Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Ղրղզստանի Հանրապետության կառավարությունը, այսուհետ` Կողմեր,
Հայաստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության միջև ոչ առևտրային վճարումներն ապահովելու նպատակով և Դրամավարկային հարաբերությունների մասին Համաձայնագրի հիման վրա,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
ՀՈԴՎԱԾ 1
Կողմերը կապահովեն դրամական միջոցների ազատ փոխանցումը Կողմերից մեկի տարածքում մշտապես կամ ժամանակավորապես գտնվող ֆիզիկական անձանց, ինչպես նաև Կողմերից մեկի տարածքում պաշտոնապես գրանցված իրավաբանական անձանց` ոչ առևտրային գործառույթների հետևյալ տեսակների գծով`
կազմակերպված և չկազմակերպված զբոսաշրջություն,
միջպետական համակարգող կառույցների պահպանման ծախսեր,
Կողմերի համաձայնությամբ` դիվանագիտական, հյուպատոսական, առևտրական, տրանսպորտային և այլ ներկայացուցչությունների պահպանման, ինչպես նաև պատվիրակությունների գործուղման ծախսեր,
տրանսպորտի և կապի ծառայություններ,
միջազգային վեհաժողովների, գիտաժողովների, կոնֆերանսների, մարզական և մշակութային միջոցառումների, ինչպես նաև միջազգային այլ հանդիպումների անցկացում,
ցուցահանդեսների և տոնավաճառների անցկացման հետ կապված ծախսեր, բացառությամբ ազատ փոխարկելի արժույթով վճարումների, կապիտալ ներդրումների կապակցությամբ և այլ նյութական ծախսերի, որոնց գծով հաշվարկների կարգը սահմանվում է Կողմերի համաձայնությամբ,
դատական, արբիտրաժային, նոտարական և այլ իրավաբանական ու վարչական մարմինների ծախսերի հատուցման գծով վճարներ, բացառությամբ առևտրական գործառնությունների գծով վեճերի կարգավորման վերաբերյալ որոշումներից բխող գանձումների,
դրամական ակրեդիտիվների և փոխանցումների, վճարագրերի վճարումից առաջացած դրամական միջոցների մնացորդների, ինչպես նաև կանխիկ դրամով ներմուծված` ժամանման երկրի ազգային տարադրամի մնացորդների փոխանցումներ,
հասարակական կազմակերպություններին մուծված անդամավճարներ,
դերասանների հյուրախաղերի և կինոնկարների վարձույթով տալու հետ կապված ծախսերի վճարում, ինչպես նաև այդ միջոցառումներից ստացված եկամուտների փոխանցում,
ապահովագրության գծով մուծումներ ու վճարումներ, սոցիալական ապահովագրության գծով մուծումներ,
դատական և այլ իրավասու մարմինների դատավճիռների, որոշումների և սահմանումների հիման վրա վճարվող գումարներ, իրավական օգնության համար վճար,
պետական հիմնարկների կարիքների համար շենքերի ձեռքբերում և շինարարություն,
դրամական միջոցների փոխանցումներ քաղաքացիների աշխատավարձից, կենսաթոշակներից և խնայողություններից,
կենսաթոշակների, ալիմենտների, պետական նպաստների, լրավճարների և փոխհատուցումների փոխանցումներ,
ժառանգվող գումարների և ժառանգվող գույքի իրացումից ստացված գումարների փոխանցումներ,
հեղինակային հոնորարների վճարում և հեղինակային իրավունքների գծով վճարումներ,
միջպետական համաձայնագրերով ուսումնական հաստատություններում, հիմնարկներում կամ ձեռնարկություններում աշխատելու կամ ուսանելու նպատակով ժամանած Կողմերի քաղաքացիներին վճարվող աշխատավարձ, կրթաթոշակ, օրապահիկ և դրամական այլ վճարումներ,
մի Կողմի ուսումնական հաստատություններում մյուս Կողմի քաղաքացիների ուսման համար վճարումներ,
մի պետության բժշկական հիմնարկներում մյուս պետության քաղաքացիների բուժման, անհրաժեշտ բժշկական օգնության համար վճարներ,
անձանց մահվան հետ կապված վճարումներ (տրանսպորտային և հուղարկավորման ծախսեր):
Կողմերը լիազորում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը և Ղրղզստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` փոփոխություններ և ճշգրտումներ մտցնել սույն հոդվածում նշված` ոչ առևտրային գործառնությունների ցանկի մեջ:
ՀՈԴՎԱԾ 2
Ոչ առևտրային գործառնությունների գծով վճարումները կարող են իրականացվել վճարող պետության արժույթով, իսկ ոչ առևտրային գործառնությունների գծով դրամական միջոցների փոխանցումների վճարումները կարող են իրականացվել ստացվող երկրի արժույթով:
Ոչ առևտրային փոխանցումների գծով վճարումները իրականացվում են`
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում` Ղրղզստանի Հանրապետության ազգային բանկի և Ղրղզստանի Հանրապետության ազգային բանկում` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հատուկ թղթակցային հաշիվների միջոցով:
ՀՈԴՎԱԾ 3
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը և Ղրղզստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը փոխանակային գործառնությունների կատարման նպատակով միմյանց տրամադրում են ազգային արժույթով վարկ, որի չափը որոշվում է եռամսյակը մեկ:
ՀՈԴՎԱԾ 4
Կողմերի նախարարություններն ու գերատեսչությունները երկկողմ համաձայնագրեր են կնքում ոչ առևտրային փոխանցումների գծով փոխադարձ հաշվարկների կատարման մասին` համաձայնեցնելով Կողմերի ֆինանսների նախարարությունների և ազգային (կենտրոնական) բանկերի հետ:
ՀՈԴՎԱԾ 5
Անհրաժեշտության դեպքում, ազգային օրենսդրության և միջպետական համաձայնագրերի շրջանակներում, ճանաչվում է յուրաքանչյուր Կողմի` դրամական միջոցների փոխանցման նկատմամբ սահմանափակումներ մտցնելու իրավունքը` վաղօրոք, ոչ ուշ, քան երեք ամիս առաջ, մյուս Կողմին, ինչպես նաև բնակչությանը ծանուցելով սույն Համաձայնագրի 1-ին հոդվածում նախատեսված գործառնությունների իրականացման պրակտիկայում նախատեսվող փոփոխությունների կամ դադարեցման մասին:
ՀՈԴՎԱԾ 6
Կողմերի փոխադարձ համաձայնությամբ, սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրությամբ: Նշված արձանագրությունը հանդիսանում է սույն Համաձայնագրի անքակտելի մասը:
ՀՈԴՎԱԾ 7
Սույն Համաձայնագրի կատարման և մեկնաբանման հետ կապված բոլոր վիճելի հարցերը կլուծվեն բանակցությունների միջոցով:
ՀՈԴՎԱԾ 8
Սույն Համաձայնագիրը կգործի այնքան ժամանակ, քանի դեռ Կողմերից մեկը մյուս Կողմին դիվանագիտական ուղիներով գրավոր չի տեղեկացնի Համաձայնագրի լուծարման վերաբերյալ իր մտադրության մասին: Համաձայնագիրն ուժը կորցրած է համարվում սույն Համաձայնագրին մասնակցելուց հրաժարվելու մասին ծանուցագրի ստացման օրվանից երեք ամիս անց:
Կատարված է Երևան քաղաքում 1994 թվականի հուլիսի 4-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, ղրղզերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1994 թվականի հուլիսի 4-ից:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|