Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.04.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.07.21/36(702).1 Հոդ.842.14
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
30.04.2009
Подписан
Նախագահող
Дата подписания
30.04.2009
Дата вступления в силу
30.04.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0568/02/08

Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0568/02/08

2009թ.

Նախագահող դատավոր՝ Ն. Տավարացյան

Դատավորներ՝ Ս. Միքայելյան

               Դ. Խաչատրյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ`

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ե. Խունդկարյանի

 

Վ. Աբելյանի

 

Ս. Անտոնյանի

Ա. Բարսեղյանի

 

Մ. Դրմեյանի

Է. Հայրիյանի

Ե. Սողոմոնյանի

2009 թվականի ապրիլի 30-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Հայկանուշ և Ռաֆիկ Գրիգորյանների, Հովհաննես Վարդանյանի ներկայացուցիչ Արգամ Նազանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.11.2008 թվականի որոշման դեմ՝ ըստ «Դվին Կոնցեռն» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) հայցի ընդդեմ Հայկանուշ Գրիգորյանի, Ռաֆիկ Գրիգորյանի, Հովհաննես Վարդանյանի՝ պայմանագրերը լուծելու, գույքը վերադարձնելու և սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է 14.935 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ Ընկերության կողմից Ռաֆիկ Գրիգորյանին վճարելուց հետո Ընկերությանը վերադարձնել Երևանի Պուշկինի փողոցի 36 շենքի թիվ 4 բնակարանը և ճանաչել Ընկերության սեփականության իրավունքն այդ բնակարանի նկատմամբ, 13.270 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ Ընկերության կողմից Հայկանուշ Գրիգորյանին վճարելուց հետո՝ Ընկերությանը վերադարձնել Երևանի Պուշկինի փողոցի 36 շենքի թիվ 1 բնակարանը և ճանաչել Ընկերության սեփականության իրավունքն այդ բնակարանի նկատմամբ, 11.765 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ Ընկերության կողմից Հովհաննես Վարդանյանին վճարելուց հետո՝ Ընկերությանը վերադարձնել Երևանի Պուշկինի փողոցի 36 շենքի թիվ 9 բնակարանը և ճանաչել Ընկերության սեփականության իրավունքն այդ բնակարանի նկատմամբ: Ընկերությունը պահանջել է նաև լուծել 03.06.1992 թվականին, 04.06.1992 թվականին և 10.06.1992 թվականին Ընկերության և համապատասխանաբար Ռաֆիկ Գրիգորյանի, Հայկանուշ Գրիգորյանի, Հովհաննես Վարդանյանի միջև կնքված պայմանագրերը:

Երևանի քաղաքացիական դատարանի 03.09.2008 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 26.11.2008 թվականի որոշմամբ Երևանի քաղաքացիական դատարանի 03.09.2008 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել՝ Ընկերության հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հայկանուշ Գրիգորյանը, Ռաֆիկ Գրիգորյանը և Հովհաննես Վարդանյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը        

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները, որի հետևանքով չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 279-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր, և կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 421-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը, 352-րդ հոդվածը և 466-րդ հոդվածի 2-րդ կետը, որոնք չպետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 504-րդ հոդվածի 4-րդ կետը, 507 հոդվածի 3-րդ կետը:

Վերաքննիչ դատարանը լիարժեք չի հետազոտել գործում առկա բոլոր ապացույցները։ Պայմանագրերում նշված գումարները պատասխանողները վճարել են պայմանագրերում նշված ժամկետներում, և նրանց կողմից կետանց տեղի չի ունեցել։ Բացի գործում առկա դրամարկղի մուտքի անդորրագրերից, տվյալ փաստը հաստատվել է նաև ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի՝ 18.07.2002 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով: Բնակարանների դիմաց վճարելու ժամկետ պայմանագրերով սահմանված չէ, սահմանված է եղել միայն պայմանագրի նախնական վճարումների ժամկետները, որոնք և պատասխանողների կողմից պահպանվել են։

Ընկերությունը վերաքննիչ բողոքի հիմքում նշել է բազմաթիվ կիրառման ենթակա հոդվածներ, որոնք վաճառված ապրանքը գնորդից հետ պահանջելու հնարավորություն չեն նախատեսում, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 502-րդ հոդվածի 4-րդ կետը, 504-րդ հոդվածի 4-րդ կետը, 507-րդ հոդվածի 3-րդ կետը գնված ապրանքը վաճառողի պահանջով նրան վերադարձնելու հնարավորություն նախատեսում են միայն ապրանքի համար վճարելու ժամկետի խախտման դեպքում, սակայն տվյալ պարագայում կողմերի միջև կնքված առուվաճառքի պայմանագրերում ապրանքի համար վճարելու ժամկետներ նշված չեն։ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 19.04.2005 թվականի վճռով և նույն դատարանի 07.11.2005 թվականի որոշմամբ ևս ապրանքների վճարման ժամկետներ չեն սահմանվել, իսկ դատարանի 19.04.2005 թվականի վճիռն անհապաղ կատարման ենթակա լինելու հանգամանքը չի կարող փոխարինել պայմանագրով ժամկետ սահմանված լինելու հանգամանքին, ուստի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 502-րդ հոդվածի 4-րդ կետը, 504-րդ հոդվածի 4-րդ կետը և 507-րդ հոդվածի 3-րդ կետը չէին կարող կիրառվել Վերաքննիչ դատարանի կողմից։

Վիճելի բնակարանների նկատմամբ պատասխանողների սեփականության իրավունքը գրանցված է, և նրանք դրանց սեփականատերերն են, իսկ սեփականության իրավունքի դադարման հիմքերը սահմանված են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 279-րդ հոդվածով, որոնց հետ Ընկերության պահանջը որևէ կապ չունի։

Միաժամանակ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ պայմանագիրը կողմերից մեկի պահանջով, կարող է լուծվել դատարանի վճռով միայն մյուս կողմի թույլ տված՝ պայմանագրի էական խախտման կամ պայմանագրով նախատեսված այլ դեպքերում։ Էական է ճանաչվում կողմերից մեկի թույլ տված պայմանագրի խախտումը, որը հանգեցնում է մյուս կողմի համար այնպիսի վնասի, որը զգալիորեն զրկում է վերջինիս այն բանից, ինչը նա իրավունք ուներ ակնկալել պայմանագիրը կնքելիս։ Նույն օրենսգրքի 468-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ կողմը կարող է պայմանագրի փոփոխման կամ լուծման մասին պահանջը դատարան ներկայացնել միայն պայմանագրի փոփոխման կամ լուծման առաջարկի վերաբերյալ մյուս կողմի մերժումն ստանալուց հետո, իսկ դրա բացակայության դեպքում՝ երեսնօրյա ժամկետում, որը և Ընկերության կողմից չի կատարվել։

Բացի այդ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 469-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ կողմերն իրավունք չունեն պահանջելու վերադարձնել այն, ինչը կատարել են պարտավորությամբ մինչև պայմանագրի լուծման պահը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ կողմերի համաձայնությամբ։ Հետևաբար, օրենքի պահանջից բխում է, որ նույնիսկ պայմանագիրը լուծելու դեպքում, որպես դրա հետևանք չի կարող գույքը վերադարձվել, իսկ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 502-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ եթե գնորդը ժամանակին չի վճարել առուվաճառքի պայմանագրին համապատասխան հանձնված ապրանքի համար, վաճառողն իրավունք ունի պահանջել վճարելու ապրանքի համար և տոկոսներ՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածին համապատասխան։

 

2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջները:

ՀՀ վճռաբեկ դատարանի 30.03.2007 թվականի թիվ 3-390 (Ա) որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 507-րդ հոդվածի մեկնաբանման կապակցությամբ՝ նշելով, որ սույն հոդվածն ամբողջությամբ նվիրված է առուվաճառքների գործարքների դեպքում վաճառողի սեփականության իրավունքի պահպանմանը և կիրառելի է այն դեպքում, երբ առուվաճառքի պայմանագրով ապրանքի համար վճարելու ժամկետ է նախատեսված։ Սույն գործի փաստերի համաձայն՝ կողմերի միջև կնքված պայմանագրերով բնակարանների համար վճարելու ժամկետ սահմանված չէ։ Պայմանագրերում ժամկետի առումով նշում կա միայն նախնական վճարումների մասին, որոնց վճարված լինելու հանգամանքը հաստատված է վերը նշված վճիռներով։ ՀՀ վճռաբեկ դատարանի նշված որոշումը Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի խախտմամբ հաշվի չի առնվել։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 26.11.2008 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի քաղաքացիական դատարանի 03.09.2008 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. Ռաֆիկ Գրիգորյանի և «Երևանի քարե բլոկների կոմբինատ» վարձակալական ձեռնարկության միջև 03.06.1992 թվականին կնքված պայմանագրով Ռաֆիկ Գրիգորյանը ձեռք է բերել Երևանի Պուշկին-Տերյան փողոցների հատվածում կառուցվող բնակելի շենքի թիվ 4 բնակարանը:

2. Հայկանուշ Գրիգորյանի և «Երևանի քարե բլոկների կոմբինատ» վարձակալական ձեռնարկության միջև 04.06.1992 թվականին կնքված պայմանագրով Հայկանուշ Գրիգորյանը ձեռք է բերել Երևանի Պուշկին-Տերյան փողոցների հատվածում կառուցվող բնակելի շենքի թիվ 1 բնակարանը:

3. Հովհաննես Վարդանյանի և «Գորնյակ» ընկերության միջև 10.06.1992 թվականին կնքված պայմանագրով Հովհաննես Վարդանյանը ձեռք է բերել Երևանի Պուշկին-Տերյան փողոցների հատվածում կառուցվող բնակելի շենքի թիվ 9 բնակարանը:

4. Երևանի Մյասնիկյանի շրջանի ժողդատարանի 13.10.1995 թվականի վճռով վճռվել է բավարարել Հովհաննես Վարդանյանի հայցապահանջը՝ բնակարանի պահանջի մասին, և Ընկերությանը՝ որպես «Հայարդշինանյութեր» ՊԱՄ իրավահաջորդի պարտավորեցնել կատարելու Հովհաննես Վարդանյանի հետ կնքված 10.06.1992 թվականի՝ Երևանի Տերյան և Պուշկին փողոցների հատվածում կառուցվող բնակելի շենքի թիվ 9 երեք սենյականոց բնակարանը հատկացնելու պայմանագրային պարտավորությունը:

5. ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 18.07.2002 թվականի թիվ 02-1143 վճռով որոշվել է՝ «պարտավորեցնել «Դվին Կոնցեռն» ՓԲ ընկերությանը, որպես իրավահաջորդի, կատարելու Անահիտ Աբելյանի, Ռաֆիկ Գրիգորյանի, Լավրենտի Միքայելյանի, Հայկանուշ Գրիգորյանի հետ 24.06.1992 թվականին, 03.06.1992 թվականին, 15.06.1992 թվականին և 04.06.1992 թվականին կնքված Երևանի Տերյան և Պուշկին փողոցների հատվածում պատասխանողի կողմից կառուցած շենքի, յուրաքանչյուր հայցվորին պայմանագրով նշված բնակարանը հատկացնելու պայմանագրային պարտավորությունը: «Դվին Կոնցեռն» ՓԲ ընկերության հակընդդեմ հայցն ընդդեմ Անահիտ Աբելյանի, Ռաֆիկ Գրիգորյանի, Լավրենտի Միքայելյանի, Հայկանուշ Գրիգորյանի` բնակարանի առուծախի պայմանագրերը, որպես առոչինչ գործարք, անվավեր ճանաչելու պահանջի մասին, մերժել»:

6. ՀՀ վճռաբեկ դատարանի 06.09.2002 թվականի որոշմամբ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 18.07.2002 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ, իսկ բողոքը՝ առանց բավարարման:

7. Անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 1557604 վկայականի համաձայն՝ Կենտրոն համայնքի Պուշկինի փողոցի 36 շենքի թիվ 1 բնակարանի նկատմամբ 24.12.2003 թվականին գրանցվել է Հայկանուշ Գրիգորյանի սեփականության իրավունքը, որպիսի գրանցումը կատարվել է ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 18.07.2002 թվականի թիվ 02-1443 վճռի և 28.10.2003 թվականի թիվ 03-2222 որոշման, ՀՀ վճռաբեկ դատարանի 22.12.2003 թվականի թիվ 3-1724 (ՎԴ) որոշման, Ծառայության 22.12.2003 թվականի որոշման հիման վրա:

8. Անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 1557603 վկայականի համաձայն՝ Կենտրոն համայնքի Պուշկինի փողոցի 36 շենքի թիվ 4 բնակարանի նկատմամբ 24.12.2003 թվականին գրանցվել է Ռաֆիկ Գրիգորյանի սեփականության իրավունքը, որպիսի գրանցումը կատարվել է ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 18.07.2002 թվականի թիվ 02-1443 վճռի և 28.10.2003 թվականի թիվ 03-2222 որոշման, ՀՀ վճռաբեկ դատարանի 22.12.2003 թվականի թիվ 3-1724 (ՎԴ) որոշման, Ծառայության 22.12.2003 թվականի որոշման հիման վրա:

9. Անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 1561711 վկայականի համաձայն՝ Կենտրոն համայնքի Պուշկինի փողոցի 36 շենքի թիվ 9 բնակարանի նկատմամբ 18.02.2004 թվականին գրանցվել է Հովհաննես Վարդանյանի սեփականության իրավունքը, որպիսի գրանցումը կատարվել է Մյասնիկյանի շրջանի ժողդատարանի 13.10.1995 թվականի թիվ 2-150 վճռի, ՀՀ գերագույն դատարանի քաղաքացիական գործերի դատական կոլեգիայի 21.12.1995 թվականի որոշման, Ծառայության 16.02.2004 թվականի որոշման հիման վրա:

10. ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերով պալատի 20.01.2005 թվականի թիվ 3-4 (ՎԴ) որոշման համաձայն՝ քաղաքացիական գործով ըստ Ընկերության հայցի ընդդեմ Անահիտ Աբելյանի, Ռաֆիկ Գրիգորյանի, Լավրենտի Միքայելյանի, Հայկանուշ Գրիգորյանի, Հովհաննես Վարդանյանի՝ վերջնահաշվարկ կատարելուն պարտավորեցնելու և գումարի պահանջի մասին կայացված ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 08.10.2004 թվականի վճիռն Անահիտ Աբելյանի մասով բեկանվել է, և այդ մասով գործի վարույթը կարճվել է, իսկ Ռաֆիկ Գրիգորյանի, Հայկանուշ Գրիգորյանի, Լավրենտի Միքայելյանի, Հովհաննես Վարդանյանի մասերով բեկանվել է, և գործն այդ մասերով ուղարկվել է նույն դատարան՝ նոր քննության:

11. ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 19.04.2005 թվականի թիվ 05-845 վճռով Ռաֆիկ Գրիգորյանը, Հայկանուշ Գրիգորյանը, Հովհաննես Վարդանյանը, Լավրենտի Միքայելյանը պարտավորեցվել են Ընկերության հետ կատարել վերջնահաշվարկ իրենց ստացած բնակարանների դիմաց: Միաժամանակ, ճանաչվել է Ընկերության դրամական պահանջի իրավունքը պատասխանողների նկատմամբ կատարված վերջնահաշվարկի գումարի չափով:

12. ԴԱՀԿ ծառայության Երևանի բաժնի ավագ հարկադիր կատարողի 31.08.2005 թվականի կատարողական վարույթ հարուցելու մասին որոշման համաձայն՝ որոշվել է հարուցել կատարողական թիվ 3286/05 կատարողական վարույթը՝ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի կողմից տրված 05.08.2005 թվականի թիվ 05-845 կատարողական թերթի պահանջը կատարելու համար:

13. ԴԱՀԿ ծառայության Երևանի բաժնի ավագ հարկադիր կատարողին 28.09.2005 թվականին Հովհաննես Վարդանյանի կողմից տրված հայտարարության համաձայն՝ Հովհաննես Վարդանյանը պարտավորվել է մինչև 27.10.2005 թվականը կատարելու վճռի պահանջը:

14. ԴԱՀԿ ծառայության Երևանի բաժնի ավագ հարկադիր կատարողին 12.10.2005 թվականին Հայկանուշ Գրիգորյանի կողմից տրված հայտարարության համաձայն՝ Հայկանուշ Գրիգորյանը պարտավորվել է կնքել պայմանագիր վերջնահաշվարկ կատարելու վերաբերյալ մինչև 27.10.2005 թվականը:

15. ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 07.11.2005 թվականի որոշման համաձայն՝ պարզաբանվել է թիվ 05-845 վճռի հիման վրա տրված կատարողական թերթը հետևյալ կերպ. «Ընկերության հետ վերջնահաշվարկը կատարել հետևյալ կերպ՝ Ռաֆիկ Գրիգորյանի մասով՝ 77.194 ԱՄՆ դոլարին համարժեք, Հայկանուշ Գրիգորյանի մասով՝ 68.510 ԱՄՆ դոլարին համարժեք և Հովհաննես Վարդանյանի մասով՝ 26.660 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով»:

16. ԴԱՀԿ ծառայության Երևանի քաղաքային բաժնի պետի 22.05.2008 թվականի թիվ 1046/02 գրության համաձայն՝ հայտնվել է, որ «ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի կողմից տրված 05.08.2005 թվականի թիվ 05-845 կատարողական թերթի համաձայն պետք է պարտավորեցնել Ռաֆիկ Գրիգորյանին, Հայկանուշ Գրիգորյանին, Հովհաննես Վարդանյանին կատարելու վերջնահաշվարկ իրենց ստացած բնակարանների դիմաց՝ Ընկերության հետ, և ճանաչել Ընկերության դրամական պահանջի իրավունքը պատասխանողների նկատմամբ կատարված վերջնահաշվարկի գումարի չափով, որի հիման վրա 31.08.2005 թվականին հարուցվել է թիվ 3286/05 կատարողական վարույթը»: Հայտնվել է նաև, որ բռնագանձման վերաբերյալ կատարողական թերթ ԴԱՀԿ ծառայություն չի մուտքագրվել:

17. ԴԱՀԿ ծառայության Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի ավագ հարկադիր կատարողի 28.07.2008 թվականի որոշման համաձայն՝ հիմք ընդունելով Ընկերության՝ կատարողական թերթը հետ վերադարձնելու մասին դիմումը, որոշվել է ավարտել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի կողմից տրված 05.08.2005 թվականի թիվ 05-845 կատարողական թերթի պահանջը կատարելու վերաբերյալ հարուցված 31.08.2005 թվականի թիվ 01/02-3286/05 կատարողական վարույթը:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները   

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝

1) Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ է դրվել 01.01.1999 թվականից, իսկ նույն օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ օրենսգիրքը կիրառվում է քաղաքացիական այն իրավահարաբերությունների նկատմամբ, որոնք ծագել են օրենսգիրքը գործողության մեջ դրվելուց հետո՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Մինչև 01.01.1999 թվականը ծագած և այլ քաղաքացիական իրավահարաբերությունների նկատմամբ օրենսգիրքը կիրառվում է այն իրավունքների և պարտականությունների մասով, որոնք կծագեն օրենսգիրքը գործողության մեջ դրվելուց հետո: Նույն օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ մինչև օրենսգիրքը գործողության մեջ դնելը կնքված պայմանագրերով պարտավորությունները պահպանվում են, եթե կողմերն այդ պայմանագրերի պայմանները կամովին չեն համապատասխանեցնում օրենսգրքի պահանջներին:

Սույն գործի փաստերից հետևում է, որ Երևանի Պուշկին-Տերյան փողոցների հատվածում կառուցվող բնակելի շենքի թիվ 1, 4 և 9 բնակարանները համապատասխանաբար Հայկանուշ Գրիգորյանի, Ռաֆիկ Գրիգորյանի և Հովհաննես Վարդանյանի կողմից ձեռք բերելու հետ կապված պայմանագրային հարաբերությունները Ընկերության հետ ծագել են համապատասխանաբար 04.06.1992թ.-ին, 03.06.1992թ.-ին և 10.06.1992թ.-ին կնքված պայմանագրերի հիմքով:

Իրավահարաբերության ծագման պահին գործող՝ ՀԽՍՀ քաղաքացիական օրենսգրքի 239-րդ հոդվածի համաձայն՝ առուծախի պայմանագրով վաճառողը պարտավորվում է գույքը հանձնել գնորդին ի սեփականություն, իսկ գնորդը պարտավորվում է ընդունել գույքը և որոշակի դրամական գումար վճարել նրա համար:

Նույն օրենսգրքի 246-րդ հոդվածի համաձայն՝ եթե գնորդը, ի խախտումն պայմանագրի, հրաժարվի գնած իրն ընդունելուց կամ նրա համար սահմանված գինը վճարելուց, ապա վաճառողն իրավունք ունի պահանջելու, որ գնորդն ընդունի իրը և վճարի գինը, ինչպես նաև հատուցի կատարման ուշացումով պատճառված վնասները, կամ հրաժարվելու պայմանագրից և պահանջելու վնասների հատուցում:

Սույն գործի փաստերից հետևում է, որ Ընկերության կողմից հանձնվել և Հայկանուշ Գրիգորյանի, Ռաֆիկ Գրիգորյանի և Հովհաննես Վարդանյանի կողմից ընդունվել են Երևանի Պուշկին փողոցի թիվ 36 շենքի համապատասխանաբար թիվ 1, 4 և 9 բնակարանները, որոնց նկատմամբ գրանցվել է նրանց սեփականության իրավունքը: Միաժամանակ, ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 19.04.2005 թվականի թիվ 05-845 վճռի և այդ վճռի պարզաբանման մասին ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 07.11.2005 թվականի որոշման համաձայն՝ Հայկանուշ Գրիգորյանը, Ռաֆիկ Գրիգորյանը և Հովհաննես Վարդանյանը Ընկերության հետ պետք է կատարեն վերջնահաշվարկ համապատասխանաբար 68.510 ԱՄՆ դոլարին համարժեք, 77.194 ԱՄՆ դոլարին համարժեք և 26.660 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով: Վերջնահաշվարկի գումարները դեռևս վճարված չեն Ընկերությանը:

Սույն գործով Ընկերությունը գույքը վերադարձնելու և սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասով հայցի հիմքում դրել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 502-րդ (ապրանքի համար վճարելը), 504-րդ (ապառիկ վաճառված ապրանքի համար վճարելը) և 507-րդ (վաճառողի սեփականության իրավունքի պահպանվելը) հոդվածները:

Վերաքննիչ դատարանը Երևանի քաղաքացիական դատարանի վճիռը փոփոխելիս և Ընկերության հայցը՝ գույքը վերադարձնելու և սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասով բավարարելիս կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 421-րդ, 504-րդ և 507-րդ հոդվածները, որոնք վերը նշված պատճառաբանությամբ սույն գործով կիրառելի չեն:

2) Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ որոշակի փաստական հանգամանքներ ունեցող գործով վճռաբեկ դատարանի կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտի հիմնավորումները (այդ թվում՝ oրենքի մեկնաբանությունները) պարտադիր են դատարանի համար նույնանման փաստական հանգամանքներով գործի քննության ժամանակ, բացառությամբ այն դեպքի, երբ վերջինս ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ:

Հիմք ընդունելով սույն որոշման 4-րդ բաժնի 1-ին կետի պատճառաբանություններն այն մասին, որ սույն գործով կիրառելի չէ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 507-րդ հոդվածը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի համար ՀՀ վճռաբեկ դատարանի 30.03.2007 թվականի թիվ 3-390 (Ա) որոշումը, որով իրավական դիրքորոշում է արտահայտվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 507-րդ հոդվածի մեկնաբանման կապակցությամբ, պարտադիր չէր կարող լինել:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Երևանի քաղաքացիական դատարանը Ընկերության հայցը՝ գույքը վերադարձնելու և սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասով մերժելիս մեկնաբանություններ է կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 504-րդ և 507-րդ հոդվածների վերաբերյալ, որպիսի հիմքով ակտը նշված մասով սխալ է պատճառաբանված, ուստի Երևանի քաղաքացիական դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով՝ Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.11.2008 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի քաղաքացիական դատարանի 03.09.2008 թվականի վճռին:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  

Ս. Սարգսյան

Դատավորներ`

Ե. Խունդկարյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Է. Հայրիյան

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան