ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի վճիռ Վարչական գործ թիվ ՎԴ 3/0342/05/08 |
Վարչական գործ թիվ ՎԴ 3/0342/05/08 2009թ. |
Նախագահող դատավոր՝ Ա. Պողոսյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ե. Խունդկարյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
|
Ե. Սողոմոնյանի |
2009 թվականի մայիսի 27-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 11.12.2008 թվականի վճռի դեմ՝ ըստ ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության (այսուհետ՝ Տեսչություն) հայցի ընդդեմ «Արտաշատ քաղաքի թիվ 7 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ Կազմակերպություն) տնօրեն Կարինե Մխիթարյանի՝ վարչական իրավախախտման համար սահմանված 40.000 ՀՀ դրամ տուգանքի բռնագանձման պահանջի մասին, և ըստ Կազմակերպության տնօրեն Կարինե Մխիթարյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Տեսչության Արարատի մարզային կենտրոնի՝ վարչական ակտն առոչինչ ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Տեսչությունը պահանջել է բռնագանձել Կազմակերպության տնօրեն Կարինե Մխիթարյանից 40.000 ՀՀ դրամ:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Կազմակերպության տնօրեն Կարինե Մխիթարյանը պահանջել է առոչինչ ճանաչել Տեսչության Արարատի մարզային կենտրոնի պետի 09.07.2008 թվականի թիվ 2305 որոշումը:
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ՝ Վարչական դատարան) 11.12.2008 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը՝ բավարարվել:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Տեսչությունը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) Վարչական դատարանը սխալ է մեկնաբանել «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.
«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի սխալ մեկնաբանության արդյունքում Վարչական դատարանը հանգել է այն եզրակացության, որ Տեսչության պետի 02.06.2008 թվականի թիվ 1362/03 հանձնարարագրում նշված չէ ստուգմամբ ընդգրկվող ժամանակաշրջանը:
2) Վարչական դատարանը չի կիրառել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4.1-րդ մասը, որը պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վարչական դատարանը հաշվի չի առել, որ սանիտարական կանոններով սահմանված պահանջները պահպանելու ֆիզիկական և իրավաբանական անձանց պարտականությունը բխում է ՀՀ Սահմանադրության 83.5-րդ հոդվածի և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի պահանջներից և ոչ թե ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատված կանոններից:
Բացի այդ, Վարչական դատարանն անտեսել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4.1-րդ մասը, որով թույլատրվում է օրենքով նախատեսված դեպքերում սանիտարական նորմեր, կանոններ նախատեսել այլ իրավական ակտերով, սակայն պայմանով, որ չսահմանվեն իրավունքների նոր սահմանափակումներ կամ պարտականություններ:
Հետևաբար, հիմնավոր չէ Վարչական դատարանի եզրահանգումն այն մասին, որ տվյալ դեպքում սանիտարական նորմերն ու կանոնները դրանց կիրառման պահին օրենքի ուժով չեն գործել, ինչպես նաև այն, որ ՀՀ առողջապահության նախարարի 20.12.2002 թվականի թիվ 857 հրամանը հակասում է ՀՀ Սահմանադրության 83.5-րդ հոդվածին, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 6-րդ մասին, 94-րդ հոդվածի 3-րդ մասին:
3) Վարչական դատարանը սխալ է մեկնաբանել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.
Վարչական դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Տեսչությունը գործում է առողջապահության նախարարության կազմում, և այն կառավարում է ՀՀ առողջապահության նախարարը, հետևաբար հիմնավոր չէ դատարանի այն հետևությունը, որ ՀՀ առողջապահության նախարարն իրավասու չէ հաստատելու սանիտարական կանոններ:
4) Վարչական դատարանը կիրառել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի 4-րդ մասը, որը չպետք է կիրառեր, չի կիրառել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, որը պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վարչական դատարանը վարչական իրավախախտման համար տույժ նշանակելու վերաբերյալ իրավահարաբերությունների նկատմամբ պետք է կիրառեր Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի նորմերը, քանի որ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությունն այդ օրենսգրքով նախատեսված առանձնահատուկ վարչական վարույթ է: Տվյալ դեպքում, Վարչական դատարանի կողմից «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի դրույթների սխալ կիրառումն ազդել է գործի ելքի վրա, քանի որ գրավոր վարչական ակտին ներկայացվող պահանջները տուգանք նշանակելու մասին 09.07.2008 թվականի որոշմամբ չեն խախտվել:
5) Վարչական դատարանը չի կիրառել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 254-րդ, 255-րդ, 281-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վարչական դատարանը սխալ է մեկնաբանել «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը և հանգել այն հետևության, որ ստուգում իրականացնող անձի կողմից վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմումն իրավաչափ չէ: Արդյունքում, Վարչական դատարանը չի կիրառել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը, որը պետք է կիրառեր և կիրառել է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը, որը չպետք է կիրառեր:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վարչական դատարանի 11.12.2008 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Տեսչության պետի 02.06.2008 թվականի թիվ 1362/03 հանձնարարագրի համաձայն՝ 12.06.2008 թվականից մինչև 27.06.2008 թվականն ընկած ժամանակահատվածում Կազմակերպությունում անցկացվել է սանիտարական օրենսդրության, սանիտարական կանոնների և նորմերի, հիգիենիկ նորմատիվների, սանիտարահիգիենիկ և սանիտարահամաճարակային կանոնների և նորմերի, հակահամաճարակային ռեժիմի պահանջների կատարման նկատմամբ թեմատիկ ստուգում (գ.թ. 4):
2) Տեսչության 27.06.2008 թվականի սանիտարահիգիենիկ և սանիտարահամաճարակային կանոնների խախտման մասին թիվ 2089 արձանագրության համաձայն՝ Կազմակերպությունում հայտնաբերվել են ՀՀ առողջապահության նախարարի 20.12.2002 թվականի թիվ 857 հրամանով հաստատված «Նախադպրոցական կազմակերպությունների (հիմնարկների)» թիվ 2.III.1 սանիտարական նորմերի և կանոնների 1.3-րդ, 2.4-րդ, 3.2-րդ, 3.6-րդ, 3.8-րդ, 3.10-րդ, 3.11-րդ, 4.1-րդ, 5.1-րդ, 5.6-րդ, 7.2-րդ, 7.4-րդ, 7.9-րդ կետերի խախտումներ (գ.թ. 8):
3) Տեսչության «Տուգանք սահմանելու մասին» 09.07.2008 թվականի թիվ 2305 որոշման համաձայն՝ Կարինե Մխիթարյանի նկատմամբ նշանակվել է տուգանք 40.000 ՀՀ դրամի չափով (գ.թ. 9):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝
1) Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
«Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմատիվները սահմանում են բնակչության համար շրջակա միջավայրի անվտանգության և ոչ վնասակարության չափանիշներն ու մարդու կենսագործունեության համար բարենպաստ պայմանների ապահովման պահանջները:
Վերը նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ սանիտարական օրենսդրության, սանիտարական կանոնների և նորմերի, հիգիենիկ նորմատիվների, սանիտարահիգիենիկ և սանիտարահամաճարակային կանոնների և նորմերի, հակահամաճարակային ռեժիմի պահանջների կատարման նկատմամբ թեմատիկ ստուգումն իրականացվում է բնակչության համար շրջակա միջավայրի անվտանգությունը և ոչ վնասակարության չափանիշներն ու մարդու կենսագործունեության համար բարենպաստ պայմաններն ապահովելու համար:
ՀՀ առողջապահության նախարարի 20.12.2002 թվականի թիվ 857 հրամանով հաստատված «Նախադպրոցական կազմակերպությունների /հիմնարկների/» թիվ 2.III.1 սանիտարական նորմերով և կանոններով սահմանվում են այն պարտադիր պայմանները, որոնք պետք է պահպանվեն բոլոր նախադպրոցական հիմնարկներում, և դրանք միտված են նախադպրոցական կազմակերպություններում (հիմնարկներում) երեխաների առողջության պահպանմանն ու հիվանդությունների կանխարգելմանը:
Սույն գործում առկա՝ Տեսչության 27.06.2008 թվականի սանիտարահիգիենիկ և սանիտարահամաճարակային կանոնների խախտման մասին թիվ 2089 արձանագրության համաձայն՝ Կազմակերպությունում հայտնաբերվել է, որ «խմբերը կազմակերպված չեն ըստ տարիքային խմբերի, ապահովված չէ խմբերի լիարժեք մեկուսացումը, խաղասենյակների և ննջասենյակների մեկուսացումը, անհրաժեշտ է կառուցել ցնցուղարան, զուգարանակոնքերի և լվացարանների թիվը չի համապատասխանում նորմերով սահմանված չափերին, չկա բակտերիոցիդ լամպ փափուկ խաղալիքների վարակազերծման համար, զուգարանների մաքրման պարագաները մակնշված չեն, չկա հոսող տաք ջուր, բնական լուսավորության գործակիցը ցածր է 1,5%-ից, խոնավությունը բարձր է և չի կատարվում սպիտակեղենի քիմ. մաքրում», որպիսի գործողությունները ՀՀ առողջապահության նախարարի 20.12.2002 թվականի թիվ 857 հրամանով հաստատված «Նախադպրոցական կազմակերպությունների (հիմնարկների)» թիվ 2.III.1 սանիտարական նորմերի և կանոնների 1.3-րդ, 2.4-րդ, 3.2-րդ, 3.6-րդ, 3.8-րդ, 3.10-րդ, 3.11-րդ, 4.1-րդ, 5.1-րդ, 5.6-րդ, 7.2-րդ, 7.4-րդ, 7.9-րդ կետերի խախտումներ են:
Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սանիտարական կանոնների և նորմերի, հիգիենիկ նորմատիվների, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային կանոնների և նորմերի, հակահամաճարակային ռեժիմի պահանջների, այդ թվում՝
ՀՀ առողջապահության նախարարի «Նախադպրոցական կազմակերպությունների (հիմնարկների) թիվ 2.III.1 սանիտարական նորմերը և կանոնները հաստատելու մասին» 20.12.2002 թվականի թիվ 857 հրամանի 1.1-րդ կետի պահանջների կատարման ստուգումը կարող է իրականացվել միայն ստուգման պահի դրությամբ: Նման ստուգման նպատակն է արձանագրել վերոհիշյալ կանոնների ու նորմերի պահպանման վիճակը ստուգման պահին, հետևաբար բողոք բերած անձի փաստարկն այն մասին, որ հանձնարարագրում օբյեկտիվորեն հնարավոր չէր նշել ստուգմամբ ընդգրկվող այլ ժամանակաշրջան, հիմնավոր է: Նման պայմաններում ստուգմամբ ընդգրկվող ժամանակաշրջանը համընկնում է ստուգման պահին:
Մինչդեռ, սույն գործով Վարչական դատարանը գտել է, որ 02.06.2008 թվականի թիվ 1362/03 հանձնարարագիրը կազմվել է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի պահանջների խախտմամբ, մասնավորապես այնտեղ նշված չէ ստուգմամբ ընդգրկվող ժամանակաշրջանը:
2) Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ Սահմանադրության 83.5-րդ հոդվածի համաձայն՝ բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով են սահմանվում ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների և ազատությունների սահմանափակումները, նրանց պարտականությունները, ինչպես նաև պատասխանատվության տեսակները, չափերը, պատասխանատվության ենթարկելու կարգը, հարկադրանքի միջոցներն ու դրանք կիրառելու կարգը, ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից վճարվող հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների տեսակները, չափը, վճարման կարգը:
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4.1-րդ մասի համաձայն՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց՝ օրենքով նախատեսված իրավունքների կամ պարտականությունների իրականացումը կանոնակարգող կանոններ, կարգեր կամ տեխնիկական նորմեր (քաղաքաշինական, սանիտարական, հակահրդեհային, հաշվապահական հաշվառման, ստանդարտացման և այլն) օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում և սահմաններում կարող են նախատեսվել իրավական այլ ակտերով, որոնք չեն կարող պարունակել իրավունքների նոր սահմանափակումներ կամ պարտականություններ:
«Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սանիտարական կանոնների կատարումը պարտադիր է բոլոր պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, ինչպես նաև պաշտոնատար անձանց և քաղաքացիների համար, իսկ նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ սանիտարական կանոնների մշակման, հաստատման, վերանայման և կիրառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Նույն օրենքի 9-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները պարտավոր են կատարել Հայաստանի Հանրապետության սանիտարական օրենսդրության պահանջները և արտադրական վերահսկողություն իրականացնել դրա նկատմամբ:
Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ իրավաբանական և ֆիզիկական անձանց իրավունքների և ազատությունների սահմանափակումները, ինչպես նաև նրանց պարտականությունները սահմանվում են միայն օրենքով: Ընդ որում, իրավաբանական և ֆիզիկական անձանց պարտականությունների իրականացումը կանոնակարգող կանոնները, կարգերը կամ տեխնիկական նորմերն օրենքով ուղղակիորեն նախատեսված չլինելու դեպքում կարող են նախատեսվել իրավական այլ ակտերով, որոնք իրենց հերթին չեն կարող պարունակել նոր պարտականություններ:
Միաժամանակ, սանիտարական կանոնների մշակման, հաստատման, վերանայման և կիրարկման կարգի սահմանումը վերապահելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը, օրենքը սահմանել է այդ կանոնների պարտադիր կատարումը բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից և սահմանել է այդ կանոնների պարտադիր կատարման պարտականությունը:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Տեսչության «Տուգանք սահմանելու մասին» 09.07.2008 թվականի թիվ 2305 որոշման համար հիմք ծառայած ՀՀ առողջապահության նախարարի «Նախադպրոցական կազմակերպությունների (հիմնարկների)» թիվ 2.III.1 սանիտարական նորմերը և կանոնները հաստատելու մասին» 20.12.2002 թվականի թիվ 857 հրամանը, ըստ էության սահմանում է Հայաստանի Հանրապետության սանիտարական օրենսդրության պահանջները պահպանելու պարտականությանն ուղղված կանոնակարգող կանոններ, իսկ սանիտարական նորմերի և կանոնների կատարման պարտականությունը, ինչպես նաև նման նորմերն ու կանոններն իրավական այլ ակտերով նախատեսելու հնարավորությունն ուղղակիորեն սահմանված են օրենքով:
Հետևաբար, հիմնավոր չէ Վարչական դատարանի այն հետևությունը, որ սանիտարական կանոնները հաստատվել են «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 6-րդ մասի և ՀՀ Սահմանադրության 83.5-րդ հոդվածի պահանջների խախտմամբ:
3) Վճռաբեկ բողոքը երրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
«Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն՝ սանիտարական կանոնների մշակումն ու հաստատումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը:
ՀՀ կառավարության 15.08.2002 թվականի թիվ 1316-Ն որոշման համաձայն՝ հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության նախագահի 16.03.2002 թվականի ՆՀ-1064 հրամանագրի 4-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կազմում գործող Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության՝ առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով:
Նույն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրության 9-րդ կետի համաձայն՝ ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությունը կառավարում է ՀՀ առողջապահության նախարարը:
Վերը նշված նորմերից հետևում է, որ սանիտարական կանոնները մշակում ու հաստատում է Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը: Տվյալ ծառայության իրավահաջորդն է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կազմում գործող Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությունը, ընդ որում, Տեսչությունը կառավարում է ՀՀ առողջապահության նախարարը:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ առողջապահության նախարարն ի պաշտոնե պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության ղեկավարն է, և «Նախադպրոցական կազմակերպությունների (հիմնարկների)» թիվ 2.III.1 սանիտարական նորմերը և կանոնները հաստատելու մասին» 20.12.2002 թվականի թիվ 857 հրամանը տալու նրա իրավունքը բխում է «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի և ՀՀ կառավարության 15.08.2002 թվականի թիվ 1316-Ն որոշման պահանջներից:
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր չէ Վարչական դատարանի այն պատճառաբանությունը, որ ՀՀ առողջապահության նախարարի 20.12.2002 թվականի թիվ 857 հրամանը չի բխում «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի պահանջներից:
4) Վճռաբեկ բողոքը չորրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
Վարչական դատարանի վճռի հիմքում դրվել է այն հանգամանքը, որ «Տուգանք սահմանելու մասին» Տեսչության պետի 09.07.2008 թվականի թիվ 2305 որոշումը չի համապատասխանում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված՝ գրավոր վարչական ակտին ներկայացվող պահանջներին, մասնավորապես, այն չի պարունակում ակտով լուծվող հարցի նկարագրությունը (նկարագրական մաս), ակտի ընդունման հիմնավորումը (պատճառաբանական մաս):
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ առանձին տեսակի վարչական վարույթների առանձնահատկությունները սահմանվում են օրենքներով և ՀՀ միջազգային պայմանագրերով:
Վարչական պատասխանատվության ենթարկելու գործերի վարույթը վարչական պատասխանատվության ենթարկելու մասին առանձին տեսակի վարչական վարույթ է, որը կարգավորվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի՝ վարչական պատասխանատվության ենթարկելու մասին գործերի քննության վարույթը կարգավորող նորմերով:
Մասնավորապես, վարչական իրավախախտման վերաբերյալ գործերի քննության ընթացքում ընդունված որոշման բովանդակության համար վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 281-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված են այլ պահանջներ, քան «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված՝ գրավոր վարչական ակտին ներկայացվող պահանջները:
Այսպես, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 281-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քննելով վարչական իրավախախտման գործը, մարմինը (պաշտոնատար անձը) գործի վերաբերյալ որոշում է ընդունում…, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ որոշումը պետք է պարունակի՝ այն ընդունած մարմնի (պաշտոնատար անձի) անվանումը, գործի քննության ժամանակաթիվը, տեղեկություններ այն անձի մասին, որի վերաբերյալ քննվում է գործը, գործի քննության ընթացքում հաստատված հանգամանքների շարադրանքը, տվյալ վարչական իրավախախտման համար պատասխանատվություն նախատեսող նորմատիվ ակտի նշումը, գործի վերաբերյալ ընդունված որոշումը:
Սույն գործում առկա՝ «Տուգանք սահմանելու մասին» Տեսչության 09.07.2008 թվականի թիվ 2305 որոշման ուսումնասիրման արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն կազմվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 281-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին համապատասխան:
5) Վճռաբեկ բողոքը հինգերորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 254-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտում կատարելու մասին արձանագրությունը կազմում է դրա համար լիազորված պաշտոնատար անձը:
Սույն վարչական գործով Վարչական դատարանը, վկայակոչելով «Հայաստանի Հանրապետության ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը, նշել է, որ ստուգում իրականացնող անձինք իրավազոր չեն կազմել արձանագրություն, քանի որ դա նախատեսված չէ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով:
«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքով վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմումը նախատեսված չլինելու հիմքով Վարչական դատարանը ստուգում իրականացնողի կողմից 27.06.2008 թվականի թիվ 2089 արձանագրության կազմումը գնահատել է որպես ոչ իրավաչափ, որի արդյունքում իրավախախտման մասին արձանագրությունը դիտվել է որպես ապացուցողական ուժ չունեցող և անթույլատրելի ապացույց:
Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վարչական դատարանի կողմից անտեսվել է այն հանգամանքը, որ վարչական իրավախախտման վերաբերյալ գործերի՝ որպես վարչական վարույթի առանձին տեսակի առանձնահատկությունները սահմանված են ոչ թե «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքով, այլ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով: Անտեսվել է նաև այն հանգամանքը, որ Տեսչությունը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի պահանջներով, ստուգման կապակցությամբ իրականացրել է օրենքով նախատեսված բոլոր գործառույթները և կազմել թիվ 2378 ստուգման ակտը, սակայն, միևնույն ժամանակ հայտնաբերելով վարչական իրավախախտման հատկանիշներ, հիմք ընդունելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 254-րդ, 255-րդ, 236-րդ, 42-րդ հոդվածները, կազմել է նաև վարչական իրավախախտման մասին արձանագրություն, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքին համապատասխան իրականացրել է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննություն, նույն օրենսգրքի 282-րդ հոդվածի հիման վրա կայացրել է որոշում՝ տուգանք սահմանելու մասին: Նշված որոշումը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում չի բողոքարկվել, իսկ հակընդդեմ հայց ներկայացնելիս Կազմակերպության տնօրեն Կարինե Մխիթարյանի կողմից Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 288-րդ հոդվածով սահմանված կարգով որևէ դիմում չի ներկայացվել բաց թողնված ժամկետը վերականգնելու խնդրանքով:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-228-րդ հոդվածների ուժով ՀՀ վարչական դատարանի վճիռը բեկանելու համար:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված՝ անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 11.12.2008 թվականի վճիռը և այն փոփոխել. ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության հայցը բավարարել՝ «Արտաշատ քաղաքի թիվ 7 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Կարինե Մխիթարյանից բռնագանձել 40.000 ՀՀ դրամ վարչական տույժը: Հակընդդեմ հայցը մերժել:
2. Կարինե Մխիթարյանից հօգուտ ՀՀ առողջապահության նախարարության բռնագանձել 10.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի գումար:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
|
Ս. Սարգսյան |
Դատավորներ` |
|
Ե. Խունդկարյան |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Է. Հայրիյան | ||
Տ. Պետրոսյան | ||
|
Ե. Սողոմոնյան |