Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-807
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.06.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.06.17/31(697) Հոդ.709
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
08.06.2009
Подписан
Նախագահող
Дата подписания
08.06.2009
Дата вступления в силу
08.06.2009

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

8 հունիսի 2009 թ.

 

1950 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-ԻՆ ԼԵՅՔ ՍԱՔՍԵՍՈՒՄ (ՆՅՈՒ ՅՈՐՔ) ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ԿՐԹԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԲՆՈՒՅԹԻ ՆՅՈՒԹԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի (զեկուցող),

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «1950 թվականի նոյեմբերի 22-ին Լեյք Սաքսեսում (Նյու Յորք) ստորագրված` կրթական, գիտական և մշակութային բնույթի նյութերի ներմուծման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի՝ ՀՀ սահմանադրական դատարան 07.05.2009թ. մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ՝ ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

1. Համաձայնագիրը հաստատվել է Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) Գլխավոր խորհրդաժողովի կողմից 1950թ. հունիսի 17-ին՝ Ֆլորենցիայում, և բացվել է ստորագրման համար 1950թ. նոյեմբերի 22-ին` Լեյք Սաքսեսում (Նյու Յորք):

2. Համաձայնագիրը բաղկացած է հինգ հավելվածից և կից արձանագրությունից: Հավելվածները սահմանում են գրքերի, հրատարակությունների, փաստաթղթերի ցանկը, արվեստի գործերի և կրթական, գիտական կամ մշակութային բնույթի հավաքածուների առարկաների ցանկը, կրթական, գիտական կամ մշակութային բնույթի տեսալսողական նյութերի ցանկը, գիտական գործիքների և սարքավորումների ցանկը, ինչպես նաև կույրերի համար նախատեսված առարկաների ցանկը: Համաձայնագրին կից արձանագրությամբ սահմանվում են համաձայնագրին ԱՄՆ-ի մասնակցության կարգը և վերապահման տեքստը:

3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

 հավելվածներում թվարկված նյութերի ներմուծման ժամանակ կամ ներմուծման հետ կապված չկիրառել մաքսատուրքեր,

համաձայնագրով սահմանված առարկաների ներմուծման համար տրամադրել անհրաժեշտ լիցենզիաներ և /կամ արտարժույթ,

 քանակական սահմանափակումներ և արժույթի նկատմամբ վերահսկողության միջոցներ կիրառելու դեպքում հնարավորության սահմաններում տրամադրել արտարժույթ և արտոնագիր, որոնք անհրաժեշտ են հավելվածներում թվարկված նյութերի ներմուծման համար,

 տրամադրել բոլոր հնարավոր միջոցները կրթական, գիտական և մշակութային բնույթի այն նյութերի ներմուծման համար, որոնք ներմուծվում են բացառապես իրավասու մարմինների կողմից հաստատված հանրային ցուցահանդեսների համար` հետագայում դրանք արտահանելու պայմանով,

 շարունակել համատեղ ջանքերի գործադրումը կրթական, գիտական և մշակութային բնույթի նյութերի ազատ տարածմանը բազմակողմանիորեն աջակցելու, ցանկացած սահմանափակում վերացնելու կամ կրճատելու ուղղությամբ, ինչպես նաև պարզեցնել այդ նյութերի ներմուծման վարչական ընթացակարգը և աջակցել դրանց արագ ու անվտանգ մաքսազերծմանը,

 ՀՀ-ի համար համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո սահմանված ժամկետում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները համաձայնագրի լիարժեք ու արդյունավետ գործողությունն ապահովելու համար, իսկ նշված ժամկետը լրանալուց հետո մեկ ամսվա ընթացքում ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել զեկույց համաձայնագրի` լիարժեք ու արդյունավետ գործողությունն ապահովելու ուղղությամբ ձեռնարկված միջոցների մասին,

 համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման հետ կապված ցանկացած վեճ կարգավորելու նպատակով դիմել բանակցությունների կամ հաշտեցման գործընթացների:

4. Համաձայնագրով սահմանված են նաև համաձայնագիրը վավերացնելու, դրան միանալու, չեղյալ համարելու, վերանայելու կարգն ու պայմանները:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

1. 1950 թվականի նոյեմբերի 22-ին Լեյք Սաքսեսում (Նյու Յորք) ստորագրված` կրթական, գիտական և մշակութային բնույթի նյութերի ներմուծման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

8 հունիսի 2009 թ.

ՍԴՈ-807

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան