Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.05.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.08.11/39(705).1 Հոդ.931.12
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
27.05.2009
Подписан
Նախագահող
Дата подписания
27.05.2009
Дата вступления в силу
27.05.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2035/02/08

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2035/02/08

2009թ.

Նախագահող դատավոր՝ Դ. Խաչատրյան

Դատավորներ՝ Ն. Տավարացյան

               Ս. Միքայելյան


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ`

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ե. Խունդկարյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

 

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Է. Հայրիյանի

 

Տ. Պետրոսյանի

 

Ե. Սողոմոնյանի

 

2009 թվականի մայիսի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Դիանա Գևորգյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.02.2009 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Դիանա Գևորգյանի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Կենտրոն տարածքային ստորաբաժանման (այսուհետ՝ Կադաստր), Սոնա Ասլանյանի, Սեդա Գասպարյանի, Մելսիդա Մխիթարյանի, Արկադի Խեչումյանի, Նաիրա Գյունաշյանի, Վարդգես Կովկասյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք Սոֆյա Անիսոնյանի, Հայկ Սիմոնյանի, Վարյա և Գագիկ Բուռնազյանների, «Էյչ Էս Բի Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ), «Մալաթիա» ՈւՎԿ ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն)՝ պետական գրանցման միասնական մատյանում և սեփականության իրավունքի թիվ 0271091, թիվ 1561523, թիվ Ա 026383, թիվ 0143872, թիվ 2557709 վկայականներում, թիվ 236 տեխնիկական անձնագրում կատարված գրառումը՝ 753,0քմ մակերեսով ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող հողամասի մասով, մասնակի անվավեր ճանաչելու, Երևանի Նալբանդյան փողոցի 15-րդ շենքի բակում գտնվող 147,75 քմ մակերեսով սեփական շինությամբ ծանրաբեռնված հողամասի նկատմամբ Դիանա Գևորգյանի սեփականության իրավունքը ճանաչելու, ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող հողամասից Երևանի Նալբանդյան փողոցի 15-րդ շենքի թիվ 1 բնակարանի հատակագծային չափերի համապատասխան ծանրաբեռնված 178,28 քմ ընդհանուր մակերեսով հողամասն առանձնացնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

 

Դիմելով դատարան՝ Դիանա Գևորգյանը պահանջել է մասնակի անվավեր ճանաչել Կադաստրի կողմից կատարված պետական գրանցման միասնական մատյանում և Երևանի Նալբանդյան փողոց թիվ 15 հասցեի սեփականության իրավունքի թիվ 0271091, թիվ 1561523, թիվ Ա 026383, թիվ 0143872, թիվ 2557709 վկայականներում, թիվ 236 տեխնիկական անձնագրում կատարված գրառումը՝ 753,0 քմ մակերեսով ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող հողամասի մասով, նշված շենքի բակում գտնվող 147,75 քմ մակերեսով սեփական շինությամբ ծանրաբեռնված հողամասի նկատմամբ ճանաչել Դիանա Գևորգյանի սեփականության իրավունքը, ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող հողամասից առանձնացնել Երևանի Նալբանդյան փողոց 15-րդ շենքի թիվ 1 բնակարանի հատակագծային չափերի համապատասխան ծանրաբեռնված 178,28 քմ ընդհանուր մակերեսով հողամասը:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 10.11.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակի: Մասնակի անվավեր է ճանաչվել Կադաստրի կողմից պետական գրանցման միասնական մատյանում և թիվ 0271091, թիվ 1561523, թիվ Ա 026383, թիվ 0143872, թիվ 2557709 սեփականության վկայականներում, թիվ 236 տեխնիկական անձնագրում կատարված գրառումը՝ 753,0 քմ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող հողամասի մասով՝ ճանաչելով Դիանա Գևորգյանի սեփականության իրավունքը Նալբանդյան փողոցի 15-րդ շենքի բակում գտնվող 147,75 քմ սեփական շինությամբ ծանրաբեռնված հողամասի նկատմամբ, իսկ 605,25 քմ հողամասը թողնելով ընդհանուր սեփականության ներքո:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 20.02.2009 թվականի որոշմամբ Դիանա Գևորգյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Արկադի Խեչումյանի և Նաիրա Գյունաշյանի ներկայացուցիչ Գայանե Գրիգորյանի, Սոնա Ասլանյանի, Սեդա Գասպարյանի, Մելսիդա Մխիթարյանի ներկայացուցիչ Ավետիս Քալաշյանի և ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձի ներկայացուցիչ Հայկ Հարությունյանի վերաքննիչ բողոքները բավարարվել են՝ մասնակի բեկանվել է Դատարանի 10.11.2008 թվականի վճիռը, և այն փոփոխվել է. Դիանա Գևորգյանի հայցը՝ պետական գրանցման միասնական մատյանում և թիվ 0271091, թիվ 1561523, թիվ Ա 026383, թիվ 0143872, թիվ 2557709 սեփականության վկայականներում, թիվ 236 տեխնիկական անձնագրում կատարված գրառումը՝ 753,0 քմ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող հողամասի մասով մասնակի անվավեր ճանաչելու, Դիանա Գևորգյանի սեփականության իրավունքը Նալբանդյան փողոցի 15-րդ շենքի բակում գտնվող 147,75 քմ սեփական շինությամբ ծանրաբեռնված հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին մերժվել է, իսկ վճիռը՝ հայցը մերժելու մասով, թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Դիանա Գևորգյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Արկադի Խեչումյանի և Նաիրա Գյունաշյանի ներկայացուցիչ Գայանե Գրիգորյանը և Սոնա Ասլանյանի, Սեդա Գասպարյանի, Մելսիդա Մխիթարյանի ներկայացուցիչ Ավետիս Քալաշյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Բանկի ներկայացուցիչ Հայկ Հարությունյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջը, ինչի հետևանքով խախտել է 29.01.1991 թվականին ընդունված ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է գնահատել գործում առկա ապացույցները, ինչի արդյունքում հանգել է գործի սխալ լուծման: Երևանի Նալբանդյան փողոց 15 հասցեում գտնվող շենքի կադաստրային գործերում առկա ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն՝ Երևանի առաջին նոտարական գրասենյակի պետական նոտար Էմմա Շաբոյանը 2000 թվականի դեկտեմբերի 27-ին հաստատել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1216-րդ հոդվածի հիման վրա, 16.06.2000 թվականին մահացած Գևորգ Գևորգյանի ժառանգ է հանդիսանում նրա կինը՝ Դիանա Գևորգյանը, բնակվող Երևանի Նալբանդյան փողոց թիվ 15 հասցեում։ Ժառանգական գույքը, որի համար տրվել է ժառանգության իրավունքի վկայագիրը, բաղկացած է Երևանի Նալբանդյան փողոցի 15 հասցեում գտնվող բնակելի տնից, որը պատկանել է ժառանգատուին՝ համաձայն 13.04.1999 թվականի սեփականության իրավունքի վկայականի, ընդհանուր հողամասից 753 քմ, ընդ որում բնակելի տան ընդհանուր մակերեսը կազմում է 178,28 քմ, իսկ օժանդակ շինությունների մակերեսը՝ 127,65 քմ և 20,1 քմ։ Նշված հասցեում գտնվող բնակարանների վերաբերյալ կադաստրային գործում առկա և թիվ 0271091, թիվ 1561523, թիվ Ա 026383, թիվ 0143872, թիվ 2557709 սեփականության վկայականներում և թիվ 236 տեխնիկական անձնագրում Երևանի Նալբանդյան փողոց թիվ 15 հասցեում գտնվող 753,0 քմ մակերեսով հողամասը հանդիսանում է համատեղ սեփականություն։

Վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատականի չի արժանացրել այն հանգամանքը, որ մինչև 29.01.1991 թվականի ՀՀ հողային օրենսգրքի ընդունումը Երևան քաղաքի Նալբանդյան 15 հասցում գտնվող 127,65 քմ և 20,1 քմ օժանդակ տարածքները սեփականության իրավունքով պատկանել են Գևորգ Գևորգյանին և նշված օրենսգրքի ընդունումից հետո էլ բնակելի տան օժանդակ տարածքներով զբաղեցված հողամասն օրենքով սահմանված կարգով պետք է անհատույց կարգով թողնվեր նրան որպես սեփականություն, սակայն ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Կենտրոն տարածքային ստորաբաժանման կողմից պետական գրանցում կատարելիս հաշվի չի առնվել այդ հանգամանքը, և նշված շինությունների տակ գտնվող հողամասը թողնվել է Երևան քաղաքի Նալբանդյան 15 հասցեի բնակելի տան բոլոր սեփականատերերի համատեղ սեփականության ներքո։

Երևան քաղաքի Նալբանդյան 15 հասցում գտնվող բնակելի տան՝ 127,65 քմ և 20,1 քմ օժանդակ շինությունների զբաղեցրած հողամասը սեփականության իրավունքով պատկանել է Գևորգ Գևորգյանին, ուստի նշված հողամասի սեփականության իրավունքը փոխանցվել է Դիանա Գևորգյանին, քանի որ վերջինս ամուսնու մահից հետո ընդունել է նրա ժառանգությունը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 20.02.2009 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 10.11.2008 թվականի վճռին:

 

2.1. Վճռաբեկ բողոքի՝ Արկադի Խեչումյանի և Նաիրա Գյունաշյանի ներկայացուցչի և Սոնա Ասլանյանի, Սեդա Գասպարյանի և Մելսիդա Մխիթարյանի ներկայացուցչի կողմից ներկայացված պատասխանի հիմքերը և փաստարկները

 

Վերաքննիչ դատարանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն, գործում առկա յուրաքանչյուր ապացույց գնահատել է գործի բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ, պարզել է վերաքննիչ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը և իր պատճառաբանությունների և եզրահանգումների արդյունքում կայացրել է հիմնավորված և արդարացի որոշում:

Դիանա Գևորգյանի վճռաբեկ բողոքից անհասկանալի է, թե ինչում է կայացել նյութական կամ դատավարական իրավունքի խախտումը, որը հանգեցրել է գործի սխալ լուծման, հետևաբար ստորադաս դատարանի կայացրած որոշումը չի կարող բեկանվել:

 

2.2. Վճռաբեկ բողոքի՝ Բանկի կողմից ներկայացված պատասխանի հիմքերը և փաստարկները

 

Դատարանը վճիռ կայացնելիս հաշվի չի առել Բանկի՝ որպես գրավառուի իրավունքները և շահերը և չի անդրադարձել այն հարցին, թե սեփականատիրոջ փոփոխությունն ինչպես է անդրադառնում գրավառուի իրավունքներին։

Այսպես, համաձայն Արկադի Խեչումյանի, Նաիրա Գյունաշյանի և Բանկի միջև 08.08.2008 թվականին կնքված թիվ 6270 անշարժ գույքի առուվաճառքի և հիպոթեքի պայմանագրի՝ սեփականության իրավունքով նրանց պատկանող 85,6 քմ մակերեսով բնակարանը և համատեղ սեփականության իրավունքով պատկանող 753 քմ մակերեսով հողամասը գրավադրված են Բանկի օգտին՝ իրենց վարկային պարտավորությունների կատարման ապահովման նպատակով։ Փաստորեն, Բանկը, հանդիսանալով գրավառու, նշված բնակարանի և հողամասի նկատմամբ ունի գույքային իրավունքներ։ Բանկը հանդիսանում է «բարեխիղճ գրավառու», քանի որ գրավ է ընդունել այն գույքը, որը հանդիսանում է գրավատուի, տվյալ դեպքում՝ Արկադի Խեչումյանի և Նաիրա Գյունաշյանի սեփականությունը, որը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ստացել է պետական գրանցում, կնքվել է համապատասխան պայմանագիր, գրանցվել են գրավառուի գույքային իրավունքները։

Բանկը գրավ է ընդունել գույքն այն ձևով, ինչպես որ այն ստացել էր պետական գրանցում՝ 85,6 քմ մակերեսով բնակարանը և համատեղ սեփականության իրավունքով պատկանող 753 քմ մակերեսով հողամասը։

Վերաքննիչ դատարանի որոշման բեկանումը Բանկին կզրկի իրեն պատկանող գույքային իրավունքների իրականացման հնարավորությունից։ Տվյալ դեպքում Բանկն իրավունք ունի Արկադի Խեչումյանից վարկի վաղակետ մարում պահանջել, որը կարող է անցանկալի հետևանքներ առաջացնել ինչպես Բանկի, այնպես էլ Արկադի Խեչումյանի համար։

Բացի այդ, Դատարանի կողմից կայացված վճռում նշված է, որ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ Բանկի ներկայացուցիչ Հայկ Հարությունյանը դատական նիստում հայտնել է, որ ընդհանուր առմամբ չի առարկում հայցի դեմ, այնինչ 27.10.2008 թվականին նշանակված դատական նիստի ընթացքում Բանկի ներկայացուցիչը հայտնել է, որ առարկում է հայցի դեմ, քանի որ պատասխանող կողմի փաստարկները համոզիչ են:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) 02.04.1928 թվականի թիվ 4 տոմարի թիվ 171 գույքային թերթի համաձայն՝ Մկրտիչ Գևորգյանի անվամբ հաշվառվել է Երևան քաղաքի Նալբանդյան փողոցում գտնվող մեկ հարկանի բնակելի տուն, որը գտնվել է 1.649,9 քմ հողամասի վրա: Նշված գույքային թերթում արձանագրվել է, որ «Համաձայն Կիրովյան ռայսովետի կողմից տրված 10.06.1941 թվականի շենքի կառուցման պայմանագրի՝ քաղաքացի Մկրտիչ Գևորգյանին թույլատրվել է կառուցել նույն հողամասում երկու հարկանի նկուղով շենք՝ բաղկացած 8 սենյակից»:

2) 02.03.1954 թվականի նվիրատվության պայմանագրով Մկրտիչ Գևորգյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող՝ Երևանի Նալբանդյան փողոցի 15-րդ շենքի 44 տոկոսը նվիրել է չորս անձի՝ Գասպար Գևորգյանին, Գևորգ Գևորգյանին, Երջիկ Գևորգյանին և Ջեմմա Տոնկովյանին։

3) 06.03.1954 թվականին Գասպար Գևորգյանը, Գևորգ Գևորգյանը, Երջիկ Գևորգյանը և Ջեմմա Տոնկովյանը կնքել են շենքի համատեղ օգտագործման պայմանագիր՝ սահմանելով բնակելի տան իրենց պատկանող հատվածները: Միաժամանակ, նշված պայմանագրի 5-րդ կետով կողմերը սահմանել են, որ շենքի ընդհանուր բակից օգտվում են հավասար չափերով։ Պայմանագիրը ենթարկվել է նոտարական վավերացման:

4) 12.03.1971 թվականին Ջեմմա Տոնկովյանը, Գասպար Գևորգյանը, Գևորգ Գևորգյանը և Երջանիկ Գևորգյանը կնքել են «Շենքի համատեղ օգտագործման պայմանագիր», որի համաձայն կողմերը սահմանել են բնակելի տան իրենց պատկանող հատվածները: Պայմանագրում որևէ նշում չկա շինությամբ չծանրաբեռնված բակային տարածքից օգտվելու կարգի մասին:

5) Երևանի Սպանդարյան շրջանի ժողդատարանի 24.10.1977 թվականի վճռի համաձայն՝ ժողդատարանը, քննելով ըստ հայցի Գևորգ Մկրտչի Գևորգյանի ընդդեմ Հայաստան Հարությունի Ղազարյանի՝ բնակարանի օժանդակ հարմարությունների փոխանակման պահանջի մասին, քաղաքացիական գործը, վճռել է. «Գևորգ Մկրտչի Գևորգյանին թույլ տալ պատասխանողի բնակարանի տակը գտնվող 56 քմ մակերեսով նկուղը փոխանակել Հայաստան Հարությունի Ղազարյանին սեփականատիրական իրավունքով պատկանող բակում սարայի հետ (16,70քմx8,30քմ)»։

6) Նալբանդյան փողոց թիվ 15 հասցեի հողամասի մակերեսների հաշվառման 05.11.1977 թվականի թերթիկի համաձայն՝ նշված տնատիրությունում հաշվառվել են նաև օժանդակ տարածքներ՝ 4,60 քմ, 3,20 քմ, 6,70 քմ, 9,70 քմ մակերեսներով, և «սարայ բակում»՝ 95,95 քմ և 31,70 քմ մակերեսներով:

7) Անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 13.04.1999 թվականի թիվ 0143291 վկայականի համաձայն՝ ք. Երևան, Նալբանդյան փողոց թիվ 15 հասցեում գտնվող 178,28 քմ բնակելի տունը, 127,65 քմ և 20,1 քմ օժանդակ շինությունները սեփականության իրավունքով, 753 քմ տնամերձ հողամասն ընդհանուր սեփականության իրավունքով գրանցվել են Գևորգ Մկրտչի Գևորգյանի անվամբ:

8) Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 15 հասցեում գտնվող անշարժ գույքի կադաստրային գործերում առկա 27.12.2000 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն՝ 16.06.2000 թվականին մահացած Գևորգ Գևորգյանի ժառանգն է նրա կինը։ Ժառանգական գույքը բաղկացած է Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 15 հասցեում գտնվող բնակելի տնից (բնակելի տան ընդհանուր մակերեսը կազմում է 178,28 քմ, օժանդակ՝ 127,65 քմ և 20,1քմ), ընդհանուր հողամասից՝ 753 քմ։

12.01.2001 թվականին Դիանա Գևորգյանի անվամբ տրվել է անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 0271091 վկայականը, համաձայն որի՝ Դիանա Գևորգյանի անվամբ սեփականության իրավունքով պետական գրանցում է ստացել Նալբանդյան փողոց թիվ 15 հասցեում գտնվող 178,28 քմ բնակելի տունը, 127,65 քմ և 20,1 քմ օժանդակ շինությունները, իսկ 753 քմ տնամերձ հողամասը՝ համատեղ սեփականության իրավունքով:

9) Կադաստրի 13.08.2008 թվականի թիվ ԵԼ-7029 և 18.09.2008 թվականի թիվ ԵԼ-7980 գրությունների համաձայն՝ Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 15 հասցեի անշարժ գույքերը գրանցված են հետևյալ սեփականատերերի անվամբ՝ 1) Դիանա Գևորգյան՝ 178,28 քմ բնակելի տուն, 127,65 քմ, 20,1 քմ օժանդակ կառույցներ՝ սեփականության իրավունքով և 753,0 քմ հողամաս՝ համատեղ սեփականության իրավունքով, 2) Մելսիդա Ռաֆիկի Մխիթարյան՝ 148,94 քմ բնակելի տուն սեփականության և 753,0 քմ հող համատեղ սեփականության իրավունքով, որը գրավադրված է Ընկերությունում, 3) Սեդա Գասպարյան՝ 59,21 քմ բնակելի տուն՝ սեփականության իրավունքով և 753,0 քմ հողամաս՝ համատեղ սեփականության իրավունքով, 4) Սոնա Ասլանյան՝ 90,7 քմ բնակելի տուն և 753,0 քմ հողամաս՝ համատեղ սեփականության իրավունքով, 5) Սոֆյա Անիսոնյան՝ 62 քմ բնակարան՝ առանց հողի սեփականության իրավունքի, 6) Գագիկ Բուռնազյան՝ 124,6 քմ բնակարան՝ առանց հողամասի սեփականության իրավունքի, 7) Հայկ Սիմոնյան՝ 52,0 քմ բնակարան՝ առանց հողամասի սեփականության իրավունքի, 8) Վարդգես Կովկասյան՝ 49,6 քմ բնակելի տուն սեփականության և 340,0 քմ (ընդհանուր բակ) հողամաս համատեղ սեփականության իրավունքով, 9) Արկադի Խեչումյան և Նաիրա Գյունաշյան՝ 85,6 քմ բնակարան սեփականության իրավունքով և 753,0 քմ հողամաս՝ համատեղ սեփականության իրավունքով, որը գրավադրված է Բանկում:

10) «Կառուցագետ» ՍՊ ընկերության 03.07.2008 թվականի թիվ Կ-08/030 գրության համաձայն՝ Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 15 հասցեի 753,0 քմ մակերեսով հողամասից շինությամբ ծանրաբեռնված է 411,7 քմ-ը, իսկ չկառուցապատված հողամասը 341,3 քմ է։ Հողամասից բնակելի տան ներքո գտնվող մասի մակերեսը կազմում է 263,95 քմ, իսկ 147,75 քմ (127,65+20,1) մակերեսով մասը ծանրաբեռնված է Դիանա Գևորգյանին սեփականության իրավունքով պատկանող օժանդակ շինություններով։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

 

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Գործող ՀՀ հողային օրենսգրքի 118-րդ հոդվածի առաջին կետի համաձայն՝ մինչև օրենսգիրքն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռք բերված հողամասի նկատմամբ իրավունքներն ունեն իրավաբանական ուժ և ենթակա չեն վերագրանցման:

29.01.1991 թվականին ընդունված ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ տնամերձ հողամասերը, ինչպես նաև այգեգործական (ամառանոցի) և բնակելի տան շինարարության սպասարկման համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ունեցած հողամասերն անհատույց կարգով թողնվում են նրանց որպես սեփականություն:

Վերոնշյալ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ տնամերձ, ինչպես նաև այգեգործական (ամառանոցի) և բնակելի տան շինարարության սպասարկման համար հատկացված այն հողամասերը, որոնք մինչ 29.01.1991 թվականին ընդունված ՀՀ հողային օրենսգրքի ուժի մեջ մտնելը (15.03.1991 թվականը) գտնվել են քաղաքացիների օգտագործման ներքո, նրանց փոխանցվում են ի սեփականություն՝ անհատույց կարգով:

Սույն գործի փաստերից հետևում է, որ ք. Երևան, Նալբանդյան փողոց 15 հասցեում գտնվող բնակելի տան կառուցման համար հատկացված 753 քմ հողամասից 341,3 քմ-ը չկառուցապատված բակային մասն է, իսկ 411,7 քմ-ը շինությամբ ծանրաբեռնված հողամասն է, որից բնակելի տան ներքո գտնվող մասի մակերեսը կազմում է 263,95 քմ, իսկ 147,75 քմ (127,65քմ + 20,1քմ) մակերեսով մասը ծանրաբեռնված է Դիանա Գևորգյանի իրավանախորդին՝ Գևորգ Մկրտչի Գևորգյանին սեփականության իրավունքով պատկանող օժանդակ շինություններով, ընդ որում, նշված շինությունները ստեղծվել են և դրանց նկատմամբ Գևորգ Մկրտչի Գևորգյանի սեփականության իրավունքը ծագել է մինչ 29.01.1991 թվականի թիվ Ն-0248-I ՀՀ հողային օրենսգրքի ընդունումը:

Վերոնշյալ փաստերի և նշված իրավական նորմերի համադրումից ու վերլուծությունից հետևում է, որ ք. Երևան, Նալբանդյան փողոց 15 հասցեում գտնվող բնակելի տան կառուցման համար հատկացված հողամասից 147,75 քմ (127,65քմ+20,1քմ) մակերեսով հատվածը մինչ 29.01.1991 թվականի թիվ Ն-0248-I ՀՀ հողային օրենսգրքի ընդունումը գտնվել է Դիանա Գևորգյանի իրավանախորդ Գևորգ Մկրտչի Գևորգյանի փաստացի օգտագործման տակ, քանի որ այդ տնամերձ հողամասը ծանրաբեռնված է եղել նրան սեփականության իրավունքով պատկանող օժանդակ շինություններով, ընդ որում, նշված հողամասի օգտագործման կապակցությամբ բնակելի տան սեփականատերերը որևէ այլ համաձայնություն չեն ունեցել, ավելին, նշված հողամասում օժանդակ շինությունների կառուցում իրականացնելու և այդ գործողության դեմ որևէ առարկություն չներկայացնելու փաստերի ուժով Վճռաբեկ դատարանը գալիս է եզրահանգման, որ հողամասի նշված հատվածը, բնակելի տան սեփականատերերի համաձայնությամբ թողնվել է Գևորգ Գևորգյանի փաստացի օգտագործմանը, որի նկատմամբ էլ Գևորգ Գևորգյանը 29.01.1991 թվականին ընդունված ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի ուժով ձեռք է բերել միանձնյա սեփականության իրավունք:

Միաժամանակ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1186-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ժառանգության զանգվածի մեջ է մտնում ժառանգության բացման օրը ժառանգատուին պատկանող գույքը՝ ներառյալ դրամը, արժեթղթերը, գույքային իրավունքները և պարտականությունները: Նույն օրենսգրքի 1225-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ժառանգությունը ձեռք բերելու համար ժառանգը պետք է ընդունի այն, իսկ նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ ժառանգի կողմից ժառանգության մի մասի ընդունումը նշանակում է իրեն հասանելիք ամբողջ ժառանգության ընդունում, անկախ այն բանից, թե ինչ է այն իրենից ներկայացնում և որտեղ է գտնվում:

Սույն գործի փաստերից հետևում է, որ 16.06.2000 թվականին մահացած Գևորգ Գևորգյանի ժառանգն է նրա կինը, որն ընդունել է ամուսնու ժառանգությունը։ Իսկ վերը նշված պատճառաբանությունների ուժով Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Գևորգ Գևորգյանի ժառանգության զանգվածի մեջ ընդգրկվել է նաև ք. Երևան, Նալբանդյան փողոց 15 հասցեում գտնվող, Գևորգ Մկրտչի Գևորգյանին սեփականության իրավունքով պատկանող օժանդակ շինություններով ծանրաբեռնված 147,75 քմ (127,65քմ + 20,1քմ) մակերեսով հողամասը:

Դիանա Գևորգյանի հայցը մասնակի բավարարելիս նշված փաստական հանգամանքները հիմք ընդունելով՝ Դատարանն իրավացիորեն հաստատված է համարել Գևորգ Գևորգյանի սեփականության իրավունքը Երևանի Նալբանդյան 15 հասցեում գտնվող 127,65 քմ և 20,1 քմ օժանդակ շինություններով ծանրաբեռնված հողամասի (ընդհանուր՝ 147,75 քմ) նկատմամբ, որպիսի հիմքով և համապարփակ իրավահաջորդությամբ այն Դիանա Գևորգյանին անցնելու հանգամանքը:

Սույն գործով Վերաքննիչ դատարանն Արկադի Խեչումյանի և Նաիրա Գյունաշյանի ներկայացուցիչ Գայանե Գրիգորյանի, Սոնա Ասլանյանի, Սեդա Գասպարյանի, Մելսիդա Մխիթարյանի ներկայացուցիչ Ավետիս Քալաշյանի և ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձի ներկայացուցիչ Հայկ Հարությունյանի վերաքննիչ բողոքները բավարարելիս և ստորադաս դատարանի դատական ակտը մասնակի փոփոխելիս եզրահանգում է արել այն մասին, որ ք. Երևան, Նալբանդյան փողոց 15 հասցեում գտնվող բնակելի տան կառուցման համար հատկացված հողամասը համարվում է բնակելի տան սեփականատերերի ընդհանուր համատեղ սեփականությունը, քանի որ սեփականատերերը 1954 թվականին և 1971 թվականին կնքված «Շենքի համատեղ օգտագործման» պայմանագրերով սահմանել են, որ «վիճելի շինություններով զբաղեցված, շենքի սպասարկման համար նախատեսված հողամասից սեփականատերերն օգտվում են ընդհանուր», և սույն գործով հայցվորի կողմից որևէ կերպ չի ապացուցվել սեփականատերերի կողմից հողամասից կամովին հրաժարվելու փաստը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանի կողմից վերը նշված պատճառաբանություններից ելնելով՝ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության չի ենթարկել գործում առկա ապացույցները՝ ի խախտումն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի, համաձայն որի՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Մասնավորապես՝ Ջեմմա Տոնկովյանի, Գասպար Գևորգյանի, Գևորգ Գևորգյանի և Երջանիկ Գևորգյանի միջև 12.03.1971 թվականին կնքված՝ «Շենքի համատեղ օգտագործման» պայմանագրում ընդհանրապես որևէ դրույթ առկա չէ ք. Երևան, Նալբանդյան փողոց 15 հասցեում գտնվող բնակելի տան կառուցման համար հատկացված և շինություններով չծանրաբեռնված հողամասի օգտագործման կարգի վերաբերյալ, իսկ Ջեմմա Տոնկովյանի, Գասպար Գևորգյանի, Գևորգ Գևորգյանի և Երջիկ Գևորգյանի միջև 06.03.1954 թվականին կնքված «Շենքի համատեղ օգտագործման» պայմանագրով կողմերը սահմանել են շենքի բակային տարածքից ընդհանուր հավասար չափով օգտվելու կարգ, որպիսի բակային տարածքն իր մեջ չի կարող ներառել Գևորգ Մկրտչի Գևորգյանին սեփականության իրավունքով պատկանող օժանդակ շինություններով ծանրաբեռնված 147,75 քմ (127,65քմ + 20,1քմ) մակերեսով հողամասը:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով՝ Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.02.2009 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 10.11.2008 թվականի վճռին:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  

Ս. Սարգսյան

Դատավորներ`

Ե. Խունդկարյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան