Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.05.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.08.11/39(705).1 Հոդ.931.3
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
27.05.2009
Подписан
Նախագահող
Дата подписания
27.05.2009
Дата вступления в силу
27.05.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ 08-2000

Քաղաքացիական գործ թիվ 3-58(ՎԴ)

2009թ.

Նախագահող դատավոր՝ Դ. Խաչատրյան

Դատավորներ՝ Ն. Տավարացյան

               Ս. Միքայելյան


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ`

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ`

Տ. Պետրոսյանի

 

Վ.  Աբելյանի

Ս. Անտոնյանի

 

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

 

Մ. Դրմեյանի

 

Ե. Խունդկարյանի

Է. Հայրիյանի

Ե. Սողոմոնյանի

 

2009 թվականի մայիսի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Քնարիկ Հարությունյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.01.2009 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Քնարիկ Հարությունյանի ընդդեմ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Շիրակի մարզի բաժնի, Սաղաթել Էլոյանի, Սանասար Մարգարյանի, Բաբկեն Տեր-Ավագյանի, Գևորգ Եղիկյանի, Հովսեփ Հովհաննիսյանի, Ալբերտ Մելոյանի՝ գույքն արգելանքից հանելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Քնարիկ Հարությունյանը պահանջել է արգելանքից հանել «Երաշխիք» ՍՊԸ-ում ունեցած 30% բաժնեմասի 50%-ը:

Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Դատարան) 06.11.2007 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.01.2009 թվականի որոշմամբ Դատարանի 06.11.2007 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Քնարիկ Հարությունյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Սանասար Մարգարյանը, Բաբկեն Տեր-Ավագյանը, Գևորգ Եղիկյանը, Հովսեփ Հովհաննիսյանը և Ալբերտ Մելոյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջները, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը ճիշտ չի գնահատել ամուսիններ Քնարիկ Հարությունյանի և Աշոտ Հովհաննիսյանի միջև «Երաշխիք» ՍՊԸ-ում իրենց բաժնեմասերը որոշելու վերաբերյալ պայմանագրի առկայությունը հավաստող ապացույցները: «Երաշխիք» ՍՊԸ-ն հիմնադրելիս Քնարիկ Հարությունյանը և Աշոտ Հովհաննիսյանը կնքել են պայմանագիր, որի համաձայն` ընկերությունում իրենցից յուրաքանչյուրի բաժնեմասը կազմում է 30%: Տվյալ դեպքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածով սահմանված «եթե այլ բան նախատեսված չէ ամուսինների միջև կնքված պայմանագրով» դրույթի պայմանն առկա է, այն է` հիմնադիր պայմանագրով կողմերը որոշել են իրենց բաժնեմասի չափը, հետևաբար վիճելի 30% բաժնեմասը Քնարիկ Հարությունյանի միանձնյա սեփականությունն է: Բացի այդ, Աշոտ Հովհաննիսյանն իրեն պատկանող 30% բաժնեմասն օտարել է, որի համար չի պահանջվել Քնարիկ Հարությունյանի համաձայնությունը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 29.01.2009 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության կամ որոշումը փոփոխել` հայցը բավարարել:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Սույն գործով հաստատված է, որ «Երաշխիք» ՍՊԸ-ում Աշոտ Հովհաննիսյանի բաժնի վրա արգելանք է դրվել ոչ թե հարկադիր կատարողի նախաձեռնությամբ, այլ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Ընկերության բաժնեմասը համատեղ ամուսնական գույք է, որի վրա օրինական կարգով արգելանք է դրված: Քնարիկ Հարությունյանն ամուսնուն համատեղ ամուսնական գույքից զրկելու կամ բաժնեմասերի չափը որոշելու հայց կամ վճիռ չունի, իսկ սույն հայցն ուղղված է դատավճռի դեմ, ինչի բավարարումը նշանակում է դատավճռի փոփոխում: «Երաշխիք» ՍՊԸ-ի դեմ դատարաններում առկա են նաև այլ քաղաքացիական գործեր, ուստի գույքն արգելանքից հանելը կխոչընդոտի դատական ակտի կատարմանը: Բացի այդ, նշված գործերից մեկով արգելանք է դրվել ընկերության գույքի վրա, ուստի այդ առումով ևս աննպատակ է վճռաբեկ բողոքը բավարարելը:

Բողոք բերող անձի սկզբնական հայցապահանջն ընդհանուր գույքն արգելանքից հանելու պահանջն է, իսկ վճռաբեկ բողոքում բողոք բերած անձը փորձել է դատարանին ապակողմնորոշելու համար հայցապահանջը սխալ ներկայացնել՝ նշելով, թե իբր նա պահանջել է «Երաշխիք» ՍՊԸ-ում իր 30% բաժնեմասի կեսն արգելանքից հանել: Դրանով իսկ բողոք բերող անձն ընդունում է և դատավճռի օրինականությունը, և իր բաժնեմասի կեսն ամուսնուն պատկանելու փաստը: Հետևաբար, բողոք բերած անձը վճռաբեկ բողոքով փոխել է հայցի առարկան, ինչն անթույլատրելի է:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Քնարիկ Հարությունյանը և Աշոտ Հովհաննիսյանն ամուսիններ են:

2) Սույն գործով Քնարիկ Հարությունյանը բացատրություն է տվել այն մասին, որ Աշոտ Հովհաննիսյանի և Սաղաթել Էլոյանի հետ «Երաշխիք» ապահովագրական ՍՊԸ-ն հիմնադրելիս որոշել են իրենց բաժնեմասերը` համապատասխանաբար Քնարիկ Հարությունյան՝ 30%, Աշոտ Հովհաննիսյան՝ 30% և Սաղաթել Էլոյան՝ 40%, և այդ փաստը չի վիճարկվել:

3) 28.06.2003 թվականի պայմանագրի համաձայն` Աշոտ Հովհաննիսյանը «Երաշխիք» ՍՊԸ-ի` իրեն պատկանող 30% բաժնեմասն առանց Քնարիկ Հարությունյանի համաձայնության վաճառել է Մամիկոն Սիմոնյանին (գ.թ. 19):

4) Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության (այսուհետ՝ Գործակալություն) Գյումրու տարածքային բաժնի 04.05.2006 թվականի տեղեկանքի համաձայն` «Երաշխիք» ՍՊԸ-ի բաժնետերերը երեքն են հետևյալ բաժնեմասերով. Քնարիկ Հարությունյան-30%, Սաղաթել Էլոյան-40%, Մամիկոն Սիմոնյան-30% (գ.թ. 20):

5) Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի` 09.10.2006 թվականի օրինական ուժի մեջ մտած դատավճռով որոշվել է Աշոտ Հովհաննիսյանից հօգուտ Սաղաթել Էլոյանի, Սանասար Մարգարյանի, Բաբկեն Տեր-Ավագյանի, Գևորգ Եղիկյանի, Հովսեփ Հովհաննիսյանի, Ալբերտ Մելոյանի և «Երաշխիք» ՍՊԸ-ի բռնագանձել 37.007.997 ՀՀ դրամ` բռնագանձումը տարածելով ինչպես Աշոտ Հովհաննիսյանի անձնական գույքի վրա, այնպես էլ համատեղ ամուսնության ընթացքում ձեռք բերված նրա կնոջ՝ Քնարիկ Արշալույսի Հարությունյանի անվամբ եղած սեփականության` Աշոտ Հովհաննիսյանին օրենքով պատկանող մասի վրա, որպես քաղաքացիական հայցի ապահովման միջոց կալանք դնելով այդ գույքի վրա (գ.թ. 6-11):

6) ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Շիրակի մարզի բաժնի 13.08.2007 թվականի որոշմամբ բռնագանձում է տարածվել «Երաշխիք» ՍՊԸ-ում Քնարիկ Հարությունյանին պատկանող 30% բաժնեմասից Աշոտ Հովհաննիսյանին պատկանող 50%-ի վրա (գ.թ. 18):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 189-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գույքը կարող է ընդհանուր սեփականությանը պատկանել սեփականության իրավունքում սեփականատերերից յուրաքանչյուրի բաժինը որոշելով (բաժնային սեփականություն) կամ առանց այդ բաժինները որոշելու (համատեղ սեփականություն), իսկ նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ գույքի նկատմամբ ընդհանուր սեփականությունը համարվում է բաժնային, եթե oրենքով դրա նկատմամբ սահմանված չէ համատեղ սեփականություն:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ նրանց միջև կնքված պայմանագրով, իսկ նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ ամուսիններից մեկի պարտավորությունների համար կարող է բռնագանձում տարածվել նրա սեփականության ներքո գտնվող գույքի, ինչպես նաև ամուսինների ընդհանուր գույքում նրա բաժնի վրա:

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը, ամրագրելով ընդհանուր սեփականության իրավունքը, այն տարանջատել է երկու տարբեր իրավական ռեժիմներով: Առաջինը՝ ընդհանուր բաժնային սեփականության, երբ ընդհանուր սեփականությունում սեփականատերերի բաժինները որոշված են, և ընդհանուր համատեղ սեփականության՝ առանց այդ բաժինները որոշելու: Ընդ որում, ամուսինների միջև այլ բան նախատեսող պայմանագրի բացակայության պայմաններում ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքը դիտվում է ամուսինների համատեղ սեփականությունը և ամուսիններից մեկի պարտավորությունների համար բռնագանձումը տարածվում է ամուսինների ընդհանուր գույքում նրա բաժնի վրա:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքի նկատմամբ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքի վերաբերյալ կանոնները կիրառվում են, եթե ընդհանուր սեփականության իրավունքի այլ իրավական ռեժիմ (տվյալ դեպքում՝ ընդհանուր բաժնային սեփականություն) պայմանագրով սահմանված չէ:

Սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը, առաջին ատյանի դատարանի դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ, հանգել է այն հետևության, որ վճիռ կայացնելիս Դատարանն ամբողջ ծավալով պարզել է գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող բոլոր փաստական հանգամանքները` պահպանելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջները:

Մինչդեռ, սույն գործի փաստերի համաձայն` Քնարիկ Հարությունյանը, Աշոտ Հովհաննիսյանը և Սաղաթել Էլոյանը 1999 թվականին հիմնադրել են «Երաշխիք» ապահովագրական ՍՊԸ-ն` համապատասխանաբար 30%, 30% և 40% բաժնեմասերով, իսկ 28.06.2003 թվականի պայմանագրով Աշոտ Հովհաննիսյանը «Երաշխիք» ՍՊԸ-ի` իրեն պատկանող 30% բաժնեմասը վաճառել է Մամիկոն Սիմոնյանին:

Գործակալության 04.05.2006 թվականի տեղեկանքի համաձայն` «Երաշխիք» ՍՊԸ-ի բաժնետերերը երեքն են հետևյալ բաժնեմասերով. Քնարիկ Հարությունյան - 30%, Սաղաթել Էլոյան - 40%, Մամիկոն Սիմոնյան - 30%:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում Քնարիկ Հարությունյանը, Աշոտ Հովհաննիսյանը և Սաղաթել Էլոյանը «Երաշխիք» ՍՊԸ-ն հիմնադրելիս կնքել են հիմնադիր պայմանագիր, որով որոշել են Ընկերությունում իրենց բաժնեմասերը, դրանով իսկ որոշելով ընդհանուր սեփականության՝ ընդհանուր բաժնային սեփականության իրավական ռեժիմը, հետևաբար, Ընկերությունում առկա 30% բաժնեմասի սեփականատերը Քնարիկ Հարությունյանն է, մեկ այլ՝ 30% բաժնեմասի սեփականատերը` Աշոտ Հովհաննիսյանը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերությունում 30% բաժնեմասը սեփականության իրավունքով պատկանում է միայն Քնարիկ Հարությունյանին, ուստի Աշոտ Հովհաննիսյանի պարտավորությունների համար այդ գույքի վրա բռնագանձում չի կարող տարածվել:

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի պատասխանում բերված այն փաստարկին, որ Ընկերությունում Քնարիկ Հարությունյանի ունեցած 30% բաժնեմասի վրա արգելանքը դրվել է օրինական ուժի մեջ մտած 09.10.2006 թվականի դատավճռով, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր չէ, քանի որ նշված դատավճռում առկա «ամուսնության ընթացքում ձեռք բերված նրա կնոջ՝ Քնարիկ Արշալույսի Հարությունյանի անվամբ եղած սեփականության Աշոտ Հովհաննիսյանին օրենքով պատկանող մասի» եզրույթից հետևում է, որ բռնագանձումը պետք է տարածվի ամուսիններին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքի վրա:

Վճռաբեկ բողոքի պատասխանում նշված փաստարկները հերքվում եմ վերոնշյալ պատճառաբանություններով:

Այսպիսով, վճռաբեկ բողոքում նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված՝ անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.01.2009 թվականի որոշումը և այն փոփոխել` Քնարիկ Հարությունյանի հայցը բավարարել. «Երաշխիք» ապահովագրական ՍՊԸ-ում Քնարիկ Հարությունյանի ունեցած 30% բաժնեմասի 50%-ն արգելանքից հանել:

2. Սաղաթել Էլոյանից, Սանասար Մարգարյանից, Բաբկեն Տեր-Ավագյանից, Գևորգ Եղիկյանից, Հովսեփ Հովհաննիսյանից և Ալբերտ Մելոյանից հօգուտ պետական բյուջեի համապարտության կարգով բռնագանձել 20.000 (քսան հազար) ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարման ենթակա պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  

Ս. Սարգսյան

Դատավորներ`

Տ. Պետրոսյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Ե. Սողոմոնյան