ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հունիսի 2009 թվականի N 715-Ն
ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՇՐՋԱՆԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ, ԴՐԱ ԿՐՃԱՏՄԱՆ ԿԱՄ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Օրգանական գյուղատնտեսության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել օրգանական գյուղատնտեսության անցումային շրջանի տևողությունը, դրա կրճատման կամ երկարաձգման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. հուլիսի 2 Երևան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի N 715-Ն որոշման |
ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՇՐՋԱՆԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ, ԴՐԱ ԿՐՃԱՏՄԱՆ ԿԱՄ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ԿԱՐԳԸ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում օրգանական գյուղատնտեսության անցումային շրջանի տևողությունը, դրա կրճատման կամ երկարաձգման կարգը:
II. ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՇՐՋԱՆԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ
2. Օրգանական գյուղատնտեսության անցումային շրջանն սկսվում է օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսավարողի կողմից օրգանական գյուղատնտեսության միավորում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան արտադրություն սկսելու վերաբերյալ սերտիֆիկացման մարմին հայտ ներկայացնելու պահից:
3. Անցումային շրջանի տևողությունն օրգանական բուսաբուծություն իրականացնող միավորում սահմանվում է`
1) միամյա և երկամյա մշակաբույսերի համար` 24 ամիս, նախքան օրգանական մշակաբույսի ցանքը կամ տնկումը.
2) արոտավայրերի համար` 24 ամիս, նախքան խոտի օրգանական արածեցման նպատակով օգտագործումը.
3) բազմամյա մշակաբույսերի և խոտհարքների համար (բացի արոտավայրերից)` 36 ամիս, մինչև առաջին օրգանական բերքի հավաքը:
4. Սովորական (ավանդական) գյուղատնտեսական արտադրական միավորից օրգանական բուսաբուծություն իրականացնող միավոր գյուղատնտեսական կենդանիների և թռչունների ներմուծման դեպքում անցումային շրջանի տևողությունը սահմանվում է՝
1) խոշոր եղջերավոր անասունների և ձիերի համար`
ա. լիահասակ կենդանիներ, աճեցված մսի արտադրության նպատակով` 12 ամիս կամ իրենց կյանքի տևողության առնվազն երեք քառորդը,
բ. հորթեր, աճեցված մսի արտադրության նպատակով` 6 ամիս, եթե ներմուծվել են մինչև 6 ամսական հասակը, անմիջապես կաթնային շրջանի ավարտից հետո,
գ. կաթ և կաթնամթերք արտադրելու նպատակով` 9 ամիս.
2) ոչխարի և այծի համար՝
ա. աճեցված մսի արտադրության նպատակով` 6 ամիս,
բ. կաթ և կաթնամթերք արտադրելու նպատակով` 9 ամիս.
3) խոզերի համար՝ աճեցված մսի արտադրության նպատակով` 6 ամիս.
4) թռչունների համար՝
ա. աճեցված մսի արտադրության նպատակով` ամբողջ կյանքի ընթացքում,
բ. ձվի արտադրության նպատակով` 6 շաբաթ.
5) մեղվաբուծության համար` 12 ամիս: Այդ ընթացքում ամբողջ մեղրամոմը պետք է փոխարինվի օրգանական մեղրամոմով.
6) ձկնաբուծության համար` կենդանի օրգանիզմի կյանքի տևողության չափով, կամ նվազագույնը 12 ամիս:
III. ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՇՐՋԱՆԻ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՆ ԿՐՃԱՏՄԱՆ ԿԱՄ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ԿԱՐԳԸ
5. Օրգանական գյուղատնտեսության անցումային շրջանի տևողությունը կարող է երկարաձգվել կամ կրճատվել լիազոր մարմնի որոշմամբ՝ սերտիֆիկացման մարմնի առաջարկության հիման վրա:
6. Սերտիֆիկացման մարմինն օրգանական գյուղատնտեսության միավորի օրգանական գյուղատնտեսության անցումային շրջանի տևողության կրճատման կամ երկարաձգման վերաբերյալ առաջարկությունը՝ հիմնավորումներով, պատշաճ կարգով ներկայացնում է լիազոր մարմին:
7. Լիազոր մարմինը սերտիֆիկացման մարմնի առաջարկությունն ստանալուց հետո՝ 15-օրյա ժամկետում, ընդունում է որոշում օրգանական գյուղատնտեսության անցումային շրջանի տևողության կրճատման կամ երկարաձգման մասին:
8. Լիազոր մարմնի որոշումը եռօրյա ժամկետում պատշաճ ձևով տրամադրվում է սերտիֆիկացման մարմնին:
9. Լիազոր մարմնի՝ օրգանական գյուղատնտեսության անցումային շրջանի տևողության կրճատման կամ երկարաձգման մասին որոշումը 10-օրյա ժամկետում կարող է բողոքարկվել օրենքով սահմանված կարգով:
10. Օրգանական գյուղատնտեսության անցումային շրջանի տևողությունը կարող է կրճատվել 12 ամսով միայն օրգանական բուսաբուծություն իրականացնող միավորում` ելնելով հողատարածքի նախկինում օգտագործման վիճակից՝ հողը երկու կամ ավելի տարիներ մշակված չլինելու դեպքում:
11. Օրգանական գյուղատնտեսության անցումային շրջանի տևողությունը մեղվաբուծության համար կարող է երկարաձգվել 12 ամսով, եթե անցումային շրջանի 12 ամսվա ընթացքում մեղրամոմն ամբողջությամբ չի փոխարինվել օրգանական մեղրամոմով:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |