Գլխավոր տեղեկություն
Տիպ
Արձանագրություն
Тип
Ինկորպորացիա (14.05.2019-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
Պայմանավորվող կողմեր
Дата принятия
27.02.2018
Дата подписания
27.02.2018
Дата вступления в силу
14.05.2019

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԵՎ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ՝ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽԱՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԱԽՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն և Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային վարչությունը (այսուհետ` Կողմեր),

հաշվի առնելով, որ Կողմերը իրենց երկրների տնտեսական շահերը պաշտպանելու նպատակով պատրաստակամ են ընդլայնելու մաքսային վարչությունների միջև փոխադարձ վարչական աջակցությունը,

գիտակցելով Կողմերի պետությունների սահմանները հատելու ժամանակ տրանսպորտային միջոցների և ապրանքների արդյունավետ վերահսկողության կարևորությունը,

ձգտելով Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ամրապնդել առևտրային հարաբերությունները,

հաշվի առնելով, որ Կողմերը պատրաստակամ են արագացնելու երկու երկրների միջև տեղափոխվող տրանսպորտային միջոցների և ապրանքների մաքսային ձևակերպումները,

ղեկավարվելով Միավորված ազգերի կազմակերպության, Համաշխարհային մաքսային կազմակերպության՝ տեղեկատվության փոխանակման վերաբերյալ նորմերով, չափորոշիչներով և առաջարկություններով և հաշվի առնելով Երևանում 2016 թվականի դեկտեմբերի 21-ին ստորագրված և 2017 թ. նոյեմբերի 14-ին ուժի մեջ մտած՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության Կառավարության միջև Մեղրի-Նուրդուզ սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) դրույթները, համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

Ընդհանուր դրույթներ

 

1. Կողմերը պատասխանատու են տրանսպորտային միջոցների և ապրանքների, բացառությամբ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից տեղափոխվող ապրանքների, մաքսային հայտարարագրման ընթացքում ուղղակիորեն ստացված նախնական էլեկտրոնային տվյալների մշտական փոխանակման համար՝ Կողմերից մեկի պետության տարածքից տրանսպորտային միջոցները և ապրանքները դուրս բերելիս մինչև դրանց` մյուս Կողմի պետության տարածք մուտք գործելը:

2. Նախնական էլեկտրոնային տվյալները Կողմերը կօգտագործեն առևտրի անվտանգության պահպանման և օրինական առևտրի դյուրացման համար:

3. Փոխանցվող նախնական էլեկտրոնային տվյալների նվազագույն ծավալը, որոնցով Կողմերը պայմանավորվել են փոխանակվել սույն Արձանագրության շրջանակներում, սահմանված է սույն Արձանագրության Հավելվածում:

 

Հոդված 2

Արդիականացված ընթացակարգերի

իրականացման հանձնառություն

 

Հետևողական մաքսային վերահսկողություն ապահովելու ընթացքում Կողմերն իրականացնում են նախնական էլեկտրոնային տվյալների մշտական փոխանակում` արդյունավետորեն օգտագործելով ռիսկերի վերլուծության և ռիսկերի կառավարման մեթոդները՝ Կողմերի սահմանները հատող տրանսպորտային միջոցների և ապրանքների մաքսային ընթացակարգերի անխափան իրականացման նպատակով:

 

Հոդված 3

Տվյալների պաշտպանություն

 

1. Սույն Արձանագրության շրջանակներում փոխանցվող նախնական էլեկտրոնային տվյալները պետք է լինեն սահմանափակ հասանելիության: Սույն Արձանագրության շրջանակներում փոխանցվող նախնական էլեկտրոնային տվյալներն ստացող Կողմը ստացված տվյալները չպետք է հայտնի կամ փոխանցի որևէ երրորդ կողմի՝ առանց այդ տվյալները տրամադրող Կողմի գրավոր համաձայնության:

2. Սույն Արձանագրության կիրառման ընթացքում ստացված տվյալները կարող են օգտագործվել բացառապես Համաձայնագրով և սույն Արձանագրությամբ սահմանված նպատակներով, ներառյալ դատական, վարչական վարույթներում կամ հետախուզական գործունեության մեջ օգտագործումը, և չեն կարող փոխանցվել երրորդ կողմերի՝ առանց այդ տվյալները տրամադրած Կողմի գրավոր համաձայնության:

3. Սույն արձանագրության շրջանակներում փոխանցվող նախնական էլեկտրոնային տվյալները պետք է համապատասխանեն յուրաքանչյուր Կողմի պետության՝ անձնական տվյալների պաշտպանությանը վերաբերող ներպետական օրենսդրության պահանջներին:

 

Հոդված 4

Տեխնիկական իրագործման գործընթաց

 

1. Կողմերն իրենց աշխատակազմերում ստեղծում են հատուկ ինստիտուցիոնալ ստորաբաժանումներ, որոնք պատասխանատու կլինեն.

- նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման նպատակով տեխնիկական պահանջների մշակման և իրականացման, փոխանակման մեթոդների սահմանման համար,

- նախնական էլեկտրոնային տվյալների նվազագույն ծավալի լրամշակման համար,

- տրանսպորտային միջոցների և ապրանքների վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման և մյուս Կողմից ստացված տվյալներն իրավասու ինստիտուցիոնալ ստորաբաժանումներին փոխանցելու համար:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված գործառույթների իրականացման նպատակով՝ ստեղծված ինստիտուցիոնալ ստորաբաժանումների միջև կստորագրվի «Նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի» վերաբերյալ տեխնիկական պահանջների փաստաթուղթ:

3. Մինչ «Նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի» ներդրումն անցկացվելու է տվյալների փոխանակման փորձարկման փուլ: Փորձարկման փուլի ավարտից հետո Կողմերի միջև ստորագրվելու է փորձարկման փուլի ավարտը հաստատող փաստաթուղթ` դրանով իսկ հաստատելով «Նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի» ամբողջական կիրառումը:

 

Հոդված 5

 Վեճերի լուծումը

 

1. Սույն Արձանագրության իրականացման ընթացքում Կողմերի միջև առաջացող վեճերը կլուծվեն բանակցությունների միջոցով, որոնք կընթանան Համաձայնագրի 9-րդ հոդվածի համաձայն ստեղծված Համատեղ կոմիտեի շրջանակներում:

2. Սույն Արձանագրության կիրառման հետ կապված՝ անհապաղ լուծում պահանջող տեխնիկական բնույթի հարցերը քննարկելու նպատակով Համատեղ կոմիտեն կարող է ստեղծել «Նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի» ենթակոմիտե (այսուհետ՝ Ենթակոմիտե), որը բաղկացած կլինի Կողմերի համապատասխան ինստիտուցիոնալ ստորաբաժանումների՝ հավասար քանակով ներկայացուցիչներից: Անհրաժեշտության դեպքում, Կողմերից որևէ մեկի պահանջով, պահանջն ստանալու օրվանից երկու օրվա ընթացքում կկազմակերպվի Ենթակոմիտեի նիստ:

3. Ենթակոմիտեի զեկույցները ներկայացվում են Համատեղ կոմիտեին:

 

Հոդված 6

Փոփոխություններ

 

Սույն Արձանագրությունը կարող է փոփոխվել Կողմերի փոխադարձ համաձայնությամբ՝ առանձին արձանագրությունների միջոցով, որոնք ուժի մեջ կմտնեն սույն Արձանագրության 7-րդ հոդվածի 1-ին կետում սահմանված ընթացակարգով և կկազմեն սույն Արձանագրության անբաժանելի մասը:

 

Հոդված 7

Ուժի մեջ մտնելը և դադարեցումը

 

1. Սույն Արձանագրությունն ուժի մեջ կմտնի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ՝ Կողմերի ներպետական ընթացակարգերի կատարման մասին Կողմերի վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված՝ անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտելուց հետո Հայաստանի Հանրապետության կողմից կարող են իրականացվել նախապատրաստական և փորձարկման աշխատանքներ:

3. Սույն Արձանագրությունն ստորագրվում է անորոշ ժամկետով:

4. Յուրաքանչյուր Կողմ կարող է դադարեցնել սույն Արձանագրության գործողությունը` իր այդ մտադրության մասին դիվանագիտական ուղիներով գրավոր ծանուցելով մյուս Կողմին: Այդ դեպքում սույն Արձանագրության գործողությունը դադարեցվում է այդպիսի ծանուցում ստանալու օրվանից երեք (3) ամիս հետո:

 

Սույն Արձանագրությունը կատարված է Երևան քաղաքում 2018 թվականի փետրվարի 27-ին, համապատասխանաբար՝ 1396 թվականի էսֆանդի 8-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն, պարսկերեն և անգլերեն, ընդ որում՝ բոլոր տեքստերը հավասարազոր են: Սույն Արձանագրության դրույթների մեկնաբանման ժամանակ առաջացած ցանկացած տարաձայնության դեպքում կգերակայի անգլերեն տեքստը:

 

Արձանագրությունն ուժի մեջ է մտել 2019թ. մայիսի 14-ին

 

Հավելված

 

փոխանակման ենթակա` ՓՈԽԱՆՑՎԱԾ նախնական էլեկտրոնային տվյալների նվազագույն ծավալ

 

Հ

 փոխանակվող հաղորդագրությունում նշվող տարրերը

նկարագրություն

ձեվաչափ

ծանոթություն

1.

Հայտարարագրի տեսակ

Փաստաթղթի անունը նշող ծածկագիր

an..3

SAD, T1 կամ TIR

2.

Տեղափոխման հաշվառմանհամարը

Հաշվառման համարը նույնականացնող հատուկ փաստաթուղթ

an..35

 

3.

Նշանակման երկրի ծածկագիրը

Երկրի կամ այլ աշխարհագրական սուբյեկտի անվանման նույնականացումը, ինչպես սահմանված է ISO 3166 և UN/ECE Rec 3-ում

a2

ISO 3166-1 2-ալֆա ծածկագիր

4.

Ուղարկման/արտահանման երկրի ծածկագիրը

Նշել այն երկիրը, որտեղից ապրանքներն ի սկզբանե արտահանվել են` անկախ որևէ առևտրային գործարքից, որ տեղի է ունեցել միջնորդ երկրներում

a2

ISO 3166-1 2- ալֆա ծածկագիր

5.

Հայտարարագրի ամսաթիվը

Հայտարարագիրը դուրս գրելու և, անհրաժեշտության դեպքում, ստորագրելու կամ այլ կերպով վավերացնելու ամսաթիվը

օր/ամիս/տարի
ժամ/րոպե/վայր-կյան

 

6.

Ապրանք ուղարկողը

Ապրանքներն ուղարկող Կողմի անվանումը [և հասցեն], ինչպես նշված է փոխադրում պատվիրող Կողմի կողմից՝ փախադրման պայմանագրում*

an..70

Տվյալների ոչ պարտադիր տարր

7.

Ապրանք ստացողը

Այն Կողմի անվանումը [և հասցեն], որի անունով ուղարկվում է ապրանքը**

an..70

Տվյալների ոչ պարտադիր տարր

8.

Ընդհանուր փաթեթներ

Ամբողջ հայտարարագրում/խմբաքանակում փաթեթների ընդհանուր քանակը

n..8

 

9.

Բեռնարկղային փոխադրման մասին նշումը

Նշվում է՝ ապրանքները տեխափոխվում են բեռնարկղով, թե ոչ

n1

 

10.

Հաշիվ-ապրանքագրի ընդհանուր գումարը

Մեկ հայտարարագրով հայտարարագրված բոլոր հաշիվ-ապրանքագրերի արժեքների հանրագումարը

n..16,2
(Փոփոխական սահմանազատիչառավելագույն տասնորդական նիշերով, ինչպես սահմանված է)

Տվյալների ոչ պարտադիր տարր

 

11.

Հաշիվ-ապրանքագրի արժույթը

Դրամական միավորը կամ արժույթը սահմանող ծածկագիրը

a3

EDIFACT ծածկագրեր - (ISO 4217 3-ալֆա ծածկագիր). Տվյալների ոչ պարտադիր տարր

12.

Սահմանին փոխադրման եղանակը

Սահմանահատման համար օգտագործվող փոխադրման միջոցները և եղանակը, ծածկագրված

an..4

UN/ECE Rec.28

13.

Տրանսպորտային միջոցների նույնականացման տվյալները՝ մեկնելիս

Նույնականացվում են տրանսպորտային միջոցները, որոնք օգտագործվել են բեռը մաքսատուն ներկայացնելու ժամանակ` ապրանքների հայտարարագրման համատեքստում

an..35

 

14.

Սահմանը հատող ակտիվ տրանսպորտային միջոցների նույնականացման տվյալները

Սահմանը հատելիս օգտագործվող տրանսպորտային միջոցների անվանումը` նույնականացման նպատակով

an..35

 

15.

Ապրանքային միավորի համարը

Ապրանքների հերթական համարը ցանկում

n..5

 

16.

Ապրանքների նկարագրությունը

Ապրանքային միավորի բնույթի՝ պարզ լեզվով նկարագրություն, որը բավարար է մաքսային, վիճակագրական կամ փոխադրման նպատակներով այն նույնականացնելու համար

an..512

 

17.

Համախառն ծավալը (կգ)

Հերթական ապրանքային միավորի կշիռը` ներառյալ փաթեթավորումը, բայց բացառելով տրանսպորտային սարքավորումները

n..11,3
(Փոփոխական սահմանազատիչառավելագույն տասնորդական նիշերով, ինչպես սահմանաված է)

 

 

*Ապրանք ուղարկողի վերաբերյալ տվյալներ չեն փոխանցվում, երբ ապրանք ուղարկողը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, և նախնական էլեկտրոնային տվյալներ փոխանցող Կողմ է Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն

**Ապրանք ստացողի վերաբերյալ տվյալներ չեն փոխանցվում, երբ ապրանք ստացողը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, և նախնական էլեկտրոնային տվյալներ փոխանցող Կողմ է Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն

Ծանոթություն: Կողմերը տեխնիկական նկատառումներով անհրաժեշտության դեպքում կարող են ավելացնել տվյալների այլ տարրեր (օրինակ՝ այլ IRUTIR-EPD տվյալների տարրեր, նոր տրանսպորտային միջոցների նույնականացման տվյալ, եթե ապրանքները վերաբեռնվել են մի տրանսպորտային միջոցից մյուսը):

 

Հետևյալ տարրերը վերաբերում են այն բեռնատար շարժիչային տրանսպորտային միջոցներին, որոնք սահմանը հատելիս հայտարարագրվել են որպես դատարկ.

 

Հ

փոխանակվող հաղորդագրությանմեջ նշվող տվյալների տարր

նկարագրություն

ձեվաչափ

ծանոթութ-յուն

1.

Հայտարարագրի տեսակը

Փաստաթղթի անունը նշող ծածկագիր

an..3

 

2.

Հայտարարագրի ամսաթիվը

Հայտարարագիրը դուրս գրելու և, անհրաժեշտության դեպքում, ստորագրելու կամ այլ կերպով վավերացնելու ամսաթիվը

օր/ամիս/տարի
ժամ/րոպե/վայր-կյան

Տրանսպորտային միջոցի ելքի ամսաթիվը և ժամը

3.

Սահմանը հատող ակտիվ տրանսպորտային միջոցների նույնականացման տվյալները

Սահմանը հատելիս օգտագործված տրանսպորտային միջոցների անվանումը` նույնականացման նպատակով

an..35

 

4.

Սահմանը հատող ակտիվ տրանսպորտային միջոցների երկիրը

Սահմանը հատելիս օգտագործված տրանսպորտային ակտիվ միջոցների երկիրը, ծածկագրված

an3

 

5.

Նշանակման երկրի ծածկագիրը

Երկրի կամ այլ աշխարհագրական սուբյեկտի անվանման նույնականացման կոդը, ինչպես նշված է ISO 3166-ում և UN/ECE Rec 3-ում

a2

ISO 3166-1 2-ալֆա ծածկագիր

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան