Գլխավոր տեղեկություն
Տիպ
Արձանագրություն
Тип
Ինկորպորացիա (09.10.2018-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
Հայաստանի Հանրապետություն
Дата принятия
29.06.2017
Дата подписания
29.06.2017
Дата вступления в силу
09.10.2018

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

1997 թվականի սեպտեմբերի 20-ի` Հայաստանի Հանրապետության Կառավարության և Բելառուսի Հանրապետության Կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին համաձայնագրում  փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

 

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Բելառուսի Հանրապետության Կառավարությունը (այսուհետև` Պայմանավորվող կողմեր),

նպատակ ունենալով փոփոխություններ և լրացումներ կատարել 1997 թվականի սեպտեմբերի 20-ի՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության և Բելառուսի Հանրապետության Կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին համաձայնագրում (այսուհետև՝ Համաձայնագիր),

ավտոմոբիլային հաղորդակցության ոլորտում փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնման նպատակով,

պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.

 

Հոդված 1

 

Համաձայնագրի 1-ին հոդվածի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. «Թույլտվություն» - փաստաթուղթ՝ տրված օգտագործման համար գանձումների վճարումով կամ գանձումների վճարումից ազատումով, Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի պետության գործող օրենսդրությանը համապատասխան, որը փոխադրողին իրավունք է տալիս կատարելու մեկ փոխադրում Պայմանավորվող կողմերի պետությունների տարածքների միջև ուղիղ և հակառակ ուղղությամբ, նրանց պետությունների տարածքներով տարանցմամբ, ինչպես նաև մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքից դեպի երրորդ պետության տարածք և/կամ երրորդ պետության տարածքից մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածք»:

 

Հոդված 2

 

Համաձայնագրի 5-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 5

Փոխադրումների կատարման կարգը

 

Բեռնափոխադրումները, բացառությամբ սույն Համաձայնագրի 7-րդ հոդվածով նախատեսված փոխադրումների, կատարվում են կցորդներով կամ կիսակցորդներով կամ առանց դրանց բեռնատար ավտոմոբիլների միջոցով` Պայմանավորվող կողմերի պետությունների իրավասու մարմինների կողմից տրվող թույլտվությունների հիման վրա: Ընդ որում՝ բեռների յուրաքանչյուր այդպիսի փոխադրման համար պետք է տրվի առանձին թույլտվություն, որն իրավունք կտա դեպի տվյալ պետություն և հակառակ ուղղությամբ կատարելու մեկ ուղևորություն, եթե հենց թույլտվությամբ այլ բան նախատեսված չէ»:

 

Հոդված 3

 

Համաձայնագրի 7-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «թ» և «ժ» կետերով.

«թ/ Պայմանավորվող կողմերի պետությունների տարածքների միջև, նրանց տարածքներով տարանցմամբ, ինչպես նաև մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքից երրորդ պետության տարածք և/կամ երրորդ պետության տարածքից մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածք՝ պայմանով, որ երրորդ պետությունը Եվրասիական տնտեսական միության անդամ է:

ժ/ տրանսպորտային միջոցներով, որոնց ընդհանուր առավելագույն քաշը՝ ներառյալ կցորդները, չի գերազանցում 6 տոննան, կամ որոնց բեռնատարողությունը, ներառյալ կցորդները, չի գերազանցում 3,5 տոննան»:

 

Հոդված 4

 

Համաձայնագրի 9-րդ հոդվածը հանել:

 

Հոդված 5

 

Համաձայնագրի 11-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 11

Հարկեր և գանձումներ

 

Սույն Համաձայնագրի հիման վրա երկու Պայմանավորվող կողմերի պետությունների փոխադրողների կողմից կատարվող սույն Համաձայնագրի 7-րդ հոդվածով նախատեսված բեռնափոխադրումները և ուղևորափոխադրումները հավասարության պայմաններով փոխադարձաբար ազատվում են Պայմանավորվող կողմերի պետությունների ազգային օրենսդրությամբ նախատեսված ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկության վճարներից:

Սույն հոդվածի առաջին պարբերության դրույթները տարածվում են նաև թույլտվությունների հիման վրա կատարվող՝ մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքից դեպի երրորդ պետության տարածք և/կամ երրորդ պետության տարածքից մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածք կատարվող փոխադրումների վրա, եթե հենց թույլտվությամբ այլ բան նախատեսված չէ»:

 

Հոդված 6

 

Համաձայնագրի 12-րդ հոդվածը հանել:

 

Հոդված 7

 

Սույն Արձանագրությունը չի շոշափում Պայմանավորվող կողմերի այն իրավունքներն ու պարտավորությունները, որոնք բխում են 2014 թվականի մայիսի 29-ի՝ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրից:

 

Հոդված 8

 

Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում Պայմանավորվող կողմերի կողմից յուրաքանչյուրի պետության ազգային օրենսդրությանը համապատասխան դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարումը հաստատող վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու ամսաթվից:

Կատարված է Երևան քաղաքում 2017 թվականի հունիսի 29-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն, բելառուսերեն և ռուսերեն, ընդ որում՝ բոլոր տեքստերը նույնական են և ունեն հավասար իրավաբանական ուժ: Սույն Արձանագրության դրույթների մեկնաբանության ժամանակ տարաձայնությունների դեպքում գերակայում է ռուսերեն տեքստը:

 

Արձանագրությունն ուժի մեջ է մտել 2018թ. հոկտեմբերի 9-ին

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան