ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ՀՅՔԴ/0414/04/08 |
Քաղաքացիական գործ թիվ ՀՅՔԴ/0414/04/08 2009թ. |
Նախագահող դատավոր՝ Էդ. Մուրադյան | |
Դատավորներ՝ Ա. Մկրտչյան Ն. Հովսեփյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Մ. Դրմեյանի | |
|
Վ. Աբելյանի | |
Ա. Բարսեղյանի | ||
|
Ե. Խունդկարյանի | |
|
Է. Հայրիյանի | |
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2009 թվականի ապրիլի 17-ին
դռնբաց դատական նիստում, քննելով «Տոնտոն» ինվեստիցիոն ՍՊԸ-ի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.12.2008 թվականի որոշման դեմ՝ ըստ «Տոնտոն» ինվեստիցիոն ՍՊԸ-ի դիմումի ընդդեմ «ԱՄՖ» ՍՊԸ-ի` սնանկ ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ «Տոնտոն» ինվեստիցիոն ՍՊԸ-ն պահանջել է «ԱՄՖ» ՍՊԸ-ին ճանաչել սնանկ:
ՀՀ հյուսիսային քաղաքացիական դատարանի (այսուհետ` Դատարան) 21.10.2008 թվականի վճռով դիմումը բավարարվել է և «ԱՄՖ» ՍՊԸ-ն ճանաչվել է սնանկ:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 19.12.2008 թվականի որոշմամբ Դատարանի 21.10.2008 թվականի վճիռը բեկանվել և այն փոփոխվել է՝ «Տոնտոն» ՍՊԸ-ի դիմումը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել «Տոնտոն» ինվեստիցիոն ՍՊԸ-ն:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել գործում առկա ապացույցները և անտեսել է, որ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ Նախարարություն) և պարտապան «ԱՄՖ» ՍՊԸ-ն 11.05.2006 թվականին կնքել են դրամական պարտավորությունների կարգավորման մասին համաձայնագիր (այսուհետ համաձայնագիր), որով ընդհանուր հաշվով նախարարության նկատմամբ «ԱՄՖ» ՍՊԸ-ի պարտքը կազմել է 55.834.617 ՀՀ դրամ (հաշվարկ 25.668.300+18.129.468+12.036.849=55.834.617), որից 38.448.900 ՀՀ դրամը որպես հիմնական պարտքի գումար, իսկ 17.385.717 ՀՀ դրամը՝ տոկոսներ և տույժ:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ 16.05.2006 թվականի երաշխավորության պայմանագիրը կնքելուց հետո Նախարարությունը, ի կատարումն տվյալ երաշխավորության պայմանագրի, «Տոնտոն» ինվեստիցիոն ՍՊԸ-ի հետ կազմել է փաստաթղթերի հանձնման-ընդունման ակտ, որով «Տոնտոն» ինվեստիցիոն ՍՊԸ-ին է հանձնել «Տրաստբանկ» ՓԲԸ-ի կողմից Նախարարությանը զիջված պահանջը հիմնավորող այլ փաստաթղթեր, այդ թվում` ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 18.01.2002 թվականի վճիռը, որով պարտապան է նաև «ԱՄՖ» ՍՊԸ-ն: Նշված ակտով էլ «Տոնտոն» ինվեստիցիոն ՍՊԸ-ն, որպես պարտատեր «ԱՄՖ» ՍՊԸ-ի նկատմամբ ձեռք է բերել 55.834.617 ՀՀ դրամ գումարի պահանջի իրավունք:
Այսպիսով, «ԱՄՖ» ՍՊԸ-ի պարտքը «Տոնտոն» ինվեստիցիոն ՍՊԸ-ին մնում է անվիճելի և կազմում է 55.834.617 ՀՀ դրամ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 19.12.2008 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 21.10.2008 թվականի վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1. «ԱՄՖ» ՍՊԸ-ի և Նախարարության միջև կնքված 11.05.2006 թվականի «Դրամական պարտավորությունների կարգավորման մասին» համաձայնագրով «ԱՄՖ» ՍՊԸ-ի չկատարված դրամական պարտավորությունը Նախարարության հանդեպ կազմել է 55.834.617 ՀՀ դրամ: Նույն համաձայնագրի համաձայն՝ Նախարարության պահանջը 40.533.200 ՀՀ դրամի չափով պետք է մարվեր մինչև 2006 թվականի նոյեմբերի 1-ը (գ.թ. 31, հ. 2-րդ):
2. «Տոնտոն» ինվեստիցիոն ՍՊԸ-ի և Նախարարության միջև կնքված 16.05.2006 թվականի երաշխավորության պայմանագրի համաձայն՝ «Տոնտոն» ինվեստիցիոն ՍՊԸ-ն երաշխավորել է 11.05.2006 թվականի համաձայնագրով «ԱՄՖ» ՍՊԸ-ի ստանձնած պարտավորության 40.533.200 ՀՀ դրամի չափով կատարումը (գ.թ. 17, հ.1-ին):
3. 02.11.2006 թվականին «Տոնտոն» ինվեստիցիոն ՍՊԸ-ն կատարել է 40.533.200 ՀՀ դրամի վճարում (գ.թ. 12-13, հ.1-ին):
4. Ի կատարումն 16.05.2006 թվականի երաշխավորության պայմանագրի կազմված փաստաթղթերի հանձնման-ընդունման ակտի համաձայն՝ Նախարարությունը «Տոնտոն» ինվեստիցիոն ՍՊԸ-ին է հանձնել 55.834.617 ՀՀ դրամ պահանջը հաստատող փաստաթղթերը: Տվյալ ակտում ա, բ և գ կետերի 55.834.617 ՀՀ դրամ պահանջի հիմքում դրված են օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր: (գ.թ. 16, հ.1-ին):
5. ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության հարկադիր կատարողի (այսուհետ՝ Ծառայություն) «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» 07.08.2008 թվականի որոշմամբ պարզվել է, որ 05.08.2008թ. «Սպորտ» ԲԲԸ-ում «ԱՄՖ» ՍՊԸ-ին պատկանող 2972 հատ հասարակ անվանական բաժնետոմսերը 42.363.957,8 դրամ մեկնարկային գնով հանձնվել է գործով պահանջատեր «Տոնտոն» ինվեստիցիոն ՍՊԸ-ին որպես սեփականություն: 04.08.2008 թվականի դրությամբ «ԱՄՖ» ՍՊԸ-ի պարտքը հօգուտ «Տոնտոն» ինվեստիցիոն ՍՊԸ-ի կազմում է 14.292.117 դրամ (գ.թ. 9, հ. 1-ին):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության հիման վրա հիմնված ներքին համոզմամբ:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պարտապանը կարող է հարկադրված սնանկության դիմումի հիման վրա սնանկ ճանաչվել, եթե նա թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 30-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է: Վճարային պարտավորությունն անվիճելի է, եթե պարտապանը չի առարկում դրա դեմ, կամ եթե նա առարկում է հիշյալ պարտավորության դեմ, սակայն վճարային պարտավորությունը ճանաչված է oրինական ուժի մեջ մտած վճռով:
Նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ պարտապանը կարող է պարտատիրոջ հարկադրված սնանկության դիմումի հիման վրա դատարանի վճռով սնանկ ճանաչվել, եթե նա թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 30-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է: Ընդ որում, վճարային պարտավորությունն անվիճելի է, եթե պարտապանը չի առարկում դրա դեմ, կամ եթե նա առարկում է հիշյալ պարտավորության դեմ, սակայն վճարային պարտավորությունը ճանաչված է oրինական ուժի մեջ մտած վճռով:
Սույն գործի փաստերի համաձայն՝ «Դրամական պարտավորությունների կարգավորման մասին» 11.05.2006 թվականի համաձայնագրով «ԱՄՖ» ՍՊԸ-ի չկատարված դրամական պարտավորությունը Նախարարության հանդեպ կազմել է 55.834.617 ՀՀ դրամ, 16.05.2006 թվականի երաշխավորության պայմանագրով «Տոնտոն» ինվեստիցիոն ՍՊԸ-ն երաշխավորել է 11.05.2006 թվականի համաձայնագրով «ԱՄՖ» ՍՊԸ-ի ստանձնած պարտավորության 40.533.200 ՀՀ դրամի չափով կատարումը, ի կատարումն 16.05.2006 թվականի երաշխավորության պայմանագրի Նախարարությունը, փաստաթղթերի հանձնման-ընդունման ակտով «Տոնտոն» ինվեստիցիոն ՍՊԸ-ին է հանձնել 55.834.617 ՀՀ դրամ պահանջը հաստատող փաստաթղթերը: Տվյալ ակտում ա, բ և գ կետերի 55.834.617 ՀՀ դրամ պահանջի հիմքում դրված են օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր:
Բացի այդ, գործում առկա է Ծառայության «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» 07.08.2008 թվականի որոշումը, որի համաձայն` 05.08.2008թ. «Սպորտ» ԲԲԸ-ում «ԱՄՖ» ՍՊԸ-ին պատկանող 2972 հատ հասարակ անվանական բաժնետոմսերը 42.363.957,8 դրամ մեկնարկային գնով հանձնվել է գործով պահանջատեր «Տոնտոն» ինվեստիցիոն ՍՊԸ-ին որպես սեփականություն և 04.08.2008 թվականի դրությամբ «ԱՄՖ» ՍՊԸ-ի պարտքը հօգուտ «Տոնտոն» ինվեստիցիոն ՍՊԸ-ի կազմում է 14.292.117 դրամ:
Հիմք ընդունելով վերը նշվածը և սույն գործի փաստերը համադրելով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «ԱՄՖ» ՍՊԸ-ի ընդհանուր դրամական պարտավորությունը «Տոնտոն» ինվեստիցիոն ՍՊԸ-ի նկատմամբ 55.834.617 ՀՀ դրամից կազմում է 14.292.117 դրամ, տվյալ դրամական պարտավորության հիմքում ընկած են օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր, ուստի «ԱՄՖ» ՍՊԸ-ի վճարային պարտավորությունն անվիճելի է:
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով առկա է «ԱՄՖ» ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու իրավական հիմքը:
Ինչ վերաբերվում է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ «ԱՄՖ» ՍՊԸ-ն բողոքարկել է Ծառայության 07.08.2008 թվականի որոշումը՝ 14.292.117 դրամ պարտավորության մասով, որի հետևանքով այն դարձել է վիճելի վճարային պարտավորություն, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ 14.292.117 դրամ պարտավորության հիմքում դրված օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի առկայության պայմանաններում, այն անհիմն է:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է: Հյուսիսային քաղաքացիական դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով՝ Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.12.2008 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ հյուսիսային քաղաքացիական դատարանի 21.10.2008 թվականի վճռին:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Ս. Սարգսյան Մ. Դրմեյան Վ. Աբելյան Ա. Բարսեղյան Ե. Խունդկարյան Է. Հայրիյան Տ. Պետրոսյան Ե. Սողոմոնյան
Նախագահող`
Դատավորներ`