Գլխավոր տեղեկություն
Номер
N 634-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.06.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.06.24/32(698) Հոդ.731
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
29.05.2009
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
12.06.2009
Дата вступления в силу
25.06.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 մայիսի 2009 թվականի N 634-Ն

 

«ԳՅՈՒՄՐՈՒ N 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՆԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հիմնադրման միջոցով ստեղծել «Գյումրու N 4 արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ` կազմակերպություն):    

2. Սահմանել, որ կազմակերպության գործունեության հիմնական առարկան և նպատակներն են`

1) հասարակական կյանքի տարբեր ոլորտների համար պետական կրթական չափորոշիչներին համապատասխան նախնական մասնագիտական (արհեստագործական) որակավորմամբ կադրերի պատրաստումը, ազգային և համամարդկային արժեքների ոգով դաստիարակված անձի ու քաղաքացու համակողմանի ձևավորումը.

2) անհատի մասնագիտական կրթության, նրա հոգևոր ու ֆիզիկական զարգացման պահանջմունքների բավարարումը.

3) նախնական մասնագիտական (արհեստագործական) և հանրակրթական ծրագրերի (հիմնական և լրացուցիչ) իրականացումը:

3. Թույլատրել կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

1) նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն.

2) ընդհանուր (լրիվ) միջնակարգ կրթության երրորդ աստիճան (ավագ դպրոց).

3) կրթություն` մեծահասակների համար և կրթության այլ տեսակներ.

4) հրատարակչական գործ.

5) սովորողների համար հանրային սննդի կազմակերպում.

6) հանրակացարանների շահագործման կազմակերպում.

7) սպորտի բնագավառի այլ գործունեություն`

ա. բացօթյա կամ փակ տարածքներում սպորտային միջոցառումների (պրոֆեսիոնալների և սիրողների համար) կազմակերպում և անցկացում,

բ. սպորտային միջոցառումների կազմակերպման և աջակցման գործունեություն:

4. «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» կետերով և 14-րդ հոդվածով նախատեսված` կազմակերպության կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը:

5. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո`

1) մեկամսյա ժամկետում հաստատել կազմակերպության կանոնադրությունը և ապահովել դրա պետական գրանցումը.

2) երկամսյա ժամկետում ապահովել «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տիրապետմանն ու օգտագործմանն անցած (հիմք` «Անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր»)` «Ընտանիք» բարեգործական հասարակական կազմակերպության սեփականությունը հանդիսացող` Գյումրի քաղաքի Անի թաղամասի 11-րդ փողոցի N 5ա հասցեում գտնվող շենքի (1416 քառ. մետր ընդհանուր մակերեսով և 31 մլն 241 հազ. 783 դրամ կադաստրային արժեքով) գույքի անհատույց օգտագործման իրավունքով հանձնումը կազմակերպությանը.

3) ապահովել նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը և գույքային իրավունքի պետական գրանցումը կազմակերպության միջոցների հաշվին:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. հունիսի 12

Երևան