ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշում գործ թիվ ԱՐԴ 1/0003/11/08 |
ԱՐԴ 1/0003/11/08
|
Նախագահող դատավոր՝ Հ. Տեր-Ադամյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` |
Դ. Ավետիսյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Հ. Ասատրյանի | |
|
Ե. Դանիելյանի | |
|
Հ. Ղուկասյանի | |
|
Ա. Պողոսյանի | |
Ս. Օհանյանի |
տուժողի իրավահաջորդ |
Ն. ՄԻՍԱԿՅԱՆ | |
տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ |
Ս. Սաֆարյան | |
դատախազներ |
Ն. Հակոբյան | |
|
Վ. Հովհաննիսյան |
10 ապրիլի 2009 թվական |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2008 թվականի դեկտեմբերի 25-ի որոշման դեմ տուժողի իրավահաջորդ Ներսես Միսակյանի և տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի բերած վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
1. Մանուկ Ներսեսի Միսակյանի սպանության փաստի առթիվ 2008 թվականի հուլիսի 19-ին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 57108808 քրեական գործը:
Նշված սպանությունը կատարելու կասկածանքով նույն օրը ձերբակալվել է Սևակ Մանվելի Թովմասյանը:
2008 թվականի հուլիսի 22-ին Սևակ Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ «նա 2008 թվականի հուլիսի 19-ին` ժամը 19.30-ի սահմաններում, գտնվելով թեթև աստիճանի ալկոհոլային հարբածության վիճակում, իր՝ Էջմիածին քաղաքի Կարճիկյան փողոցի 2-րդ փակուղու 1-ին տան դիմաց վիճաբանության մեջ է մտել իր փեսա Մանուկ Ներսեսի Միսակյանի հետ, նախկինում իր ընտանիքի անդամների հասցեին արված հայհոյանքի դիմաց պարզաբանում ստանալու կապակցությամբ, որի ընթացքում Մ.Միսակյանին ապօրինաբար կյանքից զրկելու, սպանելու ուղղակի դիտավորությամբ իր մոտ եղած դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա կենսականորեն կարևոր օրգանների շրջանին` կրծքավանդակին և որովայնին, ու դիտավորությամբ սպանել նրան»:
2. 2008 թվականի սեպտեմբերի 1-ին Ներսես Միսակյանը ճանաչվել է տուժողի իրավահաջորդ:
Քրեական գործի նախաքննության ընթացքում տուժողի իրավահաջորդ Ն. Միսակյանը բազմաթիվ դիմում-բողոքներում կասկածի տակ է դրել իր որդու սպանությունը միայն Սևակ Թովմասյանի կողմից կատարված լինելու հանգամանքը` նշելով, որ իր որդու սպանությանը մասնակից է նաև մեղադրյալի հայրը` Մանվել Թովմասյանը, իսկ նրա մայրը` Ալինա Պետրոսյանը, քույրը` Լիլիթ Միսակյանը, և եղբայրը` Սևան Թովմասյանը, հանդես են եկել որպես սպանության կազմակերպիչ և դրդիչներ: Բացի այդ, տուժող կողմը պնդել է, որ Ս.Թովմասյանի արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետին, քանի որ սպանությունը կատարվել է խուլիգանական դրդումներով:
2008 թվականի հոկտեմբերի 30-ին Վաղարշապատի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Պ.Բոյաջյանը կայացրել է հետևյալ որոշումը.
«1. Սևակ Թովմասյանի կողմից Կարեն Մանուկյանին մրմուռ և ֆիզիկական ցավ պատճառելու փաստով քրեական գործի մասը կարճել` տուժողի բողոքի բացակայության պատճառով:
2. Օրինական հիմքով գազային ատրճանակ կրելու փաստով Սևակ Թովմասյանի նկատմամբ քրեական գործի մասը կարճել` հանցակազմի բացակայության պատճառով:
3. Մանվել Գարսևանի Թովմասյանի, Սևան Մանվելի Թովմասյանի, Լիլիթ Մանվելի Թովմասյանի և Ալինա Վլադիկի Պետրոսյանի նկատմամբ քրեական գործի մասը կարճել` հանցադեպի բացակայության պատճառով»:
Փաստորեն, հաշվի առնելով տուժողի իրավահաջորդի բողոքները` սպանությանը Ս.Թովմասյանի ազգականների մասնակից լինելու վերաբերյալ, քննիչը նշված որոշման առանձին կետով վերջինների` Մանվել Թովմասյանի, Սևան Թովմասյանի, Լիլիթ Թովմասյանի և Ալինա Պետրոսյանի նկատմամբ քրեական գործի մասը կարճել է` հանցադեպի բացակայության պատճառով, այն հիմնավորմամբ, որ քրեական գործի քննությամբ և ձեռնարկված միջոցառումներով նրանց առնչությունը կատարված սպանությանը չի հիմնավորվել:
3. Տուժողի իրավահաջորդ Ն.Միսակյանի և նրա ներկայացուցիչ Ս.Սաֆարյանի կողմից քննիչի հիշյալ որոշումը բողոքարկվել է Արմավիրի մարզի դատախազին:
Արմավիրի մարզի դատախազության դատախազ Ա.Գաբրիելյանի 2008 թվականի նոյեմբերի 11-ի որոշմամբ տուժողի իրավահաջորդի և նրա ներկայացուցչի բողոքը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ քննիչի որոշումն օրինական է և հինավորված, այն վերացնելու հիմքեր չկան:
2008 թվականի նոյեմբերի 14-ին քրեական գործն ըստ մեղադրանքի Սևակ Մանվելի Թովմասյանի ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով ուղարկվել է ՀՀ հարավային քրեական դատարան:
4. Տուժողի իրավահաջորդ Ն.Միսակյանը և նրա ներկայացուցիչ Ս.Սաֆարյանը քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի մասը կարճելու մասին քննիչի 2008 թվականի հոկտեմբերի 30-ի և դատախազի 2008 թվականի նոյեմբերի 11-ի որոշումների դեմ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի կարգով բողոք են ներկայացրել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, փաստարկելով, որ նախաքննությունը կատարվել է թերի, թույլ են տրվել քրեադատավարական օրենքի էական խախտումներ, որոնք խոչընդոտել են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը, որոնց արդյունքում խախտվել են տուժողի իրավահաջորդի իրավունքներն ու ազատությունները` սպանության կազմակերպման և կատարման համար չեն մեղադրվել սպանությանը մասնակցած նրա ընտանիքի անդամները, բացի այդ, Սևակ Թովմասյանի արարքին տրվել է սխալ քրեաիրավական գնահատական:
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2008 թվականի դեկտեմբերի 1-ի որոշմամբ տուժողի իրավահաջորդի և նրա ներկայացուցչի բողոքը մերժել է հետևյալ պատճառաբանությամբ.
«Դատաքննության ընթացքում պարզվել է, որ թիվ 57108808 քրեական գործն ըստ մեղադրանքի Սևակ Մանվելի Թովմասյանի ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով ըստ էության քննության առնելու համար մեղադրական եզրակացության հետ միասին 14.11.2008թ. ուղարկվել է ՀՀ հարավային քրեական դատարան, ինչի մասին տեղյակ է պահվել տուժողի իրավահաջորդին:
Ներկայացված բողոքն ըստ էության վերաբերում է նշված քրեական գործին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քրեական գործը գտնվում է ՀՀ հարավային քրեական դատարանում, ուստի դատարանը գտնում է, որ բողոք բերողն իր միջնորդությունները պետք է ներկայացնի ՀՀ հարավային քրեական դատարան, որն էլ իրավասու է գնահատական տալու Ն.Միսակյանի և նրա ներկայացուցչի ներկայացրած միջնորդություններին»:
5. Տուժողի իրավահաջորդ Ն.Միսակյանի և նրա ներկայացուցիչ Ս.Սաֆարյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2008 թվականի դեկտեմբերի 25-ին որոշում է կայացրել վերաքննիչ բողոքը մերժելու և Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2008 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին:
Իր որոշման հիմքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը դրել է հետևյալ փաստարկները.
«Ինչ վերաբերում է մեղադրյալ Ս.Թովմասյանի մորը` Ալինա Պետրոսյանին, և քրոջը` Լիլիթ Միսակյանին, ապա քրեական գործի քննությամբ և ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ նրանք նույնպես որևէ առնչություն չունեն կատարված սպանության հետ:
Քրեական գործով հիմնավորվել է, որ դանակահարության պահին Մանվել Թովմասյանը գտնվել է տանը, նա սպանություն չի կատարել և խոչընդոտ չի հանդիսացել տուժող Մ. Միսակյանին հիվանդանոց տեղափոխելու ժամանակ:
Տուժողի իրավահաջորդի փաստարկները, որ իր որդի Մանուկ Միսակյանն աներոջ տան դարպասից ներս է մտել, որտեղ նրան սկզբում դանակահարել է Մանվել Թովմասյանը, ապա Սևակ Թովմասյանը, որ որդու սպանությանը որպես կազմակերպիչներ ու դրդիչներ են մեղադրյալի մայրն ու քույրը, որ Մանվել Թովմասյանը գազանաբար հարձակվել է Մ.Միսակյանի վրա և խոչընդոտել է հիվանդանոց տեղափոխելուն, իրենց հիմնավորումը ներկայացված նյութերում չեն գտել»:
Անդրադառնալով տուժողի և նրա ներկայացուցչի այն պնդումներին, որ նախաքննական մարմինը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի պահանջների խախտում, չի բացահայտել կատարված սպանության ամբողջական նկարագիրը, շարժառիթը, սպանությանն առնչվող անձանց, բացի այդ, հաշվի չի առել այն, որ Ս.Թովմասյանը սպանությունը կատարել է խուլիգանական դրդումներով, որ հանցագործության կատարման ընթացքում դրսևորել է դաժան վարքագիծ, վերաքննիչ քրեական դատարանը գտել է, որ բողոքում նշված այդ փաստերը վերաբերում են Ս.Թովմասյանին մեղսագրված արարքի որակմանը, հետևաբար հիմնավորված և պատճառաբանված են ընդհանուր իրավասության դատարանի հետևություններն այն մասին, որ ՀՀ հարավային քրեական դատարանն է իրավասու քննել հիշյալ փաստարկները և դրանց տալ պատշաճ քրեաիրավական գնահատական:
6. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2008 թվականի դեկտեմբերի 25-ի որոշման դեմ տուժողի իրավահաջորդ Ն.Միսակյանը և նրա ներկայացուցիչ Ս.Սաֆարյանը վճռաբեկ բողոք են բերել:
2009 թվականի փետրվարի 11-ի որոշմամբ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը բողոքն ընդունել է վարույթ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով («վճռաբեկ դատարանի կողմից տվյալ գործով կայացվող դատական ակտը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար»):
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.
7. Բողոք բերած անձինք փաստարկել են, որ Վճռաբեկ դատարանի կողմից սույն գործով դատական ակտի կայացումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի կարգով բողոքները պատշաճ իրավական ընթացակարգում քննության առնելն ուղղակիորեն առնչվում է քրեական դատավարության խնդիրների, օրինականության և արդարացի քննության սկզբունքների ապահովման, անձի սահմանադրորեն և միջազգային նորմերով երաշխավորված իրավունքների հետ:
8. Ըստ բողոք բերած անձանց՝ տուժողի իրավահաջորդի պնդումը՝ կատարված սպանության ամբողջական նկարագիրը, շարժառիթը, սպանությանն առնչվող անձանց շրջանակը պարզելու, ինչպես նաև Սևակ Թովմասյանի արարքը խուլիգանական դրդումներով որակելու առումով վերագրվել է դատարան ուղարկված գործին:
Դատարանը բողոք բերած անձանց խորհուրդ է տվել իրենց փաստարկներն ու պահանջը ներկայացնել Հարավային քրեական դատարան, որն էլ իրավասու է քննարկել դրանք և տալ պատշաճ քրեաիրավական գնահատական:
9. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը գտել է օրինական և հիմնավորված` նշելով, որ բողոք բերած անձանց փաստարկները սպանությանն այլ անձանց հանցակցելու վերաբերյալ նյութերում հիմնավորում չեն գտել: Մինչդեռ, ինչպես ընդհանուր իրավասության դատարանը, այնպես էլ վերաքննիչ դատարանը չեն ունեցել քրեական գործի նյութերը, որպեսզի ստուգեն նախաքննական մարմնի կողմից կայացված երկու որոշումների օրինականությունն ու հիմնավորվածությունը, հետևաբար դատարանի եզրահանգումներն այդ կապակցությամբ կրել են ենթադրական բնույթ, որի համատեքստում խախտվել է Մարդու իրավունքների Եվրոպական կոնվեցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի դրույթը:
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի կողմից թույլ են տրվել քրեադատավարական օրենքի էական խախտումներ, քանի որ խախտվել են քրեական դատավարության սկզբունքները: Արդյունքում քրեական գործն ըստ էության քննող դատարանը զրկված է լինելու նախաքննությամբ և բողոքարկվող դատական ակտով թույլ տրված խախտումները վերացնելու և տուժողի սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունն ապահովելու հնարավորությունից:
10. Բողոքի հեղինակները նշել են նաև, որ խախտվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 267-րդ հոդվածի 3-րդ մասի այն պահանջը, որ մինչև բողոքի լուծումը գործը չի ուղարկվում դատարան: Մասնավորապես, տուժողի իրավահաջորդը 2008 թվականի նոյեմբերի 6-ից-19-ը, օգտվելով իր իրավունքից, բողոքարկել է քննիչի որոշումները, սակայն նախաքննական մարմնի կողմից դրանց պատասխանելու փոխարեն գործը նոյեմբերի 14-ին ուղարկվել է Հարավային քրեական դատարան: Արդյունքում ընդհանուր իրավասության և վերաքննիչ դատարանները բողոքը մերժելու պատճառաբանությունների հիմքում դրել են գործը Հարավային քրեական դատարան ուղարկված լինելու փաստը:
11. Վերոգրյալի հիման վրա՝ բողոքի հեղինակները խնդրել են բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2008 թվականի դեկտեմբերի 26-ի որոշումը, կայացնել նոր դատական ակտ՝ բավարարելով տուժողի իրավահաջորդի բողոքը:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
I. Քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը (այդ թվում` մասով) կարճելու մասին քննիչի որոշման բողոքարկումը գործով մինչդատական վարույթն ավարտված լինելու պարագայում.
12. Սույն գործով Վճռաբեկ դատարանն ըստ էության պետք է պատասխանի այն հարցին, թե մինչդատական վարույթն ավարտված լինելու դեպքում քրեական հետապնդում չիրականացնելու կամ քրեական գործով վարույթը (այդ թվում` մասով) կարճելու մասին քննիչի և դրա դեմ բերված բողոքը մերժելու վերաբերյալ դատախազի որոշումները ենթակա են բողոքարկման և քննության մինչդատական վարույթի նկատմամբ վերահսկողություն իրականացնո՞ ղ, թե՞ քրեական գործն ըստ էության քննող դատարանում:
ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «2. Դատարանի լիազորություններն են, մասնավորապես՝
1) (…) օրենքով նախատեսված դեպքերում քննել և լուծել հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների (անգործության) դեմ բողոքները:
(…) :»
Այսպիսով, Սահմանադրությամբ ամրագրված մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության արդյունավետ միջոցների շարքում առաջնային տեղ է գրավում դատական պաշտպանության իրավունքը, իսկ քրեական գործի մինչդատական վարույթի ընթացքում դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման երաշխիքներից է դատական վերահսկողությունը մինչդատական վարույթի նկատմամբ:
Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության խնդիրներն են`
- դատավարության մասնակիցների և այլ անձանց իրավունքների և ազատությունների, օրինական շահերի պահպանության ապահովումը,
- դատավարության մասնակիցների և այլ անձանց խախտված իրավունքների և ազատությունների վերականգնումը մինչդատական վարույթում:
Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը դատավարական օրենքով նախատեսված միջոցների համակարգ է, որն ուղղված է դատական իշխանության սահմանադրական գործառույթների իրականացմանը գործի մինչդատական վարույթում` նպատակ ունենալով թույլ չտալ անձի իրավունքների և ազատությունների անօրեն և չհիմնավորված սահմանափակումներ, ինչպես նաև վերականգնել խախտված իրավունքներն ու ազատությունները:
Քրեական գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումների բողոքարկման դեպքերն ու դրանց դատավարական ընթացակարգը սահմանված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 263-րդ և 290-րդ հոդվածներով:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 263-րդ հոդվածի համաձայն`
«1. Քրեական գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը դրա պատճենն ստանալու պահից 7 օրվա ընթացքում կասկածյալի, մեղադրյալի, ամբաստանյալի, նրանց պաշտպանների, տուժողի, նրա ներկայացուցչի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի կամ նրանց ներկայացուցիչների, ինչպես նաև այն ֆիզիկական անձի կամ իրավաբանական անձի ներկայացուցչի կողմից, որոնց հայտարարության հիման վրա հարուցվել է քրեական գործը, կարող է բողոքարկվել վերադաս դատախազին:
2. (…) Գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու հետ կապված բողոքը մերժելու մասին դատախազի որոշումը դրա պատճենն ստանալու պահից 7 օրվա ընթացքում կարող է բողոքարկվել դատարան»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի համաձայն՝
«1. Հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի oպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների` սույն oրենսգրքով նախատեսված որոշումների և գործողությունների oրինական և հիմնավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեական դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները և oրինական շահերը խախտվել են այդ որոշումներով և գործողություններով, և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից:
(…)
4. (…) Վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է դատարան ներկայացնել բողոքի վերաբերյալ նյութեր: Վարույթն իրականացնող մարմինը և դիմողը բացատրություններ տալու իրավունք ունեն:
5. Բողոքը ճանաչելով հիմնավորված՝ դատավորը որոշում է կայացնում անձի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու՝ վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին: Գտնելով, որ բողոքարկված գործողությունները կատարված են օրենքին համապատասխան, և անձի իրավունքները կամ պարտականությունները խախտված չեն, դատարանը որոշում է կայացնում բողոքը մերժելու մասին (…) »:
Վերոնշյալ իրավադրույթների իմաստով` մինչդատական վարույթի ընթացքում քրեադատավարական oրենսգրքով նախատեսված որոշումները և գործողությունները, որոնք կարող են խախտել դատավարության մասնակիցների իրավունքներն ու ազատությունները կամ խոչընդոտել արդարադատության մատչելիությանը, կարող են բողոքարկվել վարույթն իրականացնող մարմնի գտնվելու վայրի դատարան:
Այսպիսով, նախաքննության մարմնի` քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական գործի վարույթը (վարույթի մասը) կարճելու վերաբերյալ որոշումները մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության օբյեկտ են, այդ որոշումների օրինականությունն ու հիմնավորվածությունը` դատական վերահսկողության առարկա:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասը նշված որոշումների դատական կարգով բողոքարկման որևէ սահմանափակում չի նախատեսում` կապված գործի քննության դատավարական փուլի հետ: Այսինքն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով նախաքննության ավարտված լինելն ինքնին չի կարող խոչընդոտ հանդիսանալ այդ որոշումների դատական բողոքարկման համար: Նման իրավական դիրքորոշում ՀՀ վճռաբեկ դատարանը հայտնել է նաև «Նարեկ» ՍՊԸ-ի վերաբերյալ գործով կայացված որոշմամբ (տե´ս Վճռաբեկ դատարանի 2008 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ԵԿԴ/0050/11/08 որոշումը, կետ 22)
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 5-րդ մասի իմաստով դատարանը պարտավոր է բողոքի քննության արդյունքներով կայացնել կամ ներկայացված բողոքը մերժելու որոշում, եթե գտնի, որ անձի իրավունքները կամ ազատությունները խախտված չեն, կամ կայացնի որոշում` անձի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին, եթե հիմնավորված կհամարի, որ տեղի է ունեցել անձի իրավունքների կամ ազատությունների խախտում:
13. Գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ տուժողի իրավահաջորդը և նրա ներկայացուցիչը քրեադատավարական օրենքով սահմանված կարգով և ժամկետներում բողոքարկել են քննիչի` քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի մասը կարճելու մասին որոշումը նախ վերադաս դատախազին, ապա, ստանալով բողոքը մերժելու վերաբերյալ դատախազի որոշումը` Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, հիմք ընդունելով քրեական գործն ըստ մեղադրանքի Սևակ Մանվելի Թովմասյանի ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով ըստ էության քննության առնելու համար մեղադրական եզրակացությամբ ՀՀ հարավային քրեական դատարան ուղարկված լինելու հանգամանքը, գտել է, որ տուժողի իրավահաջորդն իր միջնորդությունները պետք է ներկայացնի ՀՀ հարավային քրեական դատարան, որն էլ իրավասու է գնահատական տալու դրանց` պատճառաբանելով, որ ներկայացված բողոքն ըստ էության վերաբերում է նշված քրեական գործին (տե´ս սույն որոշման 4-րդ կետը):
Փաստորեն ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն ըստ էության մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն չի իրականացրել:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը ընդհանուր իրավասության դատարանի վերոգրյալ պատճառաբանությունը գտել է հիմնավոր (տե´ս սույն որոշման 5-րդ կետը):
14. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ընդհանուր իրավասության դատարանի և վերաքննիչ դատարանի նման դիրքորոշումը չի բխում մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության խնդիրներից հետևյալ նկատառումներով.
ՀՀ հարավային քրեական դատարան է ուղարկվել քրեական գործն ըստ մեղադրանքի Սևակ Մանվելի Թովմասյանի ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:
Մինչդեռ 2008 թվականի հոկտեմբերի 30-ի որոշմամբ Վաղարշապատի քննչական բաժանմունքի ավագ քննիչը որոշում է կայացրել քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի մասը կարճելու մասին ինչպես Սևակ Թովմասյանի, այնպես էլ Մանվել Թովմասյանի, Սևան Թովմասյանի, Լիլիթ Թովմասյանի և Ալինա Պետրոսյանի նկատմամբ, որոնք որպես մեղադրյալ ներգրավված չեն եղել, և որոնց վերաբերյալ քրեական գործ դատարան չի ուղարկվել:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Գործի քննությունը դատարանում կատարվում է միայն ամբաստանյալի նկատմամբ և միայն այն մեղադրանքի սահմաններում, որով նրան մեղադրանք է առաջադրվել»:
Հետևաբար, վերոնշյալ պայմաններում ՀՀ հարավային քրեական դատարանը, Սևակ Թովմասյանին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքի սահմաններում քննելով գործը, առկա մեղադրանքին քրեաիրավական գնահատական տալուց բացի, իրավազոր չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի կարգով իրականացնել վերահսկողություն մինչդատական վարույթի նկատմամբ, այն է` ստուգել այլ անձանց` Մ.Թովմասյանի, Ս.Թովմասյանի, Լ.Թովմասյանի և Ա.Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի մասը կարճելու մասին քննիչի որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը:
Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը չի կարող համաձայնվել ընդհանուր իրավասության առաջին ատյանի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումների մեջ առկա այն մոտեցմանը, որի համաձայն` տուժողի իրավահաջորդն « (…) իր միջնորդությունները պետք է ներկայացնի ՀՀ հարավային քրեական դատարան, որն էլ իրավասու է գնահատական տալու Ն. Միսակյանի և նրա ներկայացուցչի ներկայացրած միջնորդություններին»:
15. Գործի արդարացի քննության սկզբունքն ամրագրող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ « (…) քրեական դատավարության ընթացքում օրինականության խախտումների վերաբերյալ բողոքները պետք է մանրակրկիտ ստուգի քրեական վարույթն իրականացնող մարմինը»:
Նշված դրույթը դատարանին պարտավորեցնում է հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի oպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների` oրենսգրքով նախատեսված որոշումների և գործողությունների oրինական և հիմնավոր չլինելու դեմ յուրաքանչյուր բողոք ենթարկել մանրակրկիտ ստուգման, իսկ որպեսզի դատարանն իրականացնի իր լիազորությունը` օրենսդիրը սահմանել է վարույթն իրականացնող մարմնի պարտավորությունը` դատարան ներկայացնել բողոքի վերաբերյալ նյութեր (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 4-րդ մաս):
Ներկայացված նյութերի հիման վրա դատարանը պետք է ստուգի բողոքարկված որոշումների և գործողությունների օրինական և հիմնավորված լինելը` կապված դատավարության մասնակիցների իրավունքների և ազատությունների հնարավոր խախտումների հետ, որի արդյունքում, հիմնվելով հետազոտված նյութերի վրա, բողոք բերած անձանց փաստարկների մանրակրկիտ ստուգմամբ պետք է կայացնի հիմնավորված և պատճառաբանված որոշում` խախտումների առկայության կամ բացակայության մասին, առանց կանխորոշելու այնպիսի հարցեր, որոնք պետք է քննարկման առարկա դառնան քրեական գործի ըստ էության քննության ժամանակ (մեղադրանքի հիմքում դրված ապացույցների գնահատում, արարքի քրեաիրավական որակման ճշտություն և այլն):
16. Սույն գործով բողոք բերած անձի իրավունքների և ազատությունների խախտման առկայության կամ բացակայության մասին հետևության հանգելու համար դատարանը պետք է հետազոտեր բողոքին վերաբերող նյութերը, մինչդեռ, ինչպես երևում է նյութերի ուսումնասիրությունից, դատարանը քրեական վարույթն իրականացնող մարմնից անհրաժեշտ նյութեր չի պահանջել, քրեական վարույթն իրականացնող մարմինն այդ նյութերը չի ներկայացրել: Արդյունքում Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը, տուժողի իրավահաջորդի փաստարկների շուրջ անհիմն կերպով քննություն չի կատարել, համապատասխան նյութեր չի հետազոտել և բողոքարկված որոշմամբ տուժողի իրավահաջորդի իրավունքների և ազատությունների խախտված լինելու կամ չլինելու վերաբերյալ որևէ եզրահանգում չի կատարել, ինչը Վճռաբեկ դատարանի գնահատմամբ հանգեցրել է գործի արդարացի քննության սկզբունքի խախտմանը:
17. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բարձրացված հարցի վերաբերյալ ստորադաս դատարանների դիրքորոշումը ՀՀ քրեադատավարական օրենսդրությամբ չնախատեսված սահմանափակման է ենթարկել քրեական հետապնդման մարմնի որոշումների դատական բողոքարկման իրավունքը` դրանով իսկ հակասելով մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության խնդիրներին և նպատակին: Արդյունքում տուժողի իրավահաջորդը զրկվել է ՀՀ Սահմանադրությամբ և քրեական դատավարության օրենսգրքով երաշխավորված` իր իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքի իրացման հնարավորությունից:
18. Այսպիսով Վճռաբեկ դատարանն այն իրավական դիրքորոշումն է հայտնում, որ մինչդատական վարույթն ավարտված լինելու դեպքում քրեական հետապնդում չիրականացնելու կամ քրեական գործով վարույթը (այդ թվում` մասով) կարճելու մասին քննիչի և դրա դեմ բերված բողոքը մերժելու վերաբերյալ դատախազի որոշումները ենթակա են բողոքարկման և քննության մինչդատական վարույթի նկատմամբ վերահսկողություն իրականացնող, այլ ոչ թե քրեական գործն ըստ էության քննող դատարանում:
II. Վերաքննության սահմաններն այն դեպքում, երբ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը դատական ակտում եզրակացության չի հանգել որևէ փաստական տվյալի վերաբերյալ:
19. Վճռաբեկ դատարանը պետք է պատասխանի այն հարցին, թե սույն գործով դատական ստուգման ենթարկելով մինչդատական վարույթի նկատմամբ վերահսկողության շրջանակներում ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի ակտը` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն իրավասու՞ էր արդյոք հաստատված համարել որևէ հանգամանք, որի վերաբերյալ առաջին ատյանի դատարանը եզրակացության չի հանգել:
20. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 385-րդ հոդվածի համաձայն`
«1. Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում:
2. Բացառությամբ սույն oրենսգրքի 451 գլխի կանոններով քննված գործերի, վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է գործում եղած, իսկ սույն oրենսգրքի 382 հոդվածի երրորդ մասով նախատեսված բացառիկ դեպքերում` նաև լրացուցիչ ներկայացվող ապացույցներով:
3. Վերաքննիչ դատարանում բողոքի քննության ժամանակ առաջին ատյանի դատարանում հաստատված փաստական հանգամանքները ընդունվում են որպես հիմք, բացառությամբ այն դեպքի, երբ բողոքում վիճարկվում է որևէ փաստական հանգամանք, և վերաքննիչ դատարանը հանգում է այն եզրակացության, որ տվյալ փաստական հանգամանքի վերաբերյալ եզրակացության հանգելիս առաջին ատյանի դատարանն ակնհայտ սխալ է թույլ տվել: Նման դեպքերում վերաքննիչ դատարանն իրավունք ունի հաստատված համարելու նոր փաստական հանգամանք կամ հաստատված չհամարելու ստորադաս դատարանի կողմից հաստատված փաստական հանգամանքը, եթե առաջին ատյանի դատարանի կողմից հետազոտված ապացույցների հիման վրա կամ սույն oրենսգրքի 382-րդ հոդվածի երրորդ մասին համապատասխան` լրացուցիչ ներկայացված ապացույցներով հնարավոր է հանգել նման եզրակացության:
4. Եթե առաջին ատյանի դատարանը հետազոտված ապացույցների հիման վրա դատական ակտում եզրակացության չի հանգել որևէ փաստական հանգամանքի վերաբերյալ, ինչը պարտավոր էր անել, ապա վերաքննիչ դատարանն իրավունք ունի հաստատված համարելու նոր փաստական հանգամանք, եթե առաջին ատյանի դատարանի կողմից հետազոտված ապացույցների հիման վրա կամ սույն oրենսգրքի 382 հոդվածի երրորդ մասին համապատասխան` լրացուցիչ ներկայացված ապացույցներով հնարավոր է հանգել նման եզրակացության:»
Այսինքն` օրենսդիրը վերաքննիչ դատարանին իրավունք է վերապահել հաստատված համարելու նոր փաստական հանգամանք երկու դեպքում`
1. երբ դա հնարավոր է առաջին ատյանի դատարանի կողմից հետազոտված ապացույցների հիման վրա,
2. երբ հետազոտվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 382-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների պահպանմամբ վերաքննիչ դատարան ներկայացված լրացուցիչ ապացույցներ:
21. Տվյալ դեպքում Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը համապատասխան նյութեր չի հետազոտել և Մանվել Թովմասյանի, Լիլիթ Թովմասյանի ու Ալինա Պետրոսյանի նկատմամբ քրեական գործի մասը կարճելու մասին քննիչի որոշման օրինականության ու հիմնավորվածության վերաբերյալ որևէ հետևության չի հանգել, սակայն պարտավոր էր դա անել:
Գործի նյութերից երևում է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատական քննության ընթացքում դատավարության մասնակիցները լրացուցիչ նյութեր չեն ներկայացրել, և վերաքննիչ դատարանը դատական ակտը կայացրել է` հիմնվելով ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանից ստացված նյութերի վրա:
Այդ պայմաններում հիմնավոր համարելով ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի այն պատճառաբանությունը, որ տուժողի իրավահաջորդն իր միջնորդությունները պետք է ներկայացնի Հարավային քրեական դատարան, որն էլ իրավասու է գնահատական տալու դրանց, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, այդուհանդերձ, իրավական գնահատականի է արժանացրել Մանվել Թովմասյանի, Լիլիթ Թովմասյանի և Ալինա Պետրոսյանի գործողությունները` նշելով, որ քրեական գործի քննությամբ և ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ նրանք առնչություն չունեն կատարված սպանությանը, և տուժողի իրավահաջորդի փաստարկներն իրենց հիմնավորումը ներկայացված նյութերում չեն գտնում:
Փաստորեն, սույն գործով վերաքննիչ քրեական դատարանը հաստատված է համարել նոր փաստական հանգամանք` չունենալով համապատասխան նյութեր, քննարկել և գործի փաստական հանգամանքների վերաբերյալ եզրահանգումներ է արել այն պարագայում, երբ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն այդ հանգամանքների վերաբերյալ նույնպես ապացույց չի հետազոտել և որևէ եզրահանգման չի եկել:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման օրինականությունը և հիմնավորվածությունը ստուգելիս ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը դուրս է եկել վերաքննիչ դատարանում գործի քննության սահմաններից` թույլ տալով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 385-րդ հոդվածի պահանջների խախտում:
22. Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքում նշված այն պնդմանը, որ քրեական վարույթն իրականացնող մարմինը, խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 267-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը` առանց պատասխանելու տուժողի իրավահաջորդի ներկայացրած բողոքին, գործն ուղարկել է դատարան, ապա այն իր հիմնավորումը ներկայացված նյութերում չի գտնում, քանի որ տուժողի իրավահաջորդի և նրա ներկայացուցչի բողոքի կապակցությամբ դատախազ Ա.Գաբրիելյանը 2008 թվականի նոյեմբերի 11-ին կայացրել է համապատասխան որոշում, որից հետո նոր գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:
23. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ինչպես ընդհանուր իրավասության առաջին ատյանի, այնպես էլ վերաքննիչ դատարանները սույն գործով դատական ակտ կայացնելիս թույլ են տվել քրեադատավարական օրենքի խախտումներ: Այդ խախտումներն իրենց բնույթով էական են, քանի որ արդյունքում սահմանափակվել է տուժողի իրավահաջորդի դատական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը, խախտվել են գործի արդարացի քննության և արդարադատության մատչելիության իրավունքները, և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ, 406-րդ և 419-րդ հոդվածների համաձայն՝ դրանք հիմք են կայացված դատական ակտերն ամբողջությամբ բեկանելու և գործը քննած ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան նոր քննության ուղարկելու համար:
24. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քննվող բողոքի կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի մասը կարճելու վերաբերյալ քննիչի 2008 թվականի հոկտեմբերի 30-ի որոշման դեմ տուժողի իրավահաջորդ Ներսես Միսակյանի և նրա ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի բողոքը մերժելու մասին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2008 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2008 թվականի դեկտեմբերի 25-ի որոշումն ամբողջությամբ բեկանել և գործն ուղարկել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Դ. Ավետիսյան Հ. Ասատրյան Ե. Դանիելյան Հ. Ղուկասյան Ա. Պողոսյան Ս. Օհանյան
Նախագահող`
Դատավորներ`