ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի վճիռ Վարչական գործ թիվ ՎԴ/5569/05/08 |
Վարչական գործ թիվ ՎԴ/5569/05/08 2009թ. |
Նախագահող դատավոր՝ Ա. Ղազարյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ա. Բարսեղյանի | |
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
|
Ե. Խունդկարյանի | |
Տ. Պետրոսյանի | ||
|
Ե. Սողոմոնյանի |
2009 թվականի հունիսի 26-ին
դռնբաց դատական նիստում, քննելով «Արթուն» ԲԲԸ-ի տնօրեն Հմայակ Հարությունյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 02.03.2009 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի «Արթուն» ԲԲԸ-ի տնօրեն Հմայակ Հարությունյանի ընդդեմ ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ Ծառայության)՝ Ծառայության 21.08.2008 թվականի «Պարտապանին տուգանելու մասին» որոշումը վերացնելու և առոչինչ ճանաչելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Ընկերության տնօրենը պահանջել է վերացնել Ծառայության «Պարտապանին տուգանելու մասին» 21.08.2008 թվականի որոշումը և այն ճանաչել առոչինչ:
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 02.03.2009 թվականի վճռով Ընկերության տնօրենի հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության տնօրենը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ, 101-րդ հոդվածները, որի արդյունքում կիրառել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 2065-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր, չի կիրառել նույն օրենսգրքի 275-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությամբ չի գնահատել Ընկերության տնօրենի գրությունը, որով հայտնվել է Էդուարդ Թադևոսյանի աշխատելու ժամանակահատվածի վերաբերյալ տեղեկություններ, ինչպես նաև այն մասին, որ այլ տեղեկություն հնարավոր չի հայտնել, քանի որ ընկերությանը չի փոխանցվել իրավանախորդ ընկերության արխիվը, որտեղ աշխատել է Էդուարդ Թադևոսյանը։
Ծառայության ներկայացուցիչը նախնական դատական նիստի ժամանակ ամբողջությամբ ընդունել է Ընկերության տնօրենի պահանջը, սակայն Դատարանն այդ հանգամանքին չի անդրադարձել:
ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 2065-րդ հոդվածով նախատեսվում է պատասխանատվություն հարկադիր կատարողի որոշումը դիտավորյալ չկատարելու կամ օրենքով նրա վրա դրված պարտականությունների կատարմանը խոչընդոտելու համար։ Ընկերության տնօրենի գրությամբ հիմնավորվում է, որ տվյալ դեպքում բացակայում է դիտավորությունը, քանի որ այն ընկերությունը, որտեղ աշխատել է Էդուարդ Թադևոսյանը, հանդիսացել է «Արթուն» ԲԲԸ-ի 4-րդ իրավանախորդը, որի կողմից Էդուարդ Թադևոսյանի արխիվային գործը չի փոխանցվել, և բնականաբար պահանջված տեղեկությունները հնարավոր չէր հայտնել: Դիտավորության մասին կարող էր խոսք լինել, եթե Ընկերության տնօրենն ընդհանրապես որևէ տեղեկատվություն չներկայացներ: Այնինչ Ընկերության տնօրենը ներկայացրել է ողջ տեղեկատվությունը, որը եղել է «Արթուն» ԲԲԸ-ի արխիվում։
Ծառայությունը չի կատարել վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված գործի քննության որևէ գործողություն։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է մասնակիորեն՝ պարտապանին տուգանելու մասին որոշումը վերացնելու մասով, բեկանել Դատարանի 02.03.2009 թվականի վճիռը, և այդ մասով փոփոխել՝ հայցը բավարարել կամ գործն ուղարկել նոր քննության։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1. Ծառայության 01.08.2008 թվականի որոշմամբ հարուցվել է թիվ 01/06-783/08 կատարողական վարույթը (գ.թ. 32):
2. «Որոշակի գործողություններ կատարելուն պարտավորեցնելու մասին» Ծառայության 01.08.2008 թվականի որոշման համաձայն՝ Ծառայությունը պարտավորեցրել է Ընկերության տնօրենին տրամադրել Էդուարդ Թադևոսյանին արտոնյալ կենսաթոշակի անցնելու համար անհրաժեշտ ճշգրտող աշխատանքի պայմանների հատուկ բնույթը հաստատող տեղեկանքը: Որոշման պահանջի կատարման համար սահմանվել է 10-օրյա ժամկետ (գ.թ. 33):
3. Ծառայության 01.08.2008 թվականի որոշման կատարման նպատակով Ընկերության տնօրենը 14.08.2008 թվականին Ծառայությանը հասցեագրել է թիվ 01-036 պատասխան գրությունը, ըստ որի՝ Ընկերությունը «Հայթունել» ԲԲԸ, «Թունելմետրոշին» ԴՁ, «Թունելային ջոկատ» թիվ 41, «Հայթունելշին» թիվ 160 ՇՄՎ կազմակերպությունների իրավահաջորդն է, այսինքն՝ Էդուարդ Թադևոսյանն աշխատել է թվով 4 իրավանախորդ կազմակերպություններում: Միաժամանակ հայտնվում է, որ Ընկերության արխիվում չեն պահպանվել պահանջատեր Էդուարդ Թադևոսյանի փաստաթղթերը, որի պայմաններում Ընկերությանը հայտնի չէ նրա աշխատելու ժամանակահատվածի, զբաղեցրած պաշտոնի և մյուս՝ տեղեկանքում պահանջվող հարցադրումների վերաբերյալ տեղեկությունները: Նման պայմաններում անհնարին է կատարել Ծառայության 01.08.2008 թվականի որոշման պահանջը: Ծառայությունը նշված գրությունը ստացել է 14.08.2008 թվականին (գ.թ. 19):
4. Ծառայության 21.08.2008 թվականի «Պարտապանին տուգանելու մասին» որոշմամբ Ընկերության տնօրենի նկատմամբ նշանակվել է 400.000 ՀՀ դրամ տուգանք (գ.թ. 34):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը՝ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անվավեր է առոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է` ա) oրենքի խախտմամբ, այդ թվում` oրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով, բ) կեղծ փաստաթղթերի կամ տեղեկությունների հիման վրա, կամ եթե ներկայացված փաստաթղթերից ակնհայտ է, որ ըստ էության պետք է ընդունվեր այլ որոշում:
Սույն քաղաքացիական գործի փաստերի առանձնահատկությունների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով պարզման ենթակա է այն իրավական հարցադրումը, թե արդյո՞ք ոչ իրավաչափ է Ծառայության 21.08.2008 թվականի «Պարտապանին տուգանելու մասին» որոշումը:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 2065-րդ հոդվածի համաձայն՝ հարկադիր կատարողի որոշումը դիտավորյալ չկատարելը կամ օրենքով նրա վրա դրված պարտականությունների կատարմանը խոչընդոտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով:
Նշված նորմի վերլուծությունից հետևում է, որ անձի նկատմամբ տուգանք նշանակելու համար պետք է առկա լինի հետևյալ հանգամանքներից որևէ մեկը.
ա/ հարկադիր կատարողի որոշումը դիտավորյալ չկատարելը կամ
բ/ օրենքով հարկադիր կատարողի վրա դրված պարտականությունների կատարմանը խոչընդոտելը:
Սույն գործի փաստերի համաձայն՝ Ծառայության 01.08.2008 թվականի որոշմամբ հարուցվել է թիվ 01/06-783/08 կատարողական վարույթը: Նույն օրվա մեկ այլ՝ «Որոշակի գործողություններ կատարելուն պարտավորեցնելու մասին» որոշմամբ Ընկերության տնօրենին պարտավորեցվել է Էդուարդ Թադևոսյանին տրամադրել արտոնյալ կենսաթոշակի անցնելու համար անհրաժեշտ ճշգրտող աշխատանքի պայմանների հատուկ բնույթը հաստատող տեղեկանք, որի կատարման համար սահմանվել է 10-օրյա ժամկետ: Ի կատարումն նշված որոշման՝ Ընկերության տնօրենը Ծառայությանը հասցեագրած 14.08.2008 թվականի թիվ 01-036 պատասխան գրությամբ հայտնել է, որ ««Արթուն» ԲԲԸ-ն «Հայթունել» ԲԲԸ, «Թունելմետրոշին» ԴՁ, «Թունելային ջոկատ» թիվ 41, «Հայթունելշին» թիվ 160ՇՄՎ կազմակերպությունների իրավահաջորդն է, այսինքն՝ Էդուարդ Թադևոսյանն աշխատել է թվով 4 իրավանախորդ կազմակերպություններում: Միաժամանակ հայտնվում է, որ Ընկերության արխիվում չեն պահպանվել պահանջատեր Էդուարդ Թադևոսյանի փաստաթղթերը, որի պայմաններում Ընկերությանը հայտնի չէ նրա աշխատելու ժամանակահատվածի, զբաղեցրած պաշտոնի և մյուս տեղեկանքում պահանջվող հարցադրումների վերաբերյալ տեղեկությունները: Նման պայմաններում անհնարին է կատարել Ծառայության 01.08.2008 թվականի որոշման պահանջը»: Նշված պատասխան գրությունը Ծառայությունում ստացվել է 14.08.2008 թվականին: Ծառայության 21.08.2008 թվականի «Պարտապանին տուգանելու մասին» որոշմամբ Ընկերության տնօրենը տուգանվել է 400.000 ՀՀ դրամով:
Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով առկա չէ Ընկերության տնօրենի կողմից հարկադիր կատարողի որոշումը դիտավորյալ չկատարելուն կամ հարկադիր կատարողի վրա դրված պարտականությունների կատարմանը խոչընդոտելուն ուղղված գործողություններ, ուստի Ընկերության տնօրենի նկատմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 2065-րդ հոդվածի ուժով 400.000 ՀՀ դրամ տուգանք սահմանելն իրավաչափ չէ:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ծառայության 21.08.2008 թվականի «Պարտապանին տուգանելու մասին» որոշումն ընդունվել է ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 2065-րդ հոդվածի պահանջների խախտմամբ, հետևաբար այն անվավեր է:
Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի այն փաստարկին, որ Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածը և չի կիրառել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 275-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր, ապա Վճռաբեկ դատարանը դրանց չի անդրադառնում, քանի որ Ծառայության 21.08.2008 թվականի «Պարտապանին տուգանելու մասին» որոշումը ոչ իրավաչափ լինելու պայմաններում բողոքի նշված հիմքերը սույն գործի լուծման համար էական նշանակություն չունեն:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարություն օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից: Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 02.03.2009 թվականի վճիռը և այն փոփոխել. «Արթուն» ԲԲԸ-ի տնօրեն Հմայակ Հարությունյանի հայցը բավարարել` անվավեր ճանաչել ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության 21.08.2008 թվականի «Պարտապանին տուգանելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
|
Ս. Սարգսյան |
Դատավորներ` |
|
Ա. Բարսեղյան |
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Մ. Դրմեյան | ||
|
Ե. Խունդկարյան | |
Տ. Պետրոսյան | ||
|
Ե. Սողոմոնյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|