Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Тип
Исходный акт (01.02.1997-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԱԳՆՊՏ 2002.06.12/1(1)
Принят
Հայաստանի Հանրապետություն
Дата принятия
26.04.1994
Дата подписания
26.04.1994
Дата вступления в силу
01.02.1997

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՐԿԿՈՂՄ ԿԱՊԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունը և Ավստրիայի Հանրապետությունը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,

ղեկավարվելով երկկողմ արտաքին տնտեսական կապերը ամրապնդելու ցանկությամբ,

ձգտելով հավասարության և փոխադարձ շահավետության հիման վրա նպաստել ապրանքաշրջանառության զարգացմանը, տնտեսական, արդյունաբերական, տեխնիկական և տեխնոլոգիական համագործակցությանը,

համոզված լինելով, որ սույն Համաձայնագիրը կստեղծի բարենպաստ նախադրյալներ և ամուր հիմք երկկողմ արտաքին տնտեսական կապերի հետագա զարգացման համար,

ելնելով շուկայական տնտեսության սկզբունքներից,

երկու պետություններում գործող օրենսդրության շրջանակներում պայմանավորվեցին ներքոհիշյալի վերաբերյալ.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

1. Հայաստանի Հանրապետությունը և Ավստրիայի Հանրապետությունը միմյանց կտրամադրեն առավել բարենպաստության ռեժիմ մաքսային և այլ տուրքերի, ինչպես նաև ապրանքների արտահանման և ներմուծման դեպքում այդպիսի մաքսային և այլ տուրքերի գանձման մեթոդների վերաբերյալ:

2. Պայմանավորվող կողմերը համաձայնեցին, որ առավել բարենպաստության ռեժիմը չի տարածվի, մասնավորապես, այն արտոնությունների և առավելությունների վրա, որոնք Պայմանավորվող կողմերից մեկը տրամադրում է կամ հետագայում կտրամադրի`

ա) հարևան պետություններին` սահմանամերձ առևտուրը հեշտացնելու նպատակով,

բ) այն պետություններին, որոնք իր հետ միասին մտնում են մաքսային միության, ազատ կամ արտոնյալ առևտրի գոտու մեջ, որն արդեն գոյություն ունի կամ կստեղծվի հետագայում,

գ) երրորդ երկրներին` բազմակողմ պայմանավորվածությունների շրջանակներում, որոնց չի մասնակցում մյուս Պայմանավորվող կողմը:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

 Պայմանավորվող կողմերը երկու պետություններում գործող օրենսդրության շրջանակներում կնպաստեն երկու երկրների ձեռնարկությունների, կազմակերպությունների, ընկերությունների և հիմնարկությունների միջև, այսուհետ` Ձեռնարկություններ, արտաքին տնտեսական երկկողմ կապերի զարգացմանը:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

1. Պայմանավորվող կողմերը, ելնելով իրենց հնարավորություններից և յուրաքանչյուր պետությունում գործող օրենսդրությանը համապատասխան, կնպաստեն տնտեսական, արդյունաբերական, տեխնիկական, գիտատեխնիկական և տեխնոլոգիական համագործակցությանը:

2. Պայմանավորվող կողմերը համաձայնում են, որ կան համագործակցության հնարավորություններ, մասնավորապես, հետևյալ բնագավառներում`

գյուղական և անտառային տնտեսություն, գյուղատնտեսական և անտառային տեխնիկա,

սննդի արդյունաբերություն, գյուղատնտեսական արտադրանքների վերամշակման, պահպանման, փաթեթավորման և տեղափոխման բարելավում,

գոյություն ունեցող սարքավորումների վերակառուցում, արդիականացում, ընդարձակում և մեքենայացում, պաշտպանական արդյունաբերության ձեռնարկությունների ապառազմականացում,

թեթև արդյունաբերություն, ներառյալ բարձրորակ և մրցունակ տեքստիլը, կարի, կոշիկի և կաշվե ապրանքների արտադրությունը,

մետալուրգիա, ներառյալ գունավոր մետալուրգիան և մետաղամշակման արդյունաբերությունը,

համալիր արդյունաբերական արտադրությունների և սարքավորումների ստեղծում,

քիմիական և նավթաքիմիական արդյունաբերություն,

շինարարություն, շինարարական նյութերի և սարքավորումների արտադրություն, շինարարական տեխնիկա,

շրջակա միջավայրի, հողի պահպանության, լանդշաֆտի և հողի պահպանություն, ներառյալ բույսերի պահպանության կենսաբանական միջոցների արտադրությունը և կիրառումը,

բնական ռեսուրսների և լեռնարդյունաբերական արտադրանքի հետախուզում, որակի բարելավում և հետագա վերամշակում, ինչպես նաև մարկետինգ,

բուժիչ և հանքային ջրեր,

էլեկտրակայանների, մասնավորապես, հիդրոէներգետիկայի բնագավառում, ինչպես նաև էլեկտրահաղորդման բարձր լարման գծերի ցանցի և բնական գազի ու նավթի տեղափոխման համար խողովակաշարերի ցանցերի ընդլայնում,

էլեկտրասարքեր և կենցաղային տեխնիկա,

էլեկտրոնային և էլեկտրատեխնիկական արդյունաբերություն,

փայտամշակման, թղթի և ցելյուլոզի արդյունաբերություն,

մենեջերների վերապատրաստում և ուսուցում` արտաքին առևտրի, տնտեսության կառավարման, զբոսաշրջության, արդյունաբերական սեփականության, բանկային, ֆինանսական և ապահովագրության բնագավառներում:

Նման համագործակցությունը կարող է իրականացվել հետևյալ ձևերով`

համատեղ ձեռնարկությունների ստեղծում և ուղղակի ներդրումներ տնտեսության բոլոր ոլորտներում,

ներկայացուցչությունների և ֆիրմաների մասնաճյուղերի ստեղծում,

տեխնոլոգիաների, նոու-հաուների, ներառյալ կիրառական հետազոտությունները, փոխանակում,

պատենտների և լիցենզիաների, ինչպես նաև արդյունաբերական սեփականության համար տրվող այլ իրավունքների փոխանակում,

նորմաների և ստանդարտների ներդաշնակեցում,

սերտիֆիկացում,

ֆինանսական, բանկային և ապահովագրական ծառայությունների, մարկետինգի և այլ ծառայությունների տրամադրում,

տեխնիկատնտեսական հիմնավորումների մշակում,

համատեղ սեմինարների, սիմպոզիումների և կոնֆերանսների կազմակերպում և անցկացում, տնտեսական հարցերով պատվիրակությունների և փորձագետների փոխանակում, տոնավաճառների և ցուցահանդեսների կազմակերպում,

իրավաբանական, տնտեսական, վիճակագրական, տեխնիկական փաստաթղթերի, տեղեկությունների և հրապարակումների փոխանակում:

3. Համագործակցության բոլոր բնագավառներում նախագծերն իրականացվում են բնապահպանական ամենաբարձր ստանդարտներին բավարարող առավել առաջավոր տեխնոլոգիաների համաձայն:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

 Ելնելով ենթակառուցվածքի տնտեսապես շահավետ և բնապահպանական առումով անվտանգ համակարգեր ստեղծելու անհրաժեշտությունից` Պայմանավորվող կողմերը համաձայնեցին հատուկ ուշադրություն դարձնել համագործակցությանը հետևյալ բնագավառներում`

էներգետիկա, հիդրոէներգետիկա,

երկաթուղային ցանցեր,

օդային հաղորդակցություն,

ճանապարհային ցանցեր,

հեռահաղորդակցություն,

տրանսպորտային գործ,

թափոնների վերամշակման արդյունաբերություն և երկրորդական օգտագործում,

հողի բարելավում և ջրային տնտեսություն:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Պայմանավորվող կողմերը համաձայն են, որ զբոսաշրջությունը կարող է էական ավանդ ունենալ արտաքին տնտեսական երկկողմ կապերի խորացման գործում:

1. Պայմանավորվող կողմերը գործող օրենսդրության շրջանակներում կնպաստեն զբոսաշրջության զարգացմանը Միավորված ազգերի կազմակերպության Միջազգային զբոսաշրջության և ճանապարհորդությունների գծով կոնֆերանսի (Հռոմ, 1963թ.), ինչպես նաև Զբոսաշրջության խարտիայի և Զբոսաշրջիկի օրենսգրքի (Սոֆիա, 1985թ.) հանձնարարականների հիման վրա:

2. Տնտեսական, տեխնիկական և մասնագիտական համագործակցությունը զբոսաշրջության բնագավառում նախագծերի իրականացման, ինչպես նաև համապատասխան ենթակառուցվածքի զարգացման մեջ իրականացվելու է շրջակա միջավայրի պահպանության սկզբունքների հիման վրա` հաշվի առնելով զբոսաշրջության ոլորտի որակը:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Պայմանավորվող կողմերը կաջակցեն արդյունաբերական սեփականության պահպանությանը և կապահովեն այն իրենց հնարավորությունների և յուրաքանչյուր պետությունում գործող օրենսդրության և, մասնավորապես, արդյունաբերական սեփականության պահպանության գծով Փարիզյան կոնվենցիայի շրջանակներում, ինչպես նաև կհամաձայնեցնեն այս ոլորտում համագործակցության և ընդլայնման ուղղությամբ գործողությունները:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Վճարումները Հայաստանի Հանրապետության և Ավստրիայի Հանրապետության միջև կիրագործվեն պետություններից յուրաքանչյուրում գործող օրենսդրության համապատասխան` ազատ փոխարկելի տարադրամով:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

1. Ապրանքափոխանակումը, ինչպես նաև տնտեսական, արդյունաբերական, տեխնիկական, գիտատեխնիկական և տեխնոլոգիական համագործակցությունը սույն Համաձայնագրի շրջանակներում իրականացվում է առևտրային հիմունքներով:

2. Յուրաքանչյուր երկրում գործող օրենսդրության շրջանակներում Պայմանավորվող կողմերի Ձեռնարկությունները առևտրի ծավալների մեծացման և փոխադարձաբար մատակարարվող ապրանքների անվանացանկի ընդլայնման նպատակով կարող են իրականացնել առևտուր համաշխարհային փորձում ընդունված ձևով, այդ թվում` բարտերային և հանդիպակաց գործարքների ձևով:

3. Երկու պետությունների Ձեռնարկությունների միջև առևտուրը կկատարվի շուկայական ընթացիկ գներով:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

1. Պայմանավորվող կողմերը կանցկացնեն խորհրդակցություններ, երբ փոխադարձ առևտրում նկատվի որևէ ապրանքի ներմուծում այնպիսի քանակությամբ կամ այնպիսի գներով ու պայմաններով, որոնք կհասցնեն կամ կսպառնան հասցնել զգալի վնաս նման կամ անմիջապես մրցակցող ապրանքների հայրենական արտադրողներին:

Այդ դեպքում այն Պայմանավորվող կողմը, որը դիմել է խորհրդակցություն իրականացնելու խնդրանքով, գործող օրենսդրության շրջանակներում պետք է մյուս Պայմանավորվող կողմին տրամադրի ստեղծված իրադրության մանրամասն ուսումնասիրման համար անհրաժեշտ ամբողջ տեղեկությունը:

2. Եթե խորհրդակցությունների ժամանակ Պայմանավորվող կողմերը փոխհամաձայնեցված կարգով հիմնավորեն, որ առաջին կետում նշված իրավիճակն առկա է, ապա կսահմանափակվի արտահանումը, կամ կձեռնարկվեն այլ միջոցառումներ վնասը կանխելու կամ վերացնելու նպատակով:

3. Եթե Պայմանավորվող կողմերը համաձայնության չգան, ապա խորհրդակցությունների անցկացման մասին դիմող Պայմանավորվող կողմը իրավունք կունենա սահմանափակել համապատասխան ապրանքների ներմուծումը այն չափով և այն ժամկետով, որն անհրաժեշտ է վնասը կանխելու կամ վերացնելու համար:

Մյուս Պայմանավորվող կողմը այդ դեպքում իրավունք կունենա հրաժարվել առաջին Պայմանավորվող կողմի նկատմամբ իր ստանձնած պարտավորություններից առևտրի մոտավորապես համարժեք ծավալի չափով:

4. Ճգնաժամային դեպքերում, երբ հետաձգումը կարող է զգալի վնաս հասցնել, ժամանակավոր միջոցները կձեռնարկվեն առանց նախնական խորհրդակցությունների:

Այս դեպքում տվյալ միջոցներ կիրառող Պայմանավորվող կողմն անմիջապես գրավոր ձևով կտեղեկացնի մյուս Պայմանավորվող կողմին, որից հետո անհապաղ պետք է սկսվեն խորհրդակցությունները:

5. Պայմանավորվող կողմերը սույն հոդվածին համապատասխան միջոցներ ընտրելիս պետք է նախապատվություն տան այն միջոցառումներին, որոնք նվազագույն բացասական ազդեցություն կունենան սույն Համաձայնագրի հետագա գործունեության վրա:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Պայմանավորվող կողմերն ընդունում են փոքր և միջին ձեռնարկությունների ավելի ակտիվ մասնակցության օգտակարությունը և անհրաժեշտությունը երկկողմ արտաքին տնտեսական կապերում:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

1. Պայմանավորվող կողմերը երաշխավորում են Ձեռնարկությունների վեճերը առաջին հերթին լուծել բարեկամական ճանապարհով, փոխադարձ համաձայնությամբ:

2. Յուրաքանչյուր պետությունում գործող օրենսդրության շրջանակներում Պայմանավորվող կողմերը կխրախուսեն Միավորված ազգերի կազմակերպության միջազգային առևտրի իրավունքի գծով հանձնաժողովի (ՅՈՒՆՍԻՏՐԱԼ) կողմից մշակված Արբիտրաժային կանոնակարգի կիրառումը և «Օտարերկրյա արբիտրաժային որոշումների ճանաչման և ի կատար ածման մասին» Կոնվենցիայի (Նյու Յորք, 10-ը հունիսի, 1958թ.) մասնակից պետություններից որևէ մեկի արբիտրաժային մարմիններին դիմելը:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Սույն Համաձայնագրի դադարեցումից կամ փոփոխումից հետո նրա դրույթները կկիրառվեն երկու պետությունների Ձեռնարկությունների միջև բոլոր այն պայմանագրերի նկատմամբ, որոնցում նշված պարտավորություններն առաջացել են նրա գործունեության ժամանակաընթացքում և մասամբ կամ լիովին կատարված չեն Համաձայնագրի դադարեցման կամ փոփոխման պահին:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

1. Սույն Համաձայնագրով ստեղծվում է Խառը հանձնաժողով, որը կգործի Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի ցանկությամբ` հաջորդաբար Հայաստանում կամ Ավստրիայում:

2. Խառը հանձնաժողովի խնդիրների մեջ մասնավորապես մտնում են.

ա) երկկողմ արտաքին տնտեսական կապերի վիճակի և զարգացման քննարկումը,

բ) ապրանքաշրջանառության և տնտեսական, արդյունաբերական, տեխնիկական, գիտատեխնիկական և տեխնոլոգիական համագործակցության կատարելագործման և ընդլայնման ուղղությամբ առաջարկությունների մշակումը,

գ) սույն Համաձայնագրի նպատակների իրականացման վերաբերյալ հանձնարարականների ներկայացումը:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

Պայմանավորվող կողմերի միջև սույն Համաձայնագրի կիրառման կամ մեկնաբանման կապակցությամբ տարաձայնությունները կլուծվեն բանակցությունների ճանապարհով` 13-րդ հոդվածում նշված Խառը հանձնաժողովի շրջանակներում:

 

ՀՈԴՎԱԾ 15

 

1. Պայմանավորվող կողմը կամ երկու Պայմանավորվող կողմերը, Եվրոպական տնտեսական տարածքում (ԵՏՏ) իրական մասնակցություն ունենալու կամ Եվրոպական միություն (ԵՄ) կամ նրան իրավահաջորդ հանդիսացող կազմակերպություն մտնելու օրից սկսած, կապված չեն լինի սույն Համաձայնագրով. այնքանով, որքանով դա անհամատեղելի կլինի այս հոդվածում նշված կազմակերպությունների անդամ լինելու նրանց կարգավիճակի հետ:

2. Այդ դեպքում Պայմանավորվող կողմերը հետագայում կորոշեն սույն Համաձայնագրի մնացած հոդվածների գործողության կարգը:

 

ՀՈԴՎԱԾ 16

 

1. Սույն Համաձայնագիրը կնքվում է երկու տարի ժամկետով և ինքնաբերաբար երկարաձգվում է յուրաքանչյուր հաջորդ տարվա համար, եթե Պայմանավորվող կողմերից ոչ մեկը նրա գործողության ժամկետը լրանալուց երեք ամիս առաջ մյուս Պայմանավորվող կողմին դիվանագիտական ուղիներով գրավոր չի ծանուցում Համաձայնագիրը դադարեցնելու իր մտադրության մասին:

2. Սույն Համաձայնագիրը ենթակա է վավերացման և ուժի մեջ է մտնում վավերացման փաստաթղթերի փոխանակման ամսվան հաջորդող երրորդ ամսվա առաջին օրից:

 

Կատարված է Վիեննա քաղաքում 1994 թվականի ապրիլի 26-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և գերմաներեն, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1997 թվականի փետրվարի 1-ից: