Գլխավոր տեղեկություն
Տիպ
Արձանագրություն
Тип
Ինկորպորացիա (15.10.2019-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
Հայաստանի Հանրապետություն
Дата принятия
30.01.2019
Дата подписания
30.01.2019
Дата вступления в силу
15.10.2019

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) և Հայաստանի Հանրապետության Կառավարությունը, այսուհետ` Կողմեր,

ՀԻՄՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՎ 1993 թվականի նոյեմբերի 5-ին ստորագրված` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Հայաստանի Հանրապետության Կառավարության միջև` Հայաստանի Հանրապետությունում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կարգավիճակի մասին համաձայնագիրը (Համաձայնագիր),

ՆԿԱՏԻ ՈՒՆԵՆԱԼՈՎ իր մարդասիրական առաքելության շրջանակներում ԿԽՄԿ հիմնարար սկզբունքները` ներառյալ մարդասիրության, չեզոքության, անկողմնակալության ու անկախության սկզբունքները, ինչպես նաև նրա գաղտնիության պահպանման գործելաոճը,

ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵԼՈՎ ԿԽՄԿ և Հայաստանի Հանրապետության միջև արդյունավետ համագործակցությունը,

ԳԻՏԱԿՑԵԼՈՎ ԿԽՄԿ գործունեության արդյունավետության պահպանման համար Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից ԿԽՄԿ-ին տրամադրված արտոնությունների ու անձեռնմխելիությունների մասին դրույթների հստակեցման և լրացման անհրաժեշտությունը,

ՀԱՄԱՁԱՅՆԵՑԻՆ ներքոնշյալի մասին.

 

Հոդված 1

 

Համաձայնագրի 6-րդ հոդվածը լրացնել նոր՝ 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերով, հետևյալ բովանդակությամբ.

«4. ԿԽՄԿ-ն իրավունք ունի իր գրագրությունը և այլ փաստաթղթերը կամ տեղեկատվությունն ուղարկել կամ ստանալ փոստով կամ կնքված փաթեթներով։ ԿԽՄԿ փոստը և փաթեթները օգտվում են այնպիսի արտոնություններից և անձեռնմխելիություններից, որոնք նախատեսված են դիվանագիտական փոստի համար` պայմանով, որ դրանք ունենան իրենց բնույթը նշող տեսանելի արտաքին նշաններ և պարունակեն միայն պաշտոնական օգտագործման համար նախատեսված փաստաթղթեր, տեղեկատվություն կամ առարկաներ:

5. Հայաստանի Հանրապետությունն ապահովում է ԿԽՄԿ զեկույցների, նամակների և այլ գրագրության բովանդակության և գրառումների գաղտնիությունը։ Այդ բովանդակությունը և գրառումները չպետք է բացահայտվեն դրանց հասցեատեր չհանդիսացող անձանց համար, ինչպես նաև չպետք է բացահայտվեն կամ օգտագործվեն դատական կամ վարչական վարույթների ընթացքում՝ առանց ԿԽՄԿ նախնական գրավոր համաձայնության։

6. Իր առաքելության և գործունեության շրջանակներում ԿԽՄԿ-ն անձնական տվյալները մշակելիս առաջնորդվում է անձնական տվյալների պաշտպանության միջազգային իրավունքում ընդունված սկզբունքներով և այդ սկզբունքներին համապատասխանող՝ անձնական տվյալների պաշտպանության մասին ԿԽՄԿ կանոններով:»։

 

Հոդված 2

 

Համաձայնագրի 10-րդ հոդվածի 11-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.

«11. Պատվիրակության այն անդամները, որոնք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են (ռեզիդենտ աշխատակիցներ), չեն օգտվում այն անձեռնմխելիություններից, արտոնություններից և առավելություններից, որոնք նշված են սույն հոդվածի 1-9-րդ կետերում: Նրանք, սակայն, օգտվում են իրենց ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում իրականացված գործողությունների հետ կապված դատական գործընթացների նկատմամբ անձեռնմխելիությունից, այդ թվում՝ ձերբակալման, կալանքի, որպես վկա ներգրավման անձեռնմխելիությունից, նույնիսկ այն դեպքում, եթե այլևս չեն աշխատում ԿԽՄԿ պատվիրակությունում:»:

 

Հոդված 3

 

Համաձայնագրի 11-րդ հոդվածը շարադրել հետևյալ բովանդակությամբ.

«Ժամանակավոր առաքելությամբ Հայաստանի Հանրապետություն ժամանած ԿԽՄԿ ներկայացուցիչներն ու աշխատակիցները օգտվում են Համաձայնագրի 10-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 7-րդ, 8-րդ և 13-րդ կետերում շարադրված արտոնություններից և անձեռնմխելիություններից:»:

 

Հոդված 4

 

Սույն Արձանագրությունը կազմում է Համաձայնագրի անբաժանելի մասը և ուժի մեջ է մտնում Արձանագրության ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերի կատարման մասին ծանուցումը ԿԽՄԿ կողմից դիվանագիտական ուղիներով ստացման օրվանից:

 

Կատարված է Երևան քաղաքում 2019 թվականի հունվարի 30-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` ֆրանսերեն և հայերեն, ընդ որում՝ երկու տեքստերն էլ հավասարազոր են:

 

Արձանագրությունն ուժի մեջ է մտել 2019թ. հոկտեմբերի 15-ին