Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 215-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.08.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2009.08.06/23(341).1 Հոդ.263.13
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
24.07.2009
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
29.07.2008
Дата вступления в силу
16.08.2009

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

30 հուլիսի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 05009264

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

24 հուլիսի 2009 թ.

թիվ 215-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՄԵԿ ՀԱՐՅՈՒՐ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔՈՎ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹՂԹԱԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը, 41-րդ, 42-րդ, 47-րդ և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. 2009 թվականի օգոստոսի 24-ից շրջանառության մեջ դնել մեկ հարյուր հազար դրամ անվանական արժեքով 2009 թվականի թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամները:

2. Հաստատել մեկ հարյուր հազար դրամ անվանական արժեքով 2009 թվականի թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամի նմուշը` համաձայն Հավելված 1-ի (կցվում է):

3. Հաստատել մեկ հարյուր հազար դրամ անվանական արժեքով 2009 թվականի թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամի նկարագրությունը` համաձայն Հավելված 2-ի (կցվում է):

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2009 թ. հուլիսի 29

Երևան

 

 

Հավելված 1

 

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2009 թվականի հուլիսի 24-ի

թիվ 215-Ն որոշմամբ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 100.000 ԴՐԱՄ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔՈՎ

ԹՂԹԱԴՐԱՄՆԵՐԻ ՆՄՈՒՇԸ

 

Ներմուծեք նկարագրությունը_355

 

 

Հավելված 2

 

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2009 թվականի հուլիսի 24-ի

թիվ 215-Ն որոշմամբ

 

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

2009 թ. նմուշի 100 000 դրամ անվանական արժեքով ՀՀ թղթադրամի

 

Թղթադրամը (չափսը՝ 160 x 72 մմ) ունի Հայոց Աբգար Ե թագավորի դիմանկարը պատկերող և անվանական արժեքը ներկայացնող ջրանիշ: Դիմերեսի հիմնական գույնը կապույտ է, դարձերեսինը՝ դարչնագույն: Թղթադրամը պարունակում է երկու պաշտպանական ներգիծ, որոնցից մեկն ամբողջությամբ ներդրված է թղթի մեջ և երևում է միայն լուսընդդեմ դիտելիս՝ հոծ գծի տեսքով, իսկ մյուսը՝ թղթադրամի դարձերեսի վրա երևում է արծաթափայլ կետագծերի, իսկ լուսընդդեմ դիտելիս՝ հոծ գծի տեսքով, որի մեջ կարդացվում է «AMD 100000» մանրատառաշարը։

Դիմերես

Թղթադրամի ձախ մասում ուղղահայաց, կարմիր գույնով տպագրված են թղթադրամի սերիան նշող երկու տառերը՝ «ԶԱ», և ութանիշ համարը։ Կարմիր համարանիշից աջ փակցված է ուղղահայաց կինեգրամայով ժապավենաձև փայլաթիթեղ: Փայլաթիթեղի երկայնքով, պարբերաբար կրկնվելով, երևում են Աբգար Ե թագավորի դիմանկարը, «AMD» և «100000» գրառումները։ Թագավորի գլխի լուսապսակը լույսի անկման անկյան փոփոխության դեպքում շարժվում է աջից դեպի ձախ: «100000» թվի ներքևում գտնվող ստվերը լույսի անկման անկյան փոփոխության դեպքում շարժվում է վերից վար։ Կինեգրամայի երկու եզրերի ողջ երկայնքով երևում են «100000 ԴՐԱՄ» և «AMD 100000» ապամետաղականացված գրառումները։ Փայլաթիթեղի վրա, վերևի մասում, կարմիր գույնով հորիզոնական տպագրված է «100000» թիվը։ Փայլաթիթեղից աջ պատկերված է Աբգար Ե թագավորի մասին պատմությունը պարունակող շագանակագույն քարակոթողը։ Քարակոթողի պատկերից վերև Աբգար Ե թագավորի դրոշն է՝ կարմիր պաստառի վրա կանաչ խաչ, որի կենտրոնում Քրիստոսի կենդանագիր պատկերով դաստառակն է։ Քարակոթողի ներքևում գտնվում է շեղանկյուն զարդանախշ՝ «100000» թվի գաղտնապատկերով։

Թղթադրամի դիմերեսին հիմնականը Աբգար Ե թագավորի պատկերն է՝ կապույտով և շագանակագույնով: Թագավորի պատկերի և քարակոթողի միջև կապույտ գույնով ուղղահայաց գրված է «Աբգար Ե թագավոր»։ Թղթադրամի դիմերեսի հետին ֆոնի վրա կապույտ գույնով պատկերված է Ա դարի տարածաշրջանային քարտեզի մի հատված: Թղթադրամի վերին մասում, թղթադրամի երկայնքով մուգ կապույտ գույնով գրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ», որի տակ, միկրոտառաշարով՝ «100000ՀԱՐՅՈՒՐՀԱԶԱՐԴՐԱՄ» կրկնվող գրառումը: Դրանից ներքև, կապույտով և մանուշակագույնով տպագրված է թագի թափանցիկ պատկեր։ Թագի մասնիկների մի մասը տպագրված է դիմերեսին, մյուս մասը՝ դարձերեսին. լուսընդդեմ դիտելիս դրանք մեծ ճշտությամբ լրացնում են միմյանց և կազմում թագի ամբողջական պատկեր:

Քարտեզի ներքևի մասում մուգ կապույտ գույնով տպագրված են ՀՀ կենտրոնական բանկի նախագահի և ՀՀ ֆինանսների նախարարի ստորագրությունները, «Բանկի նախագահ» և «Ֆինանսների նախարար» բառերը։ Դրանից ներքև, կարմիր գույնով, երկու տողով գրված է «ՀԱՐՅՈՒՐ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ»։

Թղթադրամի ջրանիշի դաշտի վերին մասում, հորիզոնական, սև գույնով տպագրված են թղթադրամի սերիան՝ «ԶԱ», և ութանիշ համարը. ավելի աջ, մուգ կարմիրով՝ երեք թեք գծիկ և մեկ կետ։ Ջրանիշի դաշտի ներքևի աջ մասում մետաղական ոսկեփայլ ներկով տպագրված է Աբգար Ե թագավորի տոհմը որպես արքայական ներկայացնող հնադարյան մետաղադրամի պատկերը։ Դրանից ներքև տպագրված է «100000» թիվը, որի նիշերի վերևի մասը շագանակագույն է, իսկ ներքևինը՝ կապույտ։ «100000» թվի վերջին զրոյից վերև տպագրված է թողարկման տարեթիվը՝ «2009»։ Թղթադրամի աջ եզրի մոտ, ուղղահայաց դիրքով, կապույտ գույնով տպագրված է «CENTRAL BANK OF THE REPUBLIC OF ARMENIA»: Թղթադրամի ներքևի աջ և ձախ մասերում կապույտ գույնով, մի քանի տող մանրատառաշարով տպագրված են «100000» թիվը և «AMD» տառային կոդը։

Դիմերեսի աջ և ձախ եզրերին դեղին գույնի անկանոն շրջանակներ են։

Դարձերես

Թղթադրամի ձախ եզրի մոտ, ուղղահայաց դիրքով, կապույտ գույնով տպագրված է «CENTRAL BANK OF THE REPUBLIC OF ARMENIA»: Թղթադրամի ձախ կողմում՝ ջրանիշի դաշտի ներքևի մասում, հորիզոնական գծով բաժանված, բաց դարչնագույնով և մուգ մանուշակագույնով տպագրված է անվանական արժեքն արտահայտող «100000» թիվը։ «100000» թվի ստորին կեսը տպագրված է օպտիկապես փոփոխական ներկով՝ լույսի անկման անկյան փոփոխության դեպքում կարելի է նկատել գույնի փոփոխությունը կապույտից մանուշակագույնի։

Թղթադրամի մեջտեղում պատկերված է Հիսուսի աշակերտ Թադեոսի (72 աշակերտներից) կողմից Աբգար Ե թագավորին Քրիստոսի կենդանագիր պատկերով դաստառակի փոխանցման տեսարանը:

Թղթադրամի վերևի մասում, թղթադրամի երկայնքով, մուգ կապույտով գրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ», իսկ դրանից ներքև, միկրոտառաշարով՝ «100000ՀԱՐՅՈՒՐ ՀԱԶԱՐԴՐԱՄ» կրկնվող թվերը և բառերը: Նկարի ներքևի մասում մեկ տողով, սև և մուգ կապույտ գույներով գրված է «ՀԱՐՅՈՒՐ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ»։ Նկարից դեպի աջ, ուղղահայաց սյան տեսքով պատկերված է մուգ կապույտ զարդանախշ։ Զարդանախշի վրա, վերին մասում, ուղղահայաց գրված է «100000» թիվը: Թղթադրամի ներքևի աջ և ձախ մասերում սպիտակ և բաց կապույտ գույներով, մի քանի տող մանրատառաշարով տպագրված են «100000» թիվը և «AMD» տառային կոդը։

Դարձերեսի աջ և ձախ եզրերին դեղին գույնի անկանոն շրջանակներ են։

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան