Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (24.07.2009-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.10.23/53(719).1 Հոդ.1178.44
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
24.07.2009
Подписан
Նախագահող
Дата подписания
24.07.2009
Дата вступления в силу
24.07.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վարչական դատարանի վճիռ

Վարչական գործ թիվ ՎԴ/7703/05/08

Վարչական գործ թիվ ՎԴ/7703/05/08

2009թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Սարգսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ


ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ


Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

 

մասնակցությամբ դատավորներ`

Ե. Սողոմոնյանի

Վ. Աբելյանի

 

 

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

 

 

Մ. Դրմեյանի

 

 

Ե. Խունդկարյանի

Է. Հայրիյանի

2009 թվականի հուլիսի 24-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 23.03.2009 թվականի վճռի դեմ` ըստ Կոմիտեի հայցի ընդդեմ Մեխակ Մարտիրոսյանի և անհատ ձեռնարկատեր Մկրտիչ Յաղուբյանի` Մեխակ Մարտիրոսյանից 572.932 ՀՀ դրամ բռնագանձելու և անհատ ձեռնարկատեր Մկրտիչ Յաղուբյանին ՀՀ մաքսային օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված պարտավորությունը կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Կոմիտեն պահանջել է Մեխակ Մարտիրոսյանից բռնագանձել 572.932 ՀՀ դրամ և անհատ ձեռնարկատեր Մկրտիչ Յաղուբյանին պարտավորեցնել կատարել ՀՀ մաքսային օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված պարտավորությունը:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 23.03.2009 թվականի վճռով հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Մեխակ Մարտիրոսյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Դատարանը չի կիրառել ՀՀ մաքսային օրենսգրքի 128-րդ, 131-րդ, 203-րդ, 216-րդ, 221-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածը, 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Մեխակ Մարտիրոսյանն ապրանքները հայտարարագրել է ըստ հաշիվ-ապրանքագրի՝ հաշվի չառնելով հայտարարագրվող ապրանքների՝ անվահեծերի բաղադրությունը, որոնք հայտարարագրվել են որպես մետաղական, իսկ ապրանքային ծածկագիր է ընտրվել ապրանքային անվանացանկի 87087099 ծածկագիրը, որն ըստ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ»-ի՝ նկատի ունի «և այլն» ապրանքային անվանումը:

«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության 12.11.2008 թվականի թիվ 42200810 փորձագիտական եզրակացությամբ հիմնավորվել է, որ 60 հատ անվահեծերը պատրաստված են ալյումինե համաձուլվածքից, որից էլ բխում է, որ դրանք պետք է հայտարարագրվեին «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ»-ի 870870500 ծածկագրով, այլ ոչ թե նույն անվանացանկի 87087099 ծածկագրով՝ որպես այլ ապրանքներ:

 

2) Դատարանը չի կիրառել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր, կիրառել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 46-րդ, 57-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը, նշելով, որ զանցանքը կատարելու օրվանից անցել է 30 օր, ուստի չի կարող տույժ նշանակվել, հաշվի չի առել, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածով մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերով վարչական տույժ կարող է նշանակվել իրավախախտումը հայտնաբերելու օրվանից երկու ամսվա ընթացքում: Տվյալ դեպքում իրավախախտումը հայտնաբերվել է 18.10.2008 թվականին, իսկ 22.10.2008 թվականին կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն, ինչի արդյունքում 28.11.2008 թվականին կայացվել է որոշում Մեխակ Մարտիրոսյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը մերժելու և վարչական տույժ նշանակելու մասին:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 23.03.2009 թվականի վճիռը և այն փոփոխել:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները

Վճռաբեկ բողոքն անհիմն լինելու պատճառաբանությամբ ենթակա է մերժման, քանի որ Մեխակ Մարտիրոսյանի նկատմամբ մաքսային կանոնների խախտման վերաբերյալ հարուցված վարչական վարույթն իրականացվել է ՀՀ օրենսդրության մի շարք պահանջների խախտմամբ, ինչի արդյունքում չի ապահովվել Մեխակ Մարտիրոսյանի՝ վարչական վարույթին մասնակցելու և լսվելու իրավունքը, որով վերջինս զրկվել է իր իրավունքների լիարժեք պաշտպանության հնարավորությունից:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) 13.10.2008 թվականի թիվ 527553 փոխադրման ամփոփագրով անհատ ձեռնարկատեր Մկրտիչ Յաղուբյանի անվամբ ՀՀ են ներմուծվել ապրանքներ, որոնք վերջինիս ներկայացուցիչ Մեխակ Մարտիրոսյանը 18.10.2008 թվականի թիվ C-31852 բեռնային մաքսային հայտարարագրով «ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով հայտարարագրել է Արարատյան տարածաշրջանային մաքսատանը (գ.թ. 13-14):

2) Կոմիտեի նախագահի 18.10.2008 թվականի թիվ 18 որոշման հիման վրա՝ Երևանի Արցախի 9 հասցեում գտնվող «Ապակիների աշխարհ» խանութում կրկնակի հսկողության իրականացման ժամանակ պարզվել է, որ Մեխակ Մարտիրոսյանը «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ»-ի 870870500 ծածկագրին դասվող թվով 60 հատ ալյումինե անվահեծերը հայտարարագրել է ոչ իրենց անվանմամբ՝ որպես «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ»-ի 87087099 դասվող ավտոմեքենաների դողերի մետաղական անվահեծեր, ինչի վերաբերյալ 18.10.2008 թվականին կազմվել է «Ստուգում (զննում) կատարելու վերաբերյալ» արձանագրությունը (գ.թ. 10-11):

3) 22.10.2008 թվականին Կոմիտեի հետաքննության և իրավաբանական վարչությունում Մեխակ Մարտիրոսյանի նկատմամբ ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածի հատկանիշներով կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն (գ.թ. 15):

4) «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության 12.11.2008 թվականի թիվ 42200810 փորձագիտական եզրակացությամբ հաստատվել է, որ փորձաքննությանը ներկայացված և որոշմամբ առաջադրված թվով 60 հատ անվահեծերը պատրաստված են ալյումինե համաձուլվածքից (գ.թ. 19-21):

5) Կոմիտեի հետաքննության և իրավաբանական վարչության պետի 28.11.2008 թվականի «Քրեական գործի հարուցումը մերժելու և վարչական տույժ նշանակելու մասին» որոշմամբ Մեխակ Մարտիրոսյանը ճանաչվել է զանցառու ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածով և ենթարկվել է տուգանքի ոչ իրենց անվանմամբ հայտարարագրված թվով 60 հատ ալյումինե անվահեծերի մաքսային արժեքի չափով՝ 572.932 ՀՀ դրամ (գ.թ. 23-25):

6) 18.10.2008 թվականին և 29.10.2008 թվականին Մեխակ Մարտիրոսյանը մաքսային կանոնների խախտման վերաբերյալ տվել է բացատրություններ, որոնց համաձայն` թվով 60 հատ անվադողերի անվահեծերը «ավտոմեքենայի մետաղական անվահեծեր» անվանմամբ նշելիս համոզված էր, որ դրանք մետաղական են և չեն կարող բաղկացած լինել բացարձակապես ալյումինից, այլ՝ տարբեր մետաղների համաձուլվածքից, այդ թվում նաև՝ ալյումինից (գ.թ. 12, 17-18):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝

1) Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ մաքսային օրենսգրքի 128-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հայտարարագրումն իրականացվում է վերադաս մաքսային մարմնի սահմանած ձևով՝ գրավոր կամ բանավոր՝ նշելով ճշգրիտ տեղեկություններ՝ ապրանքների և տրանսպորտային միջոցների, դրանց տեղափոխման նպատակի մասին, ինչպես նաև մաքսային հսկողության և ձևակերպման համար անհրաժեշտ այլ տեղեկություններ:

ՀՀ մաքսային օրենսգրքի 131-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հայտարարատուն նույն օրենսգրքի համաձայն կրում է պատասխանատվություն՝ հայտարարագրված տեղեկությունների հավաստիության համար:

ՀՀ մաքսային օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետի համաձայն` հայտարարատուն պարտավոր է իրականացնել ապրանքների և տրանսպորտային միջոցների հայտարարագրում` նույն օրենսգրքով նախատեսված կարգով:

ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները և տրանսպորտային միջոցները չհայտարարագրելը, այսինքն` դրանց մասին ճշգրիտ տեղեկությունները սահմանված ձևով չհայտարարագրելը, ինչպես նաև հայտարարագրումը ոչ իրենց անվանմամբ` հանցագործության հատկանիշների բացակայության դեպքում` առաջացնում է տուգանքի նշանակում` այդ ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի չափով:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը, հայցը մերժելիս որպես հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ և 64-րդ հոդվածները, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 64-րդ և 113-րդ հոդվածների պահանջները, որոնք նախատեսում են գործի հարուցումը և լուծումը բացառապես հայցի հիման վրա: Մինչդեռ Դատարանը դուրս է եկել հայցի շրջանակներից, քանի որ վարչական ակտի իրավաչափության ստուգման պահանջի բացակայության պայմաններում անդրադարձ է կատարել վարչական ակտի իրավաչափության հարցին և բացառել է դրա իրավական հետևանքներ առաջացնելու հնարավորությունն այն դեպքում, երբ սույն գործով Կոմիտեի հետաքննության և իրավաբանական վարչության պետի 28.11.2008 թվականի «Քրեական գործի հարուցումը մերժելու և վարչական տույժ նշանակելու մասին» որոշումըչի վիճարկվել և չի վերացվել: Հետևաբար Մեխակ Մարտիրոսյանից վարչական տույժի գումարը ենթակա է բռնագանձման, իսկ անհատ ձեռնարկատեր Մկրտիչ Յաղուբյանի կողմից ապրանքները ՀՀ մաքսային օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետի համաձայն՝ ենթակա են հայտարարագրման:

Բացի այդ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը, հաստատված համարելով թվով 60 հատ անվահեծերն ալյումինե համաձուլվածքից պատրաստված լինելու հանգամանքը, հանգել է սխալ հետևության, քանի որգործում առկա Մեխակ Մարտիրոսյանի 18.10.2008 թվականի թիվ C-31852 բեռնային մաքսային հայտարարագրով, 18.10.2008 թվականի «Ստուգում (զննում) կատարելու վերաբերյալ» արձանագրությամբ, 22.10.2008 թվականի մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրությամբ, «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության 12.11.2008 թվականի թիվ 42200810 փորձագիտական եզրակացությամբ, Մեխակ Մարտիրոսյանի 18.10.2008 թվականի և 29.10.2008 թվականի բացատրություններով և 28.11.2008 թվականի «Քրեական գործի հարուցումը մերժելու և վարչական տույժ նշանակելու մասին» որոշմամբ հաստատվում է այն հանգամանքը, որ 13.10.2008 թվականի թիվ 527553 փոխադրման ամփոփագրով ՀՀ ներմուծված թվով 60 հատ անվահեծերը պատրաստված են ալյումինե համաձուլվածքից, հետևաբար դրանք պետք է հայտարարագրվեին «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ»-ի 870870500 ծածկագրով, այլ ոչ թե նույն անվանացանկի 87087099 ծածկագրով՝ որպես այլ ապրանքներ:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վարչական տուգանքը ենթակա է բռնագանձման, քանի որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 297-րդ հոդվածի համաձայն՝ վարչական տույժ նշանակելու մասին որոշումը պարտադիր է կատարման պետական և հասարակական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, պաշտոնատար անձանց և քաղաքացիների կողմից: Իսկ նույն օրենսգրքի 301-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` վարչական տույժ նշանակելու մասին որոշում կայացրած մարմինը (պաշտոնատար անձը) որոշման կատարումը դադարեցնում է նաև այն դեպքում, երբ վարչական պատասխանատվություն սահմանող ակտը վերացել է:

ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ յուրաքանչյուր ոք պարտավոր է ելնել այն կանխավարկածից, որ Կոմիտեի հետաքննության և իրավաբանական վարչության պետի 28.11.2008 թվականի «Քրեական գործի հարուցումը մերժելու և վարչական տույժ նշանակելու մասին» որոշումն ընդունվել է ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված լիազորությունների շրջանակում: Դրա հետևանքով պետք է եզրակացնել, որ նշված որոշումն իրավաչափ է և որևէ անձ, այդ թվում՝ պետական մարմինը, չի կարող կասկածի տակ դնել այդ որոշման իրավաչափությունը (տե`ս, ըստ հայցի Էդուարդ Գևորգյանի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Զեյթունի տարածքային ստորաբաժանման՝ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու և պետական գրանցում կատարելու պահանջի մասին, թիվ 3-101(ՎԴ) (2007թ.) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.01.2007 թվականի որոշումը):

 

2) Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ առանձին տեսակի վարչական վարույթների առանձնահատկությունները սահմանվում են օրենքներով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

ՀՀ մաքսային օրենսգրքի 205-րդ հոդվածի համաձայն՝ մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերի վարույթը կարգավորվում է նույն գլխով և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի նույն գլխին չհակասող մասով:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի համաձայն` վարչական տույժը կարող է նշանակվել իրավախախտումը կատարելու օրվանից ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում, իսկ շարունակվող և տևող իրավախախտման դեպքում` այն բացահայտելու օրվանից երկու ամսվա ընթացքում:

Սույն գործով Մեխակ Մարտիրոսյանի կողմից կատարված իրավախախտումը հայտնաբերվել է 18.10.2008 թվականին, իսկ 22.10.2008 թվականին կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն, որի արդյունքում 28.11.2008 թվականին կայացվել է որոշում Մեխակ Մարտիրոսյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը մերժելու և վարչական տույժ նշանակելու մասին:

Ուստի Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում Դատարանի կողմից սույն գործով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի կիրառումը:

 

Վերոնշյալ պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի նշված հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նույն հոդվածներով ամրագրված՝ անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 23.03.2009 թվականի վճիռը և այն փոփոխել. հայցը բավարարել՝ Մեխակ Մարտիրոսյանից բռնագանձել 572.932 ՀՀ դրամ վարչական տուգանքը, իսկ անհատ ձեռնարկատեր Մկրտիչ Յաղուբյանին պարտավորեցնել կատարելու ՀՀ մաքսային օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված պարտավորությունը:

2. ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի օգտինՄեխակ Մարտիրոսյանից բռնագանձել 11.459 ՀՀ դրամ և 17.188 ՀՀ դրամ՝ որպես հայցադիմումի և վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրք, իսկ անհատ ձեռնարկատեր Մկրտիչ Յաղուբյանից՝ 4.000 ՀՀ դրամ որպես հայցադիմումի համար վճարված պետական տուրք:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

Ե. Սողոմոնյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան