Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (16.09.2009-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.10.23/53(719).1 Հոդ.1178.77
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
16.09.2009
Подписан
Նախագահող
Дата подписания
16.09.2009
Дата вступления в силу
16.09.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԵԿԴ/0020/11/09

 

Նախագահող դատավոր՝ Ռ. Ազարյան


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ`

 Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ`

Հ. Ասատրյանի

Ե. Դանիելյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

2009 թվականի սեպտեմբերի 16-ին ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննելով Անահիտ Հայկի Սաղաթելյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009թ. հունիսի 15-ի որոշման դեմ դիմող Ա.Սաղաթելյանի բերած վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

 

1. ՀՀ գլխավոր դատախազի 2000թ. մարտի 1-ի որոշմամբ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Անահիտ Հայկի Սաղաթելյանի կողմից կաշառք ստանալու վերաբերյալ նյութերով, ՀՀ 1961թ. քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է թիվ 62201100 քրեական գործը: Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության ՀԿԳ քննիչ Ա.Թարվերդյանին: Վերջինս 2000թ. մարտի 1-ի որոշմամբ գործն ընդունել է վարույթ և ձեռնամուխ է եղել նախաքննության կատարմանը:

2. 2000թ. հունիսի 22-ին ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություն է ներկայացրել ՀՀ արդարադատության խորհուրդ` խնդրելով քննության առնել Ա.Սաղաթելյանին քրեական պատասխանատվության ենթարկելու համաձայնություն տալու համար ՀՀ նախագահին առաջարկ ներկայացնելու հարցը:

2000թ. օգոստոսի 21-ին ՀՀ արդարադատության խորհուրդը որոշել է ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությունը մերժել:

3. 2000թ. սեպտեմբերի 1-ին ՀԿԳ քննիչ Ա.Թարվերդյանը որոշում է կայացրել թիվ 62201100 քրեական գործի վարույթը կասեցնելու մասին:

4. ՀՀ նախագահի 2004թ. ապրիլի 30-ի հրամանագրով Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Անահիտ Հայկի Սաղաթելյանի լիազորությունները դադարեցվել են:

5. 2008թ. հոկտեմբերի 1-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 2-րդ մասի և 38-314-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 62216908 քրեական գործը:

6. 2008թ. հոկտեմբերի 3-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Ա.Մինասյանը որոշում է կայացրել թիվ 62201100 քրեական գործով վարույթը վերսկսելու մասին:

Նույն օրը ՀԿԳ քննիչ Ա.Մինասյանը որոշում է կայացրել վերոհիշյալ քրեական գործը և 2008թ. հոկտեմբերի 1-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 2-րդ մասի և 38-314-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված թիվ 62216908 քրեական գործը միացնել մեկ վարույթում:

Ա.Մինասյանի 2008թ. նոյեմբերի 14-ի որոշմամբ Ա.Սաղաթելյանը ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 38-312-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ:

7. 2008թ. նոյեմբերի 24-ին Ա.Սաղաթելյանը ՀԿԳ քննիչ Ա.Մինասյանի գործողությունները և որոշումները ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի կարգով բողոքարկել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Ընդհանուր իրավասության դատարանի 2008թ. դեկտեմբերի 22-ի որոշմամբ Ա.Սաղաթելյանի բողոքը մերժվել է:

Վերոնշյալ որոշումը Ա.Սաղաթելյանի կողմից բողոքարկվել է վերաքննության կարգով:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2009թ. հունիսի 15-ի որոշմամբ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2008թ. դեկտեմբերի 22-ի որոշումը թողել է օրինական ուժի մեջ:

8. 2008թ. դեկտեմբերի 29-ին ՀՀ Հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Ա.Մինասյանը որոշում է կայացրել քրեական գործի վարույթը կարճելու և Անահիտ Սաղաթելյանի, Մյասնիկ Ավետիսյանի ու Զաբելա Զարոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին` նրանց մեղսագրված հանցանքների համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով:

2009թ. հունվարի 19-ին Ա.Սաղաթելյանը և Մ.Ավետիսյանը բողոք են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին` խնդրելով վերացնել քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին ՀԿԳ քննիչ Ա.Մինասյանի 2008թ. դեկտեմբերի 29-ի որոշումը:

2009թ. հունվարի 30-ին ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Զ.Թադևոսյանի գրությամբ Ա.Սաղաթելյանին և Մ.Ավետիսյանին տրվել է պատասխան, ըստ որի՝ քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը վերացնելու հիմքեր չկան:

9. 2009թ. մարտի 4-ին Ա.Սաղաթելյանը բողոք է բերել առաջին ատյանի դատարան` խնդրելով վերացնել քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին ՀԿԳ քննիչ Ա.Մինասյանի 2008թ. դեկտեմբերի 29-ի որոշումը:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2009թ. մարտի 16-ին որոշում է կայացրել Ա.Սաղաթելյանի բողոքը մերժելու մասին:

10. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2008թ. դեկտեմբերի 22-ի և 2009թ. մարտի 16-ի որոշումների դեմ Ա.Սաղաթելյանի կողմից բերված երկու վերաքննիչ բողոքները ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009թ. մայիսի 5-ի որոշմամբ միացվել են մեկ վարույթում և նշանակվել քննության:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009թ. հունիսի 15-ի որոշմամբ առաջին ատյանի դատարանի վերոհիշյալ որոշումները թողնվել են օրինական ուժի մեջ:

11. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009թ. հունիսի 15-ի որոշման դեմ 2009թ. հուլիսի 11-ին Ա.Սաղաթելյանի կողմից վճռաբեկ բողոք է բերվել:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

Վճռաբեկ դատարանը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա («բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար»), 2009թ. օգոստոսի 19-ի որոշմամբ բողոքն ընդունել է վարույթ:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

 

12. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2008թ. դեկտեմբերի 22-ի որոշմամբ Ա.Սաղաթելյանի կողմից ՀՀ Հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Ա.Մինասյանի գործողությունների և որոշումների դեմ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի կարգով ներկայացված բողոքը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ քրեական գործ հարուցելու մասին որոշումը նախատեսված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 2-րդ մասում թվարկված` բողոքարկման ենթակա որոշումների շարքում, ուստի, որպեսզի քրեական գործ հարուցելու մասին որոշումը լինի դատական կարգով բողոքարկման առարկա, պետք է պարզել, թե քրեական գործ հարուցելու մասին որոշումը արդյո՞ք խախտում է անձի իրավունքներն ու օրինական շահերը: Քննության արդյունքում դատարանը գտել է, որ վարույթն իրականացնող մարմինը չի խախտել Ա.Սաղաթելյանի իրավունքները և ազատությունները, կայացված որոշումները հիմնավոր են, իսկ բողոքարկված գործողությունները կատարվել են օրենքին համապատասխան:

13. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009թ. մարտի 16-ի որոշմամբ Ա.Սաղաթելյանի բողոքը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ նա դատախազի մերժումը ստանալուց հետո այն դատարան չի բողոքարկել 7 օրվա ընթացքում, այսինքն՝ չի պահպանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 263-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետը, և բացի այդ, մինչև քննիչի կողմից վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման կայացումը Ա.Սաղաթելյանը հնարավորություն է ունեցել առարկելու դրա դեմ, սակայն այդ կապակցությամբ որևէ առարկություն չի ներկայացրել:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը փոփոխել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009թ. մարտի 16-ի որոշման պատճառաբանությունները` արձանագրելով, որ բողոքաբերի կողմից պահպանվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածով սահմանված ժամկետները, սակայն քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումն ըստ էության օրինական է, և այն վերացնելու հիմքեր չկան:

 

Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

 

14. Ըստ բողոքաբերի` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009թ. հունիսի 15-ի որոշումն անօրինական է և կայացվել է դատավարական իրավունքի նորմերի էական խախտումներով:

Ի հիմնավորումն վերոգրյալի՝ բողոքաբերը նշում է, որ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածը: Բողոք բերած անձը գտնում է, որ ընդհանուր իրավասության դատարանը պարտավոր է քննել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածում նշված սուբյեկտների յուրաքանչյուր որոշման և գործողության դեմ բերված բողոք՝ պատճառաբանելով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգավորման համաձայն՝ քրեական դատավարության մինչդատական փուլում դատական վերահսկողությունը չի կարող սահմանափակվել:

15. Ըստ բողոքաբերի` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը սխալ եզրահանգման է եկել այն մասին, որ ՀԿԳ քննիչ Ա.Մինասյանը քրեական գործը հարուցել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, ինչպես նաև վերաքննիչ դատարանն անհիմն է արձանագրել այն փաստը, որ Ա.Սաղաթելյանի իրավունքներն ու ազատությունները սահմանափակող որևէ ապօրինի գործողություն ՀԿԳ քննիչ Ա.Մինասյանի կողմից չի կատարվել:

Ի հիմնավորումն վերոնշյալ պնդման՝ բողոքաբերը նշում է, որ բացի այն, որ իր վերաբերյալ գործով ընդհանրապես բացակայում է հանցագործության դեպքը, ինչպես նաև իր արարքի մեջ հանցակազմ չկա, քրեական գործ հարուցելու պահին առնվազն ակնհայտ էր, որ անցել են իրեն քրեական պատասխանատվության ենթարկելու՝ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված վաղեմության ժամկետները, ինչից բողոք բերող անձը հետևություն է անում այն մասին, որ թիվ 62216908 քրեական գործի հարուցումն ինքնին անօրինական է եղել, քանի որ հարուցվել է իրեն քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու պարագայում: Բողոքաբերը պնդում է նաև, որ ՀԿԳ քննիչ Ա.Մինասյանը քրեական գործ հարուցելու վերաբերյալ որոշման մեջ չի կարողացել նշել քրեական գործի հարուցման առիթը, քանի որ այն հարուցել է առանց օրինական առիթի ու հիմքի:

16. Ըստ բողոք բերող անձի, քննիչ Ա.Մինասյանը քրեական գործում կեղծ տեղեկություններ է մտցրել այն մասին, որ ինքը հրաժարվում է ցուցմունք տալ, առերես հարցաքննվել, արձանագրությունների տակ ստորագրել, չի կողմնորոշվում պաշտպան ունենալու հարցում:

17. Բողոքի հեղինակը գտնում է նաև, որ ապօրինի է թիվ 62216908 քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ 2008թ. դեկտեմբերի 29-ի որոշումը: Իր պնդումը բողոքաբերը հիմնավորում է նրանով, որ քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ որոշումը կայացվել է ապօրինի հարուցված քրեական գործի շրջանակներում, ինչպես նաև վարույթն իրականացնող մարմնի կողմից թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջների կոպիտ խախտում, որոնց համաձայն՝ քրեական գործի վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե դրա դեմ առարկում է մեղադրյալը:

Բողոքի հեղինակի պնդմամբ, ինքը բազմիցս` թե' հեռախոսով, թե' անձնական հանդիպումների ժամանակ, քննիչ Ա.Մինասյանին հայտնել է, որ համաձայն չէ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով գործի վարույթի կարճմանը:

18. Բողոքի հեղինակը նշում է նաև, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը պատշաճ գնահատական չի տվել այն հարցին, որ ինքը Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009թ. մարտի 16-ի դատական նիստի մասին չի ծանուցվել:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրում է բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009թ. հունիսի 15-ի որոշումը և կայացնել նոր դատական ակտ:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Վճռաբեկ բողոքում նշված հիմքերի սահմաններում վերլուծելով գործի նյութերը` Վճռաբեկ դատարանը գտավ, որ բողոքը պետք է բավարարել մասնակիորեն հետևյալ պատճառաբանություններով.

 

I. Քրեական գործի վարույթի կարճումը և քրեական հետապնդման դադարեցումը քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով

 

19. Սույն գործով Վճռաբեկ դատարանը պետք է պատասխանի այն հարցին, թե մինչդատական վարույթն իրականացնող մարմինն իրավասո՞ւ էր արդյոք կարճել քրեական գործի վարույթը և Ա.Սաղաթելյանի նկատմամբ դադարեցնել քրեական հետապնդումը վերջինիս քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով այն պարագայում, երբ նա այդ կապակցությամբ իր համաձայնությունը չէր տվել:

20. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն` «Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` «Սույն հոդվածի առաջին մասի 6-րդ և 13-րդ կետերում նշված հիմքերով գործի վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե դրա դեմ առարկում է մեղադրյալը: Այս դեպքում գործի վարույթը շարունակվում է սովորական կարգով»:

21. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի մեկնաբանությանը Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Մյասնիկ Հարութիկի Ավետիսյանի վերաբերյալ գործով 2009թ. հունիսի 29-ին կայացված թիվ ԵԿԴ/0019/11/09 որոշման մեջ և արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը՝ «(…) չժխտելով, որ անձի կատարած արարքն իր մեջ պարունակում է հանցակազմի հատկանիշներ, վարույթն իրականացնող մարմինը կարող է նրան ազատել քրեական պատասխանատվությունից` հիմք ընդունելով այն, որ կատարված արարքը կորցրել է իր վտանգավորության աստիճանը: ՀՀ քրեադատավարական օրենքն այս հիմքով անձին քրեական պատասխանատվությունից ազատելու պարտադիր նախապայման է դիտում նրա համաձայնությունը, որի բացակայությունը ենթադրում է վարույթի շարունակում ընդհանուր կարգով (…)»:

22. Հետևաբար, հիմք ընդունելով վերոգրյալ դատողությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով սույն քրեական գործի վարույթը կարճելու և Ա.Սաղաթելյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացնելով` քննիչը դուրս է եկել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի կիրառման թույլատրելի շրջանակներից, քանի որ գործի նյութերից երևում է, որ մեղադրյալը` Ա.Սաղաթելյանը, քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական գործի վարույթի կարճման կապակցությամբ համաձայնություն չի տվել:

 

II. Քրեական գործ հարուցելու մասին որոշման՝ դատական կարգով բողոքարկման հնարավորությունը

 

23. Սույն գործով Վճռաբեկ դատարանը պետք է պատասխանի նաև այն հարցին, թե մինչդատական վարույթն իրականացնող մարմնի՝ քրեական գործ հարուցելու մասին որոշումը ենթակա՞ էր արդյոք բողոքարկման մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում:

24. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների` սույն օրենսգրքով նախատեսված որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեական դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները և օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով և գործողություններով, և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից»:

25. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Սույն հոդվածի առաջին մասում նշված անձինք իրավունք ունեն նաև դատարան բողոքարկել հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներն ընդունելուց, քրեական գործ հարուցելուց հետաքննության մարմնի, քննիչի և դատախազի հրաժարվելը, ինչպես նաև քրեական գործը կասեցնելու, կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումները` սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի մեկնաբանությանը Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Վալերի Գրիգորյանի վերաբերյալ գործով 2008թ. հուլիսի 25-ին կայացված թիվ ԵԿԴ/0031/11/08 որոշմամբ, որում իրավական դիրքորոշում է արտահայտել քրեական գործ հարուցելու մասին որոշման՝ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա հանդիսանալու հարցի վերաբերյալ:

Վերոնշյալ որոշման մեջ Վճռաբեկ դատարանն այն տեսակետն է արտահայտել, որի համաձայն՝ «(…) Եթե հետաքննության մարմինների, քննիչի, դատախազի և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների որոշումները և գործողությունները խախտում են անձի իրավունքները և օրինական շահերը, ապա ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածում ամրագրված` դատական պաշտպանության իրավունքի ուժով դրանք ենթակա են դատական կարգով բողոքարկման:

Քանի որ քրեական գործ հարուցելու մասին որոշումը նախատեսված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 2-րդ մասում թվարկված բողոքարկման ենթակա որոշումների շարքում, ուստի, որպեսզի մինչդատական վարույթի ընթացքում քրեական գործ հարուցելու մասին որոշումը լինի դատական բողոքարկման առարկա, ապա պետք է պարզել, թե քրեական գործ հարուցելու մասին որոշումը խախտում է անձի իրավունքները և օրինական շահերը, թե՝ ոչ:

(…)

ՀՀ քրեական դատավարության օրենսդրության իմաստով քրեական գործ հարուցելու նպատակը ոչ թե անձին դատավարական կարգավիճակ տալն է, այլ օրինական քննության համար քրեադատավարական հիմք ստեղծելն է, որը հնարավորություն է տալիս արդյունավետ քննություն իրականացնելու նպատակով օգտագործել քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված բոլոր իրավական գործիքները(…)»:

26. Սույն գործի նյութերի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009թ. հունիսի 15-ի դատական ակտի ուսումնասիրությունից երևում է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը դատական ստուգման ընթացքում հետազոտված նյութերի և գործի փաստական հանգամանքների վերլուծությամբ իրավացիորեն եկել է այն համոզման, որ քննիչ Ա.Մինասյանի գործողությունները բխել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջներից: Քրեական գործ հարուցելու մասին քննիչի կողմից կայացված որոշմամբ ըստ էության չեն խախտվել Ա.Սաղաթելյանի իրավունքները, իսկ հարուցված քրեական գործը քննիչի կողմից կարճվել է այն պատճառաբանությամբ, որ անցել են քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները, և այդ ընթացքում ևս քննիչի կողմից Ա.Սաղաթելյանի նկատմամբ որևէ ապօրինի գործողություն չի կատարվել:

27. Հետևաբար, նկատի ունենալով, որ քրեական գործ հարուցելու մասին որոշմամբ չեն խախտվել Ա.Սաղաթելյանի իրավունքները և օրինական շահերը, քննիչի կողմից նրա նկատմամբ ապօրինի գործողություններ չեն կատարվել, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2008թ. դեկտեմբերի 22-ի որոշումը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասով նաև ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009թ. հունիսի 15-ի որոշումն օրինական են, հիմնավորված և պատճառաբանված, իսկ բողոքի հեղինակի փաստարկները հիմնավոր չեն:

28. Ինչ վերաբերում է բողոքաբերի փաստարկներին այն մասին, որ ՀԿԳ քննիչ Ա.Մինասյանը կեղծ տեղեկություններ է մտցրել քրեական գործում (տե՛ս սույն որոշման 16-րդ կետը), ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ա.Սաղաթելյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին 2008թ. նոյեմբերի 14-ի որոշումը քննիչ Ա.Մինասյանը նույն օրը հայտարարել է Ա.Սաղաթելյանին, նրան պարզաբանել է ինչպես մեղադրանքի էությունը, այնպես էլ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածով նախատեսված` մեղադրյալի իրավունքները և պարտականությունները:

Քննիչի կողմից 2008թ. նոյեմբերի 14-ին` ժամը 14:36-ին, Ա.Սաղաթելյանին է հանձնվել նաև որպես մեղադրյալ ներգրավելու մասին 2008թ. նոյեմբերի 14-ի որոշման պատճենը` իրավունքների և պարտականությունների ցանկի հետ միասին, և այդ մասին կազմվել է համապատասխան արձանագրություն, որի մեջ առկա է Ա.Սաղաթելյանի ստորագրությունը (տե՛ս քրեական գործ հատոր 3-րդ, 184-187-րդ էջեր): Այնուհետև քննիչ Ա.Մինասյանը Ա.Սաղաթելյանին բացատրել է պաշտպան ունենալու իրավունքը, իսկ Ա.Սաղաթելյանը հայտարարել է, որ պաշտպան ունենալու կամ չունենալու հարցում դեռևս չի կողմնորոշվել, և առանց որևէ պատճառաբանության հրաժարվել է ստորագրել քննիչի կազմած արձանագրությունը, հրաժարվել է նաև ցուցմունք տալուց, որի մասին 2008թ. նոյեմբերի 14-ին` ժամը 14:40-14:44-ին, քննիչ Ա.Մինասյանի կողմից կազմվել է արձանագրություն (տե՛ս քրեական գործ հատոր 3-րդ, 188-189-րդ էջեր):

29. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհիմն է նաև բողոքաբերի պնդումն այն մասին, որ ՀԿԳ քննիչ Ա.Մինասյանը քրեական գործ հարուցելու վերաբերյալ որոշման մեջ չի կարողացել նշել քրեական գործի հարուցման առիթը, քանի որ այն հարուցել է առանց օրինական առիթի ու հիմքի:

Նշված հարցի կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀԿԳ քննիչ Ա.Մինասյանի կողմից 2008թ. հոկտեմբերի 1-ին կայացված` քրեական գործ հարուցելու մասին որոշման բովանդակությունից երևում է, որ քրեական գործի հարուցման առիթը քաղաքացի Սոս Մելքոնյանի հաղորդումն է եղել:

30. Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ սույն գործով չի հիմնավորվում բողոքի հեղինակի պնդումն այն մասին, որ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009թ. մարտի 16-ի դատական նիստի մասին ինքը պատշաճ չի ծանուցվել, իսկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այդ հարցին պատշաճ գնահատական չի տվել:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ 2009թ. մարտի 16-ին նշանակված դատական նիստի մասին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը պատշաճ կարգով ծանուցել է Ա.Սաղաթելյանին և գործի նյութերում առկա է հանձնման ծանուցումը` 2009թ. մարտի 13-ի ստացման ստորագրությամբ (տե՛ս նյութեր 130-րդ էջ):

Այսպիսով, հիմք ընդունելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ներկայացված բողոքը ենթակա է բավարարման մասնակիորեն. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009թ. մարտի 16-ի որոշման և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009թ. հունիսի 15-ի որոշման մասով սույն գործը պետք է ուղարկվի Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետութ­յան քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Անահիտ Հայկի Սաղաթելյանի վերաբերյալ` Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009թ. մարտի 16-ի որոշումը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009թ. հունիսի 15-ի որոշումը բեկանել և այդ մասով գործն ուղարկել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

2. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009թ. հունիսի 15-ի որոշման մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

 

Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան