Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (17.04.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.07.21/36(702).1 Հոդ.842.13
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
17.04.2009
Подписан
Նախագահող
Дата подписания
17.04.2009
Дата вступления в силу
17.04.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0318/02/08

Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0318/02/08

2009թ.

Նախագահող դատավոր՝ Ն. Հովսեփյան

Դատավորներ՝ Է. Մուրադյան

               Ա. Մկրտչյան


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ`

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. Անտոնյանի

 

Վ. Աբելյանի

 

Ա. Բարսեղյանի

 

Մ. Դրմեյանի

Ե. Խունդկարյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

 

Ե. Սողոմոնյանի

2009 թվականի ապրիլի 17-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Նորայր Վարդանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.11.2008 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Մարիետա Ղուկասյանի ընդդեմ Նորայր Վարդանյանի` նվիրատվությունը վերացնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Մարիետա Ղուկասյանը պահանջել է վերացնել Երևանի Վ. Սուրենյան փողոցի թիվ 11 տան 1/4 մասի (15.2 քմ) նկատմամբ 17.08.1992 թվականին Նորայր Վարդանյանին կատարված նվիրատվությունը:

Երևանի քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 10.06.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 21.11.2008 թվականի որոշմամբ Դատարանի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նորայր Վարդանյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Մարիետա Ղուկասյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը     

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ կետը, 53-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է Դատարանի 25.06.2007 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված այն հանգամանքը, որ 1992 թվականին Մարիետա Ղուկասյանը Երևանի Վ.Սուրենյան փողոցի թիվ 11 հասցեում գտնվող 15,2 քմ մակերեսով սենյակի նվիրատվության պայմանագիրը կնքելուց և օրենքով սահմանված կարգով Նորայր Վարդանյանի կողմից այն պետական գրանցում կատարելուց հետո, նվերը հանձնել է Նորայր Վարդանյանին, իսկ նվիրառուն ընդունել է այն:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ վերը նշված դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատվել է նաև, որ Նորայր Վարդանյանը իր ընտանիքի անդամների հետ միասին բնակվել է վիճելի սենյակում մինչև 1999 թվականը, որից հետո մեկնել է Մոսկվա և այնտեղ գտնվել մինչև 2004 թվականը:

 

2) Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 601-րդ հոդվածի 3-րդ մասը, որը չպետք է կիրառեր, որի արդյունքում խախտել է 438-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 601-րդ հոդվածը, որը ՀՀ քաղաքացիական օրենսգրքում ամրագրվել է միայն 1999 թվականին, մինչդեռ 1992 թվականին, երբ կնքվել է նվիրատվության պայմանագիրը, գործել է 04.06.1964 թվականին ընդունված ՀՍՍՀ քաղաքացիական օրենսգիրքը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 21.11.2008 թվականի որոշումը և կարճել գործի վարույթն ամբողջությամբ:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Անհիմն է Նորայր Վարդանյանի այն պատճառաբանությունը, որ Մարիետա Ղուկասյանը հանձնել է, իսկ Նորայր Վարդանյանն ընդունել է վիճելի գույքը և իր ընտանիքի անդամների հետ միասին բնակվել վիճելի սենյակում:

Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատարանի 25.06.2007 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռում նշված այն հանգամանքը, որ Նորայր Վարդանյանը 1999 թվականին մեկնել է Մոսկվա, դեռևս չի նշանակում, որ նա մինչև 1999 թվականը բնակվել է վիճելի սենյակում:

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքում բարձրացված այն փաստարկին, որ առկա է Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 25.06.2007 թվականի օրինական ուժի մեջ մտած վճիռ, ապա տվյալ վճռով գործը քննվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի և 601-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով, իսկ Երևանի քաղաքացիական դատարանը գործը քննել է այլ հիմքով` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 603-րդ հոդվածի 3-րդ մասով:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Բնակելի տան մասի 17.08.1992 թվականի նվիրատվության պայմանագրի համաձայն` Մարիետա Ղուկասյանը Նորայր Վարդանյանին է նվիրել Երևանի Սուրենյան փողոցի 11 հասցեում գտնվող բնակելի տան 1/4 մասը (գ.թ. 10-11):

2) Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի` օրինական ուժի մեջ մտած 25.06.2007 թվականի թիվ 2-310 վճռով Մարիետա Ղուկասյանի հայցն ընդդեմ Նորայր Վարդանյանի` Երևան քաղաքի Վ.Սուրենյան փողոցի թիվ 11 հասցեում գտնվող 15,2 քմ բնակելի սենյակի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականատեր ճանաչելու և 17.08.1992 թվականին բնակելի տան մասի նվիրատվության պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջների մասին մերժվել է, իսկ Նորայր Վարդանյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Մարիետա Ղուկասյանի` իր իրավունքների խախտումը վերացնելու պահանջի մասին՝ բավարարվել (գ.թ. 42-45):

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի` օրինական ուժի մեջ մտած 25.06.2007 թվականի թիվ 2-310 վճռով Մարիետա Ղուկասյանի և Նորայր Վարդանյանի միջև ծագած վեճի հիմքում դրվել են Երևան քաղաքի Վ.Սուրենյան փողոցի թիվ 11 հասցեում գտնվող 15,2 քմ բնակելի սենյակի նկատմամբ ձեռք բերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելը և բնակելի տան մասի 17.08.1992 թվականի նվիրատվության պայմանագիրն անվավեր ճանաչելը (գ.թ. 42-45):

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի` օրինական ուժի մեջ մտած 25.06.2007 թվականի վճռով հաստատվել է բնակելի տան մասի 1992 թվականի նվիրատվության պայմանագրով վիճելի գույքը Մարիետա Ղուկասյանի կողմից Նորայր Վարդյանյանին հանձնելու և այն Նորայր Վարդանյանի կողմից ընդունելու փաստը, մինչև 1999 թվականը վիճելի սենյակում Նորայր Վարդանյանի բնակվելու փաստը ընտանիքի անդամների հետ: Տվյալ վճռով հաստատվել է նաև, որ Մարիետա Ղուկասյանը 2004 թվականից ապօրինի տիրապետել է Երևանի Սուրենյան փողոցի 11 հասցեում գտնվող բնակելի տան 1/4 մասը և խոչընդոտել Նորայր Վարդանյանին բնակվելու վիճելի սենյակում: (գ.թ. 42-45):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝

 

1) Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նախկինում քննված քաղաքացիական գործով oրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաuտատված հանգամանքները նույն անձանց միջև դատարանում այլ գործ քննելիu կրկին չեն ապացուցվում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմված ներքին համոզմամբ, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանի համար որևէ ապացույց նախապես հաստատվածի ուժ չունի, բացառությամբ նույն օրենսգրքի 52 հոդվածով նախատեսված դեպքերի:

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ դատարանը յուրաքանչյուր ապացույց պետք է գնահատի գործում եղած բոլոր ապացույցների հետ միասին բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմված ներքին համոզմամբ: Ընդ որում, դատարանի համար որևէ հանգամանք նախապես հաստատված ապացույցի ուժ չունի, բացառությամբ նույն անձանց միջև նախկինում քննված քաղաքացիական գործով oրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաuտատված հանգամանքների:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 601-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` նվիրատուն իրավունք ունի դատական կարգով պահանջել վերադարձնելու նվիրատվությունը, եթե նվիրառուի վերաբերմունքը նրան նվիրված գույքի նկատմամբ, որը նվիրատուի համար իրենից ոչ գույքային մեծ արժեք է ներկայացնում, դրա անդառնալի կորստի սպառնալիք է ստեղծում:

Նշված հոդվածից հետևում է, որ նվիրատվությունը վերադարձնելու համար էական նշանակություն ունի նվիրառուի (նվեր ստացած անձի) վերաբերմունքը նրան նվիրված գույքի նկատմամբ: Ընդ որում նվերը պետք է նվիրատուի (նվեր տված անձի) համար իրենից ոչ գույքային մեծ արժեք ներկայացնի և նվիրառուի վերաբերմունքի հետևանքով դրա անդառնալի կորստի սպառնալիք ստեղծի:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը նվիրատվությունը վերադարձնելու պահանջի բավարարման հիմքում դրել է վիճելի գույքը Մարիետա Ղուկասյանի հոր հիշատակը լինելու փաստը, Նորայր Վարդանյանի կողմից սենյակը չպահպանելու, չխնամելու, սենյակի քանդված պատերը, տանիքը չվերանորոգելու հանգամանքը, ինչպես նաև 1992 թվականից Վ.Սուրենյան փողոցի թիվ 11 տանը Նորայր Վարդանյանի չբնակվելու փաստը:

Մինչդեռ, գործում առկա նույն անձանց միջև նախկինում քննված Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի օրինական ուժի մեջ մտած 25.06.2007 թվականի վճռի ուսումնասիրման արդյունքում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ վճռով հասատավել են վիճելի գույքը Մարիետա Ղուկասյանի կողմից Նորայր Վարդյանյանին հանձնելու և այն Նորայր Վարդանյանի կողմից ընդունելու փաստը, մինչև 1999 թվականը վիճելի սենյակում Նորայր Վարդանյանի բնակվելու փաստը, ինչպես նաև 2004 թվականից Երևանի Սուրենյան փողոցի 11 հասցեում գտնվող բնակելի տան 1/4 մասը Մարիետա Ղուկասյանի կողմից ապօրինի տիրապետելու և վիճելի սենյակում Նորայր Վարդանյանին բնակվելը խոչընդոտելու փաստերը:

Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրինական ուժի մեջ մտած 25.06.2007 թվականի վճռով հաստատված հանգամանքները սույն գործով ապացուցման կարիք չունեն, հետևաբար սույն գործով հաստատված չէ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 601-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Նորայր Վարդանյանի` վիճելի սենյակի անդառնալի կորստի սպառնալիք ստեղծող վարքագծի դրսևորման փաստը:

 

2) Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 438-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պայմանագիրը պետք է համապատասխանի այն կնքելու պահին գործող օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված` կողմերի համար պարտադիր կանոններին (իմպերատիվ նորմերին), իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե պայմանագիրը կնքելուց հետո ընդունվել է օրենք, որը սահմանում է կողմերի համար պարտադիր այլ կանոններ, քան պայմանագիրը կնքելիս գործող կանոնները, ապա կնքված պայմանագրի պայմանները պահպանում են իրենց ուժը, բացի այն դեպքերից, երբ օրենքում սահմանված է, որ դրա գործողությունը տարածվում է նախկինում կնքված պայմանագրերից ծագող հարաբերությունների վրա:

Տվյալ հոդվածի վերլուծությունից հետևում է, որ պայմանագիրը կնքելուց հետո նոր օրենք ընդունվելու դեպքում կնքված պայմանագրի պայմանները պահպանում են իրենց ուժը, եթե ընդունված օրենքում ամրագրված չէ կողմերի համար սահմանված պարտադիր այլ կանոնների անմիջական կիրառումը նախկինում կնքված պայմանագրերի վրա:

Այսպիսով, օրենսդրի կողմից ըստ էության ամրագրվել է այն մոտեցումը, որ նախկինում կնքված պայմանագիրն իր պայմաններով գերակա է նոր ընդունված այն օրենքի նկատմամբ, որը սահմանում է կողմերի համար պարտադիր այլ կանոններ: Դա իր հերթին որոշակի երաշխիք է ստեղծում պայմանագրի կողմերի համար և բացառում նրանց կամքից անկախ՝ նոր ընդունված օրենքով, պայմանագրի պայմանների փոփոխումը, որոնք գործել են պայմանագիրը կնքելու պահին և դրանց պահպանումը պարտադիր էր պայմանագիրը կնքող կողմերի համար:

Միաժամանակ, ընդհանուր կանոնից օրենսդիրը բացառություն է սահմանել, այն դեպքը, երբ օրենքում ուղղակիորեն սահմանված է դրա գործողության տարածումը նախկինում կնքված պայմանագրերից ծագող հարաբերությունների վրա:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 601-րդ հոդվածի 3-րդ մասով ամրագրված օրենսդրական եզրույթը սահմանում է նվիրատվության պայմանագիրը դատական կարգով վերացնելու նվիրատուի իրավունքը, հետևաբար, այն ՀՀ քաղաքացիական օրենսգքրի 438-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով նոր օրենքով կողմերի համար սահմանված պարտադիր այլ կանոն չէ, այլ միայն նվիրատուի՝ օրենքով երաշխավորված իրավունք:

Բացի այդ, սույն իրավահարաբերության նկատմամբ կիրառելի 17.06.1998 թվականի «ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` օրենսգիրքը կիրառվում է քաղաքացիական այն իրավահարաբերությունների նկատմամբ, որոնք ծագել են օրենսգիրքը գործողության մեջ դրվելուց հետո` բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի: Մինչև 1999 թվականի հունվարի 1-ը ծագած պայմանագրային և այլ քաղաքացիական իրավահարաբերությունների նկատմամբ օրենսգիրքը կիրառվում է այն իրավունքների և պարտականությունների մասով, որոնք կծագեն օրենսգիրքը գործողության մեջ դրվելուց հետո:

Նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ մինչև 1999 թվականի հունվարի 1-ը ծագած պայմանագրային և այլ քաղաքացիական իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքների և պարտականությունների մասով 1999 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական օրենսգրքի դրույթները կիրառվում են միայն այն իրավունքների և պարտականանությունների մասով, որոնք ծագել են օրենսգիրքը ուժի մեջ դնելուց հետո:

Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բնակելի տան մասի 17.08.1992 թվականի նվիրատվության պայմանագրի հետ կապված նվիրատու՝ Մարիետա Ղազարյանի նվիրատվությունը վերացնելու իրավունքը ծագել է ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելուց հետո, հետևաբար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 601-րդ հոդվածի 3-րդ մասը սույն գործով կիրառելի է:

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքում վկայակոչված գործի վարույթի կարճման փաստարկին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն նույնպես անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ՝

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն` գործն ըuտ էության լուծող դատական ակտերի վերանայման արդյունքով վճռաբեկ դատարանը ամբողջությամբ կամ մաuնակիորեն բեկանում է դատական ակտը և կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը կամ առանց քննության է թողնում հայցն ամբողջովին կամ դրա մի մաuը: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատարանը կարճում է գործի վարույթը, եթե նույն անձանց միջև, նույն առարկայի մասին միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա է դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռ, բացառությամբ սույն օրենսգրքի 110-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի:

Սույն գործի փաստերի համաձայն` Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի օրինական ուժի մեջ մտած 25.06.2007 թվականի թիվ 2-310 վճռով Մարիետա Ղուկասյանի և Նորայր Վարդանյանի միջև ծագած վեճի հիմքում դրվել են` Երևան քաղաքի Վ.Սուրենյան փողոցի թիվ 11 հասցեում գտնվող 15,2 քմ բնակելի սենյակի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու և բնակելի տան մասի 17.08.1992 թվականի նվիրատվության պայմանագիրն անվավեր ճանաչելու հանգամանքները:

Մինչդեռ, սույն գործով Մարիետա Ղուկասյանի և Նորայր Վարդանյանի միջև ծագած վեճի հիմքում դրված է Վ.Սուրենյան փողոցի թիվ 11 հասցեում գտնվող 15,2 քմ բնակելի սենյակի 17.08.1992 թվականին արված նվիրատվությունը վերացնելը:

Հիմք ընդունելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ կետի ուժով գործի վարույթը կարճելու հիմքը բացակայում է:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար ՀՀ քաղաքացիական դատավարություն օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված՝ անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.11.2008 թվականի որոշումը և այն փոփոխել. Մարիետա Ղուկասյանի հայցը մերժել:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  

Ս. Սարգսյան

Դատավորներ`

Ս. Անտոնյան

Վ. Աբելյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան