Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը և Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարությունը, այսուհետ` Կողմեր,
ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև 1991 թվականի դեկտեմբերի 29-ին կնքված Բարեկամության, համագործակցության և փոխադարձ անվտանգության մասին Պայմանագրով, ԵԱՀԽ-ի Եզրափակիչ ակտի նպատակներով ու սկզբունքներով և Հելսինկիի գործընթացի մյուս փաստաթղթերով,
գտնելով, որ մշակույթի բնագավառում համագործակցությունը կոչված է նպաստելու ժողովուրդների միջև փոխըմբռնման զարգացմանը, համամարդկային արժեքների ամրապնդմանը, հասարակական առաջընթացի և քաղաքացիական համաձայնության ապահովման համար պայմանների ստեղծմանը,
հաշվի առնելով երկու պետությունների ժողովուրդների ավանդական մշակութային կապերի պատմական արմատները և կուտակված փորձը,
ձգտելով նպաստել ազգային մշակույթի փոխհարստացմանը` դրանցից յուրաքանչյուրի ինքնատիպության հարգման պայմաններում,
նկատի ունենալով իրենց ազգային-պետական կազմավորումներից դուրս ապրող քաղաքացիների հոգևոր պահանջներն ու շահերը,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին:
ՀՈԴՎԱԾ 1
Կողմերը, իրենց իրավասության սահմաններում, պարտավորվում են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև մշակութային համագործակցության համար նպաստավոր պայմաններ ստեղծել թատերական, երաժշտական արվեստի, կերպարվեստի բնագավառում, գրադարանային և թանգարանային գործում, պատմամշակութային ժառանգության օբյեկտների, ժողովրդական ինքնագործ ստեղծագործության, ժողովրդական արհեստների, մշակութային գործունեության մյուս տեսակների պահպանման բնագավառում:
ՀՈԴՎԱԾ 2
Կողմերը կաջակցեն իրենց ազգային-պետական կազմավորումները չունեցող կամ իրենց ազգային-պետական կազմավորումներից դուրս ապրող ազգերի ու ազգությունների ազգային մշակութային կենտրոնների ու կազմակերպությունների գործունեությանը և կիրականացնեն դրանց մշակութային գործունեության աջակցություն, կցուցաբերեն մեթոդական, խորհրդատվական օգնություն և գործնական աջակցություն:
ՀՈԴՎԱԾ 3
Կողմերը մշակութային համագործակցության ամենամյա երկկողմ ծրագրերի ու նախագծերի հիման վրա կաջակցեն թատրոնների, գեղարվեստական կոլեկտիվների ու կատարողների հյուրախաղերի կազմակերպմանը, գրադարանային-տեղեկատվական համակարգերի, համահավաք քարտադարանների և միջգրադարանային բաժանորդ ծառայությունների ստեղծմանը, գեղարվեստական ցուցահանդեսների ու թանգարանային ցուցանմուշների փոխանակմանը, փառատոների, մրցույթների, կոնֆերանսների, սեմինարների և այլ միջոցառումների անցկացմանը պրոֆեսիոնալ արվեստի և ժողովրդական ստեղծագործության բնագավառում:
ՀՈԴՎԱԾ 4
Կողմերը կնպաստեն ստեղծագործական միությունների և միավորումների, հասարակական կազմակերպությունների միջև համագործակցությանը և փոխադարձ լայն կապերին, մշակույթի և արվեստի գործիչների միջև ուղղակի կապերի հաստատմանը:
ՀՈԴՎԱԾ 5
Կողմերը, անմիջական պայմանագրերի հիման վրա, կաջակցեն թատրոնների, համերգային կազմակերպությունների և արհեստավարժ կոլեկտիվների, թանգարանների, պատմամշակութային ժառանգության օբյեկտների պահպանության ու վերականգնման կազմակերպությունների ու հիմնարկների, գրադարանների գիտամեթոդական կենտրոնների, ուսումնական հաստատությունների, գիտահետազոտական կազմակերպությունների, ձեռնարկությունների և մշակութային հիմնարկների միջև անմիջական համագործակցության հաստատմանը:
ՀՈԴՎԱԾ 6
Կողմերը կձգտեն բավարարել արվեստի և մշակույթի ոլորտի աշխատողների ու մասնագետների պատրաստման, վերապատրաստման և որակավորման բարձրացման փոխադարձ պահանջները` երկկողմ փոխանակման սկզբունքների վրա սահմանելով ենթագերատեսչական ուսումնական հաստատությունների սովորողների, ուսանողների, ասպիրանտների, դոկտորանտների ուսուցման պայմանները և պարտավորությունները:
ՀՈԴՎԱԾ 7
Իրենց պետությունների տարածքներում գտնվող պատմամշակութային ժառանգության օբյեկտների պահպանման նպատակով Կողմերը կհամակարգեն իրենց ջանքերը` ուղղված օբյեկտների պահպանությանը, պաշտպանությանը, վերականգնմանն ու օգտագործմանը` առանձին ծրագրերի ու նախագծերի հիման վրա:
ՀՈԴՎԱԾ 8
Կողմերը կանոնավորապես տեղեկություն կփոխանակեն ռադիոյի, հեռուստատեսության և մամուլի համար` իրենց մշակութային կյանքը, ժողովուրդների պատմական կապերը, համագործակցության արդյունքները լուսաբանելու նպատակով:
ՀՈԴՎԱԾ 9
Կողմերը մշակույթի և արվեստի բնագավառում, գիտահետազոտական աշխատանքների վերաբերյալ կփոխանակեն տեղեկություն, կանցկացնեն համատեղ գիտագործնական կոնֆերանսներ, սեմինարներ և գիտաժողովներ, կօգտագործեն գիտական փոխանակության և համագործակցության այլ ձևեր:
ՀՈԴՎԱԾ 10
Կողմերը երաշխավորում են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարությունների ենթակայության տակ գտնվող գրադարանային և թանգարանային ֆոնդերը կազմող հավաքածուների և մյուս մշակութային արժեքների մատչելիությունը:
ՀՈԴՎԱԾ 11
Կողմերն ապահովում են իրենց տարածքներից սույն Համաձայնագրի մյուս մասնակից պետության կամ այլ երկրների տարածք մշակութային արժեքների անօրինական արտահանման և ներմուծման կանխման, ինչպես նաև նշված արժեքների փոխադարձաբար վերադարձման միջոցներ` համաձայն միջազգային և ներքին օրենսդրության:
ՀՈԴՎԱԾ 12
Կողմերը համաձայնում են համատեղ կազմակերպել և իրականացնել մշակութային միջոցառումներ (ակցիաներ), ծրագրեր, գործնական նախագծեր:
Համատեղ ծրագրերի ու նախագծերի ֆինանսավորումը կիրականացվի փայատիրական մասնակցության սկզբունքներով:
ՀՈԴՎԱԾ 13
Սույն Համաձայնագրի իրականացման հետ կապված ֆինանսական հարցերը որևէ հատուկ պայմանավորվածության բացակայության դեպքում կկարգավորվեն փոխադարձության հիմունքներով, այսինքն` ուղարկող Կողմն իր վրա է վերցնում իրենց պատվիրակությունների և ներկայացուցիչների ճանապարհածախսը, իսկ ընդունող Կողմն իր վրա է վերցնում իր երկրում կեցության ծախսերը:
ՀՈԴՎԱԾ 14
Սույն Համաձայնագրի գործնական իրականացման նպատակով կմշակվեն մշակութային համագործակցության ամենամյա ծրագրեր:
Այդ նպատակով Կողմերը կստեղծեն աշխատանքային խմբեր:
ՀՈԴՎԱԾ 15
Սույն Համաձայնագիրը կնքվում է 5 տարի ժամկետով և ամեն անգամ ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդ հինգ տարվա համար, եթե Կողմերից մեկը դրա գործողությունը դադարեցնելու իր ցանկության մասին գրավոր չի հայտնի համապատասխան ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ:
Կատարված է Երևան քաղաքում 1994 թվականի մայիսի 28-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և ռուսերեն, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1994 թվականի մայիսի 28-ից: