դատարանը փաստորեն հանդես է եկել որպես առաջին ատյանի դատարան, քանի որ առանց առաջին ատյանի դատարանի կողմից հաստատված փաստական հանգամանքների քննության է առել և բավարարել վերջինիս կողմից ըստ էության չքննված քաղաքացիական հայցը: Այսինքն, սույն գործով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը դուրս է եկել ՀՀ քրեադատավարական օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակից և կայացնելով քաղաքացիական հայցն ըստ էություն լուծող որոշում՝ թույլ է տվել քրեական դատավարության օրենքի խախտում և չի գործել որպես «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով «օրենքի հիման վրա ստեղծված դատարան» (Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարան, Սոկուրենկոն և Ստրիգունն ընդդեմ Ուկրաինայի գործը, 20 հուլիսի 2006թ., գանգատներ թիվ29458/04 և 29465/04) :
19. Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը իրավասու չէր սույն գործով ներկայացված բողոքի քննության ժամանակ անդրադառնալ քաղաքացիական հայցերի հարցին, քննել և ըստ էության լուծում տալ դրանց, այլ ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 2-րդ մասով, կարող էր բեկանել առաջին ատյանի դատարանի դատական ակտը և գործն ուղարկել նոր քննության:
20. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Քրեադատավարական oրենքի էական խախտումներ են դատական քննության ժամանակ uույն oրենuգրքի uկզբունքների և այլ ընդհանուր դրույթների խախտումները, որոնք գործին մաuնակցող անձանց` oրենքով երաշխավորված իրավունքներից զրկելու կամ դրանցում uահմանափակելու կամ այլ ճանապարհով խոչընդոտել են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և oբյեկտիվ հետազոտմանը, ազդել են կամ կարող էին ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա»:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը թույլ է տվել դատավարական իրավունքի խախտումներ: Այդ խախտումներն իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ և 419-րդ հոդվածների համաձայն՝ դրանք հիմք են կայացված դատական ակտը մասնակիորեն բեկանելու համար: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քաղաքացիական հայցի մասով առաջին ատյանի դատարանի դատական ակտը օրինական է և հիմնավորված, հետևաբար, այդ մասով բեկանելով վերաքննիչ դատարանի ակտը՝ անհրաժեշտ է քաղաքացիական հայցի մասով օրինական ուժ տալ առաջին ատյանի դատարանի դատավճռին:
II. Վճռաբեկ բողոքում ներկայացված այլ փաստարկներ.
21. Ինչ վերաբերում է բողոքում բարձրացված այն հարցին, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը վնասի հատուցման պարտականություն պետք է դներ ոչ թե Ա.Կարախանյանի վրա, այլ համապատասխան ՍՊԸ-ի վրա, որի տնօրենն է հանդիսացել վերջինս, ապա Վճռաբեկ դատարանը դրան չի անդրադառնում, քանի որ կողմերին հնարավորություն է ընձեռել քաղաքացիական հայց ներկայացնել քաղաքացիական դատավարության կարգով, հետևաբար, այդ փաստարկը կքննարկվի համապատասխան առաջին ատյանի դատարանի կողմից:
22. Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ անհիմն է բողոքաբերի այն փաստարկը, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից խախտվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 402-րդ հոդվածի 2-րդ մասը և Ա.Կարախանյանի պաշտպանին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումն ուղարկվել է 12 օր ուշացմամբ, քանի որ գործի նյութերից երևում է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը պաշտպանին ուղարկելու վերաբերյալ գրության վրա առկա է այն ստանալու մասին նշում՝ թվագրված 2009 թվականի մարտի 26-ով:
23. Անհիմն են նաև իրադրության փոփոխման հետևանքով Ա.Կարախանյանին քրեական պատասխանատվությունից ազատելու կամ նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին բողոքի փաստարկները (տե՛ս սույն որոշման 14-րդ կետը):
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պետությանը պատճառված վնասից 5.324.400 ՀՀ դրամը հատուցելը, ինչպես նաև հարկային տեսչության ծառայությունների կողմից նոր հայցապահանջներ ներկայացնելը բավարար հիմք չեն նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ կամ 74-րդ հոդվածները կիրառելու համար:
24. ՀՀ Ազգային ժողովի կողմից 2009 թվականի հունիսի 19-ին ընդունված «Համաներում հայտարարելու մասին» որոշման 1-ին կետի 1-ին և 3-րդ ենթակետերի համաձայն` առավելագույնը երեք տարի ժամկետով ազատությունից զրկելու հետ կապված պատիժների դատապարտված անձինք և ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների դատապարտված անձինք ազատվում են պատժից:
Հետևաբար, վերոնշյալ կետի հիմքով և «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ ԱԺ որոշման 12-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված կարգով Ա.Կարախանյանը ենթակա է պատժից ազատման:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Արման Վլադիմիրի Կարախանյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 3-րդ մասով և 205-րդ հոդվածի 2-րդ մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի մարտի 20-ի որոշման քաղաքացիական հայցի մասը բեկանել և այդ մասով օրինական ուժ տալ Երևան քաղաքի քրեական դատարանի 2008 թվականի դեկտեմբերի 26-ի դատավճռին:
2. Արման Վլադիմիրի Կարախանյանի նկատմամբ կիրառել «Համաներում հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2009 թվականի հունիսի 19-ի որոշման 1-ին կետի 1-ին և 3-րդ ենթակետերը և նրան ազատել նշանակված պատժից` երեք տարի ազատազրկումից և նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով տուգանքից:
3. Արման Վլադիմիրի Կարախանյանին անհապաղ ազատել կալանքից:
4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
|
Դ. Ավետիսյան |
Դատավորներ` |
|
Հ. Ասատրյան |
Ե. Դանիելյան | ||
Հ. Ղուկասյան | ||
Ա. Պողոսյան | ||
Ս. Օհանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|