Գլխավոր տեղեկություն
Номер
N 678-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.07.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.07.01/33(699) Հոդ.776
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
18.06.2009
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
22.06.2009
Дата вступления в силу
01.07.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հունիսի 2009 թվականի N 678-Ն

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿԻ ՈՒ ԲՐԵՆԴԻԻ ԳԻՆԵՆՅՈՒԹԻ, ՍՊԻՐՏԱՀՈՒՄՔԻ, ՍՊԻՐՏԱՋՐԻ, ԲՈՒՐԱՎԵՏ ՋՐԻ ԵՎ ԽԱՂՈՂԻ ՕՂՈՒ ԳԻՆԵՆՅՈՒԹԻ ՈՒ ԹՈՐՎԱԾՔԱՀՈՒՄՔԻ ԹՈՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ, 32-րդ հոդվածի 2-րդ, 39-րդ հոդվածի 7-րդ և 40-րդ հոդվածի 2-րդ մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) հայկական կոնյակի ու բրենդիի գինենյութի, սպիրտահումքի, սպիրտաջրի, բուրավետ ջրի և խաղողի օղու գինենյութի ու թորվածքահումքի թորման կարգը` համաձայն հավելվածի.

2) հայկական կոնյակի ու բրենդիի գինենյութի, սպիրտահումքի, սպիրտաջրի, բուրավետ ջրի, խաղողի օղու գինենյութի ու թորվածքահումքի թորման և խաղողի սովորական օղու գինենյութի սպիրտացման ժամկետները, բերքի տարվա նոյեմբերի 1-ից մինչև հաջորդ տարվա հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հուլիսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. հունիսի 22

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2009 թվականի

հունիսի 18-ի N 678-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿԻ ՈՒ ԲՐԵՆԴԻԻ ԳԻՆԵՆՅՈՒԹԻ, ՍՊԻՐՏԱՀՈՒՄՔԻ, ՍՊԻՐՏԱՋՐԻ, ԲՈՒՐԱՎԵՏ ՋՐԻ ԵՎ ԽԱՂՈՂԻ ՕՂՈՒ ԳԻՆԵՆՅՈՒԹԻ ՈՒ ԹՈՐՎԱԾՔԱՀՈՒՄՔԻ ԹՈՐՄԱՆ

 

I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. Սույն կարգով սահմանվում են հայկական կոնյակի, բրենդիի և խաղողի օղու գինենյութի (այսուհետ` գինենյութ), հայկական կոնյակի ու բրենդիի սպիրտահումքի, սպիրտաջրի, բուրավետ ջրի և խաղողի օղու թորվածքահումքի (այսուհետ` սպիրտահումք) թորմանը ներկայացվող պահանջները:

 

II. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ

 

2. Գինենյութի և սպիրտահումքի թորումն իրականացվում է այդ նպատակով նախատեսված պարբերական կամ անընդհատ գործողության թորման սարքերով:

3. Պարբերական գործողության սարքերով թորումն իրականացվում է մեկ կամ երկու փուլով:

4. Երկու փուլով թորումն իրականացվում է «Շարանտական» տեսակի պարբերական գործողության թորման սարքերով:

5. Անընդհատ գործողության սարքերով թորումն իրականացվում է անմիջապես գինենյութից մեկ փուլով:

 

III. ԳԻՆԵՆՅՈՒԹԻ ԵՎ ՍՊԻՐՏԱՀՈՒՄՔԻ ԹՈՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

6. «Շարանտական» տեսակի սարքով գինենյութի թորումից առաջին փուլում ստացվում է սպիրտահումքը, իսկ սպիրտահումքի թորումից երկրորդ փուլում` հայկական կոնյակի ու բրենդիի սպիրտ կամ խաղողի օղու թորվածք:

7. Թորման ենթակա հայկական կոնյակի գինենյութը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 954-Ն որոշմամբ հաստատված հայկական կոնյակների և հայկական կոնյակի սպիրտների տեխնիկական կանոնակարգով սահմանված քիմիական և զգայորոշման ցուցանիշներին:

8. «Շարանտական» տեսակի սարքով երկրորդ փուլում կամ պարբերական գործողության այլ սարքով կամ անընդհատ գործողության սարքով թորումից ստացված սպիրտից կամ թորվածքից առանձնացվում են երեք` գլխային, միջին կամ սրտային և պոչային թորամասեր (ֆրակցիաներ), որոնցից միջինը կամ սրտայինը կազմում է հայկական կոնյակի ու բրենդիի սպիրտը կամ խաղողի օղու թորվածքը: Պոչային թորամասի անջատման սկզբից կարող է առանձնացվել բուրավետ ջուրը:

9. Առանձնացվող գլխային թորամասի քանակությունը կազմում է թորման ենթակա սպիրտահումքում կամ գինենյութում 100%-ոց սպիրտի ընդհանուր պարունակության 1-3%-ը, իսկ պոչային թորամասի առանձնացումն սկսում են այն ժամանակ, երբ թորվածքում էթանոլի պարունակությունը իջնում է 58-45 ծավ.%-ի:

10. Թորման արդյունքում ստացված գլխային և պոչային թորամասերը կարող են օգտագործվել հետևյալ եղանակներով`

1) գլխային և պոչային թորամասերը ենթարկվում են բազմաթորման (ռեկտիֆիկացիայի).

2) գինենյութին միախառնվում են գլխային և պոչային թորամասերը` 92-94% գինենյութ, 6-8% գլխային ու պոչային թորամասեր հարաբերակցությամբ և «Շարանտական» տեսակի սարքով ենթարկում թորման, ստացված սպիրտահումքը և բուրավետ ջուրը միախառնվում են` 78-83% սպիրտահումք, 17-22% բուրավետ ջուր հարաբերակցությամբ և ենթարկում երկրորդ փուլով թորման.

3) գինենյութին միախառնվում են գլխային և պոչային թորամասերն ու բուրավետ ջուրը` 81-87% գինենյութ, 2-5% գլխային թորամաս, 11-14% պոչային թորամաս և (կամ) բուրավետ ջուր հարաբերակցությամբ և «Շարանտական» տեսակի սարքով երկու փուլով ենթարկում թորման.

4) գլխային և պոչային թորամասերն ու սպիրտահումքը միախառնվում են, որին թույլատրվում է ավելացնել մինչև 4% խմորասնկային նստվածք և (կամ) մինչև 10% գինենյութ, և «Շարանտական» տեսակի սարքով ենթարկում երկրորդ փուլով թորման, առանձնացվում է միջին թորամասը, իսկ գլխային և պոչային թորամասերը ենթարկվում են բազմաթորման.

5) պոչային թորամասը և (կամ) սպիրտահումքը միախառնվում են գինենյութին և պարբերական գործողության սարքերով ենթարկվում թորման, առանձնացվում է միջին թորամասը, իսկ գլխային և պոչային թորամասերը ենթարկվում են բազմաթորման: Թույլատրվում է առանձնացվող պոչային թորամասը, առավելագույնը 5 անգամ, միախառնել գինենյութին ու ենթարկել կրկնակի թորման, որից հետո միայն ենթարկել բազմաթորման:

11. 10-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված եղանակներով կրկնակի թորումից ստացված սպիրտների ու թորվածքների միջին թորամասերը կարող են օգտագործվել միայն հայկական սովորական կոնյակների, մինչև 6 տարեկան բրենդիների կամ սովորական թարմ խաղողի օղիների արտադրության մեջ, իսկ 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված եղանակներով ստացված սպիրտների ու թորվածքների միջին թորամասերը` նաև հայկական հասուն կոնյակների, 6 տարեկանից բարձր բրենդիների կամ հնացրած խաղողի օղիների արտադրության մեջ:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան