ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ՇԴ/0859/02/08 |
Քաղաքացիական գործ թիվ ՇԴ/0859/02/08 2009թ. |
Նախագահող դատավոր՝ Դ. Խաչատրյան | |
Դատավորներ՝ Ն. Տավարացյան Ս. Միքայելյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Մ. Դրմեյանի | |
|
Վ. Աբելյանի | |
|
Ս. Անտոնյանի | |
Ա. Բարսեղյանի | ||
|
Ե. Խունդկարյանի | |
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
|
Ե. Սողոմոնյանի |
2009 թվականի ապրիլի 30-ին,
դռնբաց դատական նիստում, քննելով Մարինե Գալստյանի, Կատյա Հովհաննիսյանի, Արթուր Հովհաննիսյանի և Ցոլակ Հովհաննիսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.10.2008 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Մարինե Գալստյանի, Կատյա Հովհաննիսյանի, Արթուր Հովհաննիսյանի ընդդեմ Գագիկ Արղուշյանի, Գայանե Մինասյանի՝ բնակարանից վտարելու պահանջի մասին, և ըստ Գագիկ Արղուշյանի, Գայանե Մինասյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Մարինե Գալստյանի, Կատյա Հովհաննիսյանի, Արթուր Հովհաննիսյանի և Ցոլակ Հովհաննիսյանի՝ կողմերի միջև կնքված գործարքները վավեր ճանաչելու կամ գործարքից հրաժարվելու օրվա դրությամբ բնակարանի շուկայական արժեքը 30 տոկոս հավելումով բռնագանձելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Մարինե Գալստյանը, Կատյա Հովհաննիսյանը, Արթուր Հովհաննիսյանը պահանջել են Գագիկ Արղուշյանին և Գայանե Մինասյանին վտարել Գյումրի քաղաքի Թբիլիսյան խճուղի 1-ին թաղամասի 5ա շենքի թիվ 59 բնակարանից:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Գագիկ Արղուշյանը և Գայանե Մինասյանը պահանջել են կողմերի միջև կնքված գործարքները վավեր ճանաչել կամ բռնագանձել գործարքից հրաժարվելու օրվա դրությամբ բնակարանի շուկայական արժեքը 30 տոկոս հավելումով:
ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 10.10.2008 թվականի վճռով հայցը և հակընդդեմ հայցը բավարարվել են: Վճռվել է Գագիկ Արղուշյանին և Գայանե Մինասյանին վտարել Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ 1 թաղամասի 5ա շենքի թիվ 59 բնակարանից: Մարինե Գալստյանից, Կատյա Հովհաննիսյանից, Արթուր Հովհաննիսյանից, Ցոլակ Հովհաննիսյանից հօգուտ Գագիկ Արղուշյանի և Գայանե Մինասյանի համապարտության կարգով բռնագանձել վիճելի բնակարանի շուկայական արժեքը 30 տոկոս հավելումով՝ ընդհանուր գումարով 9360000 ՀՀ դրամի չափով, որից 7200000 ՀՀ դրամը որպես վիճելի բնակարանի շուկայական արժեք, իսկ 2160000 ՀՀ դրամը որպես վերջինիս 30 տոկոս հավելում: Հայցը և հակընդդեմ հայցը մնացած մասով մերժել:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 10.10.2008 թվականի որոշմամբ Դատարանի 10.07.2008 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Մարինե Գալստյանը, Կատյա Հովհաննիսյանը, Արթուր Հովհաննիսյանը և Ցոլակ Հովհաննիսյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Գագիկ Արղուշյանը և Գայանե Մինասյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ, 304-րդ, 305-րդ, 313-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Ըստ Դատարանի՝ առոչինչ է պայմանագրի հիմնական պարտավորությունը նախատեսող մասը միայն, մինչդեռ, օրենքի ուժով առոչինչ է ամբողջ պայմանագիրը:
Վերաքննիչ դատարանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածը կիրառել է պայմանագրի մի մասի վրա, մինչդեռ, պատասխանողներն ի սկզբանե իմացել են, որ առոչինչ գործարք են կնքում, ուստի այն իրավական հետևանք չի կարող առաջացնել ընդհանրապես: Դատարանը, գործարքն առուվաճառքի մասով անվավեր ճանաչելով, վավեր է ճանաչել գումարային մասի` օրենքին հակասող պայմանները:
2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ, 32-րդ, 205-րդ, 219-221-րդ հոդվածները, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածը, կիրառել է 561-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատման չի արժանացրել այն հանգամանքը, որ բնակարանի շուկայական գնի և դրա 30 տոկոսի արժեքի վերադարձման պարտավորություն իրենց վրա չեն վերցրել Կատյա և Արթուր Հովհաննիսյանները, իսկ պայմանագրի հետ իր անհամաձայնությունը Մարինե Գալստյանը հայտնել է դրանից անմիջապես հետո` դատական հայց հարուցելով: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը գնահատման չի արժանացրել պայմանագրի՝ բողոք բերողի օրինակը, որտեղ Կատյա Հովհաննիսյանի ստորագրութունը բացակայել է:
Վերաքննիչ դատարանը գնահատման չի արժանացրել նաև այն հանգամանքը, որ Արթուր Հովհաննիսյանը բացակայել է 15.02.2008 թվականի պայմանագիրը կնքելիս, ուստի վերջինիս համար չէին կարող պարտավորություններ ծագել գործարքից: Դատարանը իրավասու չէր նրա իրավունքների նկատմամբ ուրիշի պարտավորությամբ պարտավորություններ սահմանել նրա համար, իսկ Ցոլակ Հովհաննիսյանը ստորագրել է որպես ներկա վկա:
Վերաքննիչ դատարանը ոտնահարել է նաև Գյումրի համայնքի շահերը: Այսպես, Գյումրիի քաղաքապետարանին մասնակից չդարձնելով գործի քննությանը, վճիռ է կայացրել նրա իրավունքների վերաբերյալ` կողմերի ապօրինի գործարքի հետևանքով զրկելով քաղաքապետարանին տնօրինելու բնակարանը սեփականատիրոջ իրավունքով:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանը դուրս է եկել հակընդդեմ հայցի շրջանակներից, այն է` հակընդդեմ հայցվորները հայց են ներկայացրել միայն Մարինե Գալստյանի և Կատյա Հովհաննիսյանի դեմ, սակայն Դատարանը կամայականորեն վճռի եզրափակիչ մասում որպես պատասխանող պարտավորություն է դրել նաև Արթուր և Ցոլակ Հովհաննիսյանների վրա:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 10.10.2008 թվականի որոշման` հակընդդեմ հայցի մասը և այն փոփոխել. հակընդդեմ հայցը բավարարել մասնակի` 12.000 ԱՄՆ դոլարի չափով` բռնագանձման պարտավորությունը դնելով միայն Մարինե Գալստյանի վրա:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վերաքննիչ դատարանը ճիշտ է գնահատել բոլոր ապացույցները, որոնք գործի համար էական նշանակություն ունեն և ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության հիման վրա, ներքին համոզմամբ կայացրել է հիմնավոր որոշում` Դատարանի 10.07.2008 թվականի վճիռը թողնելով օրինական ուժի մեջ:
Դատարանը իրավացիորեն վիճելի պայմանագիրը դիտարկել է որպես խառը պայմանագիր` մասամբ որպես բնակարանի առուվաճառքի պայմանագիր կամ նախնական պայմանագիր, մասամբ` պարտավորագիր, դրամական պարտավորություն:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1. 26.02.2003 թվականին թիվ 59 միասնական օրդերի համաձայն` Մարինե Գալստյանին` 3 անձից բաղկացած ընտանիքով, հատկացվել է Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ (Թբիլիսյան խճուղի) 1-ին թաղամասի 5ա շենքի թիվ 59 բնակարանը:
2. «Գյումրի կենտրոն» համատիրության և Մարինե Գալստյանի միջև կնքվել է պայմանագիր, որի համաձայն` Մարինե Գալստյանը պարտավորվել է բնակարանը չտալ ենթավարձակալության կամ բնակեցնել ուրիշ բնակիչներով առանց համատիրության գրավոր թույլտվության:
3. 24.02.2005 թվականին լույս տեսած «Հինգշաբթի» շաբաթաթերթում Մարինե Գալստյանի կողմից տրվել է հայտարարություն` վերը նշված բնակարանը վաճառելու մասին, ընդ որում նշվել է, որ բնակարանը հանդիսանում է «Լինսի» կառույց, գինը՝ 6000 ԱՄՆ դոլար:
4. Սույն գործով կողմերի միջև կնքվել է պայմանագիր, որի համաձայն` հայցվորները համաձայնվել են 5.800 ԱՄՆ դոլարով վաճառել նշված բնակարանը, իսկ պատասխանողները` գնել այն` նոտարական գրասենյակի ծախսերը ևս վերցնելով իրենց վրա: Նշված գումարը պատասխանողների կողմից վճարվել է: Բնակարանի առուվաճառքի պայմանագիրը նոտարական վավերացում չի ստացել:
5. 15.02.2008 թվականին կողմերի միջև կազմվել է երկրորդ գրավոր փաստաթուղթն այն մասին, որ եթե վաճառողները մտափոխվեն գործարքը ավարտին հասցնել, ապա պարտավորվում են վճարել այդ պահին բնակարանի շուկայական արժեքից 30 տոկոս ավել գումար:
6. Վաճառողները ազատել են բնակարանը և հանձնել գնորդներին:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝
1) Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 437-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ կողմերը կարող են կնքել օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված մի քանի պայմանագրերի տարրեր պարունակող պայմանագիր (խառը պայմանագիր): Խառը պայմանագրի կողմերի հարաբերությունների նկատմամբ համապատասխան մասերով կիրառվում են այն պայմանագրերի մասին կանոնները, որոնց տարրերը պարունակվում են խառը պայմանագրում, եթե այլ բան չի բխում կողմերի համաձայնությունից կամ խառը պայմանագրի էությունից:
Սույն գործով թե' Դատարանը և թե' Վերաքննիչ դատարանը գտնելով, որ կողմերի միջև կնքվել է խառը պայմանագիր, որը մի կողմից ներառում է բնակարանի առուվաճառքի պայմանագրի տարրեր, իսկ մյուս կողմից` պարտավորագրի, առոչինչ է համարել միայն պայմանագրի հիմնական պարտավորությունը նախատեսող մասը: Այսինքն, Դատարանը առոչինչ է համարել առուվաճառքի պայմանագիրը, մերժելով այդ պայմանագրով նախատեսված պարտավորության ապահովման միջոց կիրառելու մասին համաձայնությունը առոչինչ համարելու պահանջը:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքի հիմքում բարձրացված իրավական հարցին պատասխանելու համար վճռաբեկ բողոքի շրջանակներում պետք է քննարկման առարկա դարձվի հետևյալ հարցադրումը. արդյո՞ք կարող է առոչինչ համարվել առուվաճառքի պայմանգիրը միայն առուվաճառքի մասով, իսկ պարտավորության ապահովման միջոց կիրառելու մասով` ոչ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 316-րդ հոդվածով սահմանված ընդհանուր կանոնի՝ գործարքի մասի անվավերությունը չի հանգեցնում դրա մյուս մասերի անվավերության, եթե գործարքը կարող էր կնքվել նաև առանց անվավեր մասը նրա մեջ ներառելու:
Նույն օրենսգրքի 368-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հիմնական պարտավորության անվավերությունը հանգեցնում է այն ապահովող պարտավորության անվավերության, եթե այլ բան սահմանված չէ oրենքով:
Հիմք ընդունելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ եթե կողմերի միջև կնքված հիմնական պայմանագիրն առոչինչ է, ապա առոչինչ է նաև այդ պայմանագրի կատարման ապահովման պարտավորությունը:
2) Վճռաբեկ դատարանը բողոքի երկրորդ հիմքը գնահատման առարկա չի դարձնում հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննության կարգով բողոքարկման ենթակա գործն ըստ էության լուծող դատական ակտերն անձը չի կարող բողոքարկել վճռաբեկ դատարանում, եթե նա նույն հիմքերով չի բողոքարկել դատական ակտը վերաքննիչ դատարանում: Մինչդեռ, բողոք բերած անձը նշված հիմքերով վերաքննիչ բողոք չի բերել, հետևաբար Վճռաբեկ դատարանը, ղեկավարվելով նշված հոդվածի պահանջներով, բողոքի նշված հիմքերին չի անդրադառնում:
Ինչ վերաբերում է բողոքի այն հիմքին, որ Վերաքննիչ դատարանը, Գյումրիի քաղաքապետարանին մասնակից չդարձնելով գործի քննությանը, վճիռ է կայացրել նրա իրավունքների վերաբերյալ, Վճռաբեկ դատարանը նույնպես չի անդրադառնում, քանի որ բողոք բերած անձը լիազորված չէ վճռաբեկ բողոք ներկայացնելու Գյումրիի քաղաքապետարանի անունից :
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը, Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.10.2008 թվականի որոշումը և քաղաքացիական գործն ուղարկել ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Ս. Սարգսյան Մ. Դրմեյան Վ. Աբելյան Ս. Անտոնյան Ա. Բարսեղյան Է. Հայրիյան Տ. Պետրոսյան Ե. Սողոմոնյան
Նախագահող`
Դատավորներ`
Ե. Խունդկարյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|