Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (17.04.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.07.21/36(702).1 Հոդ.842.39
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
17.04.2009
Подписан
Նախագահող
Дата подписания
17.04.2009
Дата вступления в силу
17.04.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վարչական դատարանի վճիռ

Վարչական գործ թիվ ՎԴ 3/0294/05/08

Վարչական գործ թիվ ՎԴ 3/0294/05/08

2009թ.

Դատավոր՝ Ա. Պողոսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ


ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ


Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ`

Տ. Պետրոսյանի

Վ. Աբելյանի

 

Ս. Անտոնյանի

 

Ա. Բարսեղյանի

 

Մ. Դրմեյանի

Ե. Խունդկարյանի

Է. Հայրիյանի

Ե. Սողոմոնյանի

2009 թվականի ապրիլի 17-ին,

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության (այսուհետ՝ Տեսչություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 16.10.2008 թվականի վճռի դեմ՝ ըստ Տեսչության հայցի ընդդեմ Տաթևիկ Մնացականյանի՝ 40.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, և ըստ Տաթևիկ Մնացականյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Տեսչության Արարատի մարզային կենտրոնի՝ վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Տեսչությունը պահանջել է բռնագանձել Տաթևիկ Մնացականյանից Տեսչության Արարատի մարզային կենտրոնի պետի 06.05.2008 թվականի որոշմամբ նշանակված վարչական տույժի գումարը՝ 40.000 ՀՀ դրամ:

Դիմելով դատարան՝ Տաթևիկ Մնացականյանը պահանջել է առոչինչ ճանաչել վարչական տույժ նշանակելու մասին 06.05.2008 թվականի թիվ 1750 որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 16.10.2008 թվականի վճռով Տեսչության հայցը մերժվել է, իսկ Տաթևիկ Մնացականյանի հակընդդեմ հայցը՝ բավարարվել:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Տեսչությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Տաթևիկ Մնացականյանը:

 

2.1. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.     

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Դատարանը սխալ է մեկնաբանել «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի սխալ մեկնաբանության արդյունքում Դատարանը հանգել է այն եզրակացության, որ Տեսչության պետի 02.04.2008 թվականի թիվ 0716/03 հանձնարարագրում նշված չէ ստուգմամբ ընդգրկվող ժամանակաշրջանը:

2) Դատարանը չի կիրառել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4.1 մասը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը հաշվի չի առել, որ սանիտարական կանոններով սահմանված պահանջները պահպանելու ֆիզիկական և իրավաբանական անձանց պարտականությունը բխում է ՀՀ Սահմանդրության 83.5-րդ հոդվածի և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի պահանջներից, և ոչ թե՝ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատված կանոններից:

Բացի այդ, Դատարանն անտեսել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4.1 մասը, որով թույլատրվում է օրենքով նախատեսված դեպքերում սանիտարական նորմեր, կանոններ նախատեսել այլ իրավական ակտերով, սակայն պայմանով, որ չսահմանվեն իրավունքների նոր սահմանափակումներ կամ պարտականություններ:

Հետևաբար, հիմնավոր չէ Դատարանի եզրահանգումն այն մասին, որ տվյալ դեպքում սանիտարական նորմերն ու կանոնները դրանց կիրառման պահին օրենքի ուժով չեն գործել, ինչպես նաև այն, որ ՀՀ առողջապահության նախարարի 29.11.2002 թվականի թիվ 804 հրամանը հակասում է ՀՀ սահմանադրության 83.5 հոդվածին, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 6-րդ մասին, 94-րդ հոդվածի 3-րդ մասին:

3) Դատարանը սխալ է մեկնաբանել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Տեսչությունը գործում է առողջապահության նախարարության կազմում, և այն կառավարում է ՀՀ առողջապահության նախարարը, հետևաբար, հիմնավոր չէ դատարանի այն հետևությունը, որ ՀՀ առողջապահության նախարարն իրավասու չէ հաստատելու սանիտարական կանոններ:

4) Դատարանը կիրառել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի 4-րդ մասը, որը չպետք է կիրառեր, չի կիրառել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը վարչական իրավախախտման համար տույժ նշանակելու վերաբերյալ իրավահարաբերությունների նկատմամբ պետք է կիրառեր Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի նորմերը, քանի որ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությունն այդ օրենսգրքով նախատեսված առանձնահատուկ վարչական վարույթ է: Տվյալ դեպքում, Դատարանի կողմից «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի դրույթների սխալ կիրառումն ազդել է գործի ելքի վրա, քանի որ գրավոր վարչական ակտին ներկայացվող պահանջները տուգանք նշանակելու մասին 06.05.2008 թվականի որոշմամբ չեն խախտվել:

5) Դատարանը չի կիրառել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 254-րդ, 255-րդ, 281-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը սխալ է մեկնաբանել «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը և հանգել այն հետևության, որ ստուգում իրականացնող անձի կողմից վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմումն իրավաչափ չէ: Արդյունքում, Դատարանը չի կիրառել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը, որը պետք է կիրառեր և կիրառել է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը, որը չպետք է կիրառեր:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վարչական դատարանի 16.10.2008 թվականի վճիռը և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության:

 

2.2. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Ստուգումներն իրականացվել են «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ և 6-րդ հոդվածների պահանջների խախտմամբ:

Մասնավորապես, հանձնարարագրում նշված չեն ստուգման հարցերը, ստուգմամբ ընդգրկվող ժամանակաշրջանը, ստուգման իրավական հիմքերը, ստուգման նպատակը, ժամկետը, այն իրավական նորմերը, որոնց պահանջները չեն կատարվել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Տեսչության պետի 02.04.2008 թվականի թիվ 0716/03 հանձնարարագրի համաձայն՝ 14.04.2008 թվականից մինչև 23.04.2008 թվականն ընկած ժամանակահատվածում անհատ ձեռներեց Տաթևիկ Մնացականյանի գեղեցկության սրահում անցկացվել է սանիտարական օրենսդրության, սանիտարական կանոնների և նորմերի, հիգիենիկ նորմատիվների, սանիտարահիգիենիկ և սանիտարահամաճարակային կանոնների և նորմերի, հակահամաճարակային ռեժիմի պահանջների կատարման նկատմամբ թեմատիկ ստուգում (գ.թ. 4-6):

2) Տեսչության 23.04.2008 թվականի սանիտարահիգիենիկ և սանիտարահամաճարակային կանոնների խախտման մասին թիվ 2079 արձանագրության համաձայն՝ Տաթևիկ Մնացականյանի գեղեցկության սրահում հայտնաբերվել են ՀՀ առողջապահության նախարարի 29.11.2002 թվականի թիվ 804 հրամանով սահմանված «Գեղեցկության սրահներին ներկայացվող սանիտարական կանոնների» խախտումներ (գ.թ. 7):

3) Տեսչության «Տուգանք սահմանելու մասին» 06.05.2008 թվականի թիվ 1750 որոշման համաձայն՝ Տաթևիկ Մնացականյանի նկատմամբ նշանակվել է տուգանք 40.000 ՀՀ դրամի չափով (գ.թ. 8):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.        

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ

1) Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

«Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմատիվները (հետագայում` սանիտարական կանոններ) սահմանում են բնակչության համար շրջակա միջավայրի անվտանգության և ոչ վնասակարության չափանիշներն ու մարդու կենսագործունեության համար բարենպաստ պայմանների ապահովման պահանջները:

Վերը նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ սանիտարական օրենսդրության, սանիտարական կանոնների և նորմերի, հիգիենիկ նորմատիվների, սանիտարահիգիենիկ և սանիտարահամաճարակային կանոնների և նորմերի, հակահամաճարակային ռեժիմի պահանջների կատարման նկատմամբ թեմատիկ ստուգումն իրականացվում է բնակչության համար շրջակա միջավայրի անվտանգությունը և ոչ վնասակարության չափանիշներն ու մարդու կենսագործունեության համար բարենպաստ պայմաններն ապահովելու համար:

ՀՀ առողջապահության նախարարի «Գեղեցկության սրահներին ներկայացվող N 2-III-2.2.3 սանիտարական կանոնները հաստատելու մասին» 29.11.2002 թվականի թիվ 804 հրամանի 3.1. կետի համաձայն՝ գեղեցկության սրահները պետք է ապահովված լինեն սառը և տաք ջրով, կոյուղով, ջեռուցմամբ, օդափոխիչ համակարգերով, էլեկտրականությամբ, իսկ նույն հրամանի 3.3 համաձայն՝ գեղեցկության սրահների լուսավորվածությունը պետք է համապատասխանի «Արհեստական և բնական լուսավորում» ՀՀ ՇՆ II-8.03-96 շինարարական նորմերի պահանջներին:

Սույն գործում առկա՝ Տեսչության 23.04.2008 թվականի սանիտարահիգիենիկ և սանիտարահամաճարակային կանոնների խախտման մասին թիվ 2079 արձանագրության համաձայն՝ Տաթևիկ Մնացականյանի գեղեցկության սրահն ապահովված չէ ջեռուցման, օդափոխման, օդի լավորակման համակարգերով ՀՀ ՇՆ II-8.03-96 շինարարական նորմերի պահանջներին համապատասխան:

Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սանիտարական կանոնների և նորմերի, հիգիենիկ նորմատիվների, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային կանոնների և նորմերի, հակահամաճարակային ռեժիմի պահանջների, այդ թվում ՀՀ առողջապահության նախարարի «Գեղեցկության սրահներին ներկայացվող N 2-III-2.2.3 սանիտարական կանոնները հաստատելու մասին» 29.11.2002 թվականի թիվ 804 հրամանի 3.1. կետի պահանջների կատարման ստուգումը կարող է իրականացվել միայն ստուգման պահի դրությամբ: Նման ստուգման նպատակն է արձանագրել վերոհիշյալ կանոնների ու նորմերի պահպանման վիճակը ստուգման պահին, հետևաբար, բողոք բերող անձի փաստարկն այն մասին, որ հանձնարարագրում օբյեկտիվորեն հնարավոր չէր նշել ստուգմամբ ընդգրկվող այլ ժամանակաշրջան, հիմնավոր է: Նման պայմաններում ստուգմամբ ընդգրկվող ժամանակաշրջանը համընկնում է ստուգման պահին:

Մինչդեռ, սույն գործով Դատարանը գտել է, որ 02.04.2008 թվականի թիվ 0716/03 հանձնարարագիրը կազմվել է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի պահանջների խախտմամբ, մասնավորապես, այնտեղ նշված չէ ստուգմամբ ընդգրկվող ժամանակաշրջանը:

 

2) Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրության 83.5 հոդվածի համաձայն՝ բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով են սահմանվում ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների և ազատությունների սահմանափակումները, նրանց պարտականությունները, ինչպես նաև պատասխանատվության տեսակները, չափերը, պատասխանատվության ենթարկելու կարգը, հարկադրանքի միջոցներն ու դրանք կիրառելու կարգը, ֆիզիկական և իրավաբանական, անձանց կողմից վճարվող հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների տեսակները, չափը, վճարման կարգը:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4.1 մասի համաձայն՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց՝ օրենքով նախատեսված իրավունքների կամ պարտականությունների իրականացումը կանոնակարգող կանոններ, կարգեր կամ տեխնիկական նորմեր (քաղաքաշինական, սանիտարական, հակահրդեհային, հաշվապահական հաշվառման, ստանդարտացման և այլն) օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում և սահմաններում կարող են նախատեսվել իրավական այլ ակտերով, որոնք չեն կարող պարունակել իրավունքների նոր սահմանափակումներ կամ պարտականություններ:

«Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սանիտարական կանոնների կատարումը պարտադիր է բոլոր պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, ինչպես նաև պաշտոնատար անձանց և քաղաքացիների համար, իսկ նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ սանիտարական կանոնների մշակման, հաստատման, վերանայման և կիրարկման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Նույն օրենքի 9-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները պարտավոր են կատարել Հայաստանի Հանրապետության սանիտարական օրենսդրության պահանջները և արտադրական վերահսկողություն իրականացնել դրա նկատմամբ:

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ իրավաբանական և ֆիզիկական անձանց իրավունքների և ազատությունների սահմանափակումները, ինչպես նաև նրանց պարտականությունները սահմանվում են միայն օրենքով: Ընդ որում՝ իրավաբանական և ֆիզիկական անձանց պարտականությունների իրականացումը կանոնակարգող կանոնները, կարգերը կամ տեխնիկական նորմերն օրենքով ուղղակիորեն նախատեսված չլինելու դեպքում կարող են նախատեսվել իրավական այլ ակտերով, որոնք իրենց հերթին չեն կարող պարունակել նոր պարտականություններ:

Միաժամանակ, սանիտարական կանոնների մշակման, հաստատման, վերանայման և կիրարկման կարգի սահմանումը վերապահելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը` օրենքը բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձանց համար սահմանել է այդ կանոնների պարտադիր կատարման պարտականություն:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Տեսչության «Տուգանք սահմանելու մասին» 06.05.2008 թվականի թիվ 1750 որոշման համար հիմք ծառայած ՀՀ առողջապահության նախարարի «Գեղեցկության սրահներին ներկայացվող N 2-III-2.2.3 սանիտարական կանոնները հաստատելու մասին» 29.11.2002 թվականի թիվ 804 հրամանն, ըստ էության սահմանում է Հայաստանի Հանրապետության սանիտարական օրենսդրության պահանջները պահպանելու պարտականությանն ուղղված կանոնակարգող կանոններ, իսկ սանիտարական նորմերի և կանոնների կատարման պարտականությունը, ինչպես նաև նման նորմերն ու կանոններն իրավական այլ ակտերով նախատեսելու հնարավորությունն ուղղակիորեն սահմանված են օրենքով:

Հետևաբար, հիմնավոր չէ Դատարանի այն հետևությունը, որ սանիտարական կանոնները հաստատվել են «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 6-րդ մասի և ՀՀ սահմանադրության 83.5 հոդվածի պահանջների խախտմամբ:

 

3) Վճռաբեկ բողոքը երրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

«Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն՝ սանիտարական կանոնների մշակումն ու հաստատումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը:

ՀՀ կառավարության 15.08.2002 թվականի թիվ 1316-Ն որոշման համաձայն՝ հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության Նախագահի 16.03.2002 թվականի ՆՀ-1064 հրամանագրի 4-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կազմում գործող Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության՝ առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով:

Նույն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրության 9-րդ կետի համաձայն՝ ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությունը կառավարում է ՀՀ առողջապահության նախարարը:

Վերը նշված նորմերից հետևում է, որ սանիտարական կանոնները մշակում ու հաստատում է Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը: Տվյալ ծառայության իրավահաջորդն է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կազմում գործող Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությունը, ընդ որում՝ Տեսչությունը կառավարում է ՀՀ առողջապահության նախարարը:

Հիմք ընդունելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ առողջապահության նախարարն ի պաշտոնե պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության ղեկավարն է և «Գեղեցկության սրահներին ներկայացվող N 2-III-2.2.3 սանիտարական կանոնները հաստատելու մասին» 29.11.2002 թվականի թիվ 804 հրամանը տալու նրա իրավունքը բխում է «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի և ՀՀ կառավարության 15.08.2002 թվականի թիվ 1316-Ն որոշման պահանջներից:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր չէ Դատարանի այն պատճառաբանությունը,  թե ՀՀ առողջապահության նախարարի 29.11.2002 թվականի թիվ 804 հրամանը չի բխում «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի պահանջներից:

 

4) Վճռաբեկ բողոքը չորրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Դատարանի վճռի հիմքում դրվել է այն հանգամանքը, որ «Տուգանք սահմանելու մասին» Տեսչության պետի 06.05.2008 թվականի թիվ 1750 որոշումը չի համապատասխանում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված՝ գրավոր վարչական ակտին ներկայացվող պահանջներին, մասնավորապես, այն չի պարունակում ակտով լուծվող հարցի նկարագրությունը (նկարագրական մաս), ակտի ընդունման հիմնավորումը (պատճառաբանական մաս):

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ առանձին տեսակի վարչական վարույթների առանձնահատկությունները սահմանվում են օրենքներով և ՀՀ միջազգային պայմանագրերով:

Վարչական պատասխանատվության ենթարկելու գործերի վարույթը վարչական պատասխանատվության ենթարկելու մասին առանձին տեսակի վարչական վարույթ է, որը կարգավորվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի՝ վարչական պատասխանատվության ենթարկելու մասին գործերի քննության վարույթը կարգավորող նորմերով:

Մասնավորապես, վարչական իրավախախտման վերաբերյալ գործերի քննության ընթացքում ընդունված որոշման բովանդակության համար վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 281-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված են այլ պահանջներ, քան «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված՝ գրավոր վարչական ակտին ներկայացվող պահանջները:

Այսպես, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 281-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քննելով վարչական իրավախախտման գործը, մարմինը (պաշտոնատար անձը) գործի վերաբերյալ որոշում է ընդունում…, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ որոշումը պետք է պարունակի այն ընդունած մարմնի (պաշտոնատար անձի) անվանումը, գործի քննության ժամանակաթիվը, տեղեկություններ այն անձի մասին, որի վերաբերյալ քննվում է գործը, գործի քննության ընթացքում հաստատված հանգամանքների շարադրանքը, տվյալ վարչական իրավախախտման համար պատասխանատվություն նախատեսող նորմատիվ ակտի նշումը, գործի վերաբերյալ ընդունված որոշումը:

Սույն գործում առկա «Տուգանք սահմանելու մասին» Տեսչության 06.05.2008 թվականի թիվ 1750 որոշման ուսումնասիրման արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն կազմվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 281-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին համապատասխան:

 

5) Վճռաբեկ բողոքը հինգերորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 254-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտում կատարելու մասին արձանագրությունը կազմում է դրա համար լիազորված պաշտոնատար անձը:

Սույն վարչական գործով Դատարանը, վկայակոչելով «Հայաստանի Հանրապետության ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը, նշել է, որ ստուգում իրականացնող անձինք իրավազոր չեն կազմել արձանագրություն, քանի որ դա նախատեսված չէ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով:

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքով վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմումը նախատեսված չլինելու հիմքով Դատարանը ստուգում իրականացնողի կողմից 23.04.2008 թվականի թիվ 2079 արձանագրության կազմումը գնահատել է որպես ոչ իրավաչափ, որի արդյունքում իրավախախտման մասին արձանագրությունը դիտվել է որպես ապացուցողական ուժ չունեցող և անթույլատրելի ապացույց:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի կողմից անտեսվել է այն հանգամանքը, որ վարչական իրավախախտման վերաբերյալ գործերի՝ որպես վարչական վարույթի առանձին տեսակի, առանձնահատկությունները սահմանված են ոչ թե «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքով, այլ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով: Անտեսվել է նաև այն հանգամանքը, որ Տեսչությունը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի պահանջներով, ստուգման կապակցությամբ իրականացրել է օրենքով նախատեսված բոլոր գործառույթները և կազմել թիվ 2364 ստուգման ակտը, սակայն, միևնույն ժամանակ հայտնաբերելով վարչական իրավախախտման հատկանիշներ, հիմք ընդունելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 254-րդ, 255-րդ, 236-րդ, 42-րդ հոդվածները, կազմել է նաև վարչական իրավախախտման մասին արձանագրություն, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքին համապատասխան իրականացրել է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննություն, 282-րդ հոդվածի հիման վրա կայացրել է որոշում՝ տուգանք սահմանելու մասին: Նշված որոշումը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում չի բողոքարկվել, իսկ հակընդդեմ հայց ներկայացնելիս Ա/Ձ Տաթևիկ Մնացականյանի կողմից Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 288-րդ հոդվածով սահմանված կարգով որևէ դիմում չի ներկայացվել բաց թողնված ժամկետը վերականգնելու խնդրանքով:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը, Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով, Դատարանի վճիռը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված՝ անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ Վարչական դատարանի 16.10.2008 թվականի վճիռը և այն փոփոխել. ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության հայցը բավարարել՝ Տաթևիկ Մնացականյանից բռնագանձել 40.000 ՀՀ դրամ վարչական տույժի գումարը: Տաթևիկ Մնացականյանի հակընդդեմ հայցը մերժել:

Ա/ձ Տաթևիկ Մնացականյանից հօգուտ ՀՀ առողջապահության նախարարության բռնագանձել 10.000 ՀՀ դրամ որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի գումար:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  

Ս. Սարգսյան

Դատավորներ`

Տ. Պետրոսյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան