Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (17.04.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.07.21/36(702).1 Հոդ.842.16
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
17.04.2009
Подписан
Նախագահող
Дата подписания
17.04.2009
Дата вступления в силу
17.04.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0862/02/08

Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0862/02/08

2009թ.

Նախագահող դատավոր՝ Ս. Միքայելյան

Դատավորներ՝ Ն. Տավարացյան

               Դ. Խաչատրյան


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ`

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ե. Խունդկարյանի

 

Վ. Աբելյանի

 

Ս. Անտոնյանի

 

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

 

Ե. Սողոմոնյանի

2009 թվականի ապրիլի 17-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Առէքսիմբանկ» ՓԲԸ-ի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.02.2009 թվականի որոշման դեմ՝ ըստ «ԱՍ-ԿԱ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարչի (այսուհետ՝ Կառավարիչ) հայցի ընդդեմ «Առէքսիմբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ), երրորդ անձ «Էլիզա Ֆարմ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Կազմակերպություն)՝ ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը հետ պահանջելու և գումար բռնագանձելու պահանջների մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Կառավարիչը պահանջել է պարտավորեցնել Բանկին դադարեցնելու 37.740.000 ՀՀ դրամ գումարի ապօրինի տիրապետումը և օգտագործումը, բռնագանձել Բանկից 37.740.000 ՀՀ դրամ, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կարգով 37.740.000 ՀՀ դրամի նկատմամբ հաշվարկել և բռնագանձել 1.581.071 ՀՀ դրամ բանկային տոկոսներ՝ ՀՀ կենտրոնական բանկի կողմից 04.04.2008 թվականին սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքով:

Երևանի քաղաքացիական դատարանի 03.12.2008 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 25.02.2009 թվականի որոշմամբ Երևանի քաղաքացիական դատարանի 03.12.2008 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել՝ Կառավարչի հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Կառավարիչը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը         

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 305-րդ հոդվածը և 411-րդ հոդվածը, որոնք չպետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածը, ինչպես նաև խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Բանկի և «ԱՍ-ԿԱ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) միջև 27.09.2005 թվականին կնքված թիվ V 03838 վարկային պայմանագիրը համապատասխանում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի պահանջներին, և Բանկը ղեկավարվել է օրենքով: Բանկը պարտապան Ընկերության պարտավորությունները մարելուն ուղղված գործողությունները կատարելու ժամանակահատվածում՝ 08.04.2008 թվականից մինչև 22.04.2008 թվականը, չգիտեր և չէր կարող իմանալ պարտապան Ընկերության սնանկության մասին, իսկ Ընկերության սնանկ ճանաչելու ծանուցումը Բանկը ՀՀ կենտրոնական բանկից ստացել է 23.04.2008 թվականին:

Վերաքննիչ դատարանը չի պարզել այն փաստը, որ 08.04.2008 թվականին, 11.04.2008 թվականին և 22.04.2008 թվականին «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից Ընկերության՝ Բանկում ունեցած հաշվարկային հաշվին փոխանցված համապատասխանաբար 6.800.000, 15.400.000 և 15.540.000 ՀՀ դրամները, ընդհանուր՝ 37.740.000 ՀՀ դրամը, Բանկի կողմից անակցեպտ կարգով, պայմանագրով վերապահված լիազորությունների շրջանակներում, իրավաչափորեն ուղղվել է 2005 թվականի սեպտեմբերի 27-ի թիվ V 03838 վարկային պայմանագրով պարտապան Ընկերության կողմից Բանկի հանդեպ ունեցած ժամկետանց պարտքի մարմանը: Նշված գործողությունները կատարելիս Բանկը տեղյակ չի եղել, որ Ընկերությունը 08.04.2008 թվականին սնանկ է ճանաչվել:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 25.02.2009 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի քաղաքացիական դատարանի 03.12.2008 թվականի վճռին:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և փաստարկները 

Երևանի քաղաքացիական դատարանի կողմից Ընկերությանը սնանկ ճանաչելու վերաբերյալ Կազմակերպության դիմումը 29.02.2008 թվականին վարույթ ընդունելու պահից, որի մասին անհապաղ հաղորդվել է Ընկերությանը, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Նոր Նորք տարածքային ստորաբաժանմանը և ՀՀ կենտրոնական բանկին, Ընկերությունը և Բանկն իրավունք չեն ունեցել Ընկերությանը պատկանող գույքի, այդ թվում նաև Բանկում առկա հաշվարկային հաշվում ունեցած դրամական միջոցների նկատմամբ իրականացնելու որևէ գործարք առանց դատարանի թույլտվության, իսկ կնքված գործարքները պետք է համարվեն անվավեր, քանի որ Բանկն Ընկերությանը սնանկ ճանաչելուց հետո է կատարել գործարքներ և այդ գործարքների արդյունքում է ստացել Ընկերությանը պատկանող գույքը (դրամական միջոցները):

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով ամրագրված դրույթների համադրումից հետևում է, որ Բանկի պահանջները պետք է բավարարվեն Ընկերության կողմից գրավադրված գույքի վաճառքի հաշվին, և նա չի կարող մասնակցել պարտապանին պատկանող չգրավադրված գույքի իրացումից ստացված միջոցների բաշխմանը:

Բանկի կողմից բերված վճռաբեկ բողոքի բավարարման դեպքում խախտվում են Ընկերության պարտատերերի՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված իրավունքները և շահերը, իսկ վճռաբեկ բողոքը չբավարարելու դեպքում Բանկի իրավունքներն ու շահերը չեն խախտվում, քանի որ Բանկը գրավով ապահովված պարտատեր է, և նրա դրամական պահանջները 100 տոկոսով հնարավոր է բավարարել Ընկերությանը պատկանող և գրավադրված գույքի վաճառքի հաշվին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. Բանկի և Ընկերության միջև 2005 թվականի սեպտեմբերի 03-ին կնքված բանկային հաշվի պայմանագրի համաձայն՝ Բանկն Ընկերության անունով բացել է ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով հաշիվներ, իսկ պայմանագրի 2.4.3 կետով սահմանվել է բանկի իրավունքն այն մասին, որ նա իրավունք ունի անվիճելի կարգով հաշիվներից գանձել բանկի հանդեպ Ընկերության ունեցած պարտավորություններից ծագած պարտքի գումարները:

2. Բանկի՝ որպես վարկատուի և Ընկերության՝ որպես վարկառուի միջև 27.09.2005 թվականին կնքվել է թիվ V 03838 վարկային պայմանագիրը, որի համաձայն՝ Բանկը վարկառուին է տրամադրում 400.000 ԱՄՆ դոլար գումարով վարկային գիծ, վարկը տրամադրվում է 24 ամիս ժամկետով, տարեկան 17 տոկոս դրույքաչափով: Վարկի մարման ժամկետ է սահմանվել 2007 թվականի հոկտեմբերի 01-ը: Պայմանագրի 2.4 կետով սահմանվել է, որ Բանկն իրավունք ունի վարկառուի բանկային հաշիվներից անվիճելի կարգով գանձել պայմանագրով վարկառուի կողմից Բանկին վճարման ենթակա վարկի, տոկոսագումարների, տույժերի գումարները:

3. Երևանի քաղաքացիական դատարանի 29.02.2008 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել Կազմակերպության դիմումը՝ Ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին: Իսկ Երևանի քաղաքացիական դատարանի 08.04.2008 թվականի վճռով Կազմակերպության դիմումը բավարարվել է և Ընկերությունը ճանաչվել է սնանկ:

4. «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ն 2008 թվականի ապրիլի 08-ին, 11-ին և 22-ին Ընկերության թիվ 2380002326170100 հաշվարկային հաշվին փոխանցել է համապատասխանաբար 6.800.000 ՀՀ դրամ, 15.400.000 ՀՀ դրամ, 15.540.000 ՀՀ դրամ, ընդամենը՝ 37.740.000 ՀՀ դրամ՝ որպես դեբիտորական պարտքի մարում:

5. Բանկը 37.740.000 ՀՀ դրամ գումարն անակցեպտ կարգով ուղղել է 27.09.2005 թվականի թիվ V 03838 վարկային պայմանագրով պարտապան ընկերության կողմից Բանկի հանդեպ ունեցած ժամկետանց պարտքի մարմանը:

6. Ընկերության բանկային հաշվի վրա արգելանք դրված չի եղել:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները   

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ քաղաքացիները և իրավաբանական անձինք քաղաքացիական իրավունքները ձեռք են բերում ու իրականացնում իրենց կամքով և ի շահ իրենց: Նրանք ազատ են պայմանագրի հիման վրա սահմանելու իրենց իրավունքները և պարտականությունները, որոշելու պայմանագրի՝ օրենսդրությանը չհակասող ցանկացած պայման:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածի համաձայն՝ սեփականատերն իրավունք ունի իր գույքը հետ պահանջել ուրիշի ապօրինի տիրապետումից:

Սույն գործի փաստերի համաձայն՝ Բանկի և Ընկերության միջև 03.09.2005 թվականին կնքվել է բանկային հաշվի պայմանագիր, որի համաձայն՝ Բանկն Ընկերության անունով բացել է ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով հաշիվներ, իսկ պայմանագրի 2.4.3 կետով սահմանվել է Բանկի իրավունքն Ընկերության հաշիվներից անվիճելի կարգով պարտքի գումարները գանձելու մասին: Միաժամանակ, Բանկի՝ որպես վարկատուի և Ընկերության՝ որպես վարկառուի միջև 27.09.2005 թվականին կնքվել է վարկային թիվ V 03838 պայմանգիրը, որի համաձայն՝ Բանկը վարկառուին է տրամադրում վարկ 24 ամիս ժամկետով, տարեկան 17 տոկոս դրույքաչափով: Կողմերը պայմանագրի 2.4 կետով սահմանել են, որ Բանկն իրավունք ունի վարկառուի բանկային հաշիվներից անվիճելի կարգով գանձել պայմանագրով վարկառուի կողմից Բանկին վճարման ենթակա վարկի, տոկոսագումարների, տույժերի գումարները:

Կառավարչի հայցը մերժելիս Դատարանը պատճառաբանել է, որ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածի համաձայն սեփականատերն իրավունք ունի իր գույքը հետ պահանջել ուրիշի ապօրինի տիրապետումից: Ինչ վերաբերում է գույքը ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու հայցվորի պահանջին, դատարանը գտնում է, որ պատասխանողն օգտվելով պայմանագրի 2.4.1. կետով իրեն վերապահված լիազորություններից և այն հանգամանքից, որ բանկում գտնվող հաշիվների վրա արգելանք դրված չի եղել, «Հայռուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից 2008 թվականի ապրիլի 8-ին, 11-ին և 22-ին «ԱՍ-ԿԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության թիվ 2380002326170100 հաշվարկային հաշվին փոխանցած ընդհանուր գումարով 37.740.000 դրամ դեբիտորական պարտքի մարումն ուղղել է իր վարկային պայմանագրով պարտապան ընկերության կողմից բանկի հանդեպ ունեցած ժամկետանց պարտքի մարմանը»:

Սույն գործի փաստերից հետևում է, որ «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ն 2008 թվականի ապրիլի 08-ին, 11-ին և 22-ին, որպես դեբիտորական պարտքի մարում, Ընկերության հաշվարկային հաշվին է փոխանցել ընդհանուր գումարով 37.740.000 ՀՀ դրամ, որը Բանկն անակցեպտ կարգով ուղղել է 27.09.2005 թվականի թիվ V 03838 վարկային պայմանագրով պարտապան Ընկերության կողմից Բանկի հանդեպ ունեցած ժամկետանց պարտքի մարմանը: Ընդ որում, Բանկը պարտապան Ընկերության սնանկ ճանաչվելու մասին ծանուցումն ստացել է ՀՀ կենտրոնական բանկից 23.04.2008 թվականին, ուստի 08.04.2008 թվականից մինչև 22.04.2008 թվականն ընկած ժամանակահատվածում Բանկը չէր կարող իմանալ Ընկերության սնանկության մասին:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ելնելով կողմերի միջև կնքված բանկային հաշվի և վարկային պայմանագրերով սահմանված իրավունքներից, Բանկն անակցեպտ կարգով գանձել է վարկային պայմանագրով պարտապան Ընկերության կողմից Բանկի հանդեպ ունեցած ժամկետանց պարտքերը: Հետևաբար, վեճի առարկա դրամական միջոցները չեն կարող գնահատվել որպես Բանկի կողմից ապօրինի տիրապետվող:

Միաժամանակ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի համաձայն՝ ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու, կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքերում այդ գումարին վճարվում են տոկոսներ, որոնք հաշվարկվում են կետանցի օրվանից մինչև պարտավորության դադարման օրը՝ ըստ համապատասխան ժամանակահատվածների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների:

Հիմք ընդունելով վերոշարադրյալ պատճառաբանություններն այն մասին, որ Բանկը կողմերի միջև կնքված պայմանագրերի հիմքով 37.740.000 ՀՀ դրամ գումարն անակցեպտ կարգով ուղղել է պարտապան Ընկերության կողմից Բանկի հանդեպ ունեցած ժամկետանց պարտքի մարմանը, այսինքն՝ նշված դրամական միջոցները փոխանցվել և Բանկի տիրապետման ներքո են գտնվում օրինական հիմքերով, հետևաբար չեն կարող գնահատվել որպես ապօրինի տիրապետվող: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածը կիրառելի չէ:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է: Երևանի քաղաքացիական դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով՝ Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.02.2009 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի քաղաքացիական դատարանի 03.12.2008 թվականի վճռին:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  

Ս. Սարգսյան

Դատավորներ` Ե. Խունդկարյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան