Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԱՏՎԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Լատվիայի Հանրապետության կառավարությունը, այսուհետ` Կողմեր,
ղեկավարվելով երկու պետությունների միջև բարեկամական հարաբերությունների զարգացման ցանկությամբ,
գիտակցելով, որ մարդասիրական բնագավառում անձանց միջև շփումների զարգացումը և երկու պետությունների ժողովուրդների համագործակցությունը տնտեսության, գիտության, տեխնիկայի և մշակույթի բնագավառներում կնպաստեն այդ նպատակի իրագործմանը,
ձգտելով երկու պետությունների քաղաքացիների փոխադարձ այցելությունների կարգի հեշտացմանը,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
Մի Կողմի պետության քաղաքացիները մուտք են գործում, դուրս են գալիս, տարանցմամբ անցնում են և ժամանակավորապես գտնվում են մյուս Կողմի պետության տարածքում սույն Համաձայնագրի անբաժանելի մաս հանդիսացող` սույն Համաձայնագրին կից Հավելվածի 1-ին և 3-րդ կետերում նշված այն փաստաթղթերի առկայության դեպքում, որոնք ճանաչվում են երկու Կողմերի կողմից վավերական սույն Համաձայնագրի դրույթներով նախատեսված պայմաններով արտասահման այցելությունների համար:
Հոդված 2
Մի Կողմի պետության քաղաքացիները մուտք են գործում մյուս Կողմի պետության տարածք և դուրս են գալիս այնտեղից միջազգային հաղորդակցության համար բաց անցումային սահմանային կետերով:
Հոդված 3
Մի Կողմի պետության քաղաքացիները մյուս Կողմի պետության տարածքում գտնվելու ժամանակ պարտավոր են պահպանել այդ պետության օրենքներն ու կանոնները, այդ թվում` օտարերկրյա քաղաքացիների համար սահմանված` գրանցման, կեցության և տարանցման կանոնները:
Հոդված 4
1. Մի Կողմի պետության քաղաքացիները մյուս Կողմի պետության տարածքում` սույն Համաձայնագրի կից Հավելվածում նշված և երկու Կողմերի կողմից արտասահման այցելությունների համար վավերական ճանաչված փաստաթղթերը կորցնելու դեպքում պարտավոր են հայտնել այդ մասին գտնվելու Կողմի պետության իրավասու մարմիններին:
2. Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված դեպքում գտնվելու Կողմի պետության իրավասու մարմինները անվճար տրամադրում են փաստաթուղթ, որը հաստատում է արտասահման այցելությունների համար վավերական փաստաթղթի կորստի մասին անձի հայտնելու փաստը:
Հոդված 5
1. Կողմերի պետությունների այն քաղաքացիները, որոնք ունեն դիվանագիտական կամ ծառայողական անձնագրեր, մուտք են գործում, դուրս են գալիս, տարանցիկ անցնում են և մյուս Կողմի պետության տարածքում գտնվում են առանց մուտքի արտոնագրի:
2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված` Կողմերի պետությունների քաղաքացիները կարող են մյուս Կողմի պետության տարածքում գտնվել առանց մուտքի արտոնագրի 90 օրից ոչ ավել` կես տարվա ընթացքում:
3. Սույն հոդվածի 2-րդ կետում նշված ժամկետը կարող է երկարաձգվել Կողմերից յուրաքանչյուրի օրենքներին և կանոններին համապատասխան:
Հոդված 6
1. Մյուս կողմի պետության տարածքում գտնվող` Կողմերի պետությունների այն քաղաքացիները, որոնք ունեն դիվանագիտական կամ ծառայողական անձնագրեր և հանդիսանում են դիվանագիտական ներկայացուցչության, հյուպատոսական հիմնարկի կամ առևտրային ներկայացուցչության աշխատակիցներ, կարող են առանց մուտքի արտոնագրի մուտք գործել, դուրս գալ և գտնվել մյուս Կողմի պետության տարածքում հավատարմագրման ամբողջ ժամանակաշրջանում` հավատարմագրումը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում:
2. Սույն հոդվածի 1-ին կետը վերաբերում է նաև նշված անձանց ընտանիքների անդամներին (կին/ամուսին, երեխաներ, ծնողներ, ինչպես նաև նրանց խնամքի տակ գտնվող այլ անձինք), որոնք ապրում են նրանց հետ իրենց պաշտոնավարման ընթացքում և ունեն սույն հոդվածի 1-ին կետում նշված անձնագրերը:
Հոդված 7
Կողմերը մյուս Կողմի պետության քաղաքացիներին մուտքի արտոնագրերը և կեցության իրավունքը տրամադրում ու դրանց վավերականության ժամկետները երկարաձգում են իրենց ազգային օրենսդրությանը համապատասխան:
Հոդված 8
Կողմերի իրավասու մարմինները անվճար մուտքի արտոնագրեր կտրամադրեն.
1. մյուս Կողմի արտաքին գործերի նախարարության կամ դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի պաշտոնական դիմումի առկայության դեպքում` հետևյալ կատեգորիաների անձանց.
ա) երկու Կողմերի նախարարությունների և գերատեսչությունների միջև պայմանավորվածությունների համաձայն` երկկողմ և բազմակողմ բանակցությունների, խորհրդատվությունների կամ խորհրդակցությունների մասնակցելու համար ժամանող պաշտոնական պատվիրակությունների անդամներին,
բ) նախարարությունների, գերատեսչությունների, պետական դեպարտամենտների, դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների հրավերներ ունեցող անձանց:
2. Հետևյալ կատեգորիաների անձանց.
ա) Հայաստանի Հանրապետության և Լատվիայի Հանրապետության միջև համագործակցության միջպետական ծրագրերին համապատասխան ժամանող անձանց` ընդունող պետական կազմակերպության հրավերը ներկայացնելու դեպքում,
բ) մինչև տասնութ (18) տարեկան քաղաքացիներին` հրավեր կամ սույն Համաձայնագրով նախատեսված համապատասխան պետության տարածք մուտք գործելու իրավունք տրամադրող այլ փաստաթուղթ ներկայացնելու դեպքում,
գ) Կողմերի ուսումնական հաստատություններում ուսանող և ուսման համար ուղևորվող անձանց` պատշաճ կերպով ձևակերպված հրավեր և Կողմերի համապատասխան հավատարմագրված ուսումնական հաստատությունում ուսուցման փաստը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում,
դ) ամուսինների, ծնողների, երեխաների, հարազատ եղբայրների/քույրերի, պապի/տատի, թոռների գերեզմանները այցելող անձանց` հարազատության աստիճանը/ամուսնության փաստը հաստատող և Կողմերի լիազորված մարմինների կողմից տրամադրված` մյուս Կողմի պետության տարածքում գերեզմանի առկայությունը և պահպանությունը կամ թաղման փաստը հաստատող փաստաթղթեր ներկայացնելու դեպքում (յուրաքանչյուր այցելությունը մինչև յոթ (7) օր, բայց ոչ ավելի, քան տարեկան երկու անգամ):
3. Իշխանության տեղական մարմինների միջև գործընկերական կապերի ծրագրերին համապատասխան պատվիրակության կազմում երթևեկող անձանց` պատվիրակության անձնական ցուցակ պարունակող` ընդունող իշխանության մարմնի պատշաճ ձևով ձևակերպված հրավեր ներկայացնելու դեպքում:
Հոդված 9
Կողմերի իրավասու մարմինները պատշաճ ձևով ձևակերպված հրավեր ներկայացնելու դեպքում կարող են անվճար տրամադրել մուտքի արտոնագրեր ոչ առևտրային միջոցառումների մասնակիցներին` սպորտային մրցույթների, փառատոնների և համերգների, երաժշտական, ֆոլկլորային և պարային խմբերի, ինչպես նաև սպորտային մրցավարների և մրցույթների ժյուրիի անդամներին:
Հոդված 10
1. Կողմերի իրավասու մարմինները, որպես կանոն, պետք է պատասխան ներկայացնեն մուտքի արտոնագիր տրամադրելու հարցմանը աշխատանքային տասը (10) օրվա ընթացքում` սկսած հարցումը ստանալու պահից:
2. Հարցման քննարկման ժամանակ տեղեկությունների ոչ բավարար լինելու պատճառով դժվարություններ առաջանալու դեպքերում հարցման քննարկման ժամկետը կարող է երկարաձգվել մինչև երեսուն (30) օր:
Հոդված 11
Կողմերի իրավասու մարմինները կտրամադրեն պաշտոնապես գտնվելու ամբողջ ժամանակամիջոցի համար վավերական բազմակի արտոնագրեր` անձանց հետևյալ կատեգորիաներին`
ա) ազգային/պետական ավիաընկերությունների մշտական ներկայացուցչությունների ղեկավարներին և աշխատակիցներին,
բ) Հայաստանի Հանրապետության և Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարություններին կից մշտապես հավատարմագրված համապատասխան թղթակիցներին և լրագրողներին,
գ) սույն հոդվածի «ա» և «բ» կետերում թվարկված անձանց ամուսիններին,
դ) սույն հոդվածի «ա», «բ» և «գ» կետերում թվարկված անձանց խնամքի տակ գտնվող անչափահաս երեխաներին:
Հոդված 12
Կողմերի իրավասու մարմինները, փոխադարձության հիման վրա, անվճար կտրամադրեն մուտքի բազմակի արտոնագրեր` անձանց հետևյալ կատեգորիաներին`
ա) երկու Կողմերի պետությունների օդանավակայանների միջև հատուկ չվերթների անձնակազմի անդամներին,
բ) Կողմերի պետությունների տարածքով անցնող երթուղիներով երթևեկող գնացքային, սառնարանային և էլեկտրաքարշային բրիգադների և փոստահեռագրային ծառայության միջազգային գնացքների անդամներին,
գ) Կողմերի համապատասխան նախարարությունների կամ գերատեսչությունների երկկողմ համաձայնագրերի հիման վրա երկաթուղային և ավտոմոբիլային բեռների փոխադրման և ուղեկցելու կանոնավոր երթևեկություններ իրականացնող անձանց:
Հոդված 13
Կողմերի իրավասու մարմինները հումանիտար բնույթի անհետաձգելի դեպքերում անվճար մուտքի արտոնագրեր կտրամադրեն քսանչորս (24) ժամվա ընթացքում: Այս դեպքերը ներառում են`
ա) ուղևորություն ընտանիքի ծանր հիվանդ անդամին կամ մերձավոր բարեկամին այցելելու նպատակով` հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում,
բ) շտապ բժշկական օգնության կարիք ունեցող անձանց կամ ծանր հիվանդություններով տառապող անձանց ուղևորությունները, ինչպես դա հաստատվում է համապատասխան փաստաթղթերով, մյուս Կողմի պետության տարածք շտապ մուտքի անհրաժեշտությունը հաստատող և լիազորված մարմինների կողմից տրամադրված փաստաթղթերի առկայության դեպքում, եթե դա չի հակասում Կողմերի ազգային օրենսդրությանը,
գ) սույն հոդվածի «բ» կետում նշված անձանց ուղեկցելու հետ կապված ուղևորությունները` հիվանդին ուղեկցելու անհրաժեշտությունը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում,
դ) ընտանիքի անդամի կամ մերձավոր բարեկամի հուղարկավորությանը մասնակցելու համար` մահվան փաստը հաստատող փաստաթղթի ներկայացման դեպքում,
ե) տարերային աղետների, համաճարակների և տեխնածին աղետների հետևանքների վերացման ժամանակ օգնություն ցուցաբերելու նպատակով այցելությունները:
Հոդված 14
1. Կողմերի իրավասու մարմինները, երբ դա անհրաժեշտ է, մյուս Կողմի քաղաքացիներին կտրամադրեն մուտքի տարանցիկ արտոնագրեր ուղևորվելու պետության տարածք մուտք գործելու իրավունք տրամադրող մուտքի արտոնագրի առկայության դեպքում:
2. Անձանց հետևյալ կատեգորիաներին մուտքի տարանցիկ արտոնագրեր կտրամադրվեն այն պայմանով, որ նրանց մոտ առկա լինեն նաև ուղևորատոմսեր` դրանց մեջ հաստատված տեղափոխման կետից դուրս գալու ժամկետով`
ա) տարանցիկ չվերթների ավիաուղևորներին,
բ) երկաթուղային կամ ավտոմոբիլային տրանսպորտով երթևեկող ուղևորներին:
Հոդված 15
Կողմերի իրավասու մարմինները կքննարկեն մուտքի արտոնագրերի երկարաձգման վերաբերյալ հարցումները յոթ (7) օրվա ընթացքում:
Հոդված 16
Մի Կողմի պետության այն քաղաքացիները, որոնք ունեն մյուս Կողմի կեցության իրավունք, դուրս են գալիս և վերադառնում են համապատասխան Կողմի պետության տարածք առանց մուտքի արտոնագրի` կեցության իրավունքի հիման վրա:
Հոդված 17
Սույն Համաձայնագիրը չի սահմանափակում Կողմերից յուրաքանչյուրի իրավունքը` իր ազգային օրենսդրությանը համապատասխան մերժելու մյուս Կողմի պետության քաղաքացուն մուտք գործելու կամ կրճատելու նրա այնտեղ մնալու ժամկետը:
Հոդված 18
Լատվիայի Հանրապետության տարածքում մշտապես բնակվող այն անձինք, որոնք օգտվում են սույն Համաձայնագրին կից Հավելվածի 2-րդ կետում նշված փաստաթղթերից (Լատվիայի քաղաքացիներ չհանդիսացող), մուտք են գործում, դուրս են գալիս, տարանցիկ անցնում և գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում սույն Համաձայնագրով Լատվիայի քաղաքացիների համար նախատեսված կարգով:
Հոդված 19
Կողմերը, մինչև սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելը, դիվանագիտական ուղիներով փոխանակում են սույն Համաձայնագրի Հավելվածում նշված` արտասահման ուղևորվելու համար վավերական փաստաթղթերի նմուշները: Արտասահման ուղևորվելու համար վավերական նոր փաստաթղթեր շրջանառության մեջ դնելու կամ արդեն գոյություն ունեցող փաստաթղթերի մեջ փոփոխություններ մտցնելու դեպքում Կողմերը ոչ ուշ, քան երեսուն (30) օրվա ընթացքում կտեղեկացնեն միմյանց և կփոխանակեն նոր կամ փոփոխված փաստաթղթերով:
Հոդված 20
Կողմերը կփոխանակեն մուտքի և գտնվելու կարգի փոփոխության հետ կապված տեղեկություններ: Կողմերը, ըստ անհրաժեշտության, կանցկացնեն խորհրդակցություններ սույն Համաձայնագրի կատարման ընթացքի վերլուծության և դրա հետ կապված այլ հարցերի քննարկման համար:
Հոդված 21
Կողմերից յուրաքանչյուրը պետական անվտանգության կամ հասարակական կարգի ապահովման կամ բնակչության առողջության պաշտպանության նպատակով կարող է դադարեցնել սույն Համաձայնագրի առանձին դրույթների գործողությունը: Նման միջոցների ընդունման և չեղյալ համարելու մասին պետք է դիվանագիտական ուղիներով անհապաղ տեղեկացվի մյուս Կողմը:
Հոդված 22
1. Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման կամ կիրառման ժամանակ առաջացած վեճերը Կողմերը կլուծեն բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով:
2. Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել լրացումներ և փոփոխություններ, որոնք կձևակերպվեն առանձին արձանագրությամբ, որը կհանդիսանա սույն Համաձայնագրի անբաժանելի մասը և ուժի մեջ կմտնի սույն Համաձայնագրի 23-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված կարգով:
Հոդված 23
1. Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով և ուժի մեջ է մտնում երեսուն օր անց այն պահից, երբ Կողմերը հայտագրերի փոխանակման միջոցով միմյանց ծանուցում են դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին:
2. Սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին հայտագրերի փոխանակումը կիրականացվի 2002 թվականի հունիսի 26-ին ստորագրված` Հանձնման և ընդունման մասին Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ` Կողմերի կողմից ներպետական ընթացակարգերը կատարվելու մասին հայտագրերի փոխանակման հետ միաժամանակ:
3. Կողմերից յուրաքանչյուրը կարող է դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը դիվանագիտական ուղիներով այդ մասին մյուս Կողմին գրավոր ծանուցելու միջոցով: Այս դեպքում սույն Համաձայնագրի գործողությունը դադարում է նման ծանուցումը մյուս Կողմի ստանալուց հետո իննսուն (90) օր անց:
Կատարված է Ռիգա քաղաքում 2002 թվականի հունիսի 26-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, լատիշերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:
Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման ժամանակ տարաձայնությունների դեպքում ռուսերեն տեքստը գերակայում է:
Հ Ա Վ Ե Լ Վ Ա Ծ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԱՏՎԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ԿԻՑ
Սույն Համաձայնագրով սահմանից դուրս վավերական են հանդիսանում հետևյալ փաստաթղթերը.
1. Լատվիայի Հանրապետության քաղաքացիների համար`
ա) դիվանագիտական անձնագիր,
բ) ծառայողական անձնագիր,
գ) քաղաքացու անձնագիր,
դ) նավաստու գրքույկ,
ե) վերադարձի վկայական (միայն Լատվիայի Հանրապետություն վերադառնալու համար):
2. Լատվիայի քաղաքացիություն չունեցող անձանց համար`
ա) քաղաքացիություն չունեցողի անձնագիր,
բ) նավաստու գրքույկ,
գ) վերադարձի վկայական (միայն Լատվիայի Հանրապետություն վերադառնալու համար):
3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար`
ա) դիվանագիտական անձնագիր,
բ) ծառայողական անձնագիր,
գ) քաղաքացու անձնագիր,
դ) Հայաստանի Հանրապետություն վերադարձի վկայական (միայն Հայաստանի Հանրապետություն վերադառնալու համար):
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2003 թվականի մայիսի 17-ից: