Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.03.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.05.27/27(693) Հոդ.601
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
13.03.2009
Подписан
Նախագահող
Дата подписания
13.03.2009
Дата вступления в силу
13.03.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ 3-325 (ՎԴ)

Քաղաքացիական գործ թիվ 3-7(ՎԴ)
2009թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ`

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ`

Վ. Աբելյանի

 

Ս. Անտոնյանի

 

Ա. Բարսեղյանի

 

Մ. Դրմեյանի

Ե. Խունդկարյանի

Է. Հայրիյանի

Ա. Մաթևոսյանի

Տ. Պետրոսյանի

 

Ե. Սողոմոնյանի

 

2009 թվականի մարտի 13-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ըստ հայցի Նունե Մովսիսյանի ընդդեմ Գագիկ Խրիմյանի, Սերգեյ Բախչինյանի, Արփենիկ Բաղդասարյանի՝ գույքը տիրազուրկ ճանաչելու և սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների վերաբերյալ, քաղաքացիական գործով Իրինա Օգանեզովայի, Աննա և Ագնեսա Բաղդասարյանների բողոքը՝ ՀՀ վճռաբեկ դատարանի 21.07.2008 թվականի «Դիմումը վերադարձնելու մասին» որոշումը նոր հանգամանքների հիմքով վերանայելու մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 26.09.2005 թվականի վճռով բավարարվել է Նունե Մովսիսյանի հայցն ընդդեմ Գագիկ Խրիմյանի, Սերգեյ Բախչինյանի, Արփենիկ Բաղդասարյանի՝ գույքը տիրազուրկ ճանաչելու և սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին:

Վճռի դեմ բերված Իրինա Օգանեզովայի, Աննա և Ագնեսա Բաղդասարյանների վճռաբեկ բողոքը ՀՀ վճռաբեկ դատարանի 05.02.2007 թվականի որոշմամբ վերադարձվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանի 18.06.2007 թվականի որոշմամբ մերժվել է Իրինա Օգանեզովայի, Աննա և Ագնեսա Բաղդասարյանների դիմումը՝ նոր հանգամանքի հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.02.2007 թվականի որոշման վերանայման վարույթ հարուցելու մասին:

ՀՀ վճռաբեկ դատարանի 21.07.2008 թվականի որոշմամբ վերադարձվել է Իրինա Օգանեզովայի, Աննա և Ագնեսա Բաղդասարյանների դիմումը՝ նոր հանգամանքի հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.06.2007 թվականի որոշումը վերանայելու մասին:

Իրինա Օգանեզովան, Աննա և Ագնեսա Բաղդասարյանները ներկայացրել են բողոք՝ նոր հանգամանքի հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի 21.07.2008 թվականի որոշումը վերանայելու մասին:

 

2. Բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

 

Սույն բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանի 26.09.2005 թվականի վճռի մասին տեղեկանալուց հետո իրավահարաբերության պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228.1-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված վեցամսյա ժամկետում Իրինա Օգանեզովան, Աննա և Ագնեսա Բաղդասարյանները ներկայացրել են վճռաբեկ բողոք: ՀՀ վճռաբեկ դատարանի 05.02.2007 թվականի որոշմամբ վճռաբեկ բողոքն առանց պատճառաբանության վերադարձվել է:

ՀՀ սահմանադրական դատարանի 09.04.2007 թվականի որոշմամբ անվավեր է ճանաչվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231.1-րդ հոդվածի 2-րդ կետը՝ վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշման պատճառաբանման պարտադիր պայման չնախատեսելու պատճառով: Իրինա Օգանեզովան, Աննա և Ագնեսա Բաղդասարյանները ներկայացրել են դիմում նոր հանգամանքով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.02.2007 թվականի որոշումը վերանայելու մասին, սակայն ՀՀ վճռաբեկ դատարանի 18.06.2007 թվականի որոշմամբ մերժվել է դիմումի հիման վրա որոշման վերանայման վարույթի հարուցումն այն պատճառաբանությամբ, որ ՀՀ սահմանադրական դատարանի որոշման ընդունմանը նախորդող ժամանակահատվածում ընդունված դատական ակտերը վերանայման ենթակա չեն:

ՀՀ սահմանադրական դատարանի 15.04.2008 թվականի որոշմամբ հակասահմանադրական է ճանաչվել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 12-րդ մասի դրույթներն այն մասով, որով սահմանափակվում է նոր հանգամանքի հիմքով այն անձանց իրավունքների վերականգնման հնարավորությունը, որոնց վերաբերյալ վերջնական դատական ակտի կայացման և տվյալ անձի նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականության հարցի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա սահմանադրական դատարանի որոշման ընդունման օրվա միջև ընկած ժամանակահատվածը չի գերազանցում վեց ամիսը: Նշված որոշման հիման վրա Իրինա Օգանեզովան, Աննա և Ագնեսա Բաղդասարյանները ներկայացրել են դիմում՝ նոր հանգամանքի հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.06.2007 թվականի որոշումը վերանայելու մասին, որը սակայն ՀՀ վճռաբեկ դատարանի 21.07.2008 թվականի որոշմամբ վերադարձվել է՝ նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման լիազորություններ չունենալու պատճառաբանությամբ (հիմք՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.26-րդ հոդված):

ՀՀ սահմանադրական դատարանի 09.09.2008 թվականի որոշմամբ հակասահմանադրական է ճանաչվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.26-րդ հոդվածը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են նոր հանգամանքների հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի 21.07.2008 թվականի «Դիմումը վերադարձնելու մասին» որոշումը, ՀՀ վճռաբեկ դատարանի 18.06.2007 թվականի «Նոր հանգամանքի հիմքով որոշման վերանայման վարույթի հարուցումը մերժելու մասին» որոշումը և ՀՀ վճռաբեկ դատարանի 05.02.2007 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը, փոփոխել դրանք և Վերաքննիչ դատարանի 26.09.2005 թվականի վճռի դեմ բերված Իրինա Օգանեզովայի, Աննա և Ագնեսա Բաղդասարյանների վճռաբեկ բողոքն ընդունել վարույթ և քննել ըստ էության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. Վերաքննիչ դատարանի 26.09.2005 թվականի վճռի դեմ Իրինա Օգանեզովան, Աննա և Ագնեսա Բաղդասարյանները վճռաբեկ բողոք են բերել 22.01.2007 թվականին:

2. Նշված բողոքը ՀՀ վճռաբեկ դատարանի 05.02.2007 թվականի որոշմամբ վերադարձվել է բողոքը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231.2-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներին չհամապատասխանելու հիմքով:

3. ՀՀ վճռաբեկ դատարանի 05.02.2007 թվականի որոշումը նոր հանգամանքների հիմքով վերանայելու մասին Իրինա Օգանեզովան, Աննա և Ագնեսա Բաղդասարյանները 11.06.2007 թվականին ներկայացրել են դիմում:

4. ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2007 թվականի որոշմամբ մերժվել է Իրինա Օգանեզովայի, Աննա և Ագնեսա Բաղդասարյանների դիմումի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանի 05.02.2007 թվականի որոշման վերանայման վարույթի հարուցումը այն պատճառաբանությամբ, որ ՀՀ սահմանադրական դատարանի 09.04.2007 թվականի որոշումը, ուժի մեջ է մտել կայացման պահից, մինչդեռ, «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը կայացվել է 05.02.2007 թվականին, իսկ ՀՀ սահմանադրական դատարանը 09.04.2007 թվականի որոշումը չի տարածել այդ որոշման ուժի մեջ մտնելուն նախորդող իրավահարաբերությունների վրա:

5. ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2007 թվականի որոշումը նոր հանգամանքների հիմքով վերանայելու մասին Իրինա Օգանեզովան, Աննա և Ագնեսա Բաղդասարյանները 14.07.2008 թվականին ներկայացրել են դիմում:

6. ՀՀ վճռաբեկ դատարանի 21.07.2008 թվականի որոշմամբ դիմումը վերադարձվել է այն պատճառաբանությամբ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.26-րդ հոդվածի համաձայն նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման իրավասություն ունի համապատասխան դատական ակտը կայացրած առաջին ատյանի դատարանը:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն պետք է բավարարել մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.20-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն՝ նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման հիմք են ՀՀ սահմանադրական դատարանի ուժի մեջ մտած որոշումը, որով ամբողջությամբ կամ մի մասով հակասահմանադրական է ճանաչվել այն օրենքը կամ այլ իրավական ակտը, որը կիրառել է դատարանը:

1. ՀՀ վճռաբեկ դատարանի 18.06.2007 թվականի որոշմամբ մերժվել է Իրինա Օգանեզովայի, Աննա և Ագնեսա Բաղդասարյանների դիմումի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանի 05.02.2007 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշման վերանայման վարույթի հարուցումը «Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 10-րդ և 12-րդ մասերի հիմքով՝ այն պատճառաբանությամբ, որ ՀՀ սահմանադրական դատարանի 09.04.2007 թվականի որոշումը, որով հակասահմանադրական և անվավեր է ճանաչվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231.1-րդ հոդվածի 2-րդ կետը (2006 թվականի հուլիսի 7-ի խմբագրությամբ) վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշման պատճառաբանման պարտադիր պայման չնախատեսելու առումով, ուժի մեջ է մտել կայացման պահից, մինչդեռ, «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը կայացվել է 05.02.2007 թվականին, իսկ ՀՀ սահմանադրական դատարանը 09.04.2007 թվականի որոշումը չի տարածել այդ որոշման ուժի մեջ մտնելուն նախորդող իրավահարաբերությունների վրա:

«Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ վիճարկվող ակտն ամբողջությամբ կամ մասամբ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու մասին որոշում ընդունվելու դեպքում այն իրավաբանական ուժը կորցնում է սահմանադրական դատարանի որոշումն ուժի մեջ մտնելու պահից, բացառությամբ նույն հոդվածի 12-րդ և 13-րդ մասերով սահմանված դեպքերի: Այդ ակտերի վրա հիմնված սահմանադրական դատարանի որոշման ընդունմանը նախորդող ժամանակահատվածում ընդունված և կատարված վարչական կամ դատական ակտերը վերանայման ենթակա չեն: Նույն հոդվածի 12-րդ մասի համաձայն՝ վիճարկվող ակտը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու և վիճարկվող ակտն ամբողջությամբ կամ մասամբ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու մասին որոշումները սահմանադրական դատարանը իրավասու է տարածելու նաև այդ որոշման ուժի մեջ մտնելուն նախորդող իրավահարաբերությունների վրա, եթե այդպիսի որոշում չընդունելը կարող է հանրության կամ պետության համար առաջացնել ծանր հետևանքներ: Սույն մասի առաջին պարբերությունում նշված որոշմամբ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչված նորմատիվ ակտի, ինչպես նաև այդ ակտի կատարումն ապահոված այլ նորմատիվ ակտերի վրա հիմնված` սահմանադրական դատարանի որոշման ուժի մեջ մտնելուն նախորդող երեք տարիների ընթացքում ընդունված և կատարված վարչական կամ դատական ակտերը ենթակա են վերանայման վարչական կամ դատական ակտն ընդունած մարմնի կողմից` օրենքով սահմանված կարգով:

«Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 12-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածում նշված գործերով օրենքի` դիմողի կողմից վիճարկվող դրույթը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու վերաբերյալ որոշում ընդունվելու դեպքում դիմողի նկատմամբ կիրառված վերջնական դատական ակտը օրենքով սահմանված կարգով ենթակա է վերանայման:

ՀՀ սահմանադրական դատարանի 15.04.2008 թվականի որոշմամբ հակասահմանադրական է ճանաչվել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 12-րդ մասի դրույթները, որոնք համակարգային առումով փոխկապված են նույն օրենքի 68-րդ հոդվածի 10-րդ մասի 2-րդ պարբերության և 12-րդ մասի դրույթների հետ, ճանաչվել են ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի պահանջներին հակասող և անվավեր այն մասով, որով սահմանափակվում է նոր հանգամանքների հիմքով այն անձանց իրավունքների վերականգնման հնարավորությունը, որոնց վերաբերյալ վերջնական դատական ակտի կայացման և տվյալ անձի նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականության հարցի վերաբերյալ այլ դիմումի (դիմումների) հիման վրա սահմանադրական դատարանում գործի դատաքննություն սկսելու օրվա կամ այդ հարցի վերաբերյալ սահմանադրական դատարանի որոշման ընդունման օրվա ընկած ժամանակահատվածը չի գերազանցում վեց ամիսը:

Վերը նշվածից հետևում է, որ անկախ այն հանգամանքից «Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածով սահմանված լիազորությունների հիման վրա համապատասխան գործով դիմումի քննության արդյունքում ընդունված որոշումը ՀՀ սահմանադրական դատարանը տարածել է այդ որոշման ուժի մեջ մտնելուն նախորդող իրավահարաբերությունների վրա, թե ոչ, դիմողի կողմից վիճարկվող դրույթը ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու վերաբերյալ որոշում ընդունվելու դեպքում դիմողի նկատմամբ կիրառված վերջնական դատական ակտը օրենքով սահմանված կարգով ենթակա է վերանայման, եթե տվյալ գործով վերջնական դատական ակտի կայացման և ՀՀ սահմանադրական դատարանի որոշման ընդունման օրվա միջև ընկած ժամանակահատվածը չի գերազանցում վեց ամիսը:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի 15.04.2008 թվականի որոշումը նոր հանգամանք է ՀՀ վճռաբեկ դատարանի 18.06.2007 թվականի «Նոր հանգամանքի հիմքով որոշման վերանայման վարույթի հարուցումը մերժելու մասին» որոշումը վերանայելու համար, հետևաբար այդ մասով բողոքը պետք է բավարարել՝ նոր հանգամանքներով վերանայել, փոփոխել և արդյունքում վերացնել ՀՀ վճռաբեկ դատարանի 18.06.2007 թվականի «Նոր հանգամանքի հիմքով որոշման վերանայման վարույթի հարուցումը մերժելու մասին» որոշումը:

2. ՀՀ վճռաբեկ դատարանի 05.02.2007 թվականի որոշմամբ վերադարձվել է Վերաքննիչ դատարանի 26.09.2005 թվականի վճռի դեմ բերված Իրինա Օգանեզովայի, Աննա և Ագնեսա Բաղդասարյանների վճռաբեկ բողոքը:

ՀՀ սահմանադրական դատարանի 09.04.2007 թվականի որոշմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231.1-րդ հոդվածի 2-րդ կետը (2006 թվականի հուլիսի 7-ի խմբագրությամբ) վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշման պատճառաբանման պարտադիր պայման չնախատեսելու, հետևաբար նաև՝ արդարադատության արդյունավետության բավարար մատչելիության իրավական երաշխիքներ չապահովելու առումով ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 3-րդ, 6-րդ (1-ին և 2-րդ մասեր), 18-րդ (1-ին մաս) և 19-րդ (1-ին մաս) հոդվածների պահանջներին հակասող և անվավեր:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի 09.04.2007 թվականի որոշումը նոր հանգամանք է ՀՀ վճռաբեկ դատարանի 05.02.2007 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշման վերանայման համար, հետևաբար այն պետք է վերանայել:

Վերանայելով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.02.2007 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն պետք է թողնել ուժի մեջ հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.28-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ նոր հանգամանքներով դատական ակտը վերանայելու արդյունքում դատարանն իրավասու է նախորդ դատական ակտը թողնել ուժի մեջ, բողոքը՝ առանց բավարարման:

Վերաքննիչ դատարանի 26.09.2005 թվականի վճռով բավարարվել է Նունե Մովսիսյանի հայցն ընդդեմ Գագիկ Խրիմյանի, Սերգեյ Բախչինյանի, Արփենիկ Բաղդասարյանի՝ գույքը տիրազուրկ ճանաչելու և սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին:

Վճռի դեմ Իրինա Օգանեզովայի, Աննա և Ագնեսա Բաղդասարյանների կողմից վճռաբեկ բողոք է բերվել 22.01.2007 թվականին (դատական ակտի հրապարակվելուց 16 ամիս հետո):

Իրավահարաբերության պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228.1-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ գործի քննությանը չմասնակցած այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, իրավունք ունեն վճռաբեկ բողոք ներկայացնելու եռամսյա ժամկետում այն պահից սկսած, երբ իմացել են կամ կարող էին իմանալ նման հանգամանքի մասին:

Վճռաբեկ բողոքում բողոք բերող անձինք նշել են, որ բողոքարկվող դատական ակտի մասին տեղեկացել են 2006 թվականի դեկտեմբեր ամսին՝ Աիդա Քոչարյանից, որն իր հերթին դատական ակտի մասին տեղեկացել է նույն ժամանակահատվածում: Մինչդեռ, նշված հանգամանքը հիմնավորող որևէ ապացույց բողոք բերող անձինք չեն ներկայացրել, այսինքն՝ չեն հիմնավորել բողոքարկվող դատական ակտի մասին իմանալուց հետո սահմանված եռամսյա ժամկետում վճռաբեկ բողոք բերելու հանգամանքը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ Վերաքննիչ դատարանի 26.09.2005 թվականի վճռի դեմ, որպես գործին մասնակից չդարձված անձ, Աիդա Քոչարյանը վճռաբեկ բողոք է բերել դեռևս 06.10.2005 թվականին, որը սահմանված կարգով հետ է վերցվել 18.11.2005 թվականի դիմումով: Այսինքն՝ Աիդա Քոչարյանը 06.10.2005 թվականից իմացել է բողոքարկվող դատական ակտի մասին: Նշված պատճառաբանությամբ Վճռաբեկ դատարանը հիմնավոր չի համարում բողոք բերած անձանց փաստարկներն այն մասին, որ բողոքարկվող դատական ակտի մասին տեղեկացել են 2006 թվականի դեկտեմբեր ամսին՝ նույն ժամանակահատվածում դատական ակտի մասին տեղեկացված Աիդա Քոչարյանից:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Իրինա Օգանեզովայի, Աննա և Ագնեսա Բաղդասարյանների կողմից բաց է թողնվել իրավահարաբերության պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228.1-րդ հոդվածի 4-րդ մասի հիմքով վճռաբեկ բողոք բերելու համար սահմանված ժամկետը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի համաձայն՝ վճռաբեկ բողոքը վերադարձվում է, եթե վճռաբեկ բողոք ներկայացվել է օրենքով նախատեսված ժամկետից ուշ և բացակայում է այն վերականգնելու մասին միջնորդությունը, կամ նման միջնորդությունը մերժվել է:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն որոշմամբ արձանագրված պատճառաբանություններով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.02.2007 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը պետք է թողնել ուժի մեջ, իսկ Իրինա Օգանեզովայի, Աննա և Ագնեսա Բաղդասարյանների բողոքն այդ մասով՝ առանց բավարարման:

Ինչ վերաբերում է նոր հանգամանքի հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի 21.07.2008 թվականի որոշումը վերանայելու մասին Իրինա Օգանեզովայի, Աննա և Ագնեսա Բաղդասարյանների բողոքի պահանջին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն ըստ էության բավարարվել է Վճռաբեկ դատարանի 04.02.2009 թվականի «Նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման վարույթ հարուցելու մասին» որոշման կայացմամբ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 20428-րդ, 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Բողոքը բավարարել մասնակիորեն: ՀՀ վճռաբեկ դատարանի 18.06.2007 թվականի «Նոր հանգամանքների հիմքով որոշման վերանայման վարույթի հարուցումը մերժելու մասին» որոշումը վերացնել:

ՀՀ վճռաբեկ դատարանի 05.02.2007 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը թողնել ուժի մեջ, իսկ Իրինա Օգանեզովայի, Աննա և Ագնեսա Բաղդասարյանների բողոքը՝ առանց բավարարման:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  

Ս. Սարգսյան

Դատավորներ`

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Ա. Մաթևոսյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան