ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի վճիռ Քաղաքացիական գործ թիվ 2781-2007 |
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/2860/02/08 2009թ. |
Նախագահող դատավոր՝ Կ. Հակոբյան | |
Դատավորներ՝ Լ. Գրիգորյան Լ. Սոսյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Տ. Պետրոսյանի | |
Վ. Աբելյանի | ||
|
Ս. Անտոնյանի | |
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
|
Մ. Դրմեյանի | |
Ե. Խունդկարյանի | ||
Է. Հայրիյանի | ||
|
Ե. Սողոմոնյանի |
2009 թվականի մայիսի 27-ին
դռնբաց դատական նիստում, քննարկելով ըստ հայցի Վաչիկ Մաճկալյանի ընդդեմ Սիմոն Մանուկյանի` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին և ըստ Սիմոն Մանուկյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Վաչիկ, Ռոզա, Ժենյա, Ալլա և Արսեն Մաճկալյանների` բնակտարածության օգտագործման իրավունքը փոխհատուցմամբ դադարեցնելու, վտարելու և ինքնակամ շինությունները քանդելուն պարտավորեցնելու պահանջների մասին, քաղաքացիական գործով Էմմա Մկրտչյանի, Մանուկ, Մարիամ և Սիմոն Մանուկյանների վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 24.09.2007 թվականի թիվ 2781-2007 վճիռը նոր երևան եկած հանգամանքներով վերանայելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Վաչիկ Մաճկալյանը պահանջել է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել սեփականության իրավունքը Երևանի Դրոյի թիվ 37 հասցեում գտնվող իր կողմից զբաղեցված շինությամբ ծանրաբեռնված և ազատ 65.6քմ մակերեսով հողամասի նկատմամբ:
Դիմելով դատարան՝ Սիմոն Մանուկյանը հակընդդեմ հայցով պահանջել է փոխհատուցմամբ դադարեցնել Վաչիկ, Ռոզա, Ժենյա, Ալլա և Արսեն Մաճկալյանների բնակտարածության օգտագործման իրավունքը, նրանց վտարել և ինքնակամ շինությունները քանդել:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 10.05.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 24.09.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել:
Դիմելով դատարան՝ Էմմա Մկրտչյանը, Մանուկ, Մարիամ և Սիմոն Մանուկյանները պահանջել են նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերանայել Վերաքննիչ դատարանի` 24.09.2007 թվականի օրինական ուժի մեջ մտած թիվ 2781-2007 վճիռը:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 22.12.2008 թվականի որոշմամբ հարուցվել է նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման վարույթ:
Դատարանի 02.02.2009 թվականի որոշմամբ նոր երևան եկած հանգամանքների հիմքով հարուցված վարույթը փոխանցվել է Վճռաբեկ դատարան:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Վաչիկ Մաճկալյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է նոր երևան եկած հանգամանքների հիմքով՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
15.05.1974 թվականին կնքված ներքին առուծախի պայմանագրով Վաչիկ Մաճկալյանը Սիմոն Մանուկյանից գնել է Երևանի Դրոյի փողոցի թիվ 37 տան երկու սենյակը և հարակից 50 քմ հողատարածքը` վճարելով 5000 ռուբլի: Սիմոն Մանուկյանը գործի քննության ընթացքում բազմիցս նշել է, որ կողմերի միջև կնքված պայմանագիրը եղել է ձեռագիր, որում նշված են եղել միայն երկու սենյակները (պայմանագրում հողամասի վերաբերյալ ոչ մի նշում չի եղել): Լինելով վատառողջ և ունենալով հիշողության կորուստ` Սիմոն Մանուկյանը չի հիշել, որ պայմանագիրն անձնական փաստաթղթերի հետ միասին ի պահ է հանձնել իր բարեկամին: Նշված հանգամանքը Սիմոն Մանուկյանի ժառանգներին հայտնի է դարձել միայն նրա մահից հետո, երբ 09.10.2008 թվականին վերոգրյալ փաստաթղթերը, այդ թվում` պայմանագիրը, փոխանցվել են իրենց:
Ելնելով վերոգրյալից` ինչպես Դատարանը, այնպես էլ Վերաքննիչ դատարանը սկզբնական հայցը բավարարելիս և հակընդդեմ հայցը մերժելիս հիմք են ընդունել սկզբնական հայցվորի կողմից ներկայացված տպագիր տեքստով պայմանագիրը, որով հանգել են սխալ եզրակացության այն պատճառաբանությամբ, որ պայմանագրով հողամաս չի վաճառվել, այլ միայն երկու սենյակ, որոնք եղել են անօրինական կառույցներ:
Նշված պայմանագիրը գործի քննության ժամանակ առկա լինելու պարագայում դատարանը կփաստեր, որ պայմանագրում հողամասի վերաբերյալ նշում չկա, ինչպես նաև կփաստեր, որ վերը նշված տպագիր պայմանագիրը բնօրինակի կեղծված քսերոպատճեն է: Ուստի գործի քննության ժամանակ վերոգրյալ պայմանագիրը ներկայացնելու պարագայում դատարանը չէր հանգի ոչ ճիշտ հետևության:
Նշված ձեռագիր պայմանագիրը սույն գործի լուծման համար նոր երևան եկած հանգամանք է:
Նոր երևան եկած հանգամանք է նաև ՀՀ փորձագիտական կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից տրված ձեռագրաբանական փորձագիտական 17.03.2009 թվականի եզրակացությունը, որի համաձայն` այն ստորագրությունը, որից պատճենահանված է փորձաքննությանը տրամադրված 15.05.1974 թվականի պայմանագրի պատճենում դրված Սիմոն Մանուկյանի ստորագրությունը, հավանաբար, չի կատարվել վերջինիս կողմից, ընդ որում, կատեգորիկ հետևության հանգել չի հաջողվել հետազոտելի ստորագրության պատճենահանված լինելու պատճառով:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերանայել Վերաքննիչ դատարանի 24.09.2007 թվականի թիվ 2781-2007 վճիռը:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Բողոքի բովանդակությունից հետևում է, որ Սիմոն Մանուկյանին հայտնի է եղել նշված ձեռագիր պայմանագիրը, սակայն պարզաբանված չէ, թե որոնք են իրենց կամքից անկախ այն պատճառները, որոնք թույլ չեն տվել պայմանագիրը ներկայացնել դատարան: Բացի այդ, Սիմոն Մանուկյանը ոչ հայցադիմումի դեմ բերված առարկություններում, ոչ հակընդդեմ հայցում և ոչ էլ վերաքննիչ բողոքում չի հիշատակել նշված պայմանագրի մասին: Այն փաստարկը, թե Սիմոն Մանուկյանը չի հիշել, որ տվյալ պայմանագիրն ի պահ է հանձնել իր բարեկամին, հերքվում է հենց այդ բարեկամ Հուսիկ Բարսեղյանի հայտարարությամբ այն մասին, որ Սիմոն Մանուկյանն այդ փաստաթղթերն իրեն է հանձնել 2008 թվականի մայիս ամսին, այսինքն` գործի քննության ավարտից մոտ մեկ տարի հետո:
Նման ձեռագիր պայմանագիր իրոք գոյություն է ունեցել, սակայն վեճի առարկա հանդիսացող երկու սենյակների և 50 քմ մակերեսով հողամասի փաստացի առուվաճառքը տեղի է ունեցել նույն օրը կազմված տպագիր պայմանագրի հիման վրա: Դրա մասին է վկայում այն փաստը, որ գործի քննության ժամանակ Սիմոն Մանուկյանը հայցի դեմ հողամասի մասով առարկել է բոլորովին այլ հիմքով:
Ինչ վերաբերում է ՀՀ փորձագիտական կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից տրված ձեռագրաբանական փորձագիտական 17.03.2009 թվականի եզրակացությանը, ապա դա նույնպես նոր երևան եկած հանգամանք չէ, քանի որ նախ դրանով չի հաջողվել կատարել կատեգորիկ հետևություն, իսկ փորձագետը նախազգուշացված չի եղել ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար սահմանված քրեական պատասխանատվության մասին: Վերջապես, Սիմոն Մանուկյանը դատական քննության ընթացքում որևէ անգամ չի վիճարկել այդ փատաթուղթն այն հիմքով, որ դրանում եղած ստորագրությունն իրենը չէ:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ մտած 24.09.2007 թվականի թիվ 2781-2007 վճռով ձեռքբերման վաղեմության ուժով Վաչիկ Մաճկալյանի սեփականության իրավունքը ճանաչելու պահանջը բավարարելու հիմքում դրվել է 15.05.1974 թվականի նոտարական կարգով չվավերացված առուվաճառքի պայմանագիրը, համաձայն որի` Վաչիկ Մաճկալյանը Սիմոն Մանուկյանից գնել է Դրոյի թիվ 37 տան հասցեի (նախկին Փարիզյան Կոմունա, Վերին Զեյթուն, 5-րդ փողոց) առանձին երկու սենյակ 50 քմ հողամասի հետ միասին 5000 խորհրդային ռուբլի գումարով: Նշված վճռով հաստատվել է, որ 1974 թվականից մինչ օրս Վաչիկ Մաճկալյանը և նրա ընտանիքը բնակվել են վիճելի տարածքում և այն բացահայտ, բարեխիղճ, անընդմեջ տիրապետել և օգտագործել են որպես սեփական գույք (գ.թ. 201-203, հ. 1):
2) 15.05.1974 թվականի ձեռագիր կնքված առուվաճառքի պայմանագրի համաձայն՝ Վաչիկ Մաճկալյանը Սիմոն Մանուկյանից գնել է Վերին Զեյթունի Փարիզյան Կոմունայի 5-րդ փողոցի թիվ 37 տան հասցեում գտնվող առանձին երկու սենյակ, որի համար վճարել է 5000 ռուբլի գումար (գ.թ. 20, հ. 2):
3) ՀՀ փորձագիտական կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից տրված ձեռագրաբանական փորձագիտական 17.03.2009 թվականի եզրակացության համաձայն՝ այն ստորագրությունը, որից պատճենահանված է փորձաքննությանը տրամադրված 15.05.1974 թվականի պայմանագրի պատճենի «Վաճառողներ» հատվածում «Սիմոն Մանուկյան» բառերի դիմաց տեղավորված ստորագրությունը, հավանաբար չի կատարվել Սիմոն Մանուկյանի կողմից, այլ կատարվել է մեկ այլ անձի կողմից՝ Սիմոն Մանուկյանի ստորագրության նմանեցմամբ: Կատեգորիկ հետևության հանգել չհաջողվեց՝ հետազոտելի ստորագրության պատճենահանված լինելու (15.05.1974 թվականի պայմանագրի բնօրինակի բացակայության) պատճառով:
4) 22.11.2006 թվականի հակընդդեմ հայցում, 02.02.2007 թվականի հայցադիմումի վերաբերյալ առարկություններում, գործում առկա դատական նիստի արձանագրություններում, ինչպես նաև 24.05.2007 թվականի վերաքննիչ բողոքում Սիմոն Մանուկյանի կողմից չի հիշատակվել 15.05.1974 թվականի ձեռագիր կնքված առուվաճառքի պայմանագիրը, ինչպես նաև 15.05.1974 թվականի նոտարական կարգով չվավերացված առուվաճառքի պայմանագիրը չի վիճարկվել Սիմոն Մանուկյանի կողմից ստորագրված չլինելու հիմքով (գ.թ. 86, 89-92, 125-129, հ. 1):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 20411-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն՝ նոր երևան եկած հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե բողոք ներկայացրած անձն ապացուցում է, որ այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, կամ այդ հանգամանքները հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, և այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն:
Նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ դատական ակտը նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերանայվում է, եթե բողոք բերած անձն ապացուցում է, որ
1. այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, կամ
2. այդ հանգամանքները հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, և
3. այդ հանգամանքներն էական նշանակություն ունեն գործի լուծման համար:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ յուրաքանչյուր գործ իր փաստական հանգամանքներով եզակի է, հետևաբար, յուրաքանչյուր գործով նոր երևան եկած հանգամանքների էական լինելը որոշելիս դատարանները պետք է հաշվի առնեն վերանայվող գործի բոլոր փաստերը և պարզեն, թե արդյոք այդ հանգամանքներն իրենց բնույթով ազդում են վերանայվող գործի ելքի վրա, թե՝ ոչ:
Սույն գործով Վերաքննիչ դատարանի 24.09.2007 թվականի թիվ 2781-2007 վճռով ձեռքբերման վաղեմության ուժով Վաչիկ Մաճկալյանի սեփականության իրավունքը ճանաչելու պահանջը բավարարելու հիմքում դրվել է 15.05.1974 թվականի նոտարական կարգով չվավերացված առուվաճառքի պայմանագիրը, համաձայն որի` Վաչիկ Մաճկալյանը Սիմոն Մանուկյանից գնել է Դրոյի թիվ 37 տան հասցեի (նախկին Փարիզյան Կոմունա, Վերին Զեյթուն, 5-րդ փողոց) առանձին երկու սենյակ 50 քմ հողամասի հետ միասին 5000 խորհրդային ռուբլի գումարով: Նշված վճռով հաստատվել է, որ 1974 թվականից մինչ օրս Վաչիկ Մաճկալյանը և նրա ընտանիքը բնակվել են վիճելի տարածքում և այն բացահայտ, բարեխիղճ, անընդմեջ տիրապետել և օգտագործել են որպես սեփական գույք:
Վերաքննիչ դատարանի 24.09.2007 թվականի թիվ 2781-2007 վճռի ուսումնասիրման արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոք բերած անձինք չեն ապացուցել իրենց կողմից վկայակոչված հանգամանքների նոր երևան եկած լինելու փաստը:
Մասնավորապես, բողոք բերած անձինք որպես նոր երևան եկած հանգամանքներ ներկայացրել են 15.05.1974 թվականի ձեռագիր կնքված առուվաճառքի պայմանագիրը, համաձայն որի` Վաչիկ Մաճկալյանը Սիմոն Մանուկյանից գնել է Վերին Զեյթունի Փարիզյան Կոմունայի 5-րդ փողոցի թիվ 37 տան հասցեում գտնվող առանձին երկու սենյակ, որի համար վճարել է 5000 ռուբլի գումար, ինչպես նաև ձեռագրաբանական փորձագիտական 17.03.2009 թվականի եզրակացությունը, համաձայն որի` այն ստորագրությունը, որից պատճենահանված է փորձաքննությանը տրամադրված 15.05.1974 թվականի պայմանագրի պատճենի «Վաճառողներ» հատվածում «Սիմոն Մանուկյան» բառերի դիմաց տեղավորված ստորագրությունը, հավանաբար չի կատարվել Սիմոն Մանուկյանի կողմից, այլ կատարվել է մեկ այլ անձի կողմից՝ Սիմոն Մանուկյանի ստորագրության նմանեցմամբ: Կատեգորիկ հետևության հանգել չի հաջողվել՝ հետազոտելի ստորագրության պատճենահանված լինելու (15.05.1974 թվականի պայմանագրի բնօրինակի բացակայության) պատճառով:
Մինչդեռ, սույն գործում առկա 22.11.2006 թվականի հակընդդեմ հայցում, 02.02.2007 թվականի հայցադիմումի վերաբերյալ առարկություններում, գործում առկա դատական նիստի արձանագրություններում, ինչպես նաև 24.05.2007 թվականի վերաքննիչ բողոքում Սիմոն Մանուկյանի կողմից չի հիշատակվել 15.05.1974 թվականի ձեռագիր կնքված առուվաճառքի պայմանագիրը, ինչպես նաև չի վիճարկվել 15.05.1974 թվականի նոտարական կարգով չվավերացված առուվաճառքի պայմանագիրը՝ Սիմոն Մանուկյանի կողմից ստորագրված չլինելու հիմքով:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ 15.05.1974 թվականի ձեռագիր կնքված առուվաճառքի պայմանագիրը և ձեռագրաբանական փորձագիտական 17.03.2009 թվականի եզրակացությունը նոր երևան եկած հանգամանք չեն, քանի որ բողոքում բացակայում է որևէ հիմնավորում վերոնշյալ պայմանագիրը կամ փորձագիտական եզրակացությունը Սիմոն Մանուկյանի կամքից անկախ պատճառներով ներկայացված չլինելու վերաբերյալ:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 20418-րդ, 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 24.09.2007 թվականի թիվ 2781-2007 վճիռը թողնել օրինական ուժի մեջ:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
|
Ս. Սարգսյան |
Դատավորներ` |
|
Տ. Պետրոսյան |
Վ. Աբելյան | ||
|
Ս. Անտոնյան | |
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
|
Մ. Դրմեյան | |
Ե. Խունդկարյան | ||
Է. Հայրիյան | ||
|
Ե. Սողոմոնյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|