Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-809
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.06.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.06.17/31(697) Հոդ.711
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
08.06.2009
Подписан
Նախագահող
Дата подписания
08.06.2009
Дата вступления в силу
08.06.2009

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

8 հունիսի 2009 թ.

 

2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԵՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2009 թվականի մարտի 6-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Իտալիայի Հանրապետության կառավարության միջև մաքսային գործերում համագործակցության և փոխադարձ օգնության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 07.05.2009թ. սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ա. Ալավերդյանի գրավոր բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Իտալիայի Հանրապետության կառավարության միջև մաքսային գործերում համագործակցության և փոխադարձ օգնության մասին համաձայնագիրը նախաստորագրվել է 2007 թվականի սեպտեմբերի 24-ին` Հռոմում, և կնքվել 2009 թվականի մարտի 6-ին Երևանում` մաքսային իրավախախտումների դեմ պայքարում համատեղ և արդյունավետ միջոցների մշակման համար երկու երկրների միջև համապատասխան իրավական հիմքեր ստեղծելու նպատակով:

2. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը, փոխադարձության հիման վրա, ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

ՀՀ մաքսային ծառայությունների միջոցով ցուցաբերել փոխադարձ օգնություն ՀՀ մաքսային օրենսդրության պատշաճ կիրառումն ապահովելու, մաքսային օրենսդրության խախտումները կանխելու, հետաքննելու և դրանց դեմ պայքարելու նպատակով, ինչպես նաև ՀՀ մաքսային օրենսդրության կիրառմանը վերաբերող վարչական բնույթի որոշումների ու փաստաթղթերի առաքման ու ծանուցման հարցերում:

Երաշխավորել, որ ՀՀ մաքսային ծառայությունները հարցման հիման վրա կամ սեփական նախաձեռնությամբ կտրամադրեն տեղեկատվություն, որը կօգնի Իտալիայի մաքսային ծառայությունների կողմից գանձվող մաքսատուրքերի, հարկերի, մուծումների և վճարների հավաքման ընթացքում, ապրանքների ներմուծման և արտահանման ժամանակ մաքսային արժեքը և ներկայացվող փաստաթղթերի հավաստիությունը, ինչպես նաև դրանցում պարունակվող տվյալների նույնականությունը որոշելու ժամանակ, արտաքին տնտեսական գործունեության հետ կապված ապրանքներն Ազգային մաքսային սակագնի կամ «Ապրանքների նկարագրման և ծածկագրման ներդաշնակ համակարգի մասին» միջազգային կոնվենցիայով (1983թ.) ընդունված ներդաշնակ համակարգի համաձայն դասակարգելու, ինչպես նաև ապրանքների դասակարգումը որոշելու համար մաքսային լաբորատորիաներում հետազոտություններ կատարելու ժամանակ, ապրանքների ծագման երկիրը որոշելու ժամանակ և արտահանման ժամանակ ներկայացվող` ծագման երկրի սերտիֆիկատների, ինչպես նաև արտահանման երկրում ապրանքների նկատմամբ կիրառվող մաքսային ընթացակարգերի նկատմամբ իրականացվող հսկողության ժամանակ, ներմուծման և արտահանման արգելքների ու սահմանափակումների իրականացման ժամանակ ճշգրիտ գործողությունն ապահովելուն:

Երաշխավորել, որ ՀՀ մաքսային ծառայությունները հայցվող տեղեկատվությանը չտիրապետելու պարագայում կփնտրեն այդ տեղեկատվությունը հնարավոր բոլոր միջոցներով` ՀՀ գործող օրենսդրությանը համապատասխան:

 Երաշխավորել, որ ՀՀ մաքսային ծառայությունները հարցման հիման վրա կամ սեփական նախաձեռնությամբ կտրամադրեն հաշվետվություններ, վկայության գրառումներ կամ փաստաթղթերի հաստատված պատճեններ, որոնք տալիս են ամբողջ առկա տեղեկատվությունը հայտնաբերված կամ ծրագրված գործողությունների մասին, որոնք պարունակում են կամ կարող են պարունակել ՀՀ մաքսային օրենսդրության խախտում, կպահանջեն բնօրինակ գործերն ու փաստաթղթերը միայն այն դեպքերում, երբ հաստատված պատճենները բավարար չեն, ինչպես նաև անհապաղ կվերադարձնեն փոխանցված բնօրինակները, եթե դրանց տրամադրման հիմքերը վերացել են:

Համագործակցել բեռների և ուղևորների փոխադրումների, փոստային առաքումների մաքսային հսկողությունը պարզեցնելու, այդ հսկողության մեթոդներն ու ուղիները բարելավելու, ինչպես նաև բեռների, տրանսպորտային միջոցների, ուղևորների, փոստային առաքումների, արժութային արժեքների ապօրինի ներմուծումը, արտահանումը, տարանցումը ՀՀ տարածքում կանխելու նպատակով:

ՀՀ օրենսդրությանը համապատասխան` համաձայնագրի շրջանակներում համագործակցել մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքերի հետաքննության, ինչպես նաև թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի և պրեկուրսորների, զենքի, զինամթերքի, թունավոր գազերի, պայթուցիկ և ռադիոակտիվ նյութերի ապօրինի շրջանառությունը կանխելու նպատակով:

ՀՀ օրենսդրությանը համապատասխան` համաձայնագրի շրջանակներում համագործակցել մշակութային արժեքների ապօրինի փոխադրման դեմ պայքարում, ինչպես նաև փոխանցել ՀՀ տրամադրության տակ եղած հնաոճ իրերն ու մշակութային արժեք ներկայացնող արվեստի գործերը, եթե դրանք արտահանվել են Իտալիայի մաքսային տարածքից մաքսային և այլ կանոնների խախտմամբ:

 Օգտագործել ցանկացած տեղեկատվություն, որն ստացվել է համաձայնագրով ցուցաբերվող օգնության շրջանակներում, միմիայն համաձայնագրի նպատակների համար և ՀՀ մաքսային ծառայության կողմից, չօգտագործել ստացված տեղեկատվությունը համաձայնագրում չնշված նպատակների համար, եթե չկա այդ տեղեկատվությունը տրամադրող մաքսային ծառայության գրավոր համաձայնությունը:

 Անձնական տվյալների փոխանակման դեպքում ապահովել տվյալների պաշտպանության չափանիշները, որոնք հավասար են առնվազն համապատասխան ազգային օրենսդրության դրույթների և կանոնակարգերի կիրարկումից բխող պաշտպանության մակարդակին:

3. Համաձայնագրի հայերեն, իտալերեն, անգլերեն տեքստերը հավասարազոր են: Մեկնաբանման ընթացքում տարաձայնություն առաջանալու դեպքում գերակայում է անգլերեն տեքստը: Համաձայնագրում կատարվող փոփոխություններն ու լրացումները կձևակերպվեն առանձին արձանագրություններով, որոնք ուժի մեջ կմտնեն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերին համապատասխան և կհանդիսանան դրա անբաժանելի մասը:

4. Համաձայնագրում ամրագրված դրույթները համահունչ են ՀՀ Սահմանադրության 9 հոդվածի դրույթներին և բխում են միջազգային փոխշահավետ համագործակցության հաստատման սահմանադրական սկզբունքներից:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

1. 2009 թվականի մարտի 6-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Իտալիայի Հանրապետության կառավարության միջև մաքսային գործերում համագործակցության և փոխադարձ օգնության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

8 հունիսի 2009 թ.

ՍԴՈ-809

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան