Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (11.08.2009-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.10.23/53(719).1 Հոդ.1178.12
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
11.08.2009
Подписан
Նախագահող
Дата подписания
11.08.2009
Дата вступления в силу
11.08.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/0630/02/08

Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/0630/02/08

2009թ.

Նախագահող դատավոր՝ Կ. Հակոբյան

Դատավորներ՝ Տ. Սահակյան

               Տ. Նազարյան


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ`

Վ. Աբելյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ա. Բարսեղյանի

 

Վ. Ավանեսյանի

Մ. Դրմեյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

 

Ե. Սողոմոնյանի

2009 թվականի օգոստոսի 11-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Սիրանուշ Կարապետյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.04.2009 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Ռաֆայել Մկրտչյանի ընդդեմ Սիրանուշ Կարապետյանի` փաստացի տիրապետմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու և ըստ Սիրանուշ Կարապետյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Ռաֆայել Մկրտչյանի` ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը հետ պահանջելու և տնից վտարելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ռաֆայել Մկրտչյանը պահանջել է ճանաչել Երևանի Ներքին Շենգավիթի 4 փողոցի թիվ 55 բնակելի տան նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Սիրանուշ Կարապետյանը պահանջել է Ռաֆայել Մկրտչյանի ապօրինի տիրապետումից վերադարձնել Երևանի Ներքին Շենգավիթի 4 փողոցի թիվ 55 բնակելի տունը և Ռաֆայել Մկրտչյանին և նրա ընտանիքին վտարել այդ տնից:

Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 30.07.2008 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը` բավարարվել:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 01.10.2008 թվականի որոշմամբ Դատարանի 30.07.2008 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել նոր քննության:

Դատարանի 29.12.2008 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը` բավարարվել:

Վերաքննիչ դատարանի 03.04.2009 թվականի որոշմամբ Դատարանի 29.12.2008 թվականի վճիռը բեկանվել է և այն փոփոխվել՝ հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սիրանուշ Կարապետյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Ռաֆայել Մկրտչյանը և Թագուհի Գրիգորյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1. Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ, 51-րդ, 53-րդ հոդվածները, որի արդյունքում սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ, 1226-րդ հոդվածների պահանջները, ինչպես նաև չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1227-րդ և 1228-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությամբ չի գնահատել գործում առկա բոլոր ապացույցները: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Ռաֆայել Մկրտչյանի կողմից մատնանշված ապացույցները` մոխրագույն վերարկուն, ակնոցները, փողկապը և թասակը չեն կարող համարվել թույլատրելի ապացույցներ, քանի որ դրանք չեն ներկայացվել նախապատրաստական փուլում և դատաքննության ժամանակ չեն ներկայացվել վկաներին, դրանցից հնարավոր չէ պարզել, որ դրանք պատկանել են հանգուցյալ Ղազար Մկրտչյանին, իսկ գործի քննության ընթացքում վկաները հանգուցյալի հագուստի մասին տվել են իրարամերժ ցուցմունքներ:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանի կողմից առանց որևէ հիմքի ապացուցված է համարվել, որ Ռաֆայել Մկրտչյանը, մինչև հոր մահվան մեկ տարին լրանալը պարբերաբար այլցելել է մորը, բնակվել նրա հետ և կատարել որոշակի աշխատանքներ: Մինչդեռ, նշված հանգամանքն ապացուցող փաստաթուղթ գործում առկա չէ:

Ավելին, գործով հիմնավորվել է, որ Ռաֆայել Մկրտչյանը միայն 2003 թվականից հետո է բնակվել Երևանի Ներքին Շենգավիթի 4 փողոցի թիվ 55 տանը, հետևաբար հոր մահից հետո վեցամսյա ժամկետում փաստացի չի տիրապետել ժառանգական գույքը:

Վերաքննիչ դատարանը որոշման հիմքում դրել է նաև այն հանգամանքը, որ Ռաֆայել Մկրտչյանը հոր մահից հետո պատրաստակամություն է հայտնել վերադարձնելու հոր պարտքը վկա Երվանդ Կարապետյանին, որով ակտիվ գործողություններ է ձեռնարկել` գույքը պահպանելու և այն երրորդ անձանց ոտնձգություններից կամ հավակնություններից պաշտպանելու համար: Մինչդեռ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված չէ այնպիսի դրույթ, որով ժառանգը ժառանգատուի պարտքը վերադարձնելու կամք դրսևորելով՝ համարվում է ժառանգությունը փաստացի ընդունած:

 

2. Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածը, ՀՀ դատական օրենսգրքի 91-րդ հոդվածը.

Վերաքննիչ դատարանը սույն գործի նկատմամբ ուներ կանխակալ կարծիք, քանի որ Վերաքննիչ դատարանը նույն կազմով իր վերաբերմունքն արդեն իսկ արտահայտել էր իր 01.10.2008 թվականի որոշմամբ: Այսինքն դատարանը նույն կազմով մասնակցել էր տվյալ գործի քննությանը և հայտնել իր կարծիքը:

Հետևաբար, Վերաքննիչ դատարանի սույն գործի քննությանը մասնակցած կազմը պարտավոր էր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածով և ՀՀ դատական օրենսգրքի 91-րդ հոդվածով ինքնաբացարկ հայտնել:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 03.04.2009 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 29.12.2008 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վերաքննիչ դատարանը չի խախտել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ, 53-րդ հոդվածները և ճիշտ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ, 1226-րդ հոդվածները:

Հոր՝ Ղազար Մկրտչյանի մահից անմիջապես հետո Ռաֆայել Մկրտչյանը բնակվել է Երևանի Ներքին Շենգավիթի 4 փողոցի թիվ 55 տանը, ինչպես նաև, որպես ժառանգ շարունակել է կրել իր հոր վերարկուն, ակնոցները, գլխարկը, դրանով իսկ փաստացի ընդունել ժառանգությունը:

Բացի այդ, Ռաֆայել Մկրտչյանը ժառանգատուի մահից հետո վիճելի հասցեում իր հաշվին կատարել է բարելավման աշխատանքներ և բնակվելով այդտեղ՝ հոգ է տարել ժառանգության զանգվածի մեջ մտնող ամբողջ գույքի նկատմամբ, դրանով իսկ միջոցներ ձեռնարկել այն երրորդ անձանց ոտնձգություններից կամ հավակնություններից պաշտպանելու համար:

 

4. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունի հետևյալ փաստը՝

1. ՀՀ կառավարության առընթեր անշարժ գույքի կադաստրի Էրեբունի տարածքային ստորաբաժանման 16.04.2008 թվականի տեղեկանքի համաձայն՝ Երևանի Ներքին Շենգավիթի 4 փողոցի թիվ 55 բնակելի տան սեփականատերն է Սիրանուշ Կարապետյանը: Նշված գույքը Սիրանուշ Կարապետյանը ձեռք է բերել Ղազար Մկրտչյանի հետ ամուսնության ընթացքում (գ.թ. 8, 30, հ. 1-ին):

2. Ղազար Մկրտչյանը մահացել է 16.10.1989 թվականին (գ.թ. 18, հ. 1-ին):

3. Ռաֆայել Մկրտչյանը Ղազար Մկրտչյանի որդին է (գ.թ. 7, հ. 1-ին):

4. Երևանի Նոր-Նորք համայնքի «Նոր-Նորք» 02-40 համատիրության 16.04.2008 թվականի տեղեկանքի համաձայն՝ Ռաֆայել Մկրտչյանն ընտանիքով 1978 թվականից բնակվել է Երևանի Գայի պողոտայի 1/1 շենքի թիվ 74 բնակարանում, իսկ 2003 թվականից փաստացի բնակվում է Երևանի Ներքին Շենգավիթի 4 փողոցի թիվ 55 տանը (գ.թ. 6, հ. 1-ին):

5) Ըստ Ռաֆայել Մկրտչյանի 16.06.2008 թվականի տեղատեսության ժամանակ տրված բացատրության` Երևանի Ներքին Շենգավիթի 4 փողոցի թիվ 55 տան վերանորոգման աշխատանքները կատարել է շուրջ չորս տարի առաջ (հատոր 1, գ.թ. 71):

6) Վկաներ՝ Երվանդ Կարապետյանի, Լևոն Կարապետյանի, Ամալյա Հովսեփյանի, Անահիտ Ստեփանյանի, Ելենա Սուքիասյանի և Կարինե Բաղդասարյանի հայտարարության համաձայն՝ հոր՝ Ղազար Մկրտչյանի կենդանության օրոք կրած վերարկուն նրա մահից հետո կրել է որդին՝ Ռաֆայել Մկրտչյանը (գ.թ. 48, հ. 1-ին):

7) Վկաներ՝ Վերգինե Լալայանի, Էլյա Ղազարյանի, Գայանե Պողոսյանի, Աշոտ Կարապետյանի, Օֆիկ Հովսեփյանի, Ռոզա Պետրոսյանի և Եղիշե Թադևոսյանի հայտարարության համաձայն՝ այն հայտարարությունը, որ Ռաֆայել Մկրտչյանը, հոր մահից հետո հագել և օգտագործել է հոր վերարկուն՝ չի համապատասխանում իրականությանը (գ.թ. 19, հ. 3-րդ):

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

1) Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է որ,

Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության հիման վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործով ապացույցներ են նույն օրենսգրքով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: Այդ տեղեկությունները հաստատվում են՝

1. գրավոր և իրեղեն ապացույցներով,

2. փորձագետների եզրակացություններով,

3. վկաների ցուցմունքներով,

4. գործին մասնակցող անձանց ցուցմունքներով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգքրի 56-րդ հոդվածի համաձայն՝ իրեղեն ապացույցներ են այլ առարկաները, որոնք իրենց արտաքին տեսքով, ներքին հատկություններով, գտնվելու վայրով կամ այլ հատկանիշներով կարող են գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների հաստատման միջոց դառնալ: Իրեղեն ապացույցներ են նաև լուսանկարները (լուսաժապավենները), ձայնագրություններն ու տեսագրությունները:

Սույն գործով Դատարանը հաստատված համարելով, որ դատաքննության ընթացքում կողմերի միջնորդություններով, որպես վկա հարցաքննված անձինք տվել են իրարամերժ ցուցմունքներ, հանգել է այն հետևության, որ այդ անձանց կողմից տրված հայտարարությունները չպետք է ընդունվեն և գնահատվեն որպես ապացույց:

Վերաքննիչ դատարանը, հիմք ընդունելով գործի քննության ընթացքում հարցաքննված վկաների ցուցմունքները, հաստատված է համարել, որ Ռաֆայել Մկրտչյանը հոր մահից հետո հոգ է տարել և պահպանել ժառանգության զանգվածի մեջ մտած գույքի մի մասը, մասնավորապես՝ մոխրագույն անձրևանոցը, դեղին թասակը, և հանգել է այն հետևության, որ ժառանգի կողմից ժառանգության մի մասի ընդունումը նշանակում է իրեն հասանելիք ամբողջ ժառանգության ընդունում, անկախ այն բանից, թե ինչ է այն իրենից ներկայացնում և որտեղ է գտնվում:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքի հիմքում բարձրացված հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է պարզել արդյո՞ք գործում առկա ապացույցները հնարավորություն են տալիս հաստատված համարելու այն փաստը, որ Ռաֆայել Մկրտչյանն օրենքով սահմանված ժամկետում ընդունել է իր հոր՝ Ղազար Մկրտչյանի ժառանգությունը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերի համաձայն՝ ժառանգությունը ձեռք բերելու համար ժառանգը պետք է այն ընդունի: Ժառանգի կողմից ժառանգության մի մասի ընդունումը նշանակում է իրեն հասանելիք ամբողջ ժառանգության ընդունում, անկախ այն բանից, թե ինչ է այն իրենից ներկայացնում և որտեղ է գտնվում: Նույն օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ եթե այլ բան ապացուցված չէ, ապա ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա սկսում է փաստացի տիրապետել կամ կառավարել ժառանգված գույքը՝ ներառյալ, երբ ժառանգը միջոցներ է ձեռնարկել գույքը պահպանելու և այն երրորդ անձանց ոտնձգություններից կամ հավակնություններից պաշտպանելու համար, իր հաշվին կատարել է գույքը պահպանելու ծախսեր, իր հաշվից վճարել է ժառանգատուի պարտքերը կամ երրորդ անձանցից ստացել է ժառանգատուին հասանելիք գումարները:

Սույն գործի փաստերի համադրության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վկաների կողմից տրված հայտարարություններն իրենց բնույթով վերաբերելի և թույլատրելի ապացույցներ են, սակայն դրանցում առկա տեղեկությունների հակասականությունը հնարավորություն չի տալիս հաստատված ճանաչելու Ռաֆայել Մկրտչյանի կողմից օրենքով սահմանված ժամկետում իր հոր՝ Ղազար Մկրտչյանի ժառանգության զանգվածի մի մասի, հետևաբար նաև ամբողջ ժառանգության ընդունման փաստը:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ վեճի առարկա անձրևանոցի և թասակի վերաբերյալ հայցվոր կողմի պնդումը հաստատված փաստ ճանաչելու համար անհրաժեշտ է դատարանին ներկայացնել պնդումը հիմնավորող առավել արժանահավատ ապացույցներ, օրինակ՝ անձրևանոցը, այն իր հոր՝ Ղազար Մկրտչյանի և այնուհետև իր հագին պատկերող լուսանկարներ, տեսաձայնագրություններ և այլն: Միայն այդ պայմաններում դատարանը հնարավորություն կունենար հաստատված ճանաչել Ռաֆայել Մկրտչյանի կողմից օրենքով սահմանված ժամկետում իր հոր՝ Ղազար Մկրտչյանի ժառանգության զանգվածի մի մասի, հետևաբար նաև ամբողջ ժառանգության ընդունման փաստը:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ Ռաֆայել Մկրտչյանը կատարել է ակտիվ գործողություններ, որոնք ուղղված են ժառանգական զանգվածի մի մասի ընդունմանը, մասնավորապես, հոր՝ Ղազար Մկրտչյանի պարտքի վճարման վերաբերյալ կամահայտնությունը, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված գործողությունը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ կետի 3-րդ ենթակետի ուժով` ժառանգատուի պարտքը վճարելու փաստ չէ, հետևաբար նաև ժառանգի կողմից ժառանգության ընդունման հիմք չէ:

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերը նշված պատճառաբանությամբ:

 

2) Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորի ինքնաբացարկի հիմքերը uահմանվում են Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 91 հոդվածով:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորն ինքնաբացարկ է հայտնում իր նախաձեռնությամբ կամ գործին մասնակցող անձի միջնորդությամբ:

ՀՀ դատական օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե նա տեղյակ է այնպիսի փաստերի կամ հանգամանքների մասին, որոնք կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անկողմնակալության մեջ: Ինքնաբացարկի հիմքերը ներառում են ի թիվս այլոց այն դեպքերը, երբ՝ դատավորը կանխակալ վերաբերմունք ունի որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, պաշտպանի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ, իսկ նույն հոդվածի նույն մասի 2-րդ կետի համաձայն՝ դատավորը կամ նրա ամուսինը կամ նրանց հետ արյունակցական` մինչև 3-րդ աստիճանի կապի մեջ գտնվող անձը ողջամտորեն կհանդիսանա (հիմքեր ունի կարծելու, որ նա կհանդիսանա) գործին մասնակցող անձ կամ մասնակցել է տվյալ գործի քննությանը ստորին ատյանում` որպես դատավոր կամ գործին մասնակցող անձ:

Վերը նշված հոդվածներից հետևում է, որ օրենսդիրն ամրագրելով յուրաքանչյուրի՝ անկողմնակալ դատարանի կողմից իր գործի քննության իրավունքի լիարժեք իրականացումը, սահմանել է այն հիմքերը, որոնց առկայության պայմաններում դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել:

Մասնավորապես, ՀՀ դատական օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի ուժով այդ հիմքերն են, երբ

1) դատավորը կանխակալ վերաբերմունք ունի որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, պաշտպանի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ, կամ

2) դատավորը մասնակցել է տվյալ գործի քննությանը ստորին ատյանում` որպես դատավոր:

Վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներում արդեն իսկ անդրադարձել է նույն դատարանում նույն գործի քննությանը դատավորների մասնակցության իրավական հարցին:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Սահմանադրության 19-րդ հոդվածով և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված յուրաքանչյուրի՝ անկողմնակալ դատարանի կողմից իր գործի քննության իրավունքը, արդար դատաքննության բաղկացուցիչ տարրն է:

Վճռաբեկ դատարանը նշել է, որ ցանկացած դատավոր, որի անաչառության վերաբերյալ օրինա­­կան կասկածներ կան, պետք է դուրս գա դա­տա­րա­նի կազմից: Նշված կասկածները պետք է ստուգվեն տարբեր ճանապարհներով: Առաջինը՝ սուբյեկտիվ մոտեցումն է, որը փորձում է պարզել տվյալ դատավորի անձնական համոզմունքները քննվող գործի կապակցությամբ և երկրորդը՝ օբյեկտիվ մոտեցումը, որը սահմանում է, թե արդյո՞ք դատավորի կողմից առաջարկվող երաշխիքները բավարար են այդ կապակցությամբ առաջացած ցանկացած օրինաչափ կասկած բացառելու համար (տես՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը «Պյերսակն ընդ­­դեմ Բելգիայի» գործով 01.10.1982թ., կետ 30):

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի վերլուծությունից հետևում է, որ այդ իրավական նորմերի ընդհանրական մոտեցումը դատարանի կամ դատավորի անաչառության կանխավարկածն է, որը գործում է այնքան ժամանակ, քանի դեռ նրա աչառությունն ապացուցված չէ (տես՝ Կարինե Հարությունյանի դիմումը` նոր երևան եկած հանգամանքների հիմքով դատական ակտը վերանայելու պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի 13.03.2009 թվականի թիվ ԵԱՔԴ/1137/02/08 որոշումը):

Հիմք ընդունելով վերոգրյալը և համադրելով սույն գործի փաստերը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանում դատարանի կազմի մեջ դատավորների ընդգրկված լինելը և նույն գործի քննությանը նրանց մասնակցությունը հիմք չէ նրանց աչառությունը հաստատված համարելու համար:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով՝ Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.04.2009 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 29.12.2008 թվականի վճռին:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Վ. Աբելյան

Դատավորներ`

 

Ա. Բարսեղյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

 

Ե. Սողոմոնյան