Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (17.04.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.07.21/36(702).1 Հոդ.842.7
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
17.04.2009
Подписан
Նախագահող
Дата подписания
17.04.2009
Дата вступления в силу
17.04.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1221/02/08

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1221/02/08 

2009թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Մկրտչյան

Դատավորներ՝ Ն. Հովսեփյան

               Վ. Թորոսյան


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ`

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ`

Է. Հայրիյանի

 

Վ. Աբելյանի

 

Ս. Անտոնյանի

 

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Ե. Խունդկարյանի

Տ. Պետրոսյանի

 

Ե. Սողոմոնյանի

2009 թվականի ապրիլի 17-ին,

դռնբաց դատական նիստում, քննելով Ռուզաննա Շահբազյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.11.2008 թվականի որոշման դեմ՝ ըստ Հակոբ Թասլակյանի իրավահաջորդ Ռուզաննա Շահբազյանի հայցի ընդդեմ Սամվել Ավետյանի և Լևոն Բայանդուրյանի՝ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Հակոբ Թասլակյանը պահանջել է ճանաչել սեփականության իրավունքն Երևանի Պռոշյան թիվ 3 հասցեի տան 1-ին հարկում գտնվող 8,64քմ միջանցքի, 10,3քմ և 6,8քմ նկուղների նկատմամբ, իսկ 4,5քմ ինքնակամ նկուղի նկատմամբ ճանաչել համատեղ սեփականության իրավունքը:

Հակոբ Թասլակյանը, փոխելով հայցի հիմքը և առարկան, վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգիրքի 10-րդ, 11-րդ, 13-րդ, 163-րդ, 166-րդ, 187-րդ, 189-րդ, 196-րդ, 198-րդ, 199-րդ, և 461-րդ հոդվածները, պահանջել է ճանաչել սեպականության իրավունքն Երևանի Պռոշյան թիվ 3 հասցեի տան 1-ին հարկում գտնվող փաստացի օգտագործվող 8,64քմ միջանցքի նկատմամբ:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 20.08.2008 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 14.11.2008 թվականի որոշմամբ Հակոբ Թասլակյանի իրավահաջորդ Ռուզաննա Շահբազյանի վերաքննիչ բողոքը մերժվել է և Դատարանի 20.08.2008 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հակոբ Թասլակյանի իրավահաջորդ Ռուզաննա Շահբազյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Սամվել Ավետյանի իրավահաջորդ Ռիմա Ավետյանը և Լևոն Բայանդուրյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.    

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, որի արդյունքում չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ, 198-րդ և 280-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ շուրջ 30 տարի առաջ Երևանի Պռոշյան թիվ 3 հասցեի համասեփականատերերը փոխադարձ համաձայնությամբ իրականացրել են ձևափոխություններ, որի արդյունքում 8,64քմ միջանցքը բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է Հակոբ Թասլակյանի ընտանիքը: Այսինքն, պատասխանողները կատարել են այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտ վկայում են 8,64քմ միջանցքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից նրանց մեկուսացման մասին՝ առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության:

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մերժելիս պատճառաբանել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի հիմքով հայցադիմում չի ներկայացվել, անտեսելով այն հանգամանքը, որ Երևանի Պռոշյան թիվ 3 հասցեի տան 1-ին հարկում գտնվող փաստացի օգտագործվող 8,64քմ միջանցքի նկատմամբ պահանջվել է ճանաչել սեփականության իրավունքը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187 հոդվածի հիմքով:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 14.11.2008 թվականի որոշումը և այն փոփոխել՝ հայցը բավարարել:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանների հիմնավորումները.

Երևանի Պռոշյան թիվ 3 հասցեի տան 1-ին հարկում գտնվող 8,64քմ միջանցքը համատեղ սեփականության իրավունքով պատկանում է Հակոբ Թասլակյանին, Սամվել Ավետյանին և Լևոն Բայանդուրյանին: Վերջիններս իրենց սեփականությունից երբեք չեն հրաժարվել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. Երևանի Պռոշյան թիվ 3 հասցեի տան սեփականատերերն են Հակոբ Թասլակյանը, Սամվել Ավետյանը և Լևոն Բայանդուրյանը (հատոր 1-ին, գ.թ. 63):

2. 20.03.2007 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն` Հակոբ Թասլակյանի ժառանգական գույքի նկատմամբ ժառանգ է ճանաչվել կինը` Ռուզաննա Շահբազյանը, դստրերը` Լուսինե և Կարինե Թասլակյանները (հատոր 1-ին, գ.թ. 96):

3. 17.01.2008 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն` Սամվել Ավետյանի ժառանգական գույքի նկատմամբ ժառանգ է ճանաչվել կինը` Ռիմա Ավետյանը (հատոր 1-ին, գ.թ. 153):

4. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Կենտրոն տարածքային ստորաբաժանման 12.07.2006 թվականի թիվ Ել-4292 մասնագիտական եզրակացության համաձայն՝ Երևանի Պռոշյան թիվ 3 հասցեի նկուղային հարկի 3.06քմ, 1-ին հարկի 8.64քմ միջանցքը և 2-րդ հարկի 1.78քմ միջանցքը սեփականության իրավունքով պատկանում է Հակոբ Թասլակյանին, Լևոն Բայանդուրյանին և Սամվել Ավետյանին: Չափագրման արդյունքում պարզվել է, որ նկուղային հարկի 3.06քմ (փաստացի 3.2քմ) միջանցքն օգտագործվում է ընդհանուր, Հակոբ Թասլակյանն օգտագործում է 1-ին հարկի 8.64քմ միջանցքը, Սամվել Ավետյանը` 2-րդ հարկի 1.78քմ միջանցքից 0.78քմ, իսկ Լևոն Բայանդուրյանը` 1.0քմ-ն, 1-ին հարկի 8.64քմ, միջանցքը միացվել է Հակոբ Թասլակյանին պատկանող 13.2քմ մակերեսով սենյակին (հատոր 1-ին, գ.թ. 69-70):

3. Դատարանին հասցեագրված Լևոն Բայանդուրյանի 13.05.2008 թվականի դիմումի համաձայն` «հանգուցյալ Մարիյա Թասլակյանի խնդրանքով բանավոր համաձայնության ենք եկել 1971 թվին թողել ենք իրեն 8.64քմ ընդհանուր միջանցքը փոխարենը ինձ տրվել է իրեն պատկանող առաջին հարկի պատշգամբի տակ գտնվող նկուղը, որը իրենց կողմից չէր օգտագործվում» (հատոր 1-ին, գ.թ. 146-147), իսկ Սամվել Ավետյանի 15.05.2006 թվականի դիմումի համաձայն՝ «II հարկի միջանցքը 1.78քմ պատկանել է Սամվել Ավետյանին և Լևոն Բայանդուրյանին, քանի որ նրանից վերև էլ ելք ու մուտք չկա, իսկ I հարկի միջանցքը եղել է մեր երեքիս ընդհանուրը, իսկ ինչ մնում է միջին պատի և աստիճանավանդակի հանման մասին ճիշտ եք աստիճանները հանվել է 30 տարի առաջ Հակոբ Թասլակյանի կողմից, իսկ միջանցքը դարձրել է որպես ննջասենյակ շուրջ մինչև 2003թ.» (հատոր 1-ին, գ.թ. 54-55):

4. Ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու մասին Դատարանի 02.07.2008 թվականի արձանագրության համաձայն հաստատվել է, որ «վերակառուցումից հետո աստիճանավանդակը քանդվել է և մուտքերն առանձնացվել են, իսկ վիճելի առաջին հարկի 8.64ք/մ օգտագործվում է Ռ. Շահբազյանի կողմից, քանի որ միջանցքը միացվել է առաջին հարկում գտնվող սենյակին, որը պատկանում է Ռ. Շահբազյանին, իսկ երկրորդ հարկի աստիճանավանդակի 1.78ք/մ մակերեսով տարածքը միացվել է Ավետյանների և Բայանդուրյանների կողմից օգտագործվող տարածքներին» (հատոր 1-ին, գ.թ. 184):

5. Հակոբ Թասլակյանը, 10.05.2006 թվականի հայցադիմումի փոփոխություններով, վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187 հոդվածը, պահանջվել է Երևանի Պռոշյան թիվ 3 հասցեի տան 1-ին հարկում գտնվող փաստացի օգտագործվող 8,64քմ միջանցքի նկատմամբ ճանաչել Հակոբ Թասլակյանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 48-50):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատերը չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ձեռքբերման վաղեմությունն իրենից ներկայացնում է օրենքով նախատեսված որոշակի ժամկետի լրանալու և որոշակի պայմանների վրա հասնելու ուժով մեկ անձի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման, իսկ մյուսի կողմից այդ իրավունքի դադարման միջոց:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի վերլուծությունից հետևում է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ է մի շարք վավերապայմանների միաժամանակյա առկայությունը: Մասնավորապես, դրանք են`

1. տիրապետումը պետք է լինի բարեխիղճ: Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքը անձի փաստացի տիրապետմանն անցնելիս: Գույքն անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որևէ բռնության գործադրման: Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով: Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի հիման վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն,

2. փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփականը, այսինքն` գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում: Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփականը նաև երրորդ անձանց հետ հարաբերություններում,

3. տիրապետումը պետք է լինի 10 տարի և անընդմեջ: Այսինքն՝ 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի: Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն,

4. տիրապետումը պետք է լինի բացահայտ, այսինքն՝ փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով (Տե'ս, Մարուսյա Աբրահամյանը, Ռուբիկ Սիմոնյանն ընդդեմ Միխաել Սիմոնյանի, Ջուլիետա Հակոբջանյանի, Արթուր Սիմոնյանի, Լարիսա Գևորգյանի, Արման, Անահիտ և Ջուլիետա Սիմոնյանների` բնակելի տարածության օգտագործման իրավունքը փոխհատուցմամբ դադարեցնելու և վտարելու պահանջների մասին թիվ 3-1451(ՎԴ) գործով ՀՀ Վճռաբեկ դատարանի 10.10.2007 թվականի որոշումը:

 

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` համատեղ սեփականության մասնակիցները միասին տիրապետում և օգտագործում են ընդհանուր գույքը, եթե այլ բան նախատեսված չէ նրանց համաձայնությամբ:

Նշված հոդվածի տրամաբանությունը հանգեցնում է, որ համատեղ սեփականության ներքո գտնվող գույքի սեփականության մասնակիցները տիրապետում և օգտագործում են միասին, եթե այլ բան նախատեսված չէ նրանց համաձայնությամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 279-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` սեփականության իրավունքը դադարում է սեփականատիրոջ կողմից իր սեփականության իրավունքից հրաժարվելու դեպքում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը կարող է հրաժարվել իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից՝ այդ մասին գրավոր հայտարարելով կամ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից նրա մեկուսացման մասին՝ առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության:

Օրենսդիրը սույն դրույթով նախատեսել է սեփականատիրոջ կողմից իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից հրաժարվելու երկու դեպք: Այն է` այդ մասին գրավոր հայտարարելը, կամ այնպիսի գործողություններ կատարելը, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից նրա մեկուսացման մասին` առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության:

Սույն գործի փաստերի համաձայն առկա է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի198-րդ հոդվածի, այնպես էլ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի հատկանիշները:

 

Այսպես, Երևանի Պռոշյան թիվ 3 հասցեի 1-ին հարկում գտնվող 8.64քմ միջանցքը համատեղ սեփականության իրավունքով պատկանել է Հակոբ Թասլակյանին, Սամվել Ավետյանին և Լևոն Բայանդուրյանին: Մինչդեռ դեռևս 1971 թվականից համատեղ սեփականության ներքո գտնվող նշված միջանցքի սեփականատերերը համաձայնվել են, որպեսզի այն օգտագործվի և տիրապետվի Հակոբ Թասլակյանի կողմից, որը հաստատվում է Սամվել Ավետյանի և Լևոն Բայանդուրյանի կողմից տրված բացատրություններով: Ընդ որում, նշված միջանցքը Հակոբ Թասլակյանի կողմից միացվել է իր սենյակին:

Փաստորեն, Սամվել Ավետյանը և Լևոն Բայանդուրյանն իրենց համաձայնությամբ կատարել են այնպիսի գործողություններ, որոնցով հրաժարվել են նշված միջանցքի նկատմամբ սեփականության իրավունքից՝ առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքի մերժման հիմքում դրել է այն հանգամանքը, որ Հակոբ Թասլակյանը Երևանի Պռոշյան թիվ 3 հասցեի տան 1-ին հարկում գտնվող փաստացի օգտագործվող 8,64քմ միջանցքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու մասին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի հիմքով հայցադիմում չի ներկայացրել:

Մինչդեռ, սույն գործի փաստերի համաձայն` Հակոբ Թասլակյանը ներկայացրել է «Հայցադիմումի փոփոխություն»` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի վկայակոչմամբ միջանցքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու մասին, որը Վերաքննիչ դատարանի կողմից անտեսվել է:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների համաձայն` Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.11.2008 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  

Ս. Սարգսյան

Դատավորներ`

Է. Հայրիյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան