Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Тип
Исходный акт (07.09.2001-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԱԳՆՊՏ 2002.06.12/2(2)
Принят
Հայաստանի Հանրապետություն
Дата принятия
30.06.1998
Дата вступления в силу
07.09.2001

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԽԱՂԱՂ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Արգենտինայի Հանրապետության կառավարությունը, այսուհետ` Կողմեր,

ճանաչելով բոլոր պետությունների իրավունքը` զարգացնելու միջուկային էներգիայի խաղաղ նպատակով օգտագործումը, համաձայն իրենց սեփական առաջնահերթությունների և պահանջների, ինչպես նաև միջուկային տեխնոլոգիան այս նպատակներով ունենալու իրավունքը,

գիտակցելով, որ միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործումը խթանում է երկու պետությունների սոցիալական և տնտեսական զարգացումը,

համոզված լինելով, որ միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ընդլայնվող համագործակցությունը երկու պետությունների միջև նպաստում է նրանց բարեկամական կապերի ամրապնդմանը և համատեղ գործունեության հետագա զարգացմանը,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

Հոդված 1

 

Կողմերը կնպաստեն միմյանց երկրների միջև միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում համագործակցության զարգացմանը և ամրապնդմանը` սույն Համաձայնագրի և իրենց երկրների ազգային օրենսդրությանը համապատասխան:

 

Հոդված 2

 

Կողմերը համաձայն են համագործակցել մասնավորապես հետևյալ բնագավառներում.

ա) միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման հետ կապված հիմնարար և կիրառական հետազոտություններ,

բ) միջուկային հետազոտական ու էներգետիկ ռեակտորների և միջուկային վառելիքային ցիկլի սարքավորումների ուսումնասիրում, զարգացում, նախագծում, կառուցում և շահագործում,

գ) միջուկային վառելիքային ցիկլի տեխնոլոգիա, ներառյալ միջուկային հումքի հետազոտումը և շահագործումը, ինչպես նաև միջուկային վառելիքի տարրերի արտադրություն` ընդհուպ մինչև ռադիոակտիվ թափոնների հեռացումը,

դ) միջուկային ռեակտորներում ու միջուկային վառելիքային ցիկլերում օգտագործվող անհրաժեշտ նյութերի և բաղադրիչների արդյունաբերական արտադրություն,

ե) ռադիոիզոտոպների արտադրություն և դրանց կիրառում,

զ) ռադիոլոգիական պաշտպանվածություն, միջուկային անվտանգություն և միջուկային էներգիայի և դրա միջուկային վառելիքային ցիկլի ռադիոլոգիական ազդեցության գնահատում,

է) վերոհիշյալ բնագավառների սպասարկման ապահովում,

ը) միջուկային բժշկություն,

թ) միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման այլ տեխնոլոգիական բնագավառներ, որոնք Կողմերը կարող են համարել փոխադարձորեն հետաքրքիր:

 

Հոդված 3

 

2-րդ հոդվածում համաձայնեցված համագործակցությունը պետք է իրականացվի հետևյալ կերպ.

ա) փոխադարձ օգնություն գիտական և տեխնիկական անձնակազմի կրթության և վերապատրաստման հարցերում,

բ) փորձագետների փոխանակում,

գ) դասախոսների, փորձագետների և տեխնիկական աշխատողների փոխանակում դասընթացների և սեմինարների նպատակով,

դ) հավելավճարներ և կրթաթոշակներ,

ե) փոխադարձ խորհրդատվություններ գիտական և տեխնոլոգիական խնդիրներում,

զ) համատեղ աշխատանքային խմբերի ստեղծում հատուկ ուսումնասիրությունների, գիտահետազոտական և տեխնոլոգիական զարգացման ծրագրերի իրականացման համար,

է) 2-րդ հոդվածում նշված բնագավառներում նյութերի, սարքավորումների և ծառայությունների փոխադարձաբար տրամադրում,

ը) վերը նշված բնագավառների վերաբերյալ տեղեկության և փաստաթղթերի փոխանակում,

թ) Կողմերի միջև համաձայնեցված համագործակցության այլ ձևեր` ներառյալ 5-րդ հոդվածի շրջանակներում հիշատակվածները:

 

Հոդված 4

 

Սույն Համաձայնագրի շրջանակներում համագործակցությունը իրականացվելու է Կողմերի նշանակած իրավասու մարմինների կողմից: Այդ մարմինները կարող են կնքել առանձին պայմանագրեր գների, ծրագրերի և համագործակցության առանձնահատուկ այլ պայմանների վերաբերյալ, ինչպես նաև իրենց համապատասխան իրավունքների և պարտականությունների վերաբերյալ:

 

Հոդված 5

 

Կողմերը կարող են ազատորեն տնօրինել փոխանակված տեղեկությունը սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածի «ը» ենթակետի համաձայն, բացառությամբ այն դեպքերի, երբ այդպիսի տեղեկություն տրամադրող Կողմը նախապես գրավոր սահմանափակումներ կամ վերապահումներ է ներկայացրել դրա օգտագործման և փոխանցման վերաբերյալ: Եթե փոխանակման ենթակա տեղեկությունը կամ փաստաթուղթը պաշտպանված է պատենտով Կողմերից որևէ մեկի կողմից, ապա նրանց օգտագործման և փոխանցման պայմանները ենթակա են համապատասխան ներպետական իրավական կանոնակարգման:

 

Հոդված 6

 

Կողմերը, համաձայն իրենց ներպետական օրենսդրության, կդյուրացնեն միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման համատեղ կամ ազգային զարգացման ծրագրեր իրականացնելու համար անհրաժեշտ նյութերի, տեխնոլոգիայի, սարքավորումների և ծառայությունների փոխանցումը:

 

Հոդված 7

 

1. Սույն Համաձայնագրի շրջանակներում փոխանցված ցանկացած միջուկային նյութ, ինչպես նաև սարքավորում, որը հատկապես նախագծված կամ պատրաստված է հատուկ տրոհվող նյութի մշակման, օգտագործման կամ արտադրության համար, չի օգտագործվելու միջուկային զենքերի կամ այլ պայթուցիկ միջուկային միջոցների ստեղծման կամ արտադրման նպատակով:

2. Սույն Համաձայնագրի շրջանակներում փոխանցված ցանկացած միջուկային նյութ, ինչպես նաև միջուկային բաղադրիչ պարունակող նյութ կամ սարքավորում կամ միջուկային նյութ` արտադրված այդպիսի նյութի կամ սարքավորման օգտագործմամբ, կստուգվի` Արգենտինյան Հանրապետության դեպքում` ըստ Արգենտինայի, Բրազիլիայի և Միջուկային նյութերի հաշվառման ու վերահսկման արգենտինա-բրազիլական գործակալության (ABAAC) և ապահովությունների կիրառումն ապահովող Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (IAEA) միջև համաձայնագրի (IAEA document INFCIRC/435), և Հայաստանի Հանրապետության դեպքում` ըստ Հայաստանի Հանրապետության և ապահովությունների կիրառումն ապահովող Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (IAEA) միջև համաձայնագրի, համապատասխան Միջուկային զենքերի չտարածման պայմանագրի (IAEA document INFCIRC/455):

 

Հոդված 8

 

Սույն Համաձայնագրի շրջանակներում ստացած ցանկացած նյութ, սարքավորում կամ տեխնոլոգիա Կողմերից ոչ մեկը չի կարող փոխանցել երրորդ կողմի առանց մյուս Կողմի հետ փոխանցման վերաբերյալ նախնական գրավոր համաձայնության:

 

Հոդված 9

 

Սույն Համաձայնագրի շրջանակներում փոխանցված, օգտագործված կամ այդպիսի փոխանցված նյութի կամ սարքավորման միջոցով արտադրված ցանկացած միջուկային նյութը կարող է հարստացվել մինչև քսան (20) կամ ավել տոկոս Ս235 իզոտոպով կամ վերարտադրվել, եթե միայն Կողմերի միջև առկա է այդ մասին գրավոր համաձայնություն նախքան հարստացումը կամ վերարտադրումը:

 

Հոդված 10

 

Կողմերը պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկեն սույն Համաձայնագրի շրջանակներում փոխանցվող միջուկային նյութի ֆիզիկական պաշտպանվածության մակարդակը ապահովելու համար (ոչ ցածր, քան թույլ է տալիս IAEA-ի document INFCIRC/225/Rev.3):

 

Հոդված 11

 

Կողմերը պետք է միմյանց տեղեկացնեն սույն Համաձայնագրի շրջանակներում իրականացվող ծրագրերի առաջընթացի մասին և խրախուսեն համագործակցությունը համաձայն սույն Համաձայնագրի 4-րդ հոդվածի` Կողմերի կողմից նշանակված իրավասու մարմինների միջև:

 

Հոդված 12

 

Կողմերը պետք է խորհրդակցեն միմյանց հետ այն դեպքերում, երբ միջազգային մակարդակներում լուծվող միջուկային էներգիայի խաղաղ նպատակով օգտագործման հետ կապված հարցերը առնչվում են նրանց ընդհանուր շահերին` իրենց դիրքորոշումները ներդաշնակեցնելու նպատակով:

 

Հոդված 13

 

Սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կատարման հետ կապված ցանկացած ծագած վեճ Կողմերի միջև լուծվում է բանակցությունների կամ խորհրդակցությունների միջոցով:

 

Հոդված 14

 

1. Սույն Համաձայնագիրը կվավերացվի և ուժի մեջ կմտնի վավերագրերի փոխանակման օրվանից:

2. Սույն Համաձայնագիրը ուժի մեջ կմնա 10 տարվա ընթացքում և ինքնաբերաբար կերկարաձգվի տարեցտարի, քանի դեռ Կողմերից որևէ մեկը մյուս Կողմին ժամկետը լրանալուց վեց ամիս առաջ չի ծանուցել իր մտադրությունը Համաձայնագրի գործողության դադարեցման մասին:

3. Սույն Համաձայնագրի դրույթները կկիրառվեն նույնիսկ նրա դադարեցնելուց հետո ցանկացած հատուկ գործարքի նկատմամբ, որոնք կնքվել են ըստ սույն Համաձայնագրի, և որոնք դեռ անավարտ են:

4. Սույն Համաձայնագիրը կարող է դադարեցվել ցանկացած ժամանակ` Կողմերի գրավոր համաձայնությամբ: Համաձայնագրում ցանկացած փոփոխություն ուժի մեջ է մտնում սույն հոդվածի 1-ին կետի դրույթների համաձայն:

5. Յուրաքանչյուր Կողմ կարող է ցանկացած ժամանակ դադարեցնել սույն Համաձայնագիրը: Այդպիսի դադարեցումը կլինի իրական մյուս Կողմին դադարեցման մասին գրավոր ծանուցում ներկայացնելուց վեց ամիս հետո:

 

Կատարված է Երևան քաղաքում 1998 թվականի հունիսի 30-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, իսպաներեն և անգլերեն, բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:

Հայերեն և իսպաներեն տեքստերի մեկնաբանման ժամանակ առաջացած տարաձայնությունների դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն տեքստին:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2001 թվականի սեպտեմբերի 7-ից: