Գլխավոր տեղեկություն
Номер
N 624
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (08.06.2009-21.12.2020)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1998.10.16/26(59)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
12.10.1998
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
12.10.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
12.10.1998
Дата вступления в силу
26.10.1998

040.0624.12.10.98

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
12 հոկտեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 հոկտեմբերի 1998 թվականի N 624
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 և 26 հոդվածներին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Սահմանել Հայաստանի Հանրապետությունում քաղաքաշինական գործունեության պետական վերահսկողություն իրականացնելու կարգը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

Հավելված
ՀՀ կառավարության 1998 թվականի
հոկտեմբերի 12-ի N 624 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում քաղաքաշինական գործունեության պետական վերահսկողության խնդիրներն ու իրականացման կարգը:

2. Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքաշինական գործունեության պետական տեսչական վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը` քաղաքաշինական պետական տեսչության միջոցով` «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրավասությունների սահմաններում:

3. Հայաստանի Հանրապետության մարզերի տարածքներում քաղաքաշինական գործունեության պետական վերահսկողությունն իրականացնում են համապատասխան մարզպետները` «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության Նախագահի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» հրամանագրով սահմանված իրավասությունների սահմաններում:

(3-րդ կետը խմբ. 21.05.09 N 569-Ն)

4. Սույն կարգի դրույթները տարածվում են «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` քաղաքաշինական գործունեության օբյեկտների և սուբյեկտների վրա:

 

II. Քաղաքաշինական գործունեության պետական վերահսկողության խնդիրները

 

5. Պետական վերահսկողության են ենթակա քաղաքաշինական գործունեության բոլոր փուլերը` քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի պահանջների իրականացում, կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկում, ճարտարապետահատակագծային առաջադրանքների և նախագծման տեխնիկական պայմանների տրամադրում կառուցապատողներին, ճարտարապետաշինարարական նախագծերի համաձայնեցում, փորձաքննություն ու հաստատում, շինարարության (քանդման) թույլտվություն, շինարարության իրականացում, հեղինակային ու որակի տեխնիկական հսկողություն, շինարարության ավարտական ակտի ձևակերպում, շենքերի ու շինությունների շահագործում:

6. Քաղաքաշինական գործունեության պետական վերահսկողության խնդիրներն են`

ա) քաղաքաշինական գործունեությունը կարգավորող իրավական ակտերի պահանջների կատարման ապահովումը քաղաքաշինական գործունեության սուբյեկտների կողմից.

բ) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի պահանջների կատարման ապահովումը.

գ) աշխատանքներ իրականացնող սուբյեկտների կողմից քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման ապահովումը.

դ) բնակավայրերի և այլ գործառական տարածքների հողերի և ամրակայված գույքի քաղաքաշինության նպատակով օգտագործումը.

ե) շենքերի և շինությունների շինարարության (քանդման) և շահագործման ընթացքում բնակչության ու շրջակա միջավայրի անվտանգության ապահովումը.

զ) ինքնակամ շինարարության (քանդման) կանխարգելումն ու կասեցումը, դրա հետևանքների սահմանված կարգով վերացումը:

7. Քաղաքաշինական գործունեության պետական վերահսկողությունն իրականացվում է տեսչական, պլանային, ընթացիկ և ըստ անհրաժեշտության ստուգումների միջոցով:

 

III. Տեսչական ստուգումների իրականացման կարգը

 

8. Տեսչական ստուգումներն անցկացվում են քաղաքաշինական պետական տեսչության կողմից մարզպետարանների քաղաքաշինական բաժիններում (վարչություններում), մարզային ենթակայության ձեռնարկություններում ու կազմակերպություններում` Հայաստանի Հանրապետության Նախագահի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» հրամանագրին համապատասխան, Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի օգոստոսի 19-ի «Հանրապետական գործադիր մարմինների կողմից մարզպետարանների համապատասխան բաժինների, մարզային ենթակայության կազմակերպությունների և ձեռնարկությունների գործունեության տեսչական ստուգումների մասին» N 257 որոշմամբ հաստատված կարգով:

(8-րդ կետը փոփ. 21.05.09 N 569-Ն)

9. Տեսչական ստուգման առաջադրանքը կազմում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական պետական գլխավոր տեսուչը` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի հրամանի հիման վրա:

10. Տեսչական ստուգման արդյունքում կազմվում է արձանագրություն, որի հիման վրա Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական պետական գլխավոր տեսուչը 10-օրյա ժամկետում որոշում է`

ա) արձանագրությունն ընդունել ի գիտություն.

բ) դիմել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` քաղաքաշինության բնագավառում իրավախախտում թույլ տված պաշտոնատար անձանց` իրենց զբաղեցրած պաշտոններից ազատելու վերաբերյալ համապատասխան մարզպետին հաղորդում ներկայացնելու վերաբերյալ առաջարկությամբ.

գ) քաղաքաշինության բնագավառում իրավախախտում թույլ տված անձանց նկատմամբ օրենքով սահմանված դեպքերում և կարգով նշանակել վարչական տույժեր.

դ) հաղորդում ներկայացնել իրավասու մարմիններ` քաղաքաշինության բնագավառում իրավախախտում թույլ տված պաշտոնատար անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար.

ե) պարտադիր կատարման համար տալ հրահանգ կամ ցուցում` քաղաքաշինության բնագավառում հայտնաբերված խախտումները վերացնելու նպատակով:

(10-րդ կետը փոփ. 21.05.09 N 569-Ն)

 

IV. Պլանային ստուգումների իրականացման կարգը

 

11. Պլանային ստուգումներն անցկացվում են մարզպետների որոշմամբ ստեղծված հանձնաժողովների կողմից քաղաքաշինության բնագավառում համայնքների ղեկավարների գործունեությունը վերահսկելու նպատակով:

(11-րդ կետը փոփ. 21.05.09 N 569-Ն)

12. Պլանային ստուգումներն անցկացվում են յուրաքանչյուր համայնքում` տարեկան մեկ անգամ` մարզպետի կողմից հաստատված ժամկետացանկին և ստուգման առաջադրանքին համապատասխան:

13. Պլանային ստուգումները կարող են տևել ոչ ավելի, քան երկու օր: Լրացուցիչ ուսումնասիրությունների անհրաժեշտություն առաջանալիս` ստուգումների ժամկետը մարզպետի որոշմամբ կարող է երկարաձգվել ևս երկու օրով` դրա մասին տեղեկացնելով համապատասխան համայնքի ղեկավարին:

14. Պլանային ստուգման արդյունքում կազմվում է արձանագրություն և ներկայացվում մարզպետին, որի հիման վրա մարզպետը 10-օրյա ժամկետում որոշում է`

ա) արձանագրությունն ընդունել ի գիտություն.

բ) դիմել համապատասխան համայնքի ղեկավարին` քաղաքաշինության բնագավառում իրավախախտում թույլ տված պաշտոնատար անձանց` իրենց զբաղեցրած պաշտոններից ազատելու վերաբերյալ առաջարկությամբ.

գ) դիմել քաղաքաշինական պետական տեսչություն` քաղաքաշինության բնագավառում իրավախախտում թույլ տված պաշտոնատար անձանց նկատմամբ վարչական տույժեր նշանակելու վերաբերյալ առաջարկությամբ.

դ) հաղորդում ներկայացնել իրավասու մարմիններ` քաղաքաշինության բնագավառում իրավախախտում թույլ տված պաշտոնատար անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար.

ե) պարտադիր կատարման համար տալ հրահանգ կամ ցուցում` քաղաքաշինության բնագավառում հայտնաբերված խախտումները վերացնելու նպատակով.

զ) համայնքների ղեկավարների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները գանգատարկել դատարանում:

15. Պլանային ստուգման արդյունքում կազմված արձանագրության պատճենը 7-օրյա ժամկետում տրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական պետական տեսչության համապատասխան տարածքային ստորաբաժանման պետին:

 

V. Ընթացիկ ստուգումների իրականացման կարգը

 

16. Ընթացիկ ստուգումներն անցկացվում են շինարարության օբյեկտներում` աշխատանքներ իրականացնող լիցենզավորված սուբյեկտների գործունեությունը վերահսկելու, իրականացվող շինարարության որակը, քաղաքաշինական փաստաթղթերի, իրավական ակտերի և նորմատիվ-տեխնիկական պահանջներին դրա համապատասխանությունն ապահովելու նպատակով:

17. Ընթացիկ ստուգումներն անցկացվում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական պետական տեսչության տարածքային ստորաբաժանումների պետերի տված ստուգման առաջադրանքին և  հանձնարարաթերթին համապատասխան:

18. Ընթացիկ ստուգման արդյունքում կազմվում է արձանագրություն (խախտումների հայտնաբերման դեպքում), որում նշվում և ամրագրվում են ստուգվող օբյեկտի հասցեն ու բնույթը, շինարարության (քանդման) թույլտվություն տվող իրավասու մարմինը, շինարարություն, հեղինակային ու տեխնիկական հսկողություն իրականացնող սուբյեկտները, համապատասխան լիցենզիաների առկայությունը և դրանց համարները, շինարարության վարման ընդհանուր մատյանի առկայությունը և գրանցումների համապատասխանությունը գործող կարգին, փորձարկումների, ծածկված ու միջանկյալ աշխատանքների ընդունման ակտերի առկայությունն ու լիարժեքությունը, շինարարական-մոնտաժային աշխատանքներում հայտնաբերված` քաղաքաշինական նորմերի (կանոնների, ստանդարտների) խախտումներն ու դրանց համար պատասխանատու անձինք:

19. Հայտնաբերված խախտումները վերացնելու համար տրվող ցուցումները, որպես հավելված, կցվում են արձանագրությանը:

20. Արձանագրության հիման վրա Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական պետական տեսչության համապատասխան տարածքային ստորաբաժանման պետը 10-օրյա ժամկետում որոշում է`

ա) արձանագրությունն ընդունել ի գիտություն.

բ) քաղաքաշինության բնագավառում իրավախախտում թույլ տված` աշխատանքներ իրականացնող սուբյեկտների նկատմամբ նշանակել վարչական տույժեր` իր իրավասության սահմաններում.

գ) դիմել քաղաքաշինական գործունեության լիցենզավորման իրավասու մարմին` քաղաքաշինության բնագավառում իրավախախտում թույլ տված` աշխատանքներ իրականացնող սուբյեկտների համապատասխան լիցենզիաների գործողության կասեցման կամ դրանք ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ առաջարկությամբ.

դ) հաղորդում ներկայացնել իրավասու մարմիններ` քաղաքաշինության բնագավառում իրավախախտում թույլ տված անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար.

ե) պարտադիր կատարման համար տալ հրահանգ կամ ցուցում` քաղաքաշինության բնագավառում հայտնաբերված խախտումները վերացնելու նպատակով:

21. Ընթացիկ ստուգումների արդյունքում կայացված որոշումը 7-օրյա ժամկետում տրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական պետական գլխավոր տեսուչին` հաստատման:

Հաստատված որոշման պատճենը 7-օրյա ժամկետում ուղարկվում է համապատասխան մարզպետին (Երևանի քաղաքապետին):

 

VI. Ըստ անհրաժեշտության ստուգումների իրականացման կարգը

 

22. Ըստ անհրաժեշտության ստուգումներն անցկացվում են քաղաքաշինական տեսչության և մարզպետների կողմից:

(22-րդ կետը փոփ. 21.05.09 N 569-Ն)

23. Քաղաքաշինական տեսչությունը կարող է ըստ անհրաժեշտության ստուգումներ անցկացնել`

ա) մարզպետարաններում` համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում ինքնակամ և քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին չհամապատասխանող շինարարության դեպքեր հայտնաբերելիս.

բ) տեղական ինքնակառավարման մարմիններում` համապատասխան մարզպետարաններում տեսչական ստուգման ընթացքում անհրաժեշտություն առաջանալիս (փաստաթղթերի համադրում, ընդունված որոշումների կատարման վերահսկողություն և այլն).

գ) կառուցվող ու շահագործվող շենքերում ու շինություններում` վթարային և մարդկանց ու շրջակա միջավայրի անվտանգությանն սպառնացող իրավիճակներում, ինչպես նաև քաղաքացիների դիմում-բողոքների, հասարակական կազմակերպությունների, հեղինակային ու տեխնիկական հսկողություն իրականացնողների, քաղաքաշինական գործունեության լիցենզավորման իրավասու մարմնի, այլ պետական մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների հաղորդումների (դիմումների) հիման վրա:

24. Մարզպետները կարող են ըստ անհրաժեշտության ստուգումներ անցկացնել տեղական ինքնակառավարման մարմիններում` համապատասխան համայնքի վարչական տարածքում ինքնակամ և քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին չհամապատասխանող շինարարության դեպքեր հայտնաբերելիս, ինչպես նաև` քաղաքացիների դիմում-բողոքների հիման վրա:

25. Ըստ անհրաժեշտության ստուգումները չեն կարող դուրս գալ ստուգման պատճառ հանդիսացող խնդրին առնչվող հարցերի շրջանակներից:

26. Ըստ անհրաժեշտության ստուգումները կարող են տևել ոչ ավելի, քան մեկ օր:

Վթարային և մարդկանց ու շրջակա միջավայրի անվտանգությանն սպառնացող իրավիճակներում ստուգումները կարող են շարունակվել մինչև վթարի կամ վտանգի վերացումը:

27. Ըստ անհրաժեշտության ստուգման արդյունքում կազմվում է արձանագրություն, որում նշվում են ստուգման հիմքերն ու ժամանակը, ստուգվող օբյեկտը (սուբյեկտը), ստուգումն իրականացնող պաշտոնատար անձը (անձինք), բացահայտված խախտումների պատճառներն ու դրանց համար պատասխանատու անձինք:

28. Արձանագրությունը կազմվում է 3 օրինակից, որոնցից երկրորդ օրինակը տրվում է ստուգվող սուբյեկտին (ստուգվող օբյեկտի պատասխանատու անձին), իսկ երրորդը` համապատասխան մարզպետին:

(22-րդ կետը փոփ. 21.05.09 N 569-Ն)

29. Ըստ անհրաժեշտության ստուգման արձանագրության հիման վրա Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական պետական գլխավոր տեսուչը կամ համապատասխան տարածքային ստորաբաժանման պետը կարող է ընդունել որոշում` սույն կարգի համապատասխանաբար 10-րդ և 20-րդ կետերին, իսկ մարզպետը` սույն կարգի 14-րդ կետին համապատասխան:

30. Սույն կարգով նախատեսված արձանագրությունների, ստուգման առաջադրանքների և պարտադիր կատարման համար տրվող ցուցումների ձևերը հաստատում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարը:

 

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար, օպերատիվ հարցերի նախարար

Շ. Կարամանուկյան