Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-815
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (14.07.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.07.22/37(703) Հոդ.843
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
14.07.2009
Подписан
Նախագահող
Дата подписания
14.07.2009
Дата вступления в силу
14.07.2009

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան 

14 հուլիսի 2009 թ.


ՔԱՂԱՔԱՑԻ ՅՈՒՐԻԿ ԱՎԻՆՅԱՆԻ ԵՎ ԱՅԼՈՑ, «ԿԱՐ-ԱՎՏՈ» ՍՊԸ-Ի, ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ՎԱԶԳԵՆ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ԵՎ ԷՐՆԵՍՏ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ` «ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 3 ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 4 ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ՄԱՍԵՐԻ, 6, 7 ՀՈԴՎԱԾՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1-ին կետի և 101 հոդվածի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 69 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Քաղաքացի Յուրիկ Ավինյանի և այլոց, «ԿԱՐ-ԱՎՏՈ» ՍՊԸ-ի, քաղաքացիներ Վազգեն Դանիելյանի և Էրնեստ Դանիելյանի դիմումների հիման վրա՝ ՀՀ Ազգային ժողովի կողմից 2006 թվականի նոյեմբերի 27-ին ընդունված` «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3 հոդվածի 1-ին մասի, 4 հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 6, 7 հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը քաղաքացի Յուրիկ Ավինյանի և այլոց` 31.03.2009թ. և «ԿԱՐ-ԱՎՏՈ» ՍՊԸ-ի, Վազգեն Դանիելյանի, Էրնեստ Դանիելյանի` 15.06.2009թ. դիմումներն են սահմանադրական դատարան:

Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմողների գրավոր փաստարկները, պատասխանող կողմի գրավոր բացատրությունները, հետազոտելով «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

1. «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքն ընդունվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2006 թվականի նոյեմբերի 27-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել` 2006 թվականի դեկտեմբերի 12-ին և ուժի մեջ է մտել 2006 թվականի դեկտեմբերի 30-ին:

2009 թվականի մայիսի 19-ին ընդունվել է ««Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-121-Ն օրենքը, որով օրենքի 7 հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը լրացվել են նոր պարբերությամբ, 3-րդ մասն առաջին նախադասությունից հետո լրացվել է նոր նախադասությամբ:

Դիմողները վիճարկում են «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի` 2006 թվականի նոյեմբերի 27-ի խմբագրությամբ տեքստի համապատասխան դրույթները: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքացի Յուրիկ Ավինյանի և այլոց դիմումը քննության ընդունելու վերաբերյալ որոշումը կայացվել է մինչև վերոհիշյալ օրենսդրական փոփոխությունը, ինչպես նաև առկա չեն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 60 հոդվածի 2-րդ կետի դրույթին համապատասխան գործի վարույթը կարճելու հիմքեր, սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի վիճարկվող 7 հոդվածի նախկին խմբագրությամբ դրույթների սահմանադրականությանը:

Յու. Ավինյանի և այլոց դիմումը սահմանադրական դատարանն սկզբնապես ընդունել է քննության «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3 հոդվածի 1-ին մասի, 4 հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 6, 7 և 8 հոդվածների մասով: 2009թ. հունիսի 30-ի ՍԴԱՈ-60 աշխատակարգային որոշմամբ սահմանադրական դատարանը կարճել է գործի վարույթն այդ օրենքի 8 հոդվածի մասով՝ դիմողների նկատմամբ վերջնական դատական ակտով այն կիրառված չլինելու հիմնավորմամբ:

Սահմանադրական դատարանը քննությամբ չի անդրադարձել Յու. Ավինյանի և այլոց դիմումում բարձրացված՝ «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի 2-րդ մասի սահմանադրականության խնդրին՝ վերջնական դատական ակտով դիմողների նկատմամբ այն չկիրառվելու հիմնավորմամբ:

«ԿԱՐ-ԱՎՏՈ» ՍՊԸ-ի, քաղաքացիներ Վազգեն Դանիելյանի, Էրնեստ Դանիելյանի դիմումը սահմանադրական դատարանի 1-ին դատական կազմը քննության է ընդունել «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3 հոդվածի 1-ին մասի, 4 հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 6 հոդվածի 1-ին մասի և 7 հոդվածի 1-ին մասի մասով:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերոնշյալ դիմումները վերաբերում են նույն հարցին, ՀՀ սահմանադրական դատարանը 2009թ. հունիսի 30-ին ընդունել է ՍԴԱՈ-60 աշխատակարգային որոշումը` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 39 հոդվածի համաձայն նշված գործերը միավորելու և նույն դատական նիստում քննելու վերաբերյալ:

Դիմող կողմը միջնորդություն է ներկայացրել մինչև գործի դատաքննության ավարտը կասեցնել «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի գործողությունը: Սահմանադրական դատարանը բավարար հիմքեր չգտավ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 34 հոդվածի հիման վրա այդ օրենքի գործողությունը կասեցնելու համար:

2. «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի` «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման սահմանադրական հիմքերն ու պայմանները» վերտառությամբ սույն գործով վիճարկվող 3 հոդվածի 1-ին մասը սահմանում է. «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման սահմանադրական հիմքը բացառիկ` գերակա հանրային շահն է»:

Վերոհիշյալ օրենքի` «Բացառիկ` գերակա հանրային շահի որոշումը» վերտառությամբ 4 հոդվածի 1-ին մասը սահմանում է հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման բացառիկ` գերակա հանրային շահի որոշման սկզբունքները, իսկ նույն հոդվածի 2-րդ մասը՝ գերակա հանրային շահով հետապնդվող հնարավոր նպատակները:

Օրենքի` «Հասարակության և պետության կարիքների համար օտարվող սեփականության ձեռքբերողը» վերտառությամբ 6 հոդվածը կարգավորում է հասարակության և պետության կարիքների համար օտարվող սեփականության ձեռքբերման հետ կապված հարաբերություններ, սահմանելով ձեռքբերող սուբյեկտներին, սեփականությունն օտարելու վերաբերյալ դիմումին ներկայացվող պահանջները և օտարմամբ պայմանավորված ծախսերի հատուցման ընդհանուր կարգը:

Օրենքի` «Բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին կառավարության որոշումը» վերտառությամբ 7 հոդվածը (նախկին խմբագրությամբ) սահմանում է բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին կառավարության որոշմանը ներկայացվող պահանջները:

3. Գործի դատավարական նախապատմությունը վկայում է, որ ՀՀ կառավարությունը 2007 թվականի հունվարի 25-ին ընդունել է «Երևան քաղաքի վարչական սահմաններում որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու, գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման կարգը և նկարագրության արձանագրության օրինակելի ձևը հաստատելու մասին» թիվ 108-Ն որոշումը: Ղեկավարվելով «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 4, 7 և 18 հոդվածներով, հիմք ընդունելով Երևան քաղաքի գլխավոր հատակագիծն ու դրա հիման վրա առաջ եկած` քաղաքի զարգացման հեռանկարները` ՀՀ կառավարությունը հիշատակված որոշման 1-ին հավելվածում նշված տարածքներում իրականացվող քաղաքաշինական ծրագրերը ճանաչել է բացառիկ` գերակա հանրային շահ: Սույն գործով դիմողներից Վազգեն Դանիելյանը, Էրնեստ Դանիելյանը, «ԿԱՐ-ԱՎՏՈ» ՍՊԸ-ն ՀՀ կառավարության վերոհիշյալ որոշումը մասնակի` Երևան քաղաքի Ագաթանգեղոս փողոցում գտնվող արվեստանոցի մասով, անվավեր ճանաչելու պահանջի մասին հայցադիմում են ներկայացրել ՀՀ տնտեսական դատարան, որը ՀՀ դատական օրենսգիրքը գործողության մեջ դրվելու կապակցությամբ հետագայում հանձնվել է ՀՀ վարչական դատարանի քննությանը: Վարչական դատարանն իր` 05.08.2008թ. վճռով հայցը մերժել է, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատն իր` 12.12.2008թ. որոշմամբ վերադարձրել է դիմողների վճռաբեկ բողոքը:

Սույն գործով մյուս դիմողները (քաղ. Յու. Ավինյան և այլոք) ՀՀ կառավարության վերոհիշյալ որոշումը ՀՀ մի շարք իրավական ակտերին հակասելու պատճառաբանությամբ անվավեր ճանաչելու պահանջի մասին դիմում են ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան, որն իր` 29.11.2007թ. թիվ 2-1660 վճռով մերժել է դիմումը: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանն իր` 23.04.2008թ. որոշմամբ մերժել է դիմողների վերաքննիչ բողոքը և Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 29.11.2007թ. թիվ 2-1660 վճիռը թողել օրինական ուժի մեջ: ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատն իր` 29.09.2008թ. որոշմամբ վերադարձրել է դիմողների վճռաբեկ բողոքը:

4. Վիճարկելով «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 3 հոդվածի 1-ին մասի, 4 հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 6, 7 հոդվածների դրույթները, դիմողները գտնում են, որ դրանք չեն համապատասխանում ՀՀ Սահմանադրության 3 հոդվածին, 8 հոդվածի 1-ին մասին, 31 հոդվածի 3-րդ մասին, 18 և 19 հոդվածների 1-ին մասերին, 24 հոդվածին:

Օրենքի 3 հոդվածի 1-ին մասի վիճարկման առնչությամբ դիմողները, հղում կատարելով սահմանադրական դատարանի 2006թ. ապրիլի 18-ի ՍԴՈ-630 որոշման 9-րդ կետին, նաև գտնում են, որ վերոհիշյալ օրենքի 3 հոդվածի 1-ին մասը հակասում է Սահմանադրության 31 հոդվածի 3-րդ մասին, քանի որ այն որպես հասարակության և պետության կարիքների համար գույքի օտարման հիմք համարում է «բացառիկ` գերակա հանրային շահը», այն դեպքում, երբ Սահմանադրության 31 հոդվածի 3-րդ մասին համապատասխան` հասարակության և պետության կարիքների համար գույքի օտարման հիմքը «հասարակության և պետության կարիքների» առկայության փաստն է, իսկ «բացառիկ` գերակա հանրային շահերի դեպքերում» օտարումը, «օրենքով սահմանված կարգով» և «նախնական համարժեք փոխհատուցմամբ» օտարման վերաբերյալ սահմանադրական պահանջների հետ մեկտեղ, հանդիսանում է օտարվող գույքի սեփականատիրոջ սեփականության իրավունքի պաշտպանության անհրաժեշտ երաշխիք, այլ ոչ թե օտարման սահմանադրական հիմք:

Օրենքի վիճարկվող 4 հոդվածի 1-ին և 2-րդ մասերի առնչությամբ դիմողները` հղում կատարելով սահմանադրական դատարանի 2006թ. ապրիլի 18-ի ՍԴՈ-630 որոշման 10-րդ կետին, գտնում են, որ օրենքի 4 հոդվածի 1-ին և 2-րդ մասերը հակասում են ՀՀ Սահմանադրության 31 հոդվածի 3-րդ մասին, քանի որ օրենքը «բացառիկ` գերակա հանրային շահ» հասկացությունը սահմանող և բացառիկ` գերակա հանրային շահի հիմնավորման անհրաժեշտության պահանջի վերաբերյալ դրույթների հետ մեկտեղ պետք է պարունակեր նաև «հասարակության և պետության կարիքներ» հասկացությունը` որպես օտարման բուն հիմքը սահմանող և հասարակության և պետության կարիքների հիմնավորման անհրաժեշտության պահանջի վերաբերյալ դրույթներ:

Օրենքի 4 հոդվածի 1-ին և 2-րդ մասերի առնչությամբ դիմողները գտնում են նաև, որ դրանք չեն համապատասխանում իրավական որոշակիության պահանջներին այնքանով, որքանով օրենքում բացակայում են «բացառիկ», «գերակա» և «հանրային շահ» եզրույթների սահմանումները և, այդպիսով, հակասում են ոչ միայն ՀՀ Սահմանադրության 3 հոդվածին, 8 հոդվածի 1-ին մասին, 31 հոդվածի 3-րդ մասին, այլև՝ Սահմանադրության 18 և 19 հոդվածների 1-ին մասերին, «այնքանով, որքանով օրենքի անորոշ ձևակերպումների վրա հիմնված` բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին կառավարության որոշումն, իր հերթին, չի կարող բավարարել իրավական որոշակիության պահանջը, ինչը օտարվող գույքի սեփականատիրոջը կզրկի այդ որոշումը դատական կարգով վիճարկելու և իր խախտված իրավունքները վերականգնելու իրավունքներն արդյունավետորեն իրականացնելու հնարավորությունից»:

Օրենքի 6 հոդվածի առնչությամբ դիմողները` հիմք ընդունելով «հասարակության և պետության կարիքների» վերաբերյալ սահմանադրական դրույթի` տվյալ իրավահարաբերության կարգավորման բնագավառում ելակետային լինելը, գտնում են, որ օրենքի 6 հոդվածը հակասում է Սահմանադրության 3 հոդվածին, 8 հոդվածի 1-ին և 31 հոդվածի 3-րդ մասերին, քանի որ օրենքում «հասարակության և պետության կարիքների»` որպես հասարակության և պետության կարիքների համար գույքի օտարման սահմանադրական հիմքի վերաբերյալ դրույթի բացակայության պայմաններում խոսք չի կարող լինել սեփականության հարկադիր օտարման մասին:

Օրենքի 7 հոդվածի 1-ին մասի առնչությամբ հղում կատարելով սահմանադրական դատարանի 2006թ. ապրիլի 18-ի ՍԴՈ-630 որոշման 10-րդ կետի 3-րդ պարբերությանը` համարելով, որ հասարակության և պետության կարիքների համար գույքի հարկադիր օտարման առաջնային նախապայմանը հասարակության և պետության կարիքների միաժամանակյա առկայության փաստն է, դիմողները գտնում են, որ «յուրաքանչյուր դեպքում բացառիկ` գերակա հանրային շահի ճանաչման հարցը լուծելիս անհրաժեշտ է ելնել հավասարաչափ` ինչպես պետության, այնպես էլ հասարակության կարիքներից», հետևաբար, գտնում են, որ օրենքի 7 հոդվածի 1-ին մասը հակասում է Սահմանադրության 31 հոդվածի 3-րդ մասի պահանջներին:

Օրենքի 7 հոդվածի 2-րդ մասի վիճարկման առնչությամբ դիմողները գտնում են, որ այն հակասում է Սահմանադրության 3 հոդվածին, 18 և 19 հոդվածների 1-ին մասերին, քանի որ` «Օրենքի նշված դրույթը կառավարությանը չի պարտավորեցնում հիմնավորել բացառիկ` գերակա հանրային շահի առկայությունը յուրաքանչյուր դեպքում, ինչը օտարվող գույքի սեփականատիրոջը զրկում է կառավարության որոշումը դատական կարգով վիճարկելու և իր խախտված իրավունքները վերականգնելու իրավունքներն արդյունավետ իրականացնելու հնարավորությունից»:

5. Պատասխանողը գտնում է, որ վիճարկվող նորմերում «օրենքով սահմանված կարգով» և օտարվող գույքի դիմաց «նախնական համարժեք փոխհատուցման»՝ Սահմանադրությամբ ամրագրված հասկացությունների բառացի բացակայությունը չի կարող հանգեցնել «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 3 հոդվածի 1-ին մասի և ՀՀ Սահմանադրության համապատասխան հոդվածի միջև հակասության, մասնավորապես այն հիմնավորմամբ, որ «սեփականության օտարման հիմք է ճանաչվել միայն բացառիկ՝ գերակա հանրային շահը»: Ըստ պատասխանող կողմի` դիմողները վիճարկվող նորմից արհեստականորեն առանձնացրել են վերջինիս մի մասը՝ ցանկանալով տպավորություն ստեղծել, որ առկա չեն Սահմանադրությամբ ամրագրված օտարման պայմանները, և այդ առումով գտնում է, որ օրենքով սահմանված կարգով իրականացված լինելը և նախնական համարժեք փոխհատուցում վճարելը հանդիսանում են օտարման ոչ թե հիմքերը, այլ պայմանները, հետևաբար՝ ՀՀ Սահմանադրության 31 հոդվածի 1-ին մասի և վիճարկվող հոդվածի միջև հակասության մասին խոսք լինել չի կարող:

«Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի վիճարկվող 4 հոդվածի 1-ին և 2-րդ մասերի վերաբերյալ պատասխանող կողմը գտնում է, որ այդ հոդվածում հստակորեն տրված են այն չափորոշիչները, համաձայն որոնց` հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարումը կարող է բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչվել, իսկ «պետություն», «հասարակություն», «կարիքներ» հանրածանոթ եզրույթները՝ ինչպես առանձին, այնպես էլ ընդհանուր օգտագործման դեպքում «նոր հասկացություն չեն բնորոշում և որևէ նոր իմաստ չեն բովանդակում»:

Պատասխանողը գտնում է, որ հասարակական հարաբերությունների դինամիկ զարգացման պայմաններում օրենսդրի համար դժվար է ընդունել «այնպիսի իրավական նորմեր, որոնք կգործեն երկարատև ժամանակահատվածում և համապարփակ կկարգավորեն բոլոր հասարակական հարաբերությունները», բացի դրանից, «հասարակական երևույթները կարող են այնպիսի անկրկնելի հատկանիշներ ունենալ կամ արտահայտվել այնպիսի դրսևորումներով, որ օրենքով հնարավոր չլինի համարժեքորեն կարգավորել այդ հարաբերությունները», և որ «ոչ միշտ է հնարավոր ընդունել խիստ որոշակի իրավական նորմեր»: Հետևաբար, ոչ մի օրենք չի կարող հաշվի առնել իրավական կարգավորման ենթակա հասարակական հարաբերությունների բազմազանությունը և հստակ կանոնակարգել իրավահարաբերությունների մասնակիցների վարքագիծը: Ուստի «օրենքի որոշակիությունը համարվում է ցանկալի, սակայն ոչ պարտադիր կողմ», հետևաբար` բացարձակ որոշակիության բացակայությունը ՀՀ Սահմանադրությամբ սահմանված իրավական պետության սկզբունքին օրենքը հակասող ճանաչելու հիմք չէ: Այդ հիմնավորմամբ պատասխանող կողմը գտնում է, որ «հանրային շահ», «գերակա» և «բացառիկ», ինչպես նաև «հասարակության և պետության կարիքներ» հասկացությունները լրացուցիչ սահմանման կարիք չունեն, և վիճարկվող օրենքի 6 հոդվածի` ՀՀ Սահմանադրությանը հակասելու՝ դիմող կողմի պնդումը նույնպես հիմնավոր չէ:

Վերոհիշյալ օրենքի վիճարկվող 7 հոդվածի 1-ին մասի առնչությամբ պատասխանող կողմը գտնում է, որ ՀՀ Սահմանադրության 85 հոդվածի 5-րդ մասի համաձայն կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքներով: Սեփականության օտարման նպատակը որպես բացառիկ գերակա շահ ճանաչելու` կառավարության լիազորությունը չի հակասում ՀՀ Սահմանադրության 42 հոդվածին, միաժամանակ, պետության և հասարակության կարիքների համար սեփականության օտարման գործընթացների մասնակիցներն իրենց իրավունքների պաշտպանության առավել արդյունավետ ու մատչելի իրավական մեխանիզմներ ունեն: Իսկ նույն հոդվածի 7-րդ մասում թվարկված միջոցառումների իրականացումը չի կարող դիտարկվել որպես սեփականության անարգել տնօրինման, տիրապետման և օգտագործման, բնակարանի, անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքների խախտում:

Այսպիսով, պատասխանող կողմը գտնում է, որ «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի վիճարկվող նորմերը համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը:

6. Սույն գործով վիճարկվող իրավանորմերի սահմանադրականությունը որոշելիս սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում գնահատել.

- «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի վիճարկվող դրույթների համապատասխանությունը սեփականության օտարման հետ կապված հարաբերությունների ընթացիկ նորմատիվ իրավակարգավորման սահմանադրաիրավական սկզբունքների բովանդակության, դրանց օրենսդրական հստակ կարգի սահմանման և կիրառման վերաբերյալ սահմանադրական դատարանի նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումներին՝ այնքանով, որքանով առնչվում է սույն գործով վիճարկման առարկային,

- սեփականության օտարման հետ կապված հարաբերությունների իրավակարգավորման և, մասնավորապես՝ այդ օտարումը որպես բացառիկ` գերակա հանրային շահ գնահատելու բնագավառում պետական լիազոր մարմնի լիազորությունների շրջանակը՝ այնքանով, որքանով այն անհրաժեշտ և բավարար է՝ ՀՀ Սահմանադրության 3, 5 հոդվածներում, 8 հոդվածի առաջին մասում, 14, 14.1., 31, 48 և 89 հոդվածներում ամրագրված սկզբունքների և նորմատիվ այլ դրույթների լիարժեք իրականացումն ապահովելու նպատակով,

- հասարակության և պետության կարիքների համար օտարվող գույքի սեփականատիրոջ՝ Սահմանադրությամբ նախատեսված իրավունքների և ազատությունների երաշխավորված պաշտպանության ապահովումն ինչպես սույն գործով վիճարկվող, այնպես էլ օրենսդրության այլ նորմերում,

- հասարակության և պետության կարիքների համար գույքի օտարման հետ կապված վեճերի լուծման դատական պրակտիկան՝ այնքանով, որքանով առնչվում է սույն գործով վիճարկման առարկային:

7. Սեփականության իրավունքի հետ կապված սահմանադրաիրավական հարաբերությունների կարգավորման սկզբունքային նորմերը նախատեսված են ՀՀ Սահմանադրության 8 և 31 հոդվածներում, համաձայն որոնց` Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը (իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու՝ սեփականատիրոջ իրավունքը), որից անձը կարող է զրկվել բացառապես դատական կարգով՝ օրենքով նախատեսված դեպքերում, իսկ սեփականության օտարումը հասարակության և պետության կարիքների համար կարող է կատարվել միայն բացառիկ` գերակա հանրային շահերի դեպքերում, օրենքով սահմանված կարգով, նախնական համարժեք փոխհատուցմամբ:

«Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` այդ օրենքը սահմանում է հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման հիմքը, կարգը, օտարվող սեփականության դիմաց փոխհատուցման տրման կարգը, բացառիկ՝ գերակա հանրային շահի հասկացությունը և դրա որոշման կարգը, այդպիսով՝ այն կոչված է նախատեսելու ՀՀ Սահմանադրության վերոհիշյալ նորմերի իրագործման պայմանները:

Սահմանադրական դատարանը հիմք է ընդունում այն հանգամանքը, որ իր՝ 2006թ. ապրիլի 18-ի ՍԴՈ-630 որոշմամբ մեկնաբանել է Սահմանադրության 31 հոդվածի 3-րդ մասի դրույթների սահմանադրաիրավական բովանդակությունը, հաշվի է առնում, որ «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքն ընդունվել է նաև սահմանադրական դատարանի այդ որոշման դրույթների իրագործմամբ: Արձանագրելով, որ դիմողներն իրենց փաստարկների համար հիմք են ընդունում սահմանադրական դատարանի 2006թ. ապրիլի 18-ի ՍԴՈ-630 որոշման միայն 9-րդ կետի 9-րդ պարբերությունում ամրագրված իրավական դիրքորոշումը, սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործի շրջանակներում օրենքի վիճարկվող դրույթների սահմանադրականությունը հարկ է գնահատել սահմանադրական դատարանի այդ որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների վերահաստատման և դրանց ամբողջության համադրության սկզբունքով:

Սույն գործի շրջանակներում վիճարկման առարկա հանդիսացող սեփականության օտարման իրավակարգավորման սկզբունքների և կարգի առնչությամբ սահմանադրական դատարանն իր որոշմամբ մասնավորապես կարևորել էր.

ա) ոչ միայն հասարակության և պետության կարիքների, այլ նաև բացառիկ` գերակա հանրային շահերի բավարարման անհրաժեշտությունը (որոշման 8-րդ կետի 5-րդ պարբերություն և 11-րդ կետի 4-րդ պարբերություն),

բ) ոչ միայն հասարակության և պետության կարիքների առկայության հիմնավորման, այլև բացառիկ` գերակա հանրային շահի առկայության և դրա հիմնավորման պահանջի բավարարումը (որոշման 10-րդ կետի 2-րդ և 3-րդ պարբերություններ):

Բացի դրանից, սահմանադրական դատարանը գտել էր նաև, որ.

ա) «միայն մեկ դեպքում է հնարավոր սեփականության հարկադիր օտարումը` երբ առկա է բացառիկ` գերակա հանրային շահերով պայմանավորված հասարակական և պետական կարիքը» (որոշման 11-րդ կետի 1-ին պարբերություն),

բ) «հասարակության և պետության ամեն մի կարիք սեփականության օտարման հիմք չի կարող հանդիսանալ, այդ կարիքները պետք է լինեն բացառիկ` պայմանավորված գերակա հանրային շահով» (որոշման 8-րդ կետի 6-րդ և 7-րդ պարբերություններ),

գ) «միայն բացառիկ` գերակա հանրային շահի առկայության հիմնավորմամբ ի հայտ եկած հասարակական և պետական կարիքի դեպքում կարող է սեփականության հարկադիր օտարման խնդիր առաջադրվել» (որոշման 10-րդ կետի 14-րդ պարբերություն),

դ) «օրենքը պետք է սահմանի, թե ինչպես որոշել հասարակական և պետական կարիքը, ինչպես է հիմնավորվում, որ դրա` համարժեք փոխհատուցմամբ բավարարումը թելադրված է բացառիկ` գերակա հանրային շահով» (որոշման 11-րդ կետի 4-րդ և 5-րդ պարբերություններ):

Հաշվի առնելով «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի իրավական կարգավորման նպատակը (օրենքի 1 հոդված), բացահայտելով օրենսդրի կամքը, վերլուծելով օրենքի և, մասնավորապես` դրա 4, 5, 7, 8, 9, 10 և 16 հոդվածների իրավական բովանդակությունը` սահմանադրական դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը փորձել է վերոհիշյալ օրենքում արտացոլել սահմանադրական դատարանի 2006թ. ապրիլի 18-ի ՍԴՈ-630 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշումները և այդ դիրքորոշումների շրջանակներում սահմանել բացառիկ` գերակա հանրային շահի առկայության հիմնավորման իրավական հիմքերը: Իսկ հասարակության և պետության կարիքների առկայությունը հիմնավորել է բացառիկ` գերակա հանրային շահի առկայության հիմնավորման վերաբերյալ դրույթների շրջանակներում` հիմք ընդունելով սահմանադրական դատարանի 2006թ. ապրիլի 18-ի ՍԴՈ-630 որոշման 10-րդ կետի 14-րդ պարբերությունում արտահայտած իրավական այն դիրքորոշումը, համաձայն որի` հասարակության և պետության կարիքն ի հայտ է գալիս բացառիկ` գերակա հանրային շահի առկայության հիմնավորմամբ: Մասնավորապես, սահմանադրական դատարանի 2006թ. ապրիլի 18-ի ՍԴՈ-630 որոշման 12-րդ կետում սահմանադրական դատարանն արձանագրել էր, որ «միջազգային պրակտիկայում սեփականության օտարման համար հիմք են պետության և հասարակության այնպիսի կարիքները, ինչպիսիք են ճանապարհների, երկաթուղիների, խողովակաշարերի, օդանավակայանների, հանրային տարաբնույթ նշանակության այլ ենթակառուցվածքների, պաշտպանական նշանակության օբյեկտների շինարարությունը, երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, պատմամշակութային հուշարձանների պաշտպանության, բնակավայրերի կառուցապատման և հասարակական ու պետական կարևորության տարբեր այլ ծրագրերի իրականացումը: Սակայն բոլոր պարագաներում իրավական խնդիրն այն է, որ օրենքով սահմանված կարգով ամեն մի կոնկրետ դեպքում հիմնավորվի ծրագրի այդպիսին լինելը և այդ մասին ժամանակին ու պատշաճ ձևով տեղեկացվեն շահագրգիռ անձինք` ստանալով իրենց իրավունքների արդյունավետ պաշտպանության հնարավորություն»: Իրացնելով սահմանադրական դատարանի 2006թ. ապրիլի 18-ի ՍԴՈ-630 որոշման 12-րդ կետի դրույթները` «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի` «Բացառիկ` գերակա հանրային շահի որոշումը» վերտառությամբ 4 հոդվածի 2-րդ մասը սահմանում է գերակա հանրային շահի այնպիսի նպատակներ, որպիսիք սահմանադրական դատարանի 2006թ. ապրիլի 18-ի ՍԴՈ-630 որոշման 12-րդ կետում ամրագրված են որպես միջազգային պրակտիկայում ընդունված` պետության և հասարակության կարիքներ:

Դրանք են.

ա) պետության պաշտպանության, պետության ու հասարակության անվտանգության ապահովումը.

բ) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված պարտավորությունների կատարման ապահովումը.

գ) միջազգային և հանրապետական նշանակության պատմության և մշակութային արժեքների կամ հուշարձանների, ինչպես նաև բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման կամ պահպանության ապահովումը.

դ) շրջակա միջավայրի պահպանության ապահովումը.

ե) կրթության, առողջության, սպորտի, ինչպես նաև գիտության կամ մշակույթի զարգացման ապահովումը.

զ) էներգետիկայի, հեռահաղորդակցության, ջրամատակարարման, ջրահեռացման, ջերմամատակարարման, քաղաքաշինական, ընդերքի հետախուզման, ընդերքօգտագործման, տրանսպորտի, հաղորդակցության ուղիների կամ բնակավայրերի ենթակառուցվածքների զարգացման բնագավառում համապետական կամ համայնքային կամ միջհամայնքային կարևոր նշանակություն ունեցող ծրագրերի իրականացման ապահովումը.

է) անձանց կյանքի, առողջության կամ սեփականության պաշտպանությունը.

ը) արտակարգ իրավիճակների կանխումը, արտակարգ իրավիճակների հնարավոր հետևանքների նվազեցումը, արտակարգ իրավիճակների հետևանքների վերացումը:

Հաշվի առնելով վերոգրյալը և վերահաստատելով իր` 2006թ. ապրիլի 18-ի ՍԴՈ-630 որոշման 8-րդ կետի 5-րդ, 6-րդ և 7-րդ պարբերություններում, 10-րդ կետի 2-րդ, 3-րդ և 14-րդ պարբերություններում, 11-րդ կետի 1-ին, 4-րդ և 5-րդ պարբերություններում ամրագրված իրավական դիրքորոշումները` սահմանադրական դատարանը գտնում է, որ «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3 հոդվածի 1-ին մասում ամրագրված` «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման սահմանադրական հիմքը բացառիկ` գերակա հանրային շահն է» դրույթը ներառում է բացառիկ` գերակա հանրային շահով պայմանավորված հասարակության և պետության կարիքը: Տվյալ ձևակերպման մեջ «հիմք» եզրույթը շեշտում է այն պայմանի առկայությունը, որի դեպքում է միայն հնարավոր սեփականության օտարումը: Իրավակիրառական պրակտիկան և ցանկացած գործի փաստական հանգամանքների գնահատումը պետք է ելնի նշված դրույթի սահմանադրաիրավական այդ բովանդակությունից: Սույն գործով դիմող կողմի ներկայացրած դատական ակտերի ուսումնասիրությունն էլ վկայում է, որ հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման հետ կապված վեճեր լուծելիս և վերոհիշյալ օրենքի դրույթները մեկնաբանելիս դատական պրակտիկան ըստ էության ձևավորվում է սահմանադրական դատարանի իրավական վերոհիշյալ դիրքորոշումների շրջանակներում:

Միաժամանակ, սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենքում առկա են հասկացութային որոշ անհստակություններ: Մասնավորապես, օրենքի անվանման մեջ ու բազմաթիվ հոդվածներում (1, 3, 4, 6, 11, 14, 18) առանց երկիմաստության խոսքը վերաբերում է հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարմանը: Դա միարժեք նշանակում է, որ հաշվի առնելով նաև ՀՀ Սահմանադրության 31 հոդվածի 3-րդ մասի պահանջը, սեփականության օտարումը հնարավոր է միայն մեկ նպատակ իրականացնելու` հասարակության և պետության կարիքը բավարարելու համար: Սակայն, ինչպես ընդգծվել էր նաև ՍԴՈ-630 որոշման մեջ, հասարակության և պետության ոչ բոլոր կարիքները կարող են սեփականության օտարման հիմք հանդիսանալ: Սահմանադրությունը կոնկրետ պայման է առաջադրում` դրանք հասարակության և պետության այն կարիքներն են, որոնք միայն պայմանավորված են բացառիկ` գերակա հանրային շահերով: Նման հստակ սահմանադրաիրավական կարգավորման պայմաններում, օրենքի 7 հոդվածի 2-րդ մասի ա) կետում նշվում է, որ բացառիկ` գերակա հանրային շահի համար պետք է օտարվի սեփականությունը: Դա, իր հերթին, ելնում է օրենքի 4 հոդվածի 3-րդ մասի, 7 հոդվածի 2-րդ մասի ա) կետի այն ձևակերպումներից, որոնցում բացառիկ` գերակա հանրային շահի և, դրանով պայմանավորված, հասարակության և պետության կարիքի որոշ նույնականացում է նկատվում: Վերջինս, իր հերթին` «դեպքում» և «համար» եզրույթների ոչ համարժեք կիրառման արդյունք է: Այդուհանդերձ, օրենքի ու նաև նշված հոդվածների այլ դրույթների ընդհանուր տրամաբանությունն այն է, որ սեփականությունը կարող է օտարվել հասարակության և պետության կարիքների համար:

Հաշվի առնելով վերջին հանգամանքը, այս հարցի առնչությամբ սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները, ինչպես նաև նկատի ունենալով, որ ՀՀ Սահմանադրության 6 հոդվածի համաձայն Սահմանադրության նորմերը գործում են անմիջականորեն, օրենքի ցանկացած դրույթի իրավակիրառական պրակտիկան պետք է ելնի այն սկզբունքից, որ չնայած տվյալ իրավակարգավորման շրջանակներում «հասարակության և պետության կարիքը» և «բացառիկ` գերակա հանրային շահը» հանդես են գալիս օրգանական մեկ միասնականության մեջ, այսուհանդերձ, բացառիկ` գերակա հանրային շահի առկայությունն այն պայմանն է, որի պարագայում հնարավոր է դառնում սեփականության օտարումը պետության և հասարակության կարիքների համար: Նման մոտեցումը նախ և առաջ ելնում է ՀՀ Սահմանադրության 1 հոդվածի, 2 հոդվածի 1-ին մասի, 3 հոդվածի սահմանադրաիրավական բովանդակությունից, որի հիմնարար նշանակությունը կայանում է պետության և հասարակության շահերի միասնության, և միայն այդ շահերով պայմանավորված նպատակային խնդիրներ լուծելու իրավական պայմաններ ստեղծելու, ինչպես նաև՝ պետության և հասարակության միջև ներդաշնակ գործակցություն ապահովելու մեջ:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենքի 4 հոդվածի 1-ին մասի ե) կետով, ինչպես նաև 9 հոդվածով նախատեսված հիմքերով դատական վեճի առկայության պայմաններում Սահմանադրության 6 հոդվածի 1-ին մասի, 31 հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև 3 հոդվածի 3-րդ մասի պահանջներից ելնելով դատարանը պարտավոր է պատասխան տալ հետևյալ հարցերին. նախ` տվյալ սեփականության օտարման առնչությամբ առկա՞ է հասարակության և պետության կարիքը, թե` ոչ, երկրորդ` այդ կարիքը պայմանավորվա՞ծ է միայն բացառիկ` գերակա հանրային շահով, թե` ոչ: Այդ հարցերի պատասխանների առկայության պայմաններում կարող է հետագա գործընթացն օրենքով նախատեսված շարունակությունն ունենալ: Սահմանադրական դատարանն սկզբունքային է համարում նաև օրենքի 13 հոդվածի 4-րդ մասի երաշխիքային այն դրույթը, որ «...դատարանի վճռից ծագող պետական գրանցման ենթակա գույքի նկատմամբ իրավունքները ծագում են միայն դրանց պետական գրանցման պահից»: Նման նորմատիվ պահանջի բացակայությունը նախկինում սեփականության իրավունքի խախտման լուրջ պատճառ էր դարձել:

8. «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 4 հոդվածի 1-ին և 2-րդ մասերի և 7 հոդվածի 2-րդ մասի սահմանադրականության հարցի վերաբերյալ դիմողների փաստարկների առնչությամբ սահմանադրական դատարանը վերահաստատելով հիմք է ընդունում իր 2006թ. ապրիլի 18-ի ՍԴՈ-630 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումները, մասնավորապես, «բացառիկ», «գերակա» և «հանրային շահ» հասկացությունների բովանդակությունը բացահայտված է սահմանադրական դատարանի 2006թ. ապրիլի 18-ի ՍԴՈ-630 որոշման 12-րդ կետի 2-րդ պարբերությունում:

Գերակա բնույթ ունեցող հանրային շահերի առաջնայնության որակների հստակեցման և հիմնավորման համար չափանիշներն ու սկզբունքները սահմանված են վերոնշյալ օրենքի 4 և 7 հոդվածներում, որպիսիք իրենց իրավական բովանդակությամբ համապատասխանում են սահմանադրական դատարանի` ՍԴՈ-630 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումներին:

ՀՀ կառավարության «Երևան քաղաքի վարչական սահմաններում որոշ տարածքներում բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու, գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման կարգը և նկարագրության արձանագրության օրինակելի ձևը հաստատելու մասին» 25.01.2007թ. թիվ 108-Ն, ինչպես նաև «Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքներում բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին» 20.11.2008թ. թիվ 1405-Ն որոշումների ուսումնասիրությունը վկայում է, որ առաջնորդվելով «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 4 հոդվածում ամրագրված սկզբունքներով` ՀՀ կառավարությունը ոչ միայն որոշում է սեփականության օտարման բացառիկ՝ գերակա հանրային շահը, այլև մատնանշում այն հետապնդող նպատակները:

Հասարակության և պետության կարիքների համար օտարվող գույքի սեփականատիրոջ՝ Սահմանադրությամբ նախատեսված իրավունքների և ազատությունների երաշխավորված պաշտպանության ապահովման տեսանկյունից սահմանադրական դատարանը կարևորում է օրենքի 4 հոդվածի 1-ին մասի «ե» կետում և 9 հոդվածում բացառիկ` գերակա հանրային շահի առկայության փաստի, հետևաբար, բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին կառավարության որոշման` դատական կարգով բողոքարկման և առաջացած վեճերը դատավարական օրենսդրությամբ սահմանված կարգով լուծելու իրավական հնարավորությունը, որը կարևոր երաշխիք է նաև ՀՀ Սահմանադրության 18 և 19 հոդվածներով նախատեսված անձի իրավունքների պաշտպանության նպատակով:

ՀՀ Սահմանադրության 85 և 89 հոդվածներում սահմանված է ՀՀ կառավարության, որպես գործադիր իշխանության մարմնի, սահմանադրաիրավական կարգավիճակը, որի բովանդակությունից է անմիջականորեն բխում այն լիազորությունների շրջանակը, մասնավորապես՝ հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման բնագավառում, որը նախատեսված է «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքում:

9. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքում ոչ ամբողջությամբ են արտացոլված սահմանադրական դատարանի 2006թ. ապրիլի 18-ի ՍԴՈ-630 որոշման մեջ ամրագրված իրավական դիրքորոշումները: Մասնավորապես.

ա) օրենքում չեն իրացվել սահմանադրական դատարանի 2006թ. ապրիլի 18-ի ՍԴՈ-630 որոշման 10-րդ կետի 5-րդ և 11-րդ պարբերություններում ամրագրված իրավական այն դիրքորոշումները, համաձայն որոնց` «Օրենքը պետք է սահմանի հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման կարգը, որոշակիացնելով. «իրավաչափ նպատակի համար սեփականության տարբեր օբյեկտների օտարման առանձնահատկությունները»,

բ) օրենքում չի իրացվել սահմանադրական դատարանի 2006թ. ապրիլի 18-ի ՍԴՈ-630 որոշման 10-րդ կետի 13-րդ պարբերությունում ամրագրված իրավական դիրքորոշումը, համաձայն որի` «Օրենքը միաժամանակ պետք է նախատեսի, որ սեփականատիրոջ և պետության (ի դեմս նրա լիազոր մարմնի) միջև կնքվում է գերակա հանրային շահով պայմանավորված` հասարակության և պետության կարիքների համար գույքի օտարման և համարժեք փոխհատուցման պայմանագիր, որում պետք է հստակ շարադրված լինեն վերոհիշյալ պահանջներից բխող երկկողմ պարտավորությունները, ինչպես նաև այն պայմանը, որ նման պայմանագրով տրված փոխհատուցումը չի կարող դիտվել որպես հարկվող եկամուտ»:

Հաշվի առնելով, որ թեև վերոհիշյալ հարաբերությունների կարգավորման անհրաժեշտության հիմնավորումն անմիջականորեն պայմանավորված չէ սույն գործով վիճարկվող նորմերի սահմանադրականության խնդրով, այնուամենայնիվ, «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի կիրառման պրակտիկայի ուսումնասիրման արդյունքներով սահմանադրական դատարանն արձանագրում է, որ այդ օրենքում սահմանադրական դատարանի 18.04.2006թ. ՍԴՈ-630 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների ոչ ամբողջությամբ արտացոլված լինելու հանգամանքն իր արտացոլումն է գտնում իրավակիրառական պրակտիկայում ծագող տարաբնույթ վեճերում, որոնց հաղթահարումը հետագա օրենսդրական հստակեցումների անհրաժեշտություն ունի:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1-ին կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 69 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

1. «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի (2006 թվականի նոյեմբերի 27-ի խմբագրությամբ) 3 հոդվածի 1-ին մասը, 4 հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 6 հոդվածը, 7 հոդվածի 1-ին և 2-րդ մասերը համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը` ՀՀ սահմանադրական դատարանի 18.04.2006թ. ՍԴՈ-630 և սույն որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումների շրջանակներում:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

 Գ. Հարությունյան

 

14 հուլիսի 2009 թ.

 ՍԴՈ-815