Գլխավոր տեղեկություն
Номер
N 546-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.06.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.05.27/27(693) Հոդ.599
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
07.05.2009
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
21.05.2009
Дата вступления в силу
08.06.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 մայիսի 2009 թվականի N 546-Ն

 

ԵՐԵՎԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 112-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Երևանի առաջին ավագանու առաջին նիստի անցկացման կանոնակարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Երևանի ավագանու առաջին ընտրությունների արդյունքով Երևանի ավագանու անդամների ընտրվելու մասին որոշման պաշտոնական հրապարակումից հետո` հաջորդ երկուշաբթի օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. մայիսի 21

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2009 թվականի

մայիսի 7-ի N 546-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

 

ԵՐԵՎԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

1. Երևանի առաջին ավագանու առաջին նիստը գումարվում է Երևանի ավագանու առաջին ընտրությունների արդյունքով Երևանի ավագանու անդամների ընտրվելու մասին որոշման պաշտոնական հրապարակմանը հաջորդող երկուշաբթի օրը, ժամը 11.00-ին` Երևանի ավագանու նստավայրում` Արգիշտիի 1 հասցեում:

2. Երևանի առաջին ավագանու առաջին նիստի նախապատրաստման և անցկացման կազմակերպման պատասխանատուն «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկն է (այսուհետ` աշխատակազմ):

3. Աշխատակազմը ժամը 10.00-11.00-ն իրականացնում է ավագանու անդամների գրանցում: Ստացված տվյալներն ամփոփելուց հետո աշխատակազմի ներկայացուցիչը նիստը վարողին է փոխանցում գրանցման ցուցակը:

4. Ավագանու նիստը վարում է ավագանու նիստին ներկա` տարիքով ավագ անդամը:

5. Ավագանու նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է ոչ պակաս, քան ավագանու 33 անդամ: Եթե մինչև ժամը 12.00-ն չի ապահովվում նիստի իրավազորությունը, և նիստը չի սկսվում, ապա նիստի չկայացման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում են ավագանու՝ նիստին ներկայացած անդամները: Այդ դեպքում ավագանու նիստ է հրավիրվում հաջորդ օրը` ժամը 11.00-ին:

6. Նիստը վարողը հայտարարում է նիստի բացման մասին:

7. Նիստը վարողը ներկայացնում է ավագանու անդամներին` կարդալով յուրաքանչյուրի անունը, ազգանունը, կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի (այսուհետ` կուսակցություն) անվանումը:

8. Նիստը վարողը հայտարարում է նիստի հետևյալ օրակարգը`

1) ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի ձևավորում.

2) Երևանի քաղաքապետի ընտրություն.

3) Երևանի քաղաքապետի առաջին երդման արարողության կազմակերպչական հարցերի մասին որոշման ընդունում.

4) ավագանու առաջին նստաշրջանի գումարման օրվա սահմանում:

Սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերը, ինչպես նաև սույն կանոնակարգի 9-26-րդ կետերը նախատեսված են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ կետի երկրորդ նախադասությամբ սահմանված դեպքի համար, իսկ նույն հոդվածի 2-րդ կետի առաջին նախադասությամբ սահմանված դեպքում` նիստը վարողը հրապարակում է ընտրված քաղաքապետի անունը և ընտրված քաղաքապետին հրավիրում տեղ զբաղեցնել նախագահությունում:

9. Առաջին նիստին նախորդող օրվա ժամը 11.00-ից սկսած ավագանու անդամների մանդատներ ստացած կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) իրենց կազմից գրավոր տեսքով ներկայացնում են մեկական թեկնածու` հաշվիչ հանձնաժողովի կազմում ընդգրկելու նպատակով: Այդ կուսակցությունների թիվը երկուսից չգերազանցելու դեպքում յուրաքանչյուր կուսակցություն ներկայացնում է 2-ական թեկնածու: Երևանի քաղաքապետի պաշտոնում առաջադրված թեկնածուն չի կարող միաժամանակ լինել հաշվիչ հանձնաժողովի անդամ:

10. Նիստը վարողը հրապարակում է հաշվիչ հանձնաժողովի կազմը:

11. Հաշվիչ հանձնաժողովը մինչև քվեարկությունն անցկացնում է նիստ, որի ժամանակ`

1) իր կազմից ընտրում է հանձնաժողովի նախագահ և քարտուղար.

2) սահմանում է քաղաքապետի ընտրության քվեաթերթիկի նմուշը և անհրաժեշտ քանակությամբ բազմացնում այն.

3) սահմանում է իր աշխատանքների կազմակերպման ընթացակարգը.

4) սահմանում է հանձնաժողովի անդամների պարտականությունները:

12. Հաշվիչ հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նրա անդամների ձայների մեծամասնությամբ:

13. Քաղաքապետի ընտրությունն անցկացվում է նիստի ընթացքում` «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածի դրույթներին համապատասխան: Նիստն անընդհատ է մինչև քաղաքապետի ընտրությունը` բացառությամբ ընդմիջումների` ժամը 14.00-15.00-ն, այնուհետև` յուրաքանչյուր երկու ժամը մեկ անգամ` 30 րոպեով:

14. Կուսակցությունների կողմից քաղաքապետի թեկնածուների առաջադրման հաջորդականությունը որոշվում է ըստ ավագանու ընտրությունների արդյունքներով մանդատներ ստացած կուսակցությունների թվաքանակի՝ փոքրից մեծ:

15. Թեկնածուների առաջադրումից հետո նիստը վարողը հրապարակում է նրանց անունները, որից հետո սկսվում է հարցերի քննարկումը` հետևյալ հաջորդականությամբ`

1) առաջադրված թեկնածուի ելույթը (առաջադրման հաջորդականությամբ).

2) հարցեր առաջադրված թեկնածուին.

3) ելույթներ.

4) առաջադրված թեկնածուի եզրափակիչ ելույթը:

Քննարկումներից հետո տեղի է ունենում քվեարկությունը, որը կազմակերպում է հաշվիչ հանձնաժողովը:

16. Հարցի քննարկման ընթացքում հատկացվում է`

1) թեկնածուի ելույթի համար՝ մինչև 15 րոպե.

2) հարցերի համար՝ մինչև 3-ական րոպե.

3) ելույթների և եզրափակիչ ելույթների համար՝ մինչև 5-ական րոպե.

4) վարման կարգի վերաբերյալ ելույթների համար` մեկական րոպե։

17. Ավագանու յուրաքանչյուր անդամի ելույթի կամ հարցի համար ձայն է տրվում մեկական անգամ:

18. Առաջադրված թեկնածուն կարող է ինքնաբացարկ հայտնել մինչև քվեարկության անցկացումը:

19. Թեկնածուների քննարկումն ավարտելուց հետո նիստը վարողը խոսքը տալիս է հաշվիչ հանձնաժողովի նախագահին, որն ավագանուն տեղեկացնում է հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների մասին, աշխատակազմի կողմից նախապատրաստված քվեարկության վայրի, քվեարկության անցկացման ժամի և տևողության, ինչպես նաև ավագանուն ծանոթացնում է Երևանի քաղաքապետի գաղտնի քվեարկության նախապատրաստման և անցկացման ընթացակարգին` համաձայն սույն կանոնակարգի հավելվածի:

20. Գաղտնի քվեարկության նախապատրաստման և անցկացման նպատակով նիստը վարողը հայտարարում է ընդմիջում:

21. Ավագանու նիստը վերսկսվելուց հետո հաշվիչ հանձնաժողովի նախագահը հրապարակում է գաղտնի քվեարկության արդյունքները և հանձնաժողովի կազմած ամփոփիչ արձանագրությունը փոխանցում ավագանու նիստը վարողին:

22. Հաշվիչ հանձնաժողովի նախագահը հայտարարում է հանձնաժողովի ընդունած հետևյալ որոշումներից մեկը`

1) Երևանի քաղաքապետ ընտրվելու մասին.

2) քվեարկության երկրորդ փուլ անցկացնելու մասին (եթե առաջադրված թեկնածուներից որևէ մեկը չի ստանում ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը):

23. Քվեարկության երկրորդ փուլ անցկացնելու մասին որոշում ընդունելու դեպքում հաշվիչ հանձնաժողովի նախագահը ներկայացնում է քվեարկության անցկացման ընթացակարգը: Այս փուլում քաղաքապետի թեկնածուների ինքնաբացարկ չի ընդունվում, և քննարկումներ չեն իրականացվում: Երկրորդ փուլն անցկացվում է Երևանի քաղաքապետի գաղտնի քվեարկության նախապատրաստման և անցկացման ընթացակարգին համապատասխան: Երկրորդ փուլում քաղաքապետ է ընտրվում առավելագույն ձայներ ստացած թեկնածուն:

24. Քվեարկության երկրորդ փուլի արդյունքներն ամփոփելուց հետո հաշվիչ հանձնաժողովը հայտարարում է իր ընդունած հետևյալ որոշումներից մեկը`

1) Երևանի քաղաքապետ ընտրվելու մասին.

2) քվեարկության լրացուցիչ փուլ անցկացնելու մասին (մեկից ավելի թեկնածուների` հավասար առավելագույն ձայներ ստանալու դեպքում):

25. Քվեարկության լրացուցիչ փուլ անցկացնելու մասին որոշում ընդունելու դեպքում հաշվիչ հանձնաժողովի նախագահը ներկայացնում է քվեարկության անցկացման ընթացակարգը: Լրացուցիչ փուլում նույնպես քաղաքապետի թեկնածուների ինքնաբացարկ չի ընդունվում, և քննարկումներ չեն իրականացվում: Լրացուցիչ փուլն անցկացվում է Երևանի քաղաքապետի գաղտնի քվեարկության նախապատրաստման և անցկացման ընթացակարգին համապատասխան: Քաղաքապետ է ընտրվում առավելագույն ձայներ ստացած թեկնածուն: Լրացուցիչ քվեարկության արդյունքով ձայների հավասարության դեպքում առավելությունը տրվում է տարիքով ավագին:

26. Հաշվիչ հանձնաժողովի նախագահը հրապարակում է գաղտնի քվեարկության արդյունքները:

27. Նիստը վարողը հրապարակում է ընտրված քաղաքապետի անունը և ընտրված քաղաքապետին հրավիրում է տեղ զբաղեցնել նախագահությունում:

28. Երևանի քաղաքապետ ընտրվելու մասին հայտարարությունից հետո աշխատակազմի ղեկավարն ավագանու քննարկմանն է ներկայացնում քաղաքապետի առաջին երդման արարողությանն առնչվող կազմակերպչական, ինչպես նաև ավագանու առաջին նստաշրջանի գումարման օր սահմանելու մասին հարցերը` ավագանու որոշումների նախագծերի տեսքով, որոնք քննարկում է ավագանին և ընդունում համապատասխան որոշումներ: Այդ հարցերը քննարկվում են սույն կանոնակարգի 16-րդ և 17-րդ կետերով սահմանված տևողությամբ և կարգով:

29. Նիստի արձանագրությունն ստորագրում է նիստը վարողը:

30. Որոշումներն ընդունվում են նիստին ներկա գտնվող ավագանու անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հաշվարկն իրականացվում է հաշվիչ հանձնաժողովի կողմից:

31. Նիստը կարող են լուսաբանել զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչները, որոնք նախապես գրանցվում են աշխատակազմում` համապատասխան հայտերը ներկայացնելով նիստից առնվազն 24 ժամ առաջ:

32. Առաջին նիստը փակվում է ավագանու առաջին նստաշրջանի գումարման օրվա մասին հայտարարությամբ:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

Հավելված

Երևանի առաջին ավագանու առաջին

նիստի անցկացման կանոնակարգի

Ը ն թ ա ց ա կ ա ր գ

 

Երեվանի քաղաքապետի գաղտնի քվեարկության նախապատրաստման եվ անցկացման

 

1. Քվեարկությունը նախապատրաստում են աշխատակազմը և հաշվիչ հանձնաժողովը:

2. Քվեաթերթիկների տպագրման ու բազմացման գործընթացի տեխնիկական կողմն ապահովում է աշխատակազմը:

3. Հաշվիչ հանձնաժողովի նախագահը պարտավոր է քվեարկության ընթացքում ապահովել սույն ընթացակարգով նախատեսված պահանջների կատարումը և անհրաժեշտ կարգ ու կանոն հաստատել քվեարկության անցկացման վայրում:

4. Քվեարկության մասնակիցների գրանցման, քվեարկության մասնակիցներին քվեաթերթիկներ հատկացնելու համար քվեարկության վայրում պետք է տեղադրված լինեն աշխատանքային սեղաններ, որոնք տեղադրվում են քվեարկության վայրում գտնվելու իրավունք ունեցող անձանց համար տեսանելի տեղում:

5. Քվեարկության նախապատրաստման նպատակով հայտարարված ընդմիջման ընթացքում հաշվիչ հանձնաժողովը վիճակահանությամբ որոշում է քվեաթերթիկներն ստորագրող հանձնաժողովի երեք անդամներին, որոնք մինչև քվեարկության սկսվելն ստորագրում են բոլոր քվեաթերթիկները և քվեարկության մասնակիցների ցուցակների բոլոր էջերը (ստորագրությունները դրվում են քվեաթերթիկների և քվեարկության մասնակիցների ցուցակների յուրաքանչյուր էջի հակառակ կողմում):

6. Վիճակահանությամբ որոշում են քվեարկության մասնակիցների գրանցումն իրականացնող անդամին, քվեաթերթիկներ հատկացնող անդամը, քվեատուփի համար պատասխանատու անդամը:

7. Հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի անդամների և քվեարկությանը ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց ներկայությամբ ստուգում է քվեատուփի դատարկ լինելը, փակում և սոսնձում է քվեատուփը` հանձնաժողովի անդամների ստորագրությամբ նշագրված թղթով, ստորագրված քվեաթերթիկները և քվեարկության մասնակիցների ցուցակները փոխանցում է հանձնաժողովի պատասխանատու անդամներին:

8. Հանձնաժողովի նախագահը հայտարարում է ընտրություններն սկսվելու մասին:

9. Քվեարկելուց հետո քվեարկողն անհապաղ պետք է դուրս գա քվեարկության վայրից:

10. Քվեարկությանը ներկայացած յուրաքանչյուր քվեարկության մասնակից գրանցվում է հանձնաժողովի` գրանցման համար պատասխանատու անդամի մոտ գտնվող ցուցակում:

11. Պատասխանատու անդամն ստուգում է քվեարկության մասնակցի անձը հաստատող փաստաթուղթը` անձնագիրը կամ ավագանու անդամի վկայականը, քվեարկության մասնակիցների ցուցակում գտնում է նրա անունը, հայրանունը, ազգանունը, քվեարկության մասնակիցն ստորագրում է իր անվան դիմաց:

12. Քվեարկության ժամանակ քվեարկության յուրաքանչյուր մասնակից ստանում է մեկ քվեաթերթիկ: Գրանցվելուց անմիջապես հետո քվեարկության մասնակիցը մոտենում է հանձնաժողովի` քվեաթերթիկների տրամադրման համար պատասխանատու անդամին:

13. Վերջինս քվեաթերթիկը հանձնում է քվեարկության մասնակցին: Քվեարկության մասնակիցն անցնում է քվեարկության խցիկ` քվեարկելու:

14. Քվեարկության մասնակիցը քվեաթերթիկը լրացնում է գաղտնի` քվեարկության խցիկում:

15. Եթե քվեարկության մասնակիցը կարծում է, որ քվեաթերթիկը սխալ է լրացրել, ապա նա կարող է դիմել հանձնաժողովի նախագահին` նոր քվեաթերթիկ ստանալու համար: Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ հանձնաժողովի անդամը հատկացնում է նոր քվեաթերթիկ, քվեարկության մասնակիցների ցուցակում կատարում համապատասխան նշում տվյալ մասնակցի անվան, ազգանվան դիմաց: Սխալ լրացված (վնասված) քվեաթերթիկն անհապաղ մարվում է, որի մասին կազմվում է համապատասխան արձանագրություն:

16. Քվեաթերթիկում քվեարկության մասնակիցը հաշվիչ հանձնաժողովի կողմից սահմանված կարգով միատեսակ նշում է կատարում այն թեկնածուի անվան, ազգանվան դիմացի սյունակում, որին կողմ է քվեարկում:

17. Քվեաթերթիկում քվեարկության մասին նշում կատարելուց հետո քվեարկության մասնակիցը մոտենում է քվեատուփին և քվեաթերթիկը գցում քվեատուփի մեջ:

18. Սահմանված նմուշի քվեաթերթիկը համարվում է անվավեր, եթե`

1) մեկից ավելի թեկնածուների oգտին նշումներ է պարունակում.

2) չի պարունակում որևէ նշում.

3) պարունակում է քվեարկության մասնակցի ինքնությունը բացահայտող նշում.

4) սահմանված կարգով ստորագրված չէ.

5) խախտված է հաշվիչ հանձնաժողովի սահմանած միատեսակ նշում կատարելու կարգը:

19. Քվեարկությունն ավարտվելուց հետո հանձնաժողովի նախագահն արգելում է մուտքը քվեարկության վայր, որից հետո փակում է քվեատուփի ճեղքը և դուրս հրավիրում հաշվիչ հանձնաժողովի անդամ չհանդիսացող բոլոր անձանց: Հաշվիչ հանձնաժողովը սկսում է քվեարկության արդյունքների ամփոփման նիստը: Այդ նպատակով հաշվիչ հանձնաժողովը`

1) հաշվարկում է չoգտագործված, ոչ ճիշտ լրացված քվեաթերթիկների ընդհանուր թիվը, ապա մարում է քվեաթերթիկները և փաթեթավորում դրանք.

2) քվեարկության մասնակիցների ցուցակներում առկա ստորագրությունների հիման վրա հաշվարկում է քվեարկության մասնակիցների (քվեաթերթիկներ ստացած քվեարկության մասնակիցների) թիվը, որից հետո փաթեթավորում է նշված ցուցակները:

20. Հանձնաժողովի նախագահը բացում է քվեատուփը և տեսակավորում քվեաթերթիկները` ըստ թեկնածուների օգտին տրված ձայների:

21. Քվեատուփում առկա բոլոր քվեաթերթիկները տեսակավորելուց հետո հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի անդամների ներկայությամբ մեկ առ մեկ հաշվարկում է յուրաքանչյուր թեկնածուին կողմ կամ դեմ քվեարկված քվեաթերթիկների թիվը:

22. Հաշվիչ հանձնաժողովը կազմում է արձանագրություն, դրանում նշելով`

1) քվեարկության մասնակիցների թիվը.

2) աշխատակազմի կողմից պատրաստված քվեաթերթիկների թիվը.

3) հանձնաժողովում մարված քվեաթերթիկների ընդհանուր թիվը.

4) անվավեր քվեաթերթիկների թիվը.

5) յուրաքանչյուր թեկնածուին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը.

6) թեկնածուին դեմ քվեարկված քվեաթերթիկների թիվը.

7) վավեր քվեաթերթիկների թիվը (հավասար է թեկնածուներին կողմ և դեմ քվեարկված քվեաթերթիկների թվերի գումարին):

23. Արձանագրությունն ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա անդամները:

24. Հաշվիչ հանձնաժողովի որոշմամբ սահմանվում է քվեարկությանը և հաշվիչ հանձնաժողովի աշխատանքներին ներկա գտնվող անձանց ցուցակը:

25. Ավագանու նիստը վերսկսվելուց հետո հաշվիչ հանձնաժողովի նախագահը հրապարակում է գաղտնի քվեարկության արդյունքները և հանձնաժողովի կազմած ամփոփիչ արձանագրությունը փոխանցում նիստը վարողին:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան