Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (17.04.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.07.21/36(702).1 Հոդ.842.28
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
17.04.2009
Подписан
Նախագահող
Дата подписания
17.04.2009
Дата вступления в силу
17.04.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վարչական դատարանի վճիռ

Վարչական գործ թիվ ՎԴ/0578/05/08

Վարչական գործ թիվ ՎԴ/0578/05/08

2009թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Աբովյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ


ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ


Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ե. Սողոմոնյանի

Վ. Աբելյանի

 

Ս. Անտոնյան

 

Ա. Բարսեղյանի

 

Մ. Դրմեյանի

Ե. Խունդկարյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

2009 թվականի ապրիլի 17-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 30.09.2008 թվականի վճռի դեմ` ըստ Արսեն Վահրամյանի հայցի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի (այսուհետ` Կոմիտե), երրորդ անձ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության` Կոմիտեի եզրակացությունն անվավեր ճանաչելու, վերջնահաշվարկ կատարելու և 241.630 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջների մասին,

 

 ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Արսեն Վահրամյանը պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի մերժման եզրակացությունը, կատարել վերջնահաշվարկ և բռնագանձել 241.630 ՀՀ դրամ:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 30.09.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն: Վճռվել է` անվավեր ճանաչել Կոմիտեի 10.08.2007 թվականի մերժման եզրակացությունը, Կոմիտեի նախագահի տեղակալի 29.08.2007 թվականի թիվ 8698/4-1 մերժումը և 1997 թվականի արտադրության «Ֆորդ Մոնդեո» մակնիշի մարդատար ավտոմեքենայի մաքսային ձևակերպման համար Արսեն Գևորգի Վահրամյանի կողմից 06.08.2007 թվականին ներկայացված հայտարարագիրն ու դրա հիման վրա կատարված ձևակերպումները, ինչպես նաև պարտավորեցնել Կոմիտեին`

ա) իրականացնել 1997 թվականի արտադրության «Ֆորդ Մոնդեո» մակնիշի մարդատար ավտոմեքենայի մաքսային ձևակերպում` կիրառելով ՀՀ մաքսային օրենսգրքի 87-րդ հոդվածի կանոններով (գործարքի գնի մեթոդ) որոշվող մաքսային արժեքը,

բ) Արսեն Գևորգի Վահրամյանին վերադարձնել մաքսային նախկին ձևակերպման ժամանակ նրա վճարած և մաքսային վերաձևակերպման արդյունքում նրա կողմից վճարման ենթակա գումարների տարբերությունը:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.    

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը չի կիրառել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ մասը, 86-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ մաքսային օրենսգրքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետը, որոնք պետք է կիրառեր, կիրառել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածը, 63-րդ հոդվածի 1-ին մասը, որոնք չպետք է կիրառեր, ինչպես նաև սխալ է մեկնաբանել ՀՀ մաքսային օրենսգրքի 87-րդ հոդվածի 1-ին մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ մաքսային օրենսգրքի 87-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված փոխադրման, բեռնման և բեռնաթափման ծախսերը վճարման փաստաթղթերում առանձին տողերով արտացոլված լինելու օրենսդրի պահանջը և այն համարելով ձևական` գնահատել է որպես «օրենսդրի այդ պահանջի ծայրահեղացված մեկնաբանություն»:

Մինչդեռ, նշված նորմը գործարքի գնի իրական արժեքը պարզելու և դրա հիման վրա մաքսային արժեքը որոշելու համար անհրաժեշտ պայման է:

Հայցը մասնակի բավարարելիս Դատարանը ղեկավարվել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով, որը վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառելի չէ, քանի որ տվյալ հոդվածում ձևակերպված նորմի բովանդակությունից բխում է, որ այն վարչական մարմինների համար սահմանում է ձևական պահանջները չարաշահելու արգելք, ինչը վարչարարության հիմնարար սկզբունք է: Տվյալ դեպքում, մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը գործարքի գնի մեթոդով հաշվարկելու համար առանձին տողերով ծախսերի մասին տեղեկություններ պարունակող փաստաթուղթ ներկայացնելու հայտարարատուի պարտականությունը նախատեսված է օրենքով և չի կարող դիտվել որպես վարչական մարմնի ձևական պահանջ:

Վիճելի իրավահարաբերության համար կիրառելի չեն նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» և «բ» ենթակետերը, քանի որ վիճարկվող ակտն ընդունվել է օրենքի պահանջներին համապատասխան, և հայտարարատուի կողմից օրենքով սահմանված փաստաթղթերը չներկայացնելու պայմաններում մաքսային մարմնի համար չէր կարող ակնհայտ լինել ավտոմեքենայի բեռնման և փոխադրման իրական ծախսերը: Նման պայմաններում վերջինս ավտոմեքենայի մաքսային արժեքը չէր կարող որոշել ՀՀ մաքսային օրենսգրքի 87-րդ հոդվածով նախատեսված գործարքի գնի մեթոդով:

Դատարանն անտեսել է նաև ՀՀ մաքսային օրենսգրքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետի պահանջն այն մասին, որ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը որոշվում է գործարքի գնի մեթոդով միայն այն դեպքում, եթե մաքսային մարմինները չունեն բավարար հիմքեր նույն հոդվածի 1-ին կետով սահմանված փաստաթուղթն անարժանահավատ ճանաչելու համար: Տվյալ դեպքում, մաքսային մարմինն իրավացիորեն անարժանահավատ է համարել ավտոմեքենան մինչև նավ տեղափոխելու, նավ բեռնելու, այն Ճապոնիայից մինչև Փոթի նավահանգիստ տեղափոխելու ծախսերը, քանի որ ներկայացված փաստաթղթերում առանձին տողերով բացակայել են այդ ծախսերին վերաբերող տեղեկությունները:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 30.09.2008 թվականի վճիռը, փոփոխել այն և Արսեն Վահրամյանի հայցը մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) 31.07.2007 թվականի թիվ 426923 փոխադրման ամփոփագրով Արսեն Վահրամյանը Հայաստանի Հանրապետություն է ներկրել 1997 թվականի արտադրության «Ֆորդ Մոնդեո» մակնիշի ավտոմեքենա (գ.թ. 30):

2) 06.08.2007 թվականին Արսեն Վահրամյանը դիմել է Կոմիտե` վերը նշված ավտոմեքենայի մաքսային ձևակերպումը ՀՀ մաքսային օրենսգրքի 87-րդ հոդվածի համաձայն կատարելու պահանջով, որին ի պատասխան 10.08.2007 թվականին տրվել է մերժման եզրակացություն այն պատճառաբանությամբ, որ հայտարարատուի թիվ 67279 հաշիվ-ապրանքագրում առանձին տողերով բացակայել են ավտոմեքենան մինչև նավ տեղափոխելու և այն բեռնելու ծախսերը (գ.թ. 10, 12-13):

3) 14.08.2007 թվականին Արսեն Վահրամյանը նույն պահանջով կրկին դիմել է Կոմիտե, սակայն Կոմիտեի նախագահի տեղակալի 29.08.2007 թվականի թիվ 8698/4-1 գրությամբ նույնպես հաստատվել է մերժման եզրակացությունը: Միաժամանակ, նշված գրությամբ նշվել է, որ ներկայացված փաստաթղթերում բացակայում է ավտոմեքենայի համար միջանկյալ նավահանգիստներում՝ «մինչև Փոթի նավահանգիստ», կատարված բեռնման, բեռնաթափման և այլ ծախսերը (գ.թ. 14-15, 16):

4) 14.05.2007 թվականի թիվ 385712 հաշիվ-ապրանքագրով բեռնափոխադրումը (Վաննինգ) նշված է մեկ տողով, և ծախսը Ճապոնիայի Նագոյա նավահանգստից մինչև Փոթի նավահանգիստ կազմում է 300 ԱՄՆ դոլար (գ.թ. 95), իսկ թիվ JP1256977 բեռնագրի համաձայն` բեռն ստացվել է Նագոյա քաղաքում, բեռնվել է Յոկկաիչի նավահանգստում և բեռնաթափվել է Փոթի նավահանգստում (գ.թ. 97):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.  

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ մաքսային օրենսգրքի 82-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը որոշվում է հայտարարատուի կողմից, բացառությամբ նույն oրենսգրքով նախատեսված այն դեպքերի, երբ դա որոշվում է մաքսային մարմինների կողմից:

ՀՀ մաքսային օրենսգրքի 87-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը գործարքի գնի մեթոդով հաշվարկելու համար հայտարարատուի կողմից մաքսային հայտարարագրի հետ միասին պետք է ներկայացվի ապրանքների ձեռքբերման համար արտահանման երկրում վճարման փաստաթուղթը (հաշիվ-ապրանքագիրը կամ դրան փոխարինող այլ փաստաթուղթ), որը պետք է պարունակի փաստաթղթի տրման ամիս-ամսաթվի, հերթական համարի, վաճառողի (առաքողի), գնորդի (ստացողի), ապրանքի մանրամասն նկարագրի (անվանումը, առկայության դեպքում` ապրանքային նշանը կամ առևտրային անվանումը), տեղերի քանակի, չափի միավորի, միավորի արժեքի, քաշի, ընդհանուր արժեքի մասին տեղեկություններ, ինչպես նաև վաճառողի (մատակարարի) կողմից առաքման (մատակարարման) պայմաններով նախատեսված լինելու դեպքում առանձին տողերով` մինչև Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը տեղափոխելու համար կատարված փոխադրման, բեռնման, բեռնաթափման, փոխաբեռնման, ապահովագրության և համանման այլ ծախսերի, կատարված կոմիսիոն և միջնորդային (բրոքերային) ծախսերի (բացառությամբ ապրանքների ձեռքբերման համար կատարված կոմիսիոն և միջնորդային ծախսերի), ապրանքների արտադրության և մատակարարման նպատակով գնորդի կողմից մատակարարին անհատույց կամ մասնակի հատուցմամբ, ուղղակի կամ անուղղակի տրամադրված և ապրանքների հետագա վաճառքի, օգտագործման կամ տնօրինման դիմաց գնորդի կողմից մատակարարին վճարման ենթակա գումարների մասին:

Նույն հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետի համաձայն` մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը որոշվում է գործարքի գնի մեթոդով, եթե մաքսային մարմինները չունեն բավարար հիմքեր նույն հոդվածի 1-ին կետով սահմանված փաստաթուղթն անարժանահավատ ճանաչելու համար:

ՀՀ մաքսային օրենսգրքի 88-րդ հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետի համաձայն` հայտարարատուի որոշած մաքսային արժեքը հիմք չի ընդունվում, եթե հայտարարատուն չի ներկայացնում ապրանքների` մինչև Հայաստանի Հանրապետության մաքսային սահման կատարված տեղափոխման, բեռնման, բեռնաթափման, փոխաբեռնման, ապահովագրական ծախսերը հիմնավորող փաստաթղթեր:

Նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ գործարքի գնի մեթոդով մաքսային արժեքի որոշման համար հայտարարատուն այլ փաստաթղթերի և տեղեկությունների հետ միասին վաճառողի (մատակարարի) կողմից առաքման (մատակարարման) պայմաններով նախատեսված լինելու դեպքում վճարման փաստաթղթերում առանձին տողերով պարտավոր է ներկայացնել նաև մինչև Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանն ապրանքը տեղափոխելու համար կատարված փոխադրման, բեռնման, բեռնաթափման, փոխաբեռնման, ապահովագրական և համանման այլ ծախսերը: Այսինքն՝ գործարքի գնի մեթոդով մաքսային արժեքի որոշման համար նշված պահանջների պահպանումը պարտադիր է:

Հետևաբար, վերոնշյալ պահանջի չպահպանման դեպքում կատարված փոխադրման, բեռնման, բեռնաթափման, փոխաբեռնման, ապահովագրական և համանման այլ ծախսերը հիմնավորող փաստաթղթերը համարվում են չներկայացված, և հայտարարատուի որոշած մաքսային արժեքը չի կարող հիմք ընդունվել:

Սույն գործով 10.08.2007 թվականին Արսեն Վահրամյանին տրվել է մերժման եզրակացություն այն պատճառաբանությամբ, որ հայտարարատուի թիվ 67279 հաշիվ-ապրանքագրում առանձին տողերով բացակայել են ավտոմեքենան մինչև նավ տեղափոխելու և այն բեռնելու ծախսերը: Կոմիտեի նախագահի տեղակալի 29.08.2007 թվականի թիվ 8698/4-1 գրությամբ նույնպես հաստատվել է նշված մերժման եզրակացությունը: Միաժամանակ, նշված գրությամբ Արսեն Վահրամյանին տեղեկացվել է, որ ներկայացված փաստաթղթերում բացակայում է ավտոմեքենայի համար միջանկյալ նավահանգիստներում` «մինչև Փոթի նավահանգիստ», կատարված բեռնման, բեռնաթափման և այլ ծախսերը: Նշված հանգամանքը հաստատվում է գործում առկա 14.05.2007 թվականի թիվ 385712 հաշիվ-ապրանքագրով, ըստ որի` բեռնափոխադրումը (Վաննինգ) նշված է մեկ տողով, և ծախսը Ճապոնիայի Նագոյա նավահանգստից մինչև Փոթի նավահանգիստ կազմում է 300 ԱՄՆ դոլլար, մինչդեռ, ըստ թիվ JP1256977 բեռնագրի` բեռն ստացվել, բեռնվել և բեռնաթափվել է տարբեր նավահանգիստներում:

Սակայն, Դատարանը ՀՀ մաքսային օրենսգրքի 87-րդ հոդվածով սահմանված գործարքի գնի մեթոդով մաքսային արժեքի որոշման համար անհրաժեշտ փոխադրման, բեռնման և բեռնաթափման ծախսերը վճարման փաստաթղթերում առանձին տողերով նշված լինելու պահանջը գնահատել է որպես օրենսդրի այդ պահանջի «ծայրահեղացված մեկնաբանություն»` պատճառաբանելով, որ «դրանով ի չիք է դարձվում նշված հոդվածի իրավակիրառական նշանակությունը և ներկայացված է լինում ձևական պահանջ»:

Մինչդեռ, ըստ ՀՀ մաքսային օրենսգրքի 81-րդ հոդվածի` մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքի մաքսային արժեքը գործարքի գինն է, այսինքն` այն գումարը, որը փաստացի վճարվել է, ենթակա է վճարման կամ պետք է վճարվեր ապրանքը ներմուծման երկիր արտահանելու նպատակով ձեռք բերելու և մինչև Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը տեղափոխելու համար:

ՀՀ մաքսային օրենսգրքի 83-րդ հոդվածի «բ» ենթակետի համաձայն` մաքսային արժեքը ներառում է մինչև Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանն ապրանքների տեղափոխման համար կատարված փոխադրման, բեռնման, բեռնաթափման, փոխաբեռնման, ապահովագրման և համանման այլ ծախսերը:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 10-րդ մասի 4-րդ պարբերության համաձայն` եթե իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է միայն ստորակետերով բաժանված պայմաններով, ապա այդ նորմի կիրառման համար թվարկված բոլոր պայմանների առկայությունը պարտադիր է:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` հաշվի առնելով օրենքի պահանջները: Իրավական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոփոխվի դրա իմաստը:

Վերը նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ ապրանքների տեղափոխման համար կատարված փոխադրման, բեռնման և բեռնաթափման ծախսերն առանձին տողերով նշելու պահանջը պարտադիր է և չի կարող համարվել ձևական: Ուստի, գործարքի գնի մեթոդով մաքսային արժեքի որոշման դեպքում հայտարարատուի վրա դրված պարտավորությունը համարվում է կատարված, երբ պահպանված են ՀՀ մաքսային օրենսգրքի 87-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները:

Հետևաբար, սույն գործով կիրառելի չեն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 5-րդ և 63-րդ հոդվածները:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը մասնակիորեն բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վարչական գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն վարչական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված՝ անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 30.09.2008 թվականի վճռի` հայցը բավարարելու մասը, և այդ մասով այն փոփոխել` Արսեն Վահրամյանի հայցը մերժել:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  

Ս. Սարգսյան

Դատավորներ`

Ե. Սողոմոնյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան