Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Тип
Исходный акт (06.03.1996-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԱԳՆՊՏ 2002.06.12/1(1)
Принят
Հայաստանի Հանրապետություն
Дата принятия
10.04.1995
Дата подписания
10.04.1995
Дата вступления в силу
06.03.1996

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Նախաբան

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Բուլղարիայի Հանրապետության կառավարությունը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,

երկկողմանի առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման նպատակով,

ցանկանալով զարգացնել և դյուրացնել զբոսաշրջությունը, բեռների և ուղևորների ավտոմոբիլային փոխադրումներն իրենց երկրների միջև, ինչպես նաև տարանցիկ փոխադրումները միմյանց տարածքով,

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1.

ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

Պայմանավորվող կողմերը միմյանց փոխադրողներին իրավունք են տալիս կատարելու ավտոմոբիլային տրանսպորտով բեռների և ուղևորների միջազգային փոխադրումներ երկու երկրների միջև, տարանցիկ` իրենց տարածքներով, ինչպես նաև փոխադրումներ դեպի երրորդ երկիր և երրորդ երկրից:

 

ՀՈԴՎԱԾ 2.

ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

1.«Տրանսպորտային միջոց» տերմինը նշանակում է.

ա) բեռների փոխադրման ժամանակ` բեռնատար ավտոմեքենա, բեռնատար քարշակ` կցորդով կամ կիսակցորդով, որոնք գրանցված են Պայմանավորվող կողմերից մեկի տարածքում,

բ) ուղևորների փոխադրումների ժամանակ` տրանսպորտային միջոց, որը նախատեսված է ուղևորներ փոխադրելու համար և ունի 8+1 նստատեղ և գրանցված է Պայմանավորվող կողմերից մեկի տարածքում:

2. «Փոխադրող» տերմինը նշանակում է ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը գրանցված է Պայմանավորվող կողմերից մեկի տարածքում, որը իրավունք ունի իրականացնել ուղևորների կամ բեռների ավտոմոբիլային փոխադրումներ իր կամ իր կողմից վարձակալած տրանսպորտային միջոցով իր երկրում գործող օրենսդրության համապատասխան:

3. «Թույլտվություն» տերմինը նշանակում է նմանանուն փաստաթուղթ, տրված Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինների կողմից, որը, յուրաքանչյուր երկրում գործող օրենսդրության համաձայն, իրավունք է տալիս կատարելու ուղևորների և բեռների ավտոմոբիլային փոխադրումներ սույն Համաձայնագրի 1-ին հոդվածին համապատասխան:

4. «Կոնտինգենտ» տերմինը նշանակում է թույլտվությունների քանակը, որը ամեն տարի համաձայնեցվում է Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինների կողմից:

5. «Տարանցիկ փոխադրումներ» նշանակում է ուղևորների և բեռների փոխադրումներ որևէ Պայմանավորվող կողմի տարածքով, երբ մեկնման և ժամանման կետերը գտնվում են այդ Պայմանավորվող կողմի տարածքից դուրս:

6. «Կանոնավոր ավտոբուսային փոխադրումներ» - այն փոխադրումներն են, որոնք կատարվում են Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինների միջև նախօրոք համաձայնեցված ավտոբուսային գծերով, երթուղիներով, չվացուցակով և սակագներով, որում նշված լինեն երթուղու սկզբնական և վերջնական կետերը, միջանկյալ կանգառները և սահմանային անցումները:

7. «Ճոճանակային փոխադրումներ» - այն փոխադրումներն են, երբ ուղևորների խումբը որոշակի ժամկետում Պայմանավորվող կողմերից մեկի տարածքից մինչև մյուս Պայմանավորվող կողմի տարածքում գտնվող ժամանման վայրը փոխադրվում է ժամանակավոր մնալու կամ տարանցիկ` նրա տարածքով անցնելու համար: Այդ ուղևորների վերադարձը կատարվում է նույն փոխադրողի ավտոբուսով դեպի սկզբնական մեկնման երկիր: Այդ նպատակով կատարվող առաջին երթի հետադարձ և վերջին երթի հիմնական ուղղությունը կատարվում են դատարկ ավտոբուսներով:

8. «Զբոսաշրջային կամ պատահական փոխադրումներ» - այն փոխադրումներն են, երբ ուղևորների նույն խումբը փոխադրվում է նույն տրանսպորտային միջոցով, ընդ որում մեկնման և վերջին ժամանման կետերը գտնվում են իր գրանցման պետությունում, և գրանցման պետությունից դուրս ամբողջ երթուղով ուղևորության ընթացքում ուղևորների նստեցում և իջեցում չի կատարվում: Այդպիսի փոխադրումները կոչվում են «փակ դռներով փոխադրումներ»:

9. Իրավասու մարմիններն են հանդիսանում.

Հայաստանի Հանրապետության համար` տրանսպորտի և հաղորդակցության նախարարությունը,

Բուլղարիայի Հանրապետության համար` տրանսպորտի նախարարությունը:

 

ՀՈԴՎԱԾ 3.

ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Սույն Համաձայնագրին համապատասխան` Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինները ուղևորների և բեռների փոխադրումների համար թույլտվություն են տալիս միայն այն փոխադրողներին, որոնք, իրենց ազգային օրենսդրության համաձայն, իրավունք ունեն կատարելու միջազգային ավտոմոբիլային փոխադրումներ:

2. Թույլտվությունները և մյուս փաստաթղթերը, որոնք նշված են սույն Համաձայնագրում, պետք է գտնվեն տրանսպորտային միջոցներում և ներկայացվեն մաքսային, սահմանապահ, ոստիկանական և մյուս իրավասու մարմիններին` նրանց պահանջով:

 

ՀՈԴՎԱԾ 4.

ՄԱՔՍԱՅԻՆ և ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՏՈՒՐՔԵՐ

 

1. Մի Պայմանավորվող կողմի տարածքում գրանցված տրանսպորտային միջոցները ազատվում են մյուս Պայմանավորվող կողմի տարածքում գործող ճանապարհային տուրքերից` Համատեղ հանձնաժողովի կողմից համաձայնեցված կոնտինգենտի շրջանակներում:

2. Տրանսպորտային միջոցների տիպային, գործարանային բաքերում գտնվող վառելիքը և քսայուղերը, որոնք նախատեսված են համապատասխան տրանսպորտային միջոցներ արտադրող գործարանի կողմից, մյուս Պայմանավորվող կողմի տարածք պետական սահմանով մուտքի և ելքի ժամանակ ազատվում են մաքսային տուրքերից:

3. Մաքսային տուրքերից ազատվում են նաև այն պահեստամասերի ներմուծման և արտահանման համար, որոնք պատկանում են Պայմանավորվող կողմերից մեկին և նախատեսված են մյուս Պայմանավորվող կողմի տարածքում գտնվող խափանված տրանսպորտային միջոցների նորոգման համար:

 

ՀՈԴՎԱԾ 5.

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՔԱՇԸ և ՉԱՓԵՐԸ

 

1. Տրանսպորտային միջոցների քաշի և չափերի նկատմամբ Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է չկիրառել մյուս Պայմանավորվող կողմի տարածքում գրանցված տրանսպորտային միջոցների նկատմամբ ավելի սահմանափակ պայմաններ, քան իր տարածքում գրանցված տրանսպորտային միջոցների նկատմամբ կիրառվողն է:

2. Տրանսպորտային միջոցներով կատարվող բեռնափոխադրումների, նաև վտանգավոր բեռների փոխադրումների համար, որոնց քաշը կամ չափերը գերազանցում են մյուս Պայմանավորվող կողմի տարածքում թույլատրելի քաշը կամ չափերը, պահանջվում է հատուկ թույլտվություն, որում անհրաժեշտության դեպքում նշվում են շարժման երթուղին և փոխադրման համար այլ հատուկ պահանջները` Պայմանավորվող կողմերի ներպետական օրենսդրության և միջազգային Կոնվենցիաներին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 6.

ԳՐԱՆՑՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

 

Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը ընդունում է մյուս Պայմանավորվող կողմի համապատասխան իրավասու մարմինների կողմից տրված` տրանսպորտային միջոցների ազգային գրանցման փաստաթղթերը և վարորդական վկայականները:

 

ՀՈԴՎԱԾ 7.

ԱԶԳԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՈՒՄ

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի փոխադրողները և տրանսպորտային միջոցների վարորդները, որոնք կատարում են փոխադրումներ մյուս Պայմանավորվող կողմի տարածքում կամ տարանցիկ անցնում են նրա տարածքով, պետք է պահպանեն այդ պետության օրենքները և կանոնները:

2. Ուղևորության ընթացքում կատարված բոլոր պատահարների մասին տրանսպորտային միջոցի վարորդը պետք է ծանուցի այն երկրի իրավասու մարմիններին, որտեղ տեղի է ունեցել պատահարը:

3. Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինները փոխադարձաբար ծանուցում են միմյանց Պայմանավորվող կողմերից որևէ մեկի փոխադրողների կողմից կատարված խախտումների մասին:

4. Երթևեկության կանոնների, սահմանային, մաքսային և սանիտարական հսկողության հետ կապված այն հարցերը, որոնք կարգավորված չեն սույն Համաձայնագրով կամ միջազգային պայմանագրերով, որոնց մասնակից են Պայմանավորվող կողմերը, կիրառվում են այն Պայմանավորվող կողմի իրավական կարգադրությունները, որի տարածքում կատարվում է փոխադրումը կամ տարանցումը:

 

ՀՈԴՎԱԾ 8.

ՆԵՐՔԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԱՐԳԵԼՈՒՄԸ

 

Պայմանավորվող կողմերից մեկի փոխադրողին չի թույլատրվում կատարել ուղևորների և բեռների փոխադրումներ մյուս Պայմանավորվող կողմի տարածքում տեղակայված երկու կետերի միջև:

 

ՀՈԴՎԱԾ 9.

ԿԱՆՈՆԱՎՈՐ ՈՒՂևՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ

 

1. Ավտոբուսային կանոնավոր փոխադրումները, ինչպես նաև «ճոճանակային փոխադրումները» Պայմանավորվող կողմերի միջև և տարանցիկ` նրանց տարածքներով, իրականացվում են թույլտվության առկայության դեպքում:

2. Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինները տալիս են թույլտվություն երթուղու այն մասի համար, որը գտնվում է իրենց տարածքում:

Թույլտվություններ տալու ընթացակարգը և դրա հետ կապված կոնկրետ հարցերը համաձայնեցվում են Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինների միջև` փոխադարձության հիման վրա, 14-րդ հոդվածում նշված Համատեղ հանձնաժողովի շրջանակներում:

3. Թույլտվությունը տրվում է գրավոր: Նրա մեջ սահմանվում են շարժման երթուղին սկզբնական և վերջնական կետերի նշմամբ, միջանկյալ կանգառի կետերը և սահմանային անցումները, նրա գործունեության ժամկետը և այլ սահմանափակումներ, եթե այդպիսիք կան:

 

ՀՈԴՎԱԾ 10.

ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՐԳԸ

 

1. Փոխադրողները թույլտվություն ստանալու համար դիմում են ներկայացնում այն երկրի իրավասու մարմնին, որի տարածքում գրանցված են: Դիմումներին կցվում են մյուս Պայմանավորվող կողմի ֆիրմաների հետ կնքած պայմանագրի պատճենը, միջազգային ավտոբուսային երթուղու ժամանակացույցը, սակագները:

2. Կանոնավոր ավտոբուսային երթուղիներ կամ «ճոճանակային փոխադրումներ» կազմակերպելու մասին առաջարկությունները նախօրոք ուղարկվում են Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինների կողմից: Առաջարկություններում ներառված են տվյալներ փոխադրողի ճշգրիտ անվանման, նրա հասցեի, հեռախոսի և ֆաքսի համարների մասին:

Առաջարկություններին կցվում են մյուս Պայմանավորվող կողմի ֆիրմաների հետ պայմանագրի պատճենը` նշելով երթուղին, ժամանակացույցները, սակագները, տեղական պետական մարմինների հետ կանգառների համաձայնեցման փաստաթղթերը:

3. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը պատասխանում է մյուս Պայմանավորվող կողմի առաջարկությանը ոչ ուշ, քան այն ստանալուց երկու ամիս հետո:

 

ՀՈԴՎԱԾ 11.

ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԿԱՄ ՊԱՏԱՀԱԿԱՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ

 

1. Թույլտվություն չի պահանջվում զբոսաշրջային կամ պատահական փոխադրումների համար` ինչպես երկու երկրների միջև, այնպես էլ նրանց տարածքով տարանցիկ փոխադրումներ կատարելիս:

2. Սույն հոդվածի 1-ին կետով փոխադրումներ կատարելիս տրանսպորտային միջոցում պետք է գտնվի ուղևորների անվանական ցուցակը:

 

ՀՈԴՎԱԾ 12.

ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ

 

1. Բացի 13-րդ հոդվածում նշված փոխադրումներից, մնացած բոլոր բեռնափոխադրումների, այդ թվում` նաև Պայմանավորվող կողմերի հաշվին կատարվող փոխադրումների, իրենց տարածքներով` տարանցիկ, ինչպես նաև դեպի երրորդ երկիր և երրորդ երկրից կատարվող փոխադրումների համար անհրաժեշտ է թույլտվություն:

2. Պայմանավորվող կողմերի Համատեղ հանձնաժողովի որոշմամբ կարելի է հեշտացնել թույլտվության ռեժիմը կամ երկկողմանի ազատվել դրանից:

3. Թույլտվությունը տրվում է յուրաքանչյուր երթի համար` այնտեղ և հետ, ամեն մի տրանսպորտային միջոցի համար: Թույլտվությունը հետադարձ բեռի բարձման իրավունք է տալիս:

4. Թույլտվություններն ուժի մեջ են մեկ օրացուցային տարի, որի համար Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինները փոխադարձաբար պայմանավորվում են:

Բացառություններ թույլատրվում են Համատեղ հանձնաժողովի հայեցողությամբ:

Թույլտվություն ունեցող անցած տարում սկսված փոխադրումը կարող է շարունակվել նաև հաջորդ տարում` մինչև տվյալ փոխադրման ավարտը:

5. Փոխադրողին տրվող թույլտվության մեջ նշվում է նրա անունը, և այն ուրիշին փոխանցելու ենթակա չէ:

6. Մեկ տարվա համար ըստ փոխադրումների տեսակի տրվող թույլտվությունների քանակը երկու երկրների միջև, տարանցիկ` նրանց տարածքներով, ինչպես նաև դեպի երրորդ երկիր և երրորդ երկրից, պետք է որոշվի Համատեղ հանձնաժողովի կողմից:

Պայմանավորվող կողմերից մեկի խնդրանքով կարող են տրվել պայմանավորված քանակի թույլտվություններից դուրս լրացուցիչ թույլտվություններ: Այդ դեպքում Պայմանավորվող կողմերից մեկի տարածքում գրանցված տրանսպորտային միջոցները մուծում են համապատասխան ճանապարհային հարկեր, որոնք կիրառվում են մյուս Պայմանավորվող կողմի տարածքում:

 

ՀՈԴՎԱԾ 13.

ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՉՊԱՀԱՆՋՈՂ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ

 

1. Թույլտվություն չի պահանջվում.

ա) մինչև 3,5 տոննա բեռնատարողությամբ ավտոմեքենաներով բեռներ փոխադրելիս,

բ) հատուկ այդ նպատակին հարմարեցված տրանսպորտային միջոցով տնային իրեր փոխադրելիս,

գ) կենդանիների, տրանսպորտային միջոցների, սպորտային միջոցառումների համար նախատեսված սպորտային իրեր և սարքավորումներ փոխադրելիս,

դ) ներկայացումների համար նախատեսված դեկորացիա, թատերական իրեր և երաժշտական գործիքներ փոխադրելիս,

ե) տոնավաճառների, ցուցահանդեսների և ցուցադրման համար նախատեսված առարկաներ փոխադրելիս,

զ) կինոնկարահանումների և ռադիոհեռուստատեսային ձայնագրումների համար նախատեսված առարկաներ և սարքավորումներ փոխադրելիս,

է) խափանված տրանսպորտային միջոցներ և նրա փոխադրաբեռը փոխադրելիս, ներառյալ համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում` խափանված տրանսպորտային միջոցի մուտքը և փոխարինումը,

ը) մահացածի աճյունը և դիակը փոխադրելիս,

թ) գնված տրանսպորտային միջոցները փոխադրելիս` նրանց առաջին դատարկ երթի դեպքում,

ժ) փոստը փոխադրելիս,

ժա) տարերային աղետների ժամանակ օգնության համար նախատեսված բեռներ փոխադրելիս,

ժբ) հումանիտար օգնության համար նախատեսված բեռներ փոխադրելիս:

2. Սույն հոդվածի 1-ին կետի «գ», «դ», «ե», «զ» ենթակետերում նշված փոխադրումների համար թույլտվություն չի պահանջվում, եթե կենդանիները կամ առարկաները ներմուծվում են ժամանակավոր:

3. Դատարկ տրանսպորտային միջոցները, ինչպես նաև հատուկ տրանսպորտային միջոցները, որոնք նախատեսված չեն բեռներ փոխադրելու համար, ազատվում են թույլտվությունից:

 

ՀՈԴՎԱԾ 14.

ՀԱՄԱՏԵՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

1. Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինները ստեղծում են Համատեղ հանձնաժողով: Այդ հանձնաժողովի իրավասության մեջ մտնում են.

ա) սույն Համաձայնագրի 12-րդ հոդվածին համապատասխան թույլտվությունների քանակի համաձայնեցումը,

բ) սույն Համաձայնագրի ճիշտ կատարմանը հետևելը,

գ) թույլտվության ձևը և տեսակը համաձայնեցնելը և Պայմանավորվող կողմերի միջև այն փոխանակման ձևը,

դ) սույն Համաձայնագրով չկարգավորված հարցերը ուսումնասիրել և առաջարկություն նախապատրաստել համապատասխան իրավասու մարմիններին,

ե) սույն Համաձայնագրի հոդվածների փոփոխության և լրացման առաջարկությունների նախապատրաստում և ներկայացում իրավասու մարմինների հաստատմանը` այնուհետև 17-րդ հոդվածի համաձայն ուժի մեջ մտցնելու համար:

2. Համատեղ հանձնաժողովը հրավիրվում է ըստ անհրաժեշտության, Պայմանավորվող կողմերից մեկի խնդրանքով, հաջորդաբար նրանցից յուրաքանչյուրի տարածքում:

 

ՀՈԴՎԱԾ 15.

ՎԵՃԵՐԸ

 

Վիճահարույց հարցերը, որոնց լուծումը հնարավոր չէ Համատեղ հանձնաժողովի շրջանակներում, ինչպես նաև մյուս հարցերը, որոնք կապված են սույն Համաձայնագրի կիրառման և մեկնաբանման հետ, լուծվում են դիվանագիտական ուղիներով:

 

ՀՈԴՎԱԾ 16.

ԱՅԼ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

1. Սույն Համաձայնագիրը չի շոշափում Պայմանավորվող կողմերի այն իրավունքները և պարտավորությունները, որոնք բխում են այլ միջազգային պայմանագրերից, որոնց կողմ են հանդիսանում նրանք:

2. Փոխադրումների հետ կապված վճարումները կատարվում են Պայմանավորվող կողմերի տարածքում գործող օրենսդրության համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 17.

ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

 

1. Սույն Համաձայնագիրը կնքվում է մեկ տարի ժամկետով: Եթե Պայմանավորվող կողմերից ոչ մեկը համապատասխան ժամկետի ավարտից երեք ամիս առաջ գրավոր չի տեղեկացնում մյուս Կողմին Համաձայնագիրը դադարեցնելու իր մտադրության մասին, ապա այն ինքնաբերաբար երկարաձգվում է հաջորդ տարվա համար:

2. Սույն Համաձայնագիրը ենթակա է հաստատման երկու Կողմերի ներքին օրենսդրության համապատասխան և ուժի մեջ է մտնում երկրորդ ծանուցումը ստանալուց 30 օր հետո, որով Պայմանավորվող կողմերը միմյանց տեղյակ են պահում այն մասին, որ ներքին օրենսդրության բոլոր պահանջները կատարված են:

3. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելով` երկու Պայմանավորվող կողմերի համար էլ դադարեցվում է միջազգային ավտոմոբիլային տրանսպորտի մասին Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետության և ԽՍՀՄ-ի միջև եղած Համաձայնագրի գործողությունը:

 

Կատարված է Սոֆիա քաղաքում 1995 թվականի ապրիլի 10-ին, երկու բնօրինակով` հայերեն, բուլղարերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր երեք տեքստերը հավասարազոր են:

 

Մեկնաբանման ժամանակ ցանկացած տարակարծության դեպքում ռուսերեն տեքստը գերակայում է:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1996 թվականի մարտի 6-ից: