Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-821
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.09.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.09.16/46(712) Հոդ.1041
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
08.09.2009
Подписан
Նախագահող
Дата подписания
08.09.2009
Дата вступления в силу
08.09.2009

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

8 սեպտեմբերի 2009 թ.

 

2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի (զեկուցող), Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2009 թվականի մայիսի 22-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Խորվաթիայի Հանրապետության միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանին ուղղված Հանրապետության Նախագահի դիմումը` մուտքագրված 16.07.2009թ.:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ս. Կարայանի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

1. Խնդրո առարկա համաձայնագիրն ստորագրվել է 2009թ. մայիսի 22-ին` Երևանում: Այն բաղկացած է 28 հոդվածից և համաձայնագրի անբաժանելի մաս կազմող Արձանագրությունից:

Համաձայնագիրը դասվում է ընդհանուր բնույթի հարկային համաձայնագրերի շարքին, որոնք, որպես կանոն, ընդգրկում են հարկման ոլորտում պայմանավորվող պետությունների համագործակցությանը վերաբերող տարաբնույթ հարցեր:

2. Համաձայնագրի կնքումը, հիմնականում, հետապնդում է երկու նպատակ` բացառել եկամուտների կրկնակի հարկումը և այդպիսով նվազեցնել եկամտային հարկերի հետ կապված խոչընդոտների բացասական ազդեցությունը միջազգային առևտրի և ներդրումների վրա, ինչպես նաևստեղծել կանխատեսելի և կայուն հարկային միջավայր:

Համաձայնագրով կանոնակարգվում են եկամուտների ստացման երկրում հիմնական եկամտատեսակների` շահաբաժինների, տոկոսների, ռոյալթիների հարկման պայմանները և, հատկապես` դրույքաչափերը:

3. Համաձայնագիրը կիրառվում է Պայմանավորվող պետություններից մեկի կամ երկուսի ռեզիդենտ հանդիսացող անձանց նկատմամբ (հոդված 1):

Ըստ համաձայնագրի 2-րդ հոդվածի` նախատեսվում է, որ այն կիրառվելու է Պայմանավորվող պետության կամ իշխանության տեղական մարմինների կողմից եկամտի նկատմամբ կիրառվող հարկերի նկատմամբ` անկախ դրանց գանձման եղանակից:

Համաձայնագրի 2-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` այն կիրառվում է, հիմնականում, հետևյալ գործող հարկերի նկատմամբ, այն է` շահութահարկ և եկամտահարկ:

Համաձայնագրի մի շարք դրույթներով սահմանված են, մասնավորապես, հարկման հետևյալ օբյեկտները.

- անշարժ գույքից ստացված եկամուտը (ներառյալ գյուղատնտեսությունից կամ անտառային տնտեսությունից եկամուտը),

- ձեռնարկատիրական գործունեությունը,

- միջազգային փոխադրումներից` ծովային, գետային, օդային նավերի կամ ավտոմոբիլային փոխադրամիջոցների շահագործումից ստացված շահույթը,

- շահաբաժինները, տոկոսները, ռոյալթին,

- արտիստների և մարզիկների գործունեությունից ստացված եկամուտը,

- կենսաթոշակները, պետական ծառայության դիմաց վճարված աշխատավարձը,

- ուսանողին կամ փորձնակին տրված վճարումները,

- այլ եկամուտներ:

4. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը կրում է ֆինանսական պարտավորություններ, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է Խորվաթիայի Հանրապետության ռեզիդենտների կողմից Հայաստանի Հանրապետությունում ստացված որոշ տեսակի եկամուտները չհարկել կամ հարկել նվազեցված դրույքաչափերով:

Համաձայնագիրը սահմանափակում է Խորվաթիայի Հանրապետության ձեռնարկության կողմից Հայաստանում իրականացված ձեռնարկատիրական գործունեությունից ստացված շահույթի Հայաստանի Հանրապետության հարկման իրավունքը: Հայաստանի Հանրապետությունը կարող է հարկել այդպիսի շահույթը միայն այն դեպքում, եթե ձեռնարկատիրական գործունեությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում տնտեսական գործունեության իրականացման վայրի միջոցով և միայն այդ տնտեսական գործունեության իրականացման վայրին վերագրվող շահույթի չափով:

Համաձայնագրով սահմանափակվում է Խորվաթիայի Հանրապետության ռեզիդենտի կողմից հայաստանյան աղբյուրներից ստացվող տոկոսները հարկելու` Հայաստանի Հանրապետության իրավունքը: Սակայն, եթե տոկոսների փաստացի սեփականատերը Խորվաթիայի Հանրապետության ռեզիդենտ է, ապա Հայաստանում գանձվող հարկը չպետք է գերազանցի տոկոսների համախառն գումարի 10 տոկոսը:

Միաժամանակ, համաձայնագիրը սահմանափակում է նաև Խորվաթիայի ռեզիդենտի կողմից հայաստանյան աղբյուրներից ստացվող ռոյալթիները հարկելու` Հայաստանի Հանրապետության իրավունքը: Սակայն Հայաստանի Հանրապետությանը իրավունք է վերապահվում Հայաստանում առաջացող և Խորվաթիայի ռեզիդենտի կողմից փաստացի տնօրինվող ռոյալթիները հարկել Հայաստանում, որի դեպքում գանձվող հարկը չպետք է գերազանցի ռոյալթիի համախառն գումարի 5 տոկոսը: Այս դրույթը Հայաստանի Հանրապետության համար լրացուցիչ ֆինանսական պարտավորություն է ենթադրում, քանի որ գործող օրենսդրությամբ հայաստանյան աղբյուրներից օտարերկրյա ֆիզիկական անձանց և ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց վճարվող տոկոսները հարկվում են 10 տոկոս դրույքաչափով:

Հարկ է արձանագրել, որ Պայմանավորվող պետությունների ռեզիդենտների համար սահմանված արտոնությունները գործելու են փոխադարձության սկզբունքի հիման վրա, ինչը բխում է համաձայնագրի նպատակներից:

Համաձայնագիրն ամրագրում է նաև հարկումից խուսափելը կանխելու կառուցակարգ (հոդված 22), ինչպես նաև երաշխավորում է Պայմանավորվող պետությունների ազգային անձանց նկատմամբ հարկային խտրականության բացառումը (հոդված 23):

Արդի միջազգային իրավունքին ներդաշնակ համաձայնագրի գործողությունը չի տարածվում դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների անդամների նկատմամբ (հոդված 26)։

Համաձայնագրի եզրափակիչ դրույթները նվիրված են վերջինիս մեկնաբանման կամ կիրառման հետ կապված հնարավոր վեճերի լուծման, տեղեկությունների փոխանակման, ուժի մեջ մտնելու և դրա գործողության դադարեցման կարգին ու պայմաններին, ժամկետներին:

5. Խորվաթիայի Հանրապետության հետ կրկնակի հարկման համաձայնագրի կնքումը հնարավորություն կտա զարգացնելու երկու պետությունների միջև ապրանքների և ծառայությունների շրջանառությունը, կապիտալի, տեխնոլոգիաների, մարդկանց շարժը, կնպաստի տնտեսական կապերի զարգացմանը:

Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են ՀՀ Սահմանադրության 8 և 9 հոդվածների դրույթներին, քանզի կոչված են զարգացնելու կողմերի միջև բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունները, ինչպես նաև ստեղծելու իրավական բարենպաստ պայմաններ կողմերի համապատասխան սուբյեկտների տնտեսական գործունեության ազատության համար։

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

1. 2009 թվականի մայիսի 22-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Խորվաթիայի Հանրապետության միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Գ. Հարությունյան


8 սեպտեմբերի 2009 թ.
ՍԴՈ-821