Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Тип
Исходный акт (18.04.2002-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԱԳՆՊՏ 2002.06.12/2(2)
Принят
Հայաստանի Հանրապետություն
Дата принятия
01.12.1999
Дата вступления в силу
18.04.2002

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԵՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Բուլղարիայի Հանրապետության կառավարությունը, այսուհետ` Կողմեր,

ցանկանալով զարգացնել բարեկամական հարաբերությունները, այդ թվում` նաև մաքսային գործերում համագործակցության միջոցով,

ձգտելով մաքսային ծառայությունների համագործակցությամբ նպաստել Կողմերի միջև ուղևորային և բեռնային հաղորդակցության զարգացմանն ու արագացմանը,

նկատի ունենալով, որ մաքսային իրավախախտումները վնասում են Կողմերի տնտեսական, ֆինանսական և առևտրային շահերին,

համոզված լինելով, որ մաքսային օրենսդրության պահպանումը և մաքսային իրավախախտումների դեմ պայքարն ավելի արդյունավետ կարող են իրականացվել Կողմերի մաքսային ծառայություների միջև համագործակցության դեպքում,

հաշվի առնելով, որ թմրամիջոցների և հոգեներգործող նյութերի ապօրինի շրջանառությունը սպառնալիք է հանդիսանում մարդկանց առողջության և հասարակության համար,

նկատի ունենալով 1953 թվականի դեկտեմբերի 5-ի վարչական փոխօգնության վերաբերյալ մաքսային համագործակցության խորհրդի առաջարկությունները,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

Հոդված 1. Սահմանումներ

 

Սույն Համաձայնագրի նպատակների համար կիրառվող տերմինները նշանակում են.

«մաքսային ծառայություն»` Հայաստանի Հանրապետության համար` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությունը, իսկ Բուլղարիայի Հանրապետության համար` Բուլղարիայի Հանրապետության ֆինանսների նախարարության գլխավոր մաքսային վարչությունը,

«մաքսային օրենսդրություն»` Կողմերի իրավական նորմերի ամբողջություն, որը կարգավորում է Կողմերի մաքսային սահմաններով ապրանքների, ուղևորների ձեռքի իրերի և ուղեբեռի, արժութային արժեքների, միջազգային փոստային առաքումների ներմուծման, արտահանման և տարանցման, մաքսային տուրքերի, հարկերի և այլ վճարումների գանձման, արտոնություններ տալու, արգելքների և սահմանափակումների հաստատման կարգը, ինչպես նաև Կողմերի մաքսային սահմաններով փոխադրվող ապրանքների վերահսկողության իրականացումը,

«հարցում անող ծառայություն»` Կողմի` այդ նպատակի համար սահմանված և մաքսային հարցերով օժանդակություն ցուցաբերելու համար հարցում ուղարկող իրավասու վարչական մարմին,

«հարցվող ծառայություն»` Կողմի` այդ նպատակի համար սահմանված և մաքսային հարցերով օժանդակություն ցուցաբերելու համար հարցում ստացող իրավասու վարչական մարմին,

«մաքսային իրավախախտում»` մաքսային օրենսդրության յուրաքանչյուր խախտում կամ խախտման որևէ փորձ,

«անձ»` ֆիզիկական և իրավաբանական անձ,

«թմրամիջոց»` բնական կամ սինթետիկ ցանկացած նյութ` մտցված 1961 թվականի  «Թմրամիջոցների մասին» Միասնական կոնվենցիայի I, II անվանացանկերի մեջ (հետագա փոփոխություններով և լրացումներով հանդերձ),

«հոգեներգործող նյութ»` բնական կամ սինթետիկ ցանկացած նյութ կամ յուրաքանչյուր բնական նյութ` մտցված 1971 թվականի «Հոգեներգործող նյութերի մասին» Միասնական կոնվենցիայի I, II, III և IV անվանացանկերի մեջ (հետագա փոփոխություններով և լրացումներով հանդերձ),

«վերահսկվող քիմիական նյութ»` յուրաքանչյուր նյութ` մտցված 1988 թվականի  «Թմրամիջոցների և հոգեներգործող նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի մասին» ՄԱԿ-ի Կոնվենցիայի I և II անվանացանկերի մեջ,

«վերահսկվող մատակարարում»` մեթոդներ, որոնց միջոցով թույլատրվում է ապօրինի ուղարկված կամ ապօրինի ուղարկված լինելու կասկած հարուցող թմրամիջոցների և հոգեներգործող նյութերի, վերահսկվող քիմիական նյութերի կամ նրանց փոխարինող նյութերի արտահանումը, փոխադրումը, կամ ներմուծումը մեկ կամ մի քանի Կողմերի տարածք` վերջիններիս իրավասու մարմինների հսկողության տակ կամ գիտությամբ` իրավախախտումը կատարող անձանց բացահայտման նպատակով,

«ապօրինի շրջանառություն»` իրավախախտումներ, որոնք հաստատված են թմրամիջոցների և հոգեներգործող նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ՄԱԿ-ի Կոնվենցիայի 3-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն:

 

Հոդված 2. Համաձայնագրի կիրառման ոլորտները

 

Կողմերը սույն Համաձայնագրի հիման վրա և մաքսային ծառայությունների միջոցով, դրանց իրավասության շրջանակներում և պահպանելով Կողմերի օրենսդրությունը, համաձայնեցին համագործակցել հետևյալ նպատակներով.

ա) Կողմերի միջև ուղևորային և բեռնային հաղորդակցության կատարելագործման,

բ) մաքսատուրքերի, մաքսային գանձումների և այլ վճարումների ճշգրիտ գանձման ապահովման, ինչպես նաև մաքսային արտոնությունների կիրառման,

գ) մաքսային իրավախախտումների կանխման, կանխարգելման և քննության,

դ) թմրամիջոցների և հոգեներգործող, ինչպես նաև վերահսկվող քիմիական նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում փոխադարձ աջակցության ցուցաբերման:

 

Հոդված 3. Մաքսային ընթացակարգերի պարզեցումը

 

Կողմերի մաքսային ծառայություններ`

ա) փոխադարձ համաձայնությամբ ձեռնարկում են մաքսային ընթացակարգերի պարզեցման անհրաժեշտ միջոցներ,

բ) փոխադարձաբար ճանաչում են միմյանց մաքսային ապահովումները (կապարակնիքները, կնիքների դրոշմվածքները և դրոշմները), մաքսային փաստաթղթերը, իսկ անհրաժեշտության դեպքում փոխադրվող ապրանքների վրա դնում են սեփական մաքսային ապահովումները:

 

Հոդված 4. Վկայականների ներկայացումը

 

1. Կողմերի մաքսային ծառայությունները հարցման դեպքում միմյանց ներկայացնում են վկայականներ, որոնք հաստատում են, որ Կողմերից մեկի տարածքից արտահանված ապրանքները մյուս Կողմի տարածք են ներմուծվում օրինական հիմունքներով: Վկայականների մեջ նշվում են մաքսային ընթացակարգի ձևը և արդյունքները, համաձայն որի ձևակերպվել են ապրանքները: Դա վերաբերում է նաև այն դեպքերին, երբ ապրանքները վերաարտահանվում են մյուս Կողմի տարածքից:

2. Մաքսային ծառայությունները հարցման դեպքում միմյանց ներկայացնում են տեղեկություններ այն մասին, որ իրենց ենթակա մաքսային մարմինների կողմից ներկայացված վկայականները կամ այլ փաստաթղթերը իսկական են և պարունակում են բոլոր անհրաժեշտ տվյալները, որոնք նախատեսված են իրավական նորմերով:

 

Հոդված 5. Պայքար թմրամիջոցների, հոգեներգործող և վերահսկվող քիմիական նյութերի ապօրինի շրջանառության դեմ

 

1. Կողմերի մաքսային ծառայությունները աջակցություն են ցուցաբերում միմյանց թմրամիջոցների, հոգեներգործող և վերահսկվող քիմիական նյութերի ապօրինի շրջանառության կանխման և քննության գործում` հարցմամբ կամ սեփական նախաձեռնությամբ միմյանց տրամադրելով տեղեկություններ.

ա) թմրամիջոցների, հոգեներգործող և վերահսկվող քիմիական նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի մեթոդների մասին,

բ) թմրամիջոցների, հոգեներգործող և վերահսկվող քիմիական նյութերի մաքսային վերահսկողության սկզբունքների, ինչպես նաև վերահսկողության մեթոդների և բացահայտման նոր միջոցների վերաբերյալ,

գ) թմրամիջոցների բացահայտման համար տեխնիկական միջոցների և վարժեցված մաքսային շների օգտագործման փորձի մասին,

դ) թմրամիջոցների և հոգեներգործող նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի գործունեության վերաբերյալ հրապարակումների և գիտական, մասնագիտական և ուսումնական ձեռնարկների մասին,

ե) թմրամիջոցների և հոգեներգործող նյութերի նոր տեսակների, նրանց արտադրության վայրերի, իրավախախտների կողմից օգտագործվող երթուղիների, ինչպես նաև թաքցնելու մեթոդների, թմրամիջոցների և հոգեներգործող նյութերի` տարբեր երկրներում և տարածաշրջաններում գների փոփոխման վերաբերյալ,

զ) թմրամիջոցների և հոգեներգործող նյութերի նույնականացման և լաբորատոր վերլուծության մասին:

2. Մի Կողմի մաքսային ծառայությունը սեփական նախաձեռնությամբ կամ մյուս Կողմի մաքսային ծառայության հարցմամբ տրամադրում է ամբողջ տեղեկությունը.

ա) թմրամիջոցների, հոգեներգործող, ինչպես նաև վերահսկվող քիմիական նյութերի ապօրինի ներմուծման, արտահանման կամ շրջանառության մեջ մասնակցող կամ մասնակցած կամ դրանում կասկածվող անձանց վերաբերյալ,

բ) թմրամիջոցների, հոգեներգործող և վերահսկվող քիմիական նյութերի ապօրինի շրջանառության համար կիրառվող նոր երթուղիների և միջոցների վերաբերյալ,

գ) թմրամիջոցների, հոգեներգործող և վերահսկվող քիմիական նյութերի ապօրինի շրջանառության առարկա հանդիսացող ապրանքների և փոստային առաքումների վերաբերյալ,

դ) թմրամիջոցների, հոգեներգործող և վերահսկվող քիմիական նյութերի ապօրինի շրջանառության համար օգտագործված կամ օգտագործվելիք կամ դրանում կասկածվող յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի վերաբերյալ:

3. Եթե Կողմի մաքսային ծառայությունը իր տրամադրության տակ չունի տեղեկություններ, որոնց մասին հարցում է արվել, ապա նա միջոցներ է ձեռնարկում այդ տեղեկությունը ստանալու համար` գործող մաքսային օրենսդրությանը համապատասխան:

4. Կողմերի մաքսային ծառայությունները միմյանց աջակցություն են ցուցաբերում վերահսկվող մատակարարման մեթոդի օգտագործման դեպքում:

Վերահսկվող մատակարարման մեթոդի օգտագործման մասին որոշումը ընդունվում է յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար` Կողմերի գործող օրենսդրություններին համապատասխան:

5. Սույն հոդվածի շրջանակներում փոխանցված ցանկացած ձևի տեղեկություն ունի գաղտնի բնույթ: Այն օժտված է գաղտնիության նույն աստիճանով և հրապարակումից պաշտպանվածությամբ, որից օգտվում են նույնաբնույթ փաստաթղթերը և տեղեկությունը` այն փոխանցած մաքսային ծառայության պետության տարածքում գործող օրենսդրության համաձայն:

6. Յուրաքանչյուր Կողմի` սույն հոդվածին համապատասխան ստացած տեղեկությունը և փաստաթղթերը կարող են փոխանցվել նրա իրավապահ և այլ պետական մարմիններին, որոնք զբաղվում են իրավախախտումների և թմրամիջոցների ու հոգեներգործող նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարով:

Կողմերը վերահսկվող մատակարարման մեթոդի օգտագործման մասին որոշումները ընդունում են առանձին` յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար և, անհրաժեշտության դեպքում, կարող են հաշվի առնել Կողմերի միջև ֆինանսական պայմանավորվածությունները:

7. Կողմերը կարող են սույն Համաձայնագրի գործողության ոլորտը տարածել նաև այն նյութերի վրա, որոնք օգտագործվում են թմրամիջոցների, հոգեներգործող նյութերի արտադրության համար:

 

Հոդված 6. Տեղեկությունների փոխանցում

 

1. Կողմերի մաքսային ծառայությունները հարցմամբ միմյանց տրամադրում են, այդ թվում` հաղորդագրությունների, արձանագրությունների և այլ նյութերի կամ դրանց հաստատված պատճենների փոխանցման միջոցով, հետևյալ տեղեկությունները.

ա) մաքսատուրքերի, մաքսային գանձումների, այլ վճարումների գանձման կամ ապահովման, ինչպես նաև մաքսային արտոնությունների կիրառման հետ կապված հանգամանքների մասին,

բ) բացահայտված կամ նախապատրաստվող գործողությունների մասին, որոնք հակասում են հարցում կատարող Կողմի օրենսդրությանը:

2. Կողմերի մաքսային ծառայությունները հնարավորինս սեղմ ժամկետներում միմյանց հաղորդում են, այդ թվում և առանց նախնական հարցման, մաքսային իրավախախտումների մասին տեղեկություններ, որոնց դեմ պայքարում Կողմերը ունեն հատուկ շահագրգռվածություն: Դա առաջին հերթին վերաբերում է այն մաքսային իրավախախտումներին, որոնք կատարվում են հետևյալի սահմանահատման ժամանակ`

ա) շրջակա միջավայրին և բնակչության առողջությանը սպառնալիք ներկայացնող ապրանքների,

բ) զենքի, զինամթերքի, պայթուցիկ և թունավոր նյութերի, պայթեցման սարքավորումների,

գ) պատմական, գեղարվեստական, մշակութային կամ հնէաբանական նշանակալի արժեք ներկայացնող առարկաների,

դ) հատուկ կարևոր նշանակություն ունեցող ապրանքների, որոնք ըստ մաքսային ծառայությունների միջև համաձայնեցված անվանացանկերի, ենթարկվում են ոչ տարիֆային սահմանափակումների կամ ենթակա են բարձր մաքսային և հարկային գանձումների:

 

Հոդված 7. Փաստաթղթերի փոխանցում

 

1. Կողմերի մաքսային ծառայությունները սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 3 ամսվա ընթացքում փոխանակում են գործող օրենսդրական կամ մաքսային և տարադրամային հարցերին վերաբերող այլ նորմատիվ ակտերի պատճենները և հետագայում անհապաղ կտեղեկացնեն միմյանց մաքսային օրենսդրության մեջ կատարված բոլոր փոփոխությունների մասին:

2. Կողմերից մեկի մաքսային ծառայությունը մյուս Կողմի մաքսային ծառայության հարցմամբ հանձնում է մաքսային օրենսդրության կիրառմանը վերաբերող վարչական մարմինների որոշումների պատճենները:

3. Սույն հոդվածի համաձայն` փաստաթղթերի փոխանակմանը վերաբերող հարցումներում, ի տարբերություն սույն Համաձայնագրի 11-րդ հոդվածի 2-րդ կետի  «ե» ենթակետում նախատեսված պահանջների, գործի էությունը կարող է չնկարագրվել:

4. Փաստաթղթերի ստացման մասին հարցում անող ծառայությունը հաստատում է` նշելով ստացման ամսաթիվը:

 

Հոդված 8. Փորձի փոխանակում և օգնության ցուցաբերում

 

1. Կողմերի մաքսային ծառայությունները փոխանակում են տեղեկություններ.

ա) իրենց գործունեության ընթացքում ձեռք բերված փորձի և տեխնիկական օժանդակ միջոցների օգտագործման մասին,

բ) մաքսային իրավախախտումների իրականացման նոր միջոցների և եղանակների վերաբերյալ,

գ) Կողմերի համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ մաքսային հարցերի մասին:

2. Կողմերի մաքսային ծառայությունները մաքսային բնագավառում միմյանց օգնություն են ցուցաբերում` ներառյալ.

ա) մաքսային աշխատակիցների փոխանակումը` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող դեպքերում` մաքսային ծառայությունների կողմից օգտագործվող տեխնիկական միջոցներին ծանոթանալու նպատակով,

բ) աշխատակիցների ուսուցումը և օգնությունը` մասնագիտական ունակությունները կատարելագործելու համար,

գ) մաքսային հարցերով փորձագետների փոխանակումը,

դ) մաքսային հարցերին վերաբերող մասնագիտական, գիտական և տեխնիկական տեղեկությունների փոխանակումը:

 

Հոդված 9. Քննություններ

 

1. Մի Կողմի մաքսային ծառայության հարցմամբ մյուս Կողմի մաքսային ծառայությունը սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածի «բ» և «գ» կետերում նախատեսված հարցերի վերաբերյալ կատարում է ստուգում կամ քննություն: Ստուգման կամ քննության արդյունքները հաղորդվում են հարցում կատարող մաքսային ծառայությանը` սույն Համաձայնագրի 6-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված կարգին համապատասխան:

2. Ստուգումը կամ քննությունը կատարվում է հարցվող Կողմի մաքսային տարածքում գործող օրենսդրության համաձայն: Հարցվող մաքսային ծառայությունը ստուգումը կամ քննությունը իրականացնում է իր անունից:

3. Հարցվող մաքսային ծառայությունը կարող է թույլատրել հարցում կատարող մաքսային ծառայության պաշտոնական անձանց ներկա լինել ստուգմանը կամ քննությանը:

4. Սույն Համաձայնագրում նախատեսված դեպքերում մի Կողմի պաշտոնատար անձինք մյուս Կողմի տարածքում գտնվելու ընթացքում պետք է ունենան իրենց պաշտոնական լիազորությունները հաստատող փաստաթուղթ, չկրեն համազգեստ և չունենան զենք:

 

Հոդված 10. Փորձագետներ և վկաներ

 

Եթե մի Կողմի դատական կամ վարչական մարմինները քննվող մաքսային իրավախախտումների կապակցությամբ դիմում են համապատասխան հարցումով, ապա մյուս Կողմի մաքսային ծառայությունը կարող է լիազորել իր աշխատակիցներին` այդ դատական կամ վարչական գործերում հանդես գալ որպես վկաներ կամ փորձագետներ: Այդ աշխատակիցները ցուցմունքներ կամ եզրակացություններ են տալիս իրենց պաշտոնական պարտականությունների կատարման ընթացքում հաստատված փաստերի վերաբերյալ:

Դատական կամ վարչական գործերում մասնակցելու վերաբերյալ հարցման մեջ պետք է նշվի, թե որ գործով և ինչ որակով է հանդես գալու հարցվող մաքսային ծառայության աշխատակիցը:

 

Հոդված 11. Հարցման ձևը և բովանդակությունը

 

1. Սույն Համաձայնագրի 9-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված հարցումը ուղարկվում է գրավոր: Հարցումը կատարելու նպատակով անհրաժեշտ փաստաթղթերը պետք է կցվեն բնօրինակով, պաշտոնապես հաստատված պատճեններով կամ լուսապատճեններով:

2. Հարցումը պետք է պարունակի հետևյալ տվյալները.

ա) այն մաքսային մարմնի անվանումը, որի շահերը ընկած են հարցման հիմքում,

բ) ընթացակարգի ձևը,

գ) ընթացակարգի մասնակիցների ազգանունները, հասցեները և նրանց վերաբերյալ այլ տվյալները,

դ) հարցման առարկան և պատճառը,

ե) գործի էության համառոտ նկարագրությունը և դրա իրավաբանական որակումը:

 

Հոդված 12. Հարցման իրականացումը

 

1. Կողմերի մաքսային ծառայությունները հարցումները կատարելիս աջակցություն են ցույց տալիս Կողմերից յուրաքանչյուրի օրենսդրության համաձայն և իրենց իրավասությունների շրջանակներում:

2. Կողմերի մաքսային ծառայությունները հրաժարվում են հարցման կատարումից, եթե դրա կատարումը կարող է վնասել հարցվող Կողմի ինքնիշխանությանը, անվտանգությանը կամ այլ էական շահերին, ինչպես նաև հակասել օրենսդրությանը կամ նրա միջազգային պարտավորություններին:

3. Հարցման կատարումից հրաժարվելու մասին, ինչպես նաև մերժման պատճառների վերաբերյալ հարցում անող մաքսային ծառայությունը անմիջապես տեղեկացվում է գրավոր ձևով:

 

Հոդված 13. Փաստաթղթեր

 

1. Հարցմանը կից փաստաթղթերի բնօրինակները փոխանցվում են այն դեպքերում, եթե այդ փաստաթղթերի պաշտոնապես վավերացված պատճենները կամ լուսապատճենները բավարար չեն:

2. Փաստաթղթերի բնօրինակները հնարավորինս կարճ ժամկետներում պետք է վերադարձվեն հարցում անող մաքսային ծառայությանը:

3. Սույն հոդվածի դրույթների իրականացումը չպետք է խախտի հարցվող Կողմի կամ սույն Համաձայնագրին ոչ մասնակից պետության իրավունքները և օրինական շահերը:

 

Հոդված 14. Ստացված փաստաթղթերի և տեղեկությունների օգտագործումը

 

1. Կողմերի մաքսային ծառայությունները իրենց արձանագրություններում, հաղորդումներում և այլ նյութերում, ստուգումների կամ քննությունների ընթացքում, մաքսային իրավախախտումների հետ կապված դատական կամ վարչական գործերում որպես ապացույց կարող են օգտագործել սույն Համաձայնագրին համապատասխան ստացված տեղեկությունները և փաստաթղթերը: Այդ տեղեկությունների և փաստաթղթերի գնահատումը, ինչպես նաև դրանց օգտագործման հնարավորությունը և կարգը դատական և վարչական գործերում որոշվում են հարցում անող Կողմի օրենսդրության համապատասխան:

2. Հարցմամբ ներկայացված տեղեկությունները, հաղորդումները և փաստաթղթերը օգտագործվում են բացառապես սույն Համաձայնագրի իրականացման նպատակով և չեն կարող փոխանցվել որևէ մեկին կամ օգտագործվել այլ նպատակների համար` առանց այդ տեղեկությունները ներկայացրած մաքսային ծառայության համաձայնության:

3. Սույն հոդվածի 2-րդ կետի դրույթները չեն վերաբերում թմրամիջոցների և հոգեներգործող նյութերի ապօրինի շրջանառության հետ կապված իրավախախտումների վերաբերյալ նյութերին: Այդպիսի տեղեկություն կարող է տրամադրվել թմրամիջոցների և հոգեներգործող նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարով անմիջականորեն զբաղվող մարմիններին:

 

Հոդված 15. Ծախսերի փոխհատուցում

 

1. Հարցում անող մաքսային ծառայությունը հատուցում է հարցումները կատարող մաքսային ծառայության ծախսերը, որոնք կատարվել են սույն Համաձայնագրին համապատասխան հարցումը կատարելիս` այն փորձագետներին և թարգմանիչներին վարձատրելու համար, որոնք չեն աշխատում հարցվող մաքսային ծառայությունում:

2. Սույն Համաձայնագրի 8-րդ հոդվածի դրույթների կատարման հետ կապված ծախսերի փոխհատուցումը Կողմերի մաքսային ծառայությունների միջև կարող է դառնալ առանձին պայմանավորվածության առարկա:

 

Հոդված 16. Համաձայնագրի իրականացումը

 

1. Սույն Համաձայնագրով նախատեսված համագործակցությունը իրականացվում է անմիջականորեն մաքսային ծառայությունների միջև: Ողջ գրագրությունը պետք է կատարվի ռուսերեն:

2. Կողմերի մաքսային ծառայությունները, իրենց իրավասության շրջանակներում, հրապարակում են սույն Համաձայնագրի իրականացման համար անհրաժեշտ նորմատիվ ակտեր:

3. Սույն Համաձայնագրի իրականացման համար Կողմերը կհանձնարարեն իրենց մաքսային ծառայություններին` առանձին համաձայնագրեր կնքել մաքսային երկկողմ հարաբերությունների ամբողջ համալիրի վերաբերյալ:

 

Հոդված 17. Վեճերի լուծումը

 

Սույն Համաձայնագրի կիրառման և մեկնաբանման ընթացքում ծագած վեճերը Կողմերի միջև կլուծվեն խորհրդակցությունների միջոցով:

 

Հոդված 18. Փոփոխություններ և լրացումներ

 

Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել լրացումներ և փոփոխություններ, որոնք կձևակերպվեն առանձին արձանագրությամբ:

Արձանագրությունը կհանդիսանա սույն Համաձայնագրի անբաժանելի մասը և ուժի մեջ կմտնի սույն Համաձայնագրի 19-րդ հոդվածով սահմանված կարգով:

 

Հոդված 19.

Եզրափակիչ դրույթներ

 

1. Սույն Համաձայնագրի դրույթները չեն շոշափում Կողմերի` այլ միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունները:

2. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ Կողմերի ներպետական ընթացակարգերի կատարման մասին դիվանագիտական ուղիներով վերջին ծանուցումից հետո 30-րդ օրը:

3. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմնա 5 տարվա ընթացքում, որից հետո ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդ հինգ տարիների համար, եթե Կողմերից ոչ մեկը հերթական ժամկետը լրանալուց 6 ամիս առաջ դիվանագիտական ուղիներով գրավոր չտեղեկացնի մյուս Կողմին սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:

 

Կատարված է Երևան քաղաքում 1999 թվականի դեկտեմբերի 1-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, բուլղարերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:

Հայերեն և բուլղարերեն տեքստերի մեկնաբանման ընթացքում ծագած տարաձայնությունների դեպքում հիմք է ընդունվում ռուսերեն տեքստը:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2002 թվականի ապրիլի 18-ից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան