Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.03.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.05.27/27(693) Հոդ.602
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
13.03.2009
Подписан
Նախագահող
Дата подписания
13.03.2009
Дата вступления в силу
13.03.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ 3-325 (ՎԴ)

Քաղաքացիական գործ թիվ 3-14(ՎԴ)
2009թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ`

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ`

Վ. Աբելյանի

 

Ս. Անտոնյանի

 

Ա. Բարսեղյանի

 

Մ. Դրմեյանի

Ե. Խունդկարյանի

Է. Հայրիյանի

Ա. Մաթևոսյանի

Տ. Պետրոսյանի

 

Ե. Սողոմոնյանի

 

2009 թվականի մարտի 13-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ըստ հայցի Նունե Մովսիսյանի ընդդեմ Գագիկ Խրիմյանի, Սերգեյ Բախչինյանի, Արփենիկ Բաղդասարյանի՝ գույքը տիրազուրկ ճանաչելու և սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին, քաղաքացիական գործով Աիդա Քոչարյանի բողոքը՝ ՀՀ վճռաբեկ դատարանի 21.07.2008 թվականի «Դիմումը վերադարձնելու մասին» որոշումը նոր հանգամանքների հիմքով վերանայելու մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 26.09.2005 թվականի վճռով բավարարվել է Նունե Մովսիսյանի հայցն ընդդեմ Գագիկ Խրիմյանի, Սերգեյ Բախչինյանի, Արփենիկ Բաղդասարյանի՝ գույքը տիրազուրկ ճանաչելու և սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին:

Վճռի դեմ բերված Աիդա Քոչարյանի 01.02.2007 թվականի վճռաբեկ բողոքը ՀՀ վճռաբեկ դատարանի 07.02.2007 թվականի որոշմամբ վերադարձվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանի 18.06.2007 թվականի որոշմամբ մերժվել է Աիդա Քոչարյանի դիմումը՝ նոր հանգամանքի հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.02.2007 թվականի որոշման վերանայման վարույթ հարուցելու մասին:

ՀՀ վճռաբեկ դատարանի 21.07.2008 թվականի որոշմամբ վերադարձվել է Աիդա Քոչարյանի դիմումը՝ նոր հանգամանքի հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.06.2007 թվականի որոշումը վերանայելու մասին:

Աիդա Քոչարյանը ներկայացրել է բողոք՝ նոր հանգամանքի հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի 21.07.2008 թվականի որոշումը վերանայելու մասին:

 

2. Բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

 

Սույն բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանի 26.09.2005 թվականի վճռի դեմ իրավահարաբերության պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228.1-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված ժամկետում Աիդա Քոչարյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք: ՀՀ վճռաբեկ դատարանի 07.02.2007 թվականի որոշմամբ վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

ՀՀ սահմանադրական դատարանի 09.04.2007 թվականի որոշմամբ անվավեր է ճանաչվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231.1-րդ հոդվածի 2-րդ կետը՝ վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշման պատճառաբանման պարտադիր պայման չնախատեսելու պատճառով: Աիդա Քոչարյանը ներկայացրել է դիմում նոր հանգամանքով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.02.2007 թվականի որոշումը վերանայելու մասին, սակայն ՀՀ վճռաբեկ դատարանի 18.06.2007 թվականի որոշմամբ մերժվել է դիմումի հիման վրա որոշման վերանայման վարույթի հարուցումն՝ այն պատճառաբանությամբ, որ ՀՀ սահմանադրական դատարանի որոշման ընդունմանը նախորդող ժամանակահատվածում ընդունված դատական ակտերը վերանայման ենթակա չեն:

ՀՀ սահմանադրական դատարանի 15.04.2008 թվականի որոշմամբ հակասահմանադրական է ճանաչվել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 12-րդ մասի դրույթներն այն մասով, որով սահմանափակվում է նոր հանգամանքի հիմքով այն անձանց իրավունքների վերականգնման հնարավորությունը, որոնց վերաբերյալ վերջնական դատական ակտի կայացման և տվյալ անձի նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականության հարցի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա սահմանադրական դատարանի որոշման ընդունման օրվա միջև ընկած ժամանակահատվածը չի գերազանցում վեց ամիսը: Նշված որոշման հիման վրա Աիդա Քոչարյանը ներկայացրել է դիմում՝ նոր հանգամանքի հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.06.2007 թվականի որոշումը վերանայելու մասին, որը սակայն ՀՀ վճռաբեկ դատարանի 21.07.2008 թվականի որոշմամբ վերադարձվել է՝ նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման լիազորություններ չունենալու պատճառաբանությամբ (հիմք՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.26-րդ հոդված):

ՀՀ սահմանադրական դատարանի 09.09.2008 թվականի որոշմամբ հակասահմանադրական է ճանաչվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.26-րդ հոդվածը:

Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է նոր հանգամանքների հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի 21.07.2008 թվականի «Դիմումը վերադարձնելու մասին» որոշումը, ՀՀ վճռաբեկ դատարանի 18.06.2007 թվականի «Նոր հանգամանքի հիմքով որոշման վերանայման վարույթի հարուցումը մերժելու մասին» որոշումը և ՀՀ վճռաբեկ դատարանի 07.02.2007 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը, փոփոխել դրանք և Վերաքննիչ դատարանի 26.09.2005 թվականի վճռի դեմ բերված Աիդա Քոչարյանի վճռաբեկ բողոքն ընդունել վարույթ և քննել ըստ էության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. Վերաքննիչ դատարանի 26.09.2005 թվականի վճռի դեմ գործին մասնակից չդարձված Աիդա Քոչարյանը վճռաբեկ բողոք է բերել 06.10.2005 թվականին, որը վերադարձվել է վճռաբեկ բողոքը հետ վերցնելու մասին Աիդա Քոչարյանի, Կառլեն և Միքայել Մարգարյանների 18.11.2005 թվականի դիմումի հիման վրա:

2. 29.11.2005 թվականին Աիդա Քոչարյանը կրկին վճռաբեկ բողոք է բերել, որը վերադարձվել է վճռաբեկ բողոքը հետ վերցնելու մասին 02.02.2006 թվականի դիմումի հիման վրա:

3. Աիդա Քոչարյանը դարձյալ վճռաբեկ բողոք է բերել 21.02.2006 թվականին, որը վերադարձվել է վճռաբեկ բողոքը հետ վերցնելու մասին 20.04.2006 թվականի դիմումի հիման վրա:

3. Աիդա Քոչարյանը դարձյալ վճռաբեկ բողոք է բերել 01.02.2007 թվականին:

4. Նշված բողոքը ՀՀ վճռաբեկ դատարանի 07.02.2007 թվականի որոշմամբ վերադարձվել է բողոքը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231.2-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներին չհամապատասխանելու հիմքով:

5. ՀՀ վճռաբեկ դատարանի 07.02.2007 թվականի որոշումը նոր հանգամանքների հիմքով վերանայելու մասին Աիդա Քոչարյանը 07.06.2007 թվականին ներկայացրել է դիմում:

6. ՀՀ վճռաբեկ դատարանի 18.06.2007 թվականի որոշմամբ մերժվել է Աիդա Քոչարյանի դիմումի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանի 07.02.2007 թվականի որոշման վերանայման վարույթի հարուցումն այն պատճառաբանությամբ, որ ՀՀ սահմանադրական դատարանի 09.04.2007 թվականի որոշումը, ուժի մեջ է մտել կայացման պահից, մինչդեռ, «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը կայացվել է 07.02.2007 թվականին, իսկ ՀՀ սահմանադրական դատարանը 09.04.2007 թվականի որոշումը չի տարածել այդ որոշման ուժի մեջ մտնելուն նախորդող իրավահարաբերությունների վրա:

7. ՀՀ վճռաբեկ դատարանի 18.06.2007 թվականի որոշումը նոր հանգամանքների հիմքով վերանայելու մասին Աիդա Քոչարյանը 14.07.2008 թվականին ներկայացրել է դիմում:

8. ՀՀ վճռաբեկ դատարանի 21.07.2008 թվականի որոշմամբ դիմումը վերադարձվել է այն պատճառաբանությամբ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.26-րդ հոդվածի համաձայն նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման իրավասություն ունի համապատասխան դատական ակտը կայացրած առաջին ատյանի դատարանը:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն պետք է բավարարել մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.20-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն՝ նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման հիմք է ՀՀ սահմանադրական դատարանի ուժի մեջ մտած որոշումը, որով ամբողջությամբ կամ մի մասով հակասահմանադրական է ճանաչվել այն օրենքը կամ այլ իրավական ակտը, որը կիրառել է դատարանը:

1. ՀՀ վճռաբեկ դատարանի 18.06.2007 թվականի որոշմամբ մերժվել է Աիդա Քոչարյանի դիմումի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանի 07.02.2007 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշման վերանայման վարույթի հարուցումը «Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 10-րդ և 12-րդ մասերի հիմքով՝ այն պատճառաբանությամբ, որ ՀՀ սահմանադրական դատարանի 09.04.2007 թվականի որոշումը, որով հակասահմանադրական և անվավեր է ճանաչվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231.1-րդ հոդվածի 2-րդ կետը (2006 թվականի հուլիսի 7-ի խմբագրությամբ) վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշման պատճառաբանման պարտադիր պայման չնախատեսելու առումով, ուժի մեջ է մտել կայացման պահից, մինչդեռ, «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը կայացվել է 07.02.2007 թվականին, իսկ ՀՀ սահմանադրական դատարանը 09.04.2007 թվականի որոշումը չի տարածել այդ որոշման ուժի մեջ մտնելուն նախորդող իրավահարաբերությունների վրա:

«Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ վիճարկվող ակտն ամբողջությամբ կամ մասամբ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու մասին որոշում ընդունվելու դեպքում այն իրավաբանական ուժը կորցնում է սահմանադրական դատարանի որոշումն ուժի մեջ մտնելու պահից, բացառությամբ նույն հոդվածի 12-րդ և 13-րդ մասերով սահմանված դեպքերի: Այդ ակտերի վրա հիմնված սահմանադրական դատարանի որոշման ընդունմանը նախորդող ժամանակահատվածում ընդունված և կատարված վարչական կամ դատական ակտերը վերանայման ենթակա չեն: Նույն հոդվածի 12-րդ մասի համաձայն՝ վիճարկվող ակտը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու և վիճարկվող ակտն ամբողջությամբ կամ մասամբ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու մասին որոշումները սահմանադրական դատարանը իրավասու է տարածելու նաև այդ որոշման ուժի մեջ մտնելուն նախորդող իրավահարաբերությունների վրա, եթե այդպիսի որոշում չընդունելը կարող է հանրության կամ պետության համար առաջացնել ծանր հետևանքներ: Սույն մասի առաջին պարբերությունում նշված որոշմամբ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչված նորմատիվ ակտի, ինչպես նաև այդ ակտի կատարումն ապահոված այլ նորմատիվ ակտերի վրա հիմնված` սահմանադրական դատարանի որոշման ուժի մեջ մտնելուն նախորդող երեք տարիների ընթացքում ընդունված և կատարված վարչական կամ դատական ակտերը ենթակա են վերանայման վարչական կամ դատական ակտն ընդունած մարմնի կողմից` օրենքով սահմանված կարգով:

«Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 12-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածում նշված գործերով օրենքի` դիմողի կողմից վիճարկվող դրույթը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու վերաբերյալ որոշում ընդունվելու դեպքում դիմողի նկատմամբ կիրառված վերջնական դատական ակտը օրենքով սահմանված կարգով ենթակա է վերանայման:

ՀՀ սահմանադրական դատարանի 15.04.2008 թվականի որոշմամբ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 12-րդ մասի դրույթները, որոնք համակարգային առումով փոխկապված են նույն օրենքի 68-րդ հոդվածի 10-րդ մասի 2-րդ պարբերության և 12-րդ մասի դրույթների հետ, ճանաչվել են ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի պահանջներին հակասող և անվավեր այն մասով, որով սահմանափակվում է նոր հանգամանքների հիմքով այն անձանց իրավունքների վերականգնման հնարավորությունը, որոնց վերաբերյալ վերջնական դատական ակտի կայացման և տվյալ անձի նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականության հարցի վերաբերյալ այլ դիմումի (դիմումների) հիման վրա սահմանադրական դատարանում գործի դատաքննություն սկսելու օրվա կամ այդ հարցի վերաբերյալ սահմանադրական դատարանի որոշման ընդունման օրվա միջև ընկած ժամանակահատվածը չի գերազանցում վեց ամիսը:

Վերը նշվածից հետևում է, որ անկախ այն հանգամանքից` «Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածով սահմանված լիազորությունների հիման վրա համապատասխան գործով դիմումի քննության արդյունքում ընդունված որոշումը ՀՀ սահմանադրական դատարանը տարածել է այդ որոշման ուժի մեջ մտնելուն նախորդող իրավահարաբերությունների վրա, թե` ոչ, դիմողի կողմից վիճարկվող դրույթը ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու վերաբերյալ որոշում ընդունվելու դեպքում՝ դիմողի նկատմամբ կիրառված վերջնական դատական ակտը օրենքով սահմանված կարգով ենթակա է վերանայման, եթե տվյալ գործով վերջնական դատական ակտի կայացման և ՀՀ սահմանադրական դատարանի որոշման ընդունման օրվա միջև ընկած ժամանակահատվածը չի գերազանցում վեց ամիսը:

Սույն գործով Աիդա Քոչարյանի մասով վերջնական դատական ակտը կայացվել է 07.02.2007 թվականին, իսկ այդ ակտում կիրառված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231.1-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթի սահմանադրականության հարցի վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի որոշումն ընդունվել է 09.04.2007 թվականին: Այսինքն՝ գործով վերջնական դատական ակտի և դրանում կիրառված նորմի սահմանադրականության հարցի վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի որոշման միջև ընկած ժամանակահատվածը չի գերազանցում վեցամսյա ժամկետը:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի 15.04.2008 թվականի որոշումը նոր հանգամանք է ՀՀ վճռաբեկ դատարանի 18.06.2007 թվականի «Նոր հանգամանքի հիմքով որոշման վերանայման վարույթի հարուցումը մերժելու մասին» որոշումը վերանայելու համար, հետևաբար այդ մասով բողոքը պետք է բավարարել՝ նոր հանգամանքներով վերանայել, փոփոխել և արդյունքում վերացնել ՀՀ վճռաբեկ դատարանի 18.06.2007 թվականի «Նոր հանգամանքի հիմքով որոշման վերանայման վարույթի հարուցումը մերժելու մասին» որոշումը:

2. ՀՀ վճռաբեկ դատարանի 07.02.2007 թվականի որոշմամբ վերադարձվել է Վերաքննիչ դատարանի 26.09.2005 թվականի վճռի դեմ բերված Աիդա Քոչարյանի վճռաբեկ բողոքը:

ՀՀ սահմանադրական դատարանի 09.04.2007 թվականի որոշմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231.1-րդ հոդվածի 2-րդ կետը (2006 թվականի հուլիսի 7-ի խմբագրությամբ) վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշման պատճառաբանման պարտադիր պայման չնախատեսելու, հետևաբար նաև՝ արդարադատության արդյունավետության բավարար մատչելիության իրավական երաշխիքներ չապահովելու առումով ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 3-րդ, 6-րդ (1-ին և 2-րդ մասեր), 18-րդ (1-ին մաս) և 19-րդ (1-ին մաս) հոդվածների պահանջներին հակասող և անվավեր:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի 09.04.2007 թվականի որոշումը նոր հանգամանք է ՀՀ վճռաբեկ դատարանի 07.02.2007 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշման վերանայման համար, հետևաբար այն պետք է վերանայել:

Վերանայելով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.02.2007 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն պետք է թողնել ուժի մեջ, իսկ բողոքն այդ մասով՝ առանց բավարարման, հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.28-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ նոր հանգամանքներով դատական ակտը վերանայելու արդյունքում դատարանն իրավասու է նախորդ դատական ակտը թողնել ուժի մեջ, բողոքը՝ առանց բավարարման:

Վերաքննիչ դատարանի 26.09.2005 թվականի վճռով բավարարվել է Նունե Մովսիսյանի հայցն ընդդեմ Գագիկ Խրիմյանի, Սերգեյ Բախչինյանի, Արփենիկ Բաղդասարյանի՝ գույքը տիրազուրկ ճանաչելու և սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին:

Վճռի դեմ գործին մասնակից չդարձված Աիդա Քոչարյանը վճռաբեկ բողոք է բերել 01.02.2007 թվականին (դատական ակտի հրապարակվելուց 16 ամիս հետո):

Իրավահարաբերության պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228.1-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ գործի քննությանը չմասնակցած այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, իրավունք ունեն վճռաբեկ բողոք ներկայացնելու եռամսյա ժամկետում այն պահից սկսած, երբ իմացել են կամ կարող էին իմանալ նման հանգամանքի մասին: Մինչդեռ, Աիդա Քոչարյանի Վերաքննիչ դատարանի 26.09.2005 թվականի վճռի դեմ վճռաբեկ բողոք է բերել դեռևս 06.10.2005 թվականին, որը վերադարձվել է վճռաբեկ բողոքը հետ վերցնելու մասին Աիդա Քոչարյանի, Կառլեն և Միքայել Մարգարյանների 18.11.2005 թվականի դիմումի հիման վրա: Աիդա Քոչարյանը կրկին վճռաբեկ բողոք է բերել 29.11.2005 թվականին և 21.02.2006 թվականին, որոնք վերադարձվել են համապատասխանաբար վճռաբեկ բողոքը հետ վերցնելու մասին 02.02.2006 թվականի և 20.04.2006 թվականի դիմումների հիման վրա: Այսինքն` Աիդա Քոչարյանը դեռևս 06.10.2005 թվականին տեղեկացված է եղել բողոքարկվող դատական ակտի մասին, սակայն վճռաբեկ բողոք է բերել 01.02.2007 թվականին (բողոքարկվող դատական ակտի հրապարակման պահից 16 ամիս հետո):

Իսկ Աիդա Քոչարյանի փաստարկն այն մասին, որ բողոքարկվող դատական ակտը տիրապետել է միայն 2006 թվականի նոյեմբեր ամսին, վերը նշված հոդվածով սահմանված ժամկետը պահպանված համարելու հիմք չէ:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Աիդա Քոչարյանի կողմից բաց է թողնվել իրավահարաբերության պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228.1-րդ հոդվածի 4-րդ մասի հիմքով վճռաբեկ բողոք բերելու համար սահմանված ժամկետը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի համաձայն՝ վճռաբեկ բողոքը վերադարձվում է, եթե վճռաբեկ բողոք ներկայացվել է օրենքով նախատեսված ժամկետից ուշ և բացակայում է այն վերականգնելու մասին միջնորդությունը, կամ նման միջնորդությունը մերժվել է:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն որոշմամբ արձանագրված պատճառաբանություններով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.02.2007 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը պետք է թողնել ուժի մեջ, իսկ Աիդա Քոչարյանի բողոքն այդ մասով՝ առանց բավարարման:

Ինչ վերաբերում է նոր հանգամանքի հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի 21.07.2008 թվականի որոշումը վերանայելու մասին Աիդա Քոչարյանի բողոքի պահանջին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն ըստ էության բավարարվել է Վճռաբեկ դատարանի 04.02.2009 թվականի «Նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման վարույթ հարուցելու մասին» որոշման կայացմամբ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 20428-րդ, 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Բողոքը բավարարել մասնակիորեն: ՀՀ վճռաբեկ դատարանի 18.06.2007 թվականի «Նոր հանգամանքների հիմքով որոշման վերանայման վարույթի հարուցումը մերժելու մասին» որոշումը վերացնել:

ՀՀ վճռաբեկ դատարանի 07.02.2007 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը թողնել ուժի մեջ, իսկ Աիդա Քոչարյանի բողոքը՝ առանց բավարարման:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  

Ս. Սարգսյան

Դատավորներ`

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Ա. Մաթևոսյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան