Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (11.08.2009-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.10.23/53(719).1 Հոդ.1178.15
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
11.08.2009
Подписан
Նախագահող
Дата подписания
11.08.2009
Дата вступления в силу
11.08.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0353/02/08

Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0353/02/08

2009թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Մկրտչյան

    Դատավորներ՝ Ն. Հովսեփյան

                  Ն. Բարսեղյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ`

Վ. Աբելյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ե. Սողոմոնյանի

   

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Է. Հայրիյանի

 

Տ. Պետրոսյանի

2009 թվականի օգոստոսի 11-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Փառանձեմ Գևորգյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.03.2009 թվականի որոշման դեմ՝ ըստ «Սոնա Պետրոսյան» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) հայցի ընդդեմ Փառանձեմ Գևորգյանի, Աշխեն Մինասյանի, «Կենտրոն» նոտարական գրասենյակի նոտար Ն. Սարգսյանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Նոր Նորք» տարածքային ստորաբաժանման՝ 24.09.2004 թվականի լիազորագիրը, 30.06.2005 թվականի և 22.09.2005 թվականի առուվաճառքի պայմանագրերն անվավեր ճանաչելու, գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից վերադարձնելու, պայմանագրերի հիման վրա կատարված սեփականության իրավունքի գրանցումներն անվավեր ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել 29.04.2004 թվականի լիազորագիրը, դրա հիման վրա կնքված առուվաճառքի պայմանագրերը և սեփականության իրավունքի պետական գրանցումները:

Երևանի քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 24.11.2008 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 27.03.2009 թվականի որոշմամբ Դատարանի 24.11.2008 թվականի վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել է նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Փառանձեմ Գևորգյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերության տնօրեն Սոնա Պետրոսյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածի 3-րդ կետի և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով վերաքննիչ բողոքում նշված փաստարկներին այն մասին, որ պահանջը վերաբերել է առոչինչ գործարքի հետևանքներին, որի դեպքում կիրառելի է 10 տարվա հայցային վաղեմության ժամկետը, եզրահանգել է, որ Դատարանը պետք է գնահատեր գործարքի առոչինչ լինելու հարցը և միայն այն հետևությունից հետո, որ գործարքն առոչինչ չէ, կարող էր կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված հայցային վաղեմության ժամկետը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ առոչինչ գործարքի հետևանք կիրառելու պահանջ հայցվորի կողմից չի ներկայացվել, հետևաբար, հայցային վաղեմությունը կիրառվել է լիազորագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասով: Հայցապահանջում որևէ հղում չի կատարվել առոչինչ գործարքին վերաբերող իրավական նորմերին:

Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ եզրահանգումները չեն բխում գործի հանգամանքներից, հայցի հիմքից և հակասում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածի 3-րդ կետին:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 27.03.2009 թվականի որոշումը:

 

3. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը, փաստարկները և պահանջը

Վերաքննիչ դատարանի որոշումը կայացվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի պահանջներին համապատասխան, որտեղ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությամբ գնահատվել են գործում առկա բոլոր ապացույցները, նշվել դատարանի կողմից պարզված գործի հանգամանքները և այն ապացույցները, որոնց վրա հիմնված են դատարանի հետևությունները, ինչպես նաև այն օրենքները, որոնցով ղեկավարվել է դատարանը որոշում կայացնելիս:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոքի պատասխան ներկայացրած անձը պահանջել է մերժել վճռաբեկ բողոքը՝ օրինական ուժ տալով Վերաքննիչ դատարանի 27.03.2009 թվականի որոշմանը:

 

4. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Ընկերության կանոնադրության և ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի Նոր-Նորք տարածքային բաժնի 30.06.2005 թվականի թիվ 1955 տեղեկանքի համաձայն՝ 67.667.331 ՀՀ դրամ կանոնադրական կապիտալ ունեցող Ընկերության միակ մասնակիցը 100 տոկոս բաժնեմասով Սոնա Պետրոսյանն է:

2) Անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 30.08.1999 թվականի թիվ 1281502 վկայականի համաձայն՝ Երևանի Նոր Նորք համայնքի Ջրվեժ-Մայակ թաղամաս հասցեում գտնվող 2.281,12քմ շինությունը սեփականության իրավունքով, իսկ 0,219987հա հողամասը՝ վարձակալության իրավունքով պատկանում է Ընկերությանը:

3) Ընկերության միակ մասնակից և տնօրեն Սոնա Պետրոսյանը 29.04.2004 թվականին նոտարական կարգով վավերացված լիազորագիր է տվել Փառանձեմ Գևորգյանին, որով վերջինիս լիազորել է Ընկերությանը պատկանող հողամասի և շինությունների հետ կապված կնքելու ցանկացած գործարքներ՝ լիազորվողի հայեցողությամբ որոշված պայմաններով ու գնով վաճառքի իրավունքով:

4) Նոտարական կարգով վավերացված 30.06.2005 թվականի առուվաճառքի պայմանագրով Փառանձեմ Գևորգյանը Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող գույքը վաճառել է Աշխեն Մինասյանին, որի հիման վրա կատարվել է սեփականության իրավունքի պետական գրանցում:

5) Նոտարական կարգով վավերացված 22.09.2005 թվականի առուվաճառքի պայմանագրով Աշխեն Մինասյանը վիճելի գույքը վաճառել է Փառանձեմ Գևորգյանին, որի հիման վրա կատարվել է սեփականության իրավունքի պետական գրանցում:

6) Ընկերությունը 24.09.2004 թվականի լիազորագիրը, 30.06.2005 թվականի և 22.09.2005 թվականի առուվաճառքի պայմանագրերն անվավեր ճանաչելու, գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից վերադարձնելու, պայմանագրերի հիման վրա կատարված սեփականության իրավունքի գրանցումներն անվավեր ճանաչելու պահանջներով դատարան է դիմել 12.03.2008 թվականին:

7) Երևանի քաղաքացիական դատարանում գործի քննության ժամանակ Փառանձեմ Գևորգյանը միջնորդել է կիրառել հայցային վաղեմություն և հայցը մերժել (հատոր 1, գ.թ.143-144):

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Սույն քաղաքացիական գործով ներկայացված վճռաբեկ բողոքում բարձրացված իրավական խնդրի լուծման համար անհրաժեշտ է պատասխանել հետևյալ հարցադրմանը. արդյո՞ք սույն քաղաքացիական գործով ներկայացված հայցի նկատմամբ կիրառելի են հայցային վաղեմության ժամկետի վերաբերյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված կանոնները:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ Դատարանը հայցը մերժելով չի անդրադարձել հայցի հիմքերին և հիմնավորումներին, ինչպես նաև հայցվորի կողմից ներկայացված փաստարկներին, եզրահանգել է, որ ներկայացված հայցի շրջանակներում Դատարանը նախ պետք է գնահատեր գործարքի առոչնչության հարցը, և միայն այն հետևությունից հետո, որ բացակայում է համապատասխան հիմքը՝ առոչնչությունը, Դատարանը կարող էր, գործարքը վիճահարույց գնահատելով, կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հայցային վաղեմության կրճատ ժամկետը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքը (կամ դրա մասը) ենթակա է քննության, եթե բողոք բերող անձը տվյալ հարցի վերաբերյալ բողոքում արտահայտած իր դիրքորոշումը հայտնել է առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ: Բացառություն է այն դեպքը, երբ բողոք բերող անձը զրկված է եղել այդ հարցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որտվյալ դեպքում, Ընկերության պահանջը վերաբերել է վիճահարույց գործարքի անվավեր ճանաչելուն, այն է՝ 24.09.2004 թվականի լիազորագիրը, 30.06.2005 թվականի և 22.09.2005 թվականի առուվաճառքի պայմանագրերն անվավեր ճանաչելուն, որի հիմքով գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից վերադարձնելուն, պայմանագրերի հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումներն անվավեր ճանաչելուն:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման մասին հայցը կարող է ներկայացվել դրա կատարման օրվանից տասը տարվա ընթացքում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` վիճահարույց գործարքի անվավեր ճանաչման և դրա անվավերության հետևանքների կիրառման մասին հայցը կարող է ներկայացվել այն օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, երբ հայցվորն իմացել էր կամ պարտավոր էր իմանալ գործարքն անվավեր ճանաչելու հիմք ծառայող հանգամանքների մասին:

Նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման մասին և վիճարահույց գործարքի անվավեր ճանաչման ու անվավերության հետևանքների կիրառման մասին հայցերը միմյանցից տարանջատելով՝ օրենսդիրըդրանց համար սահմանել է դատարան դիմելու վաղեմության երկու տարբեր ժամկետ, ուստիև բացառել է դրանցից մի պահանջով հայց ներկայացված լինելու դեպքում մյուս պահանջով հայցին վերաբերելի վաղեմության ժամկետի կիրառումը:

Վերը նշված պատճառաբանությունների հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում, հայցային վաղեմություն կիրառելու մասին Փառանձեմ Գևորգյանի միջնորդության պայմաններում (հատոր 1, գ.թ. 143-144) Դատարանը իրավացիորեն կիրառել է վիճահարույց գործարքն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու հայցապահանջի նկատմամբ կիրառելի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված հայցային վաղեմության ժամկետը և հայցը մերժել է, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է միայն վիճող կողմի դիմումով, որը պետք է տրվի մինչև դատարանի կողմից վճիռ կայացնելը: Հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին դիմել է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին վճիռ կայացնելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ընկերության միակ մասնակից Սոնա Պետրոսյանի կողմից 29.04.2004 թվականին տրված և նոտարական կարգով վավերացված լիազորագիրը (տրված Փառանձեմ Գևորգյանին) արտահայտում է Ընկերության միակ մասնակցի կամքն Ընկերությանսեփականության ներքո գտնվող անշարժ գույքը Փառանձեմ Գևորգյանիհայեցողությամբ որոշված պայմաններով ու գնով վաճառելու կապակցությամբ:

«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն՝ ընկերության մասնակիցն իրավունք ունի նույն օրենքով կամ կանոնադրությամբ սահմանված կարգով մասնակցել ընկերության կառավարմանը, իսկ նույն օրենքի 35-րդ հոդվածի համաձայն՝ ընկերության կառավարման բարձրագույն մարմինը ընդհանուր ժողովն է:

«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի համաձայն՝ մեկ մասնակից ունեցող ընկերությունում ընդհանուր ժողովի իրավասությանը վերաբերող հարցերի կապակցությամբ որոշումներն ընդունվում են ընկերության միակ մասնակցի կողմից միանձնյա և ձևակերպվում են գրավոր:

Վերոնշյալ փաստերի և նշված իրավական նորմերի համադրումից ու վերլուծությունից հետևում է, որ Ընկերության կառավարումն իրականացնող միակ մասնակից Սոնա Պետրոսյանի կողմից 29.04.2004 թվականին նոտարական կարգով վավերացված լիազորագրի տրմամբ Ընկերությունը պետք է իմացած լիներ իր իրավունքների ենթադրյալ խախտման մասին:

Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածի խախտման մասին վճռաբեկ բողոքի պատճառաբանությանը, ապա այն Վճռաբեկ դատարանը նույնպես գնահատում է հիմնավոր, քանի որ սույն գործով հայցվորը Դատարանում գործի քննության ժամանակ զրկված չի եղել իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից, քանի որ Ընկերությունը հայցի նախնական պահանջը դատաքննության ժամանակ փոփոխել և ավելացրել է, սակայն գործում առկա չէ որևէ ապացույց առոչինչ գործարքի առկայության մասին պահանջ ներկայացնելու վերաբերյալ:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքը հիմնավոր համարելով՝ Վճռաբեկ դատարանն այն դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով վերանայվող դատական ակտը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում, անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայինույն հոդվածներովամրագրված՝ անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար,գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Երևանի քաղաքացիական դատարանը Ընկերության հայցը հայցային վաղեմության կիրառման հիմքով մերժելիս թերի է պատճառաբանել դատական ակտը, ուստի, Երևանի քաղաքացիական դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով՝Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.03.2009 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի քաղաքացիական դատարանի 24.11.2008 թվականի վճռին:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Վ. Աբելյան

Դատավորներ`

 

Ե. Սողոմոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Է. Հայրիյան

 

Տ. Պետրոսյան