Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (17.02.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.05.27/27(693) Հոդ.629
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
17.02.2009
Подписан
Նախագահող
Дата подписания
17.02.2009
Дата вступления в силу
17.02.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

 ՎԲ-ԵՔՐԴ/0057/01/08

վերաքննիչ քրեական դատարանի դատավճիռ

 

քրեական գործ թիվ ԵՔՐԴ/0057/01/08

 

Նախագահող դատավոր՝ Ա. Պողոսյան

 

Դատավորներ՝ Ա. Հովհաննիսյան

  Հ. Ասատրյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը

(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ա. Մկրտումյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Դ. Ավետիսյանի

 

Ե. Դանիելյանի

 

Հ. Ղուկասյանի

 

Ս. Օհանյանի

2009 թվականի փետրվարի 17-ին

ք. Երևանում 

 

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի և տուժողի ներկայացուցչի վճռաբեկ բողոքները Աշոտ Սերգեյի Գրիգորյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2008թ. նոյեմբերի 19-ի որոշման դեմ,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

 

1. ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնի քննչական բաժնում 2007թ. ապրիլի 30-ին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցված թիվ 13110407 քրեական գործով նույն օրը ձերբակալվել է Աշոտ Գրիգորյանը:

2. Նախաքննության մարմնի 2007թ. մայիսի 3-ի որոշմամբ Աշոտ Գրիգորյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նույն օրը Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը երկու ամիս ժամանակով:

3. 2007թ. օգոստոսի 23-ի որոշմամբ Աշոտ Գրիգորյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով և 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

4. Երևանի քրեական դատարանի 2008թ. օգոստոսի 1-ի դատավճռով Աշոտ Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով, 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառմամբ, պատիժները մասնակիորեն գումարելու սկզբունքի կիրառմամբ, դատապարտվել է ազատազրկման 5 (հինգ) տարի ժամկետով` անձնական գույքի 1/2-ի բռնագրավմամբ, սակայն ոչ ավելի 25.000.000 ՀՀ դրամից:

Միաժամանակ բավարարվել է նաև Հայ Առաքելական Եկեղեցու Արարատյան Հայրապետական Թեմի քաղաքացիական հայցը և վճռվել է ամբաստանյալ Աշոտ Գրիգորյանից բռնագանձել 25.600.000 ՀՀ դրամ` որպես հանցագործության հետևանքով պատճառված գույքային վնասի հատուցում:

5. Երևանի քրեական դատարանի 2008թ. օգոստոսի 01-ի դատավճռի դեմ արարքի որակման և պատիժը մեղմացնելու առումով վերաքննիչ բողոք է բերել ամբաստանյալի պաշտպան Է. Աղաջանյանը:

6. 2008թ. նոյեմբերի 19-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը պաշտպանի վերաքննիչ բողոքը բավարարել է մասնակիորեն և որոշել է` Աշոտ Սերգեյի Գրիգորյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով, 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Երևան քաղաքի քրեական դատարանի 2008թ. օգոստոսի 01-ի դատավճիռը պատժի մասով փոխել, նրա նկատմամբ կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածը և վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման:

Նույն որոշմամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը քաղաքացիական հայցի մասով դատավճիռը բեկանել է` Հայ Առաքելական Եկեղեցու Արարատյան Հայրապետական Թեմին իրավունք վերապահելով հայց հարուցել քաղաքացիական դատավարության կարգով:

7. 2008թ. դեկտեմբերի 24-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2008թ. նոյեմբերի 19- որոշման դեմ պատժի մասով վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:

8. 2008թ. դեկտեմբերի 30-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2008թ. նոյեմբերի 19- որոշման դեմ պատժի և քաղաքացիական հայցի մասերով վճռաբեկ բողոք է բերել տուժողի ներկայացուցիչ Յուրիկ Խաչատրյանը:

9. 2009թ. հունվարի 23-ին ՀՀ Վճռաբեկ դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով բողոքներն ընդունել է վարույթ:

Վճռաբեկ բողոքները մերժելու և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատական ակտն ուժի մեջ թողնելու վերաբերյալ պատասխան է ներկայացրել ամբաստանյալ Աշոտ Գրիգորյանի պաշտպան Է.Աղաջանյանը:

 

Վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

 

10. Աշոտ Գրիգորյանը, լինելով երկկողմանի ծնողազուրկ և վարելով թափառաշրջիկ կյանք, 2004թ. ընդգրկվել է «Թուֆենկյան» հիմնադրամի «Մենք պարտավոր ենք ապրել» ծրագրում, որի շրջանակներում Սուրբ Հովհաննես եկեղեցում զբաղվել է կենցաղային աշխատանքներով:

2004թ. սեպտեմբերից մինչև 2005թ. հոկտեմբերը Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցի, իսկ 2005թ. հոկտեմբերից մինչև 2007թ. ապրիլի 30-ը Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցի ապօրինի մուտք գործելով` կատարել է առանձնապես խոշոր չափերի գումարների գաղտնի հափշտակում, մասնավորապես`

2004թ. սեպտեմբերից մինչև 2005թ. հոկտեմբեր ամիսները, յուրաքանչյուր ամսվա վերջին կիրակի օրը, գողություն կատարելու միասնական դիտավորությամբ, իր մոտ գտնվող հարմարեցված բանալու գործադրմամբ ապօրինի մուտք է գործել Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցի և գանձանակներից ամեն անգամ հափշտակել 200.000 ՀՀ դրամ` ընդհանուր առմամբ հափշտակելով 2.600.000 ՀՀ դրամ:

2005թ. հոկտեմբերից մինչև 2007թ. ապրիլի 30-ը, յուրաքանչյուր ամսվա վերջին կիրակի օրը իր մոտ գտնվող հարմարեցված բանալու գործադրմամբ ապօրինի մուտք է գործել Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցի և գանձանակներից ամեն անգամ հափշտակել 275.000 ՀՀ դրամ` ընդհանուր առմամբ հափշտակելով 23.000.000 ՀՀ դրամ:

30.04.2007թ. ապրիլի 30-ի գիշերը ժամը 1.00-ի սահմաններում գողություն կատարելու նպատակով մուտք է գործել Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցի և գանձանակներից գաղտնի հափշտակել 212.000 ՀՀ դրամ և 92.812 ՀՀ դրամին համարժեք 260 ԱՄՆ դոլար, սակայն իր կամքից անկախ պատճառներով հանցանքը ավարտին չի հասցրել, քանի որ տեղում բռնվել է Ոստիկանության աշխատողների կողմից:

11. Սուրբ Հովհաննես և Սուրբ Սարգիս եկեղեցիներից հափշտակված գումարներով ամբաստանյալ Ա. Գրիգորյանը 2005թ. մայիսի 13-ին 6.300 ԱՄՆ դոլարին համարժեք 2.248.911 ՀՀ դրամով գնել է Երևան քաղաքի Սողոմոն Տարոնցի 1 շենքի 519 բնակարանը, 88.000 ՀՀ դրամով գնել է տարբեր տեսակի էլեկտրատեխնիկա, 289.500 ՀՀ դրամով` տարբեր ֆորմատի լազերային սկավառակներ և տեսաժապավեններ, ինչպես նաև թվով 32 քաղաքացիների, 12 կազմակերպությունների, այդ թվում` թվով 4 եկեղեցիների, 4 գիշերօթիկ դպրոցների, 1 միաբանության, 1 մանկական ճամբարի և 2 բարեգործական հիմնարկների նվիրատվություններ է կատարել 10.852.100 դրամի չափով:

12. Ըստ վերաքննիչ քրեական դատարանի որոշման բացառիկ հանգամանքեր են դիտվել Աշոտ Գրիգորյանի վատառողջ լինելը, այն, որ նա տառապում է «Ստորին և վերին վերջույթների լիմֆոստազ» հիվանդությամբ, ինչպես «Օրգանական ծագման թեթև կոգնիտիվ և աֆեկտիվ խանգարումներ» հոգեկան հիվանդությամբ, ինչի հետևանքով դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությամբ հանցանքը կատարելիս ճանաչվել է սահմանափակ գործունակ:

 

Վճռաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջը

 

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից բերված վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

13. Բողոքաբերը գտնում է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը Ա. Գրիգորյանի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի չի առել նրա կողմից կատարված հանցանքի հանրային վտանգավորության աստիճանն ու բնույթը:

Ի հիմնավորումն ասվածի` նա նշում է, որ Ա. Գրիգորյանի կողմից վերը նկարագրված պայմաններում ծանր հանցագործություն կատարելու հանգամանքը և այն, որ վերջին տարիներում հանրապետությունում լայն տարածում են ստացել եկեղեցիներից կատարված գողությունները, վկայում են մեղադրյալի արարքի հասարակական բարձր վտանգավորության աստիճանի մասին, և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի մատնանշած` պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները (անձը բնութագրող, վերջինիս սահմանափակ մեղսունակ, վատառողջ, չդատապարտված լինելը, քննությանն աջակցելը, պատճառված վնասը հարթելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելը, հանցանքը խոստովանելը և կատարածի համար զղջալը), որոնք ըստ էության հաշվի են առնվել նաև Երևանի քրեական դատարանի կողմից պատիժ նշանակելիս, չեն նվազեցնում նրա կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանը:

14. Բողոքաբերը գտնում է նաև, որ սույն քրեական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից կայացվող դատական ակտը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության նպատակով դատարանների կողմից հնարավոր դատական սխալներ թույլ չտալու համար:

Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոք բերող անձը գտնում է, որ Ա. Գրիգորյանի նկատմամբ նշանակվել է պատիժ, որն անարդարացի է ակնհայտ մեղմ լինելու պատճառով: Նա կարծիք է արտահայտում այն մասին, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառումը ՀՀ քրեական օրենսգրքի այն հոդվածի կամ հոդվածի այն մասի կիրառումն է, որը ենթակա չէր կիրառման, օրենքի սխալ մեկնաբանումը, որ չի համապատասխանում դրա իսկական իմաստին, այսինքն` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը օրենքը ճիշտ չի կիրառել` Ա. Գրիգորյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածը կիրառվել է առանց բավարար հիմքերի:

15. Բողոք բերող անձի կարծիքով Ա. Գրիգորյանի նկատմամբ նշանակվել է պատիժ ՀՀ քրեական օրենսգրքի 5-րդ, 10-րդ և 61-րդ հոդվածների խախտմամբ, ուստի նա պահանջում է Աշոտ Սերգեյի Գրիգորյանի վերաբերյալ` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով, 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2008թ. նոյեմբերի 19-ի դատական ակտը պատժի մասով բեկանել, թողնել ուժի մեջ Ա. Գրիգորյանի վերաբերյալ Երևանի քրեական դատարանի 2008թ. օգոստոսի 1-ի դատավճիռը:

Տուժողի ներկայացուցչի կողմից բերված վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

16. Այս բողոքաբերը նույնպես գտնում է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը Ա. Գրիգորյանի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի չի առել նրա կողմից կատարված հանցանքի հանրային վտանգավորության աստիճանն ու բնույթը` նշելով, որ Ա. Գրիգորյանի կողմից ծանր հանցագործություն կատարելու հանգամանքը վկայում է նրա արարքի հասարակական բարձր վտանգավորության աստիճանի մասին, և ինչպես ընդհանուր իրավասության, այնպես էլ վերաքննիչ դատարանների մատնանշած` պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները չեն նվազեցնում նրա կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանը:

17. Բողոքաբերը գտնում է նաև, որ վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածը, և նույն օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված պատժից ավելի մեղմ պատիժ նշանակելով` քան նախատեսված է այդ հոդվածի համապատասխան մասով, թույլ է տվել նյութական իրավունքի խախտում: Դրանով անտեսվել են նաև ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի դրույթները, որով սահմանված են պատժի հասկացությունը և նպատակները:

Բողոքաբերը պնդել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածը կիրառելիս նրանում սահմանված իրավադրույթներն անհրաժեշտ է մեկնաբանել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված պատժի նպատակների համատեքստում, համաձայն որի` պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները:

18. Բողոքաբերը նշել է նաև, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, քաղաքացիական հայցի մասով բեկանելով Երևանի քրեական դատարանի 2008թ. օգոստոսի 1-ի դատավճիռը, խաթարել է արդարադատության բուն էությունը` խախտելով սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը:

Տուժողի ներկայացուցիչը հայտնել է, որ քննչական համապատասխան գործողությունների կատարման արդյունքում պարզվել է Ա. Գրիգորյանի կողմից եկեղեցիներից կատարված գողությամբ պատճառված վնասի չափը, ըստ որի էլ վերջինս պատասխանատվության է կանչվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` 25.600.000 ՀՀ դրամ առանձնապես խոշոր չափերի գողություն կատարելու համար, որպիսի փաստը ընդունելով հանդերձ` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է քաղաքացիական հայցի մասով կայացված դատավճիռը:

19. Բողոք բերող անձը գտնում է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 60-րդ և 158-րդ հոդվածները և թույլ է տվել դատավարական իրավունքի խախտումներ:

20. Բողոք բերող անձը պահանջում է ամբողջությամբ բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի թիվ ԵՔՐԴ/0057/01/08 քրեական գործով 2008թ. նոյեմբերի 19-ին կայացված որոշումը և օրինական ուժ տալ Ա. Գրիգորյանի վերաբերյալ Երևանի քրեական դատարանի 2008թ. օգոստոսի 1-ի դատավճռին:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

I. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառման իրավաչափությունը

21. ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն՝ «Հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը և քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի` համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար լինեն նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար»:

ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները»:

ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Պատժի տեսակը և չափը որոշվում է հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում` պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով»:

ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հանցագործության համար նախատեսված պատիժներից առավել խիստը նշանակվում է, եթե նվազ խիստ տեսակը չի կարող ապահովել պատժի նպատակները»:

22. Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին մասի` «Հանցանքի շարժառիթների ու նպատակների, հանցավորի դերի, հանցանքը կատարելիս ու դրանից հետո նրա վարքագծի և այլ հանգամանքների հետ կապված բացառիկ հանգամանքների առկայության դեպքում, որոնք էականորեն նվազեցնում են հանցանքի` հանրության համար վտանգավորության աստիճանը, (…) կարող է նշանակվել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածով նախատեսված պատժի նվազագույն չափից ավելի ցածր պատիժ (…)»:

23. Այս հարցի կապակցությամբ Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումը հետևյալն է. «(…) բացառիկ հանգամանքները կապված են հանցանքի շարժառիթների ու նպատակների, հանցավորի դերի, հանցանքը կատարելիս ու դրանից հետո նրա վարքագծի հետ: Այդպիսիք կարող են լինել նաև այլ հանգամանքներ, որոնք էականորեն նվազեցնում են հանցանքի՝ հանրության համար վտանգավորության աստիճանը: Ընդ որում, կարևորը ոչ թե պատիժը մեղմացնող տվյալների քանակն է, այլ այն, թե ինչքանով են դրանք էականորեն ազդել հանցանքի՝ հանրության համար վտանգավորության աստիճանի նվազեցման վրա» (տե՜ս Հ.Հաբեշյանի գործով Վճռաբեկ դատարանի 2007թ. օգոստոսի 30-ի որոշումը):

«Օրենքում օգտագործված «բացառիկ» բառը ենթադրում է, որ տվյալ փաստական հանգամանքը կամ դրանց համակցությունը դուրս են գալիս սովորականի շրջանակներից: Այլ կերպ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառման համար հիմք հանդիսացած մեղմացնող հանգամանքը կամ մեղմացնող հանգամանքների համակցությունը պետք է այն աստիճան առանձնահատուկ լինեն, որ վերածվեն բացառության» (տե՜ս Հ.Հովհաննիսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2008թ. փետրվարի 29-ի որոշման 19-րդ կետը):

24. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները պատիժ կիրառելիս ունեն օրենքի շրջանակներում որոշակի հայեցողություն դրսևորելու հնարավորություն:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, Աշոտ Գրիգորյանի նկատմամբ կիրառելով ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի պահանջները, սույն որոշման թիվ 12-ի կետում նշված հանգամանքների համակցությունը դիտելով որպես բացառիկ, դուրս չի եկել այդ հայեցողության թույլատրելի շրջանակներից, պահպանել է ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ, 64-րդ հոդվածների պահանջները, ինչպես նաև գործել է թիվ 23-րդ կետում նշված Վճռաբեկ դատարանի որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումներին համապատասխան:

25. Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ նյութական կամ դատավարական իրավունքի որևէ խախտում թույլ չի տվել:

II. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից քաղաքացիական հայցին անդրադառնալը

26. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Քրեական դատավարությունում քաղաքացիական հայց կարող է հարուցվել յուրաքանչյուր պահի` սկսած քրեական գործի հարուցումից մինչև դատավճիռ կայացնելու համար դատարանի հեռանալը խորհրդակցական սենյակ»:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Քաղաքացիական հայց հարուցվում է կասկածյալի, մեղադրյալի կամ նրա դեմ, ում վրա կարող է գույքային պատասխանատվություն դրվել մեղադրյալի գործողությունների համար»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 385-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում»:

27. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, քննության առարկա դարձնելով քաղաքացիական հայցը, դուրս է եկել վերաքննիչ դատարանում գործի քննության սահմաններից, քանի որ վերաքննիչ բողոքը չի պարունակել պահանջ` քաղաքացիական հայցի մասով Երևանի քրեական դատարանի 2008թ. օգոստոսի 1-ի դատավճիռը բեկանելու կամ փոփոխելու մասին:

28. Վերոնշյալ հանգամանքները Վճռաբեկ դատարանին հիմք են տալիս բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2008թ. նոյեմբերի 19-ի որոշումը քաղաքացիական հայցի մասով՝ այդ մասով օրինական ուժի մեջ թողնելով Երևանի քրեական դատարանի 2008թ. օգոստոսի 1-ի դատավճիռը, իսկ պատժի մասով անփոփոխ թողնել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2008թ. նոյեմբերի 19-ի որոշումը:

Ուստի ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Աշոտ Սերգեյի Գրիգորյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2008թ. նոյեմբերի 19-ի որոշումը պատժի մասով թողնել օրինական ուժի մեջ, իսկ այդ մասով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի և տուժողի ներկայացուցչի վճռաբեկ բողոքները` առանց բավարարման:

2. Քաղաքացիական հայցի մասով տուժողի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը բավարարել` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2008թ. նոյեմբերի 19-ի որոշման` քաղաքացիական հայցի մասը բեկանել և այդ մասով օրինական ուժ տալ Երևանի քրեական դատարանի 2008թ. օգոստոսի 1-ի դատավճռին:

3. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2008թ. նոյեմբերի 19-ի որոշման մնացած մասերը թողնել օրինական ուժի մեջ:

4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող`

Ա. Մկրտումյան

Դատավորներ`

Դ. Ավետիսյան

 

Ե. Դանիելյան

 

Հ. Ղուկասյան

 

Ս. Օհանյան