Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-798
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (31.03.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.04.15/19(685) Հոդ.378
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
31.03.2009
Подписан
Նախագահող
Дата подписания
31.03.2009
Дата вступления в силу
31.03.2009

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

Քաղ. Երևան

31 մարտի 2009 թ.

 

2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ԲԻՇԿԵԿՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՎ ՄԵՐՁՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի (զեկուցող), Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վ. Տերտերյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2008 թվականի հոկտեմբերի 10-ին Բիշկեկում ստորագրված՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջտարածաշրջանային և մերձսահմանային համագործակցության խորհրդի մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի՝ 09.03.2009 թ. ՀՀ սահմանադրական դատարանում մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

1. Համաձայնագիրն ստորագրվել է 2008 թ. հոկտեմբերի 10-ին: Համաձայնագրի նպատակն է նպաստել տարածաշրջանային և մերձսահմանային փոխադարձ համագործակցության հետագա զարգացմանը, որը բխում է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ժողովուրդների շահերից:

2. Համաձայնագրին կցված է դրա անբաժանելի մասը հանդիսացող Խորհրդի կանոնադրությունը, որի համաձայն Խորհուրդը պետք է իրականացնի իր գործունեությունը:

3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

●  համաձայնագրի մյուս մասնակից պետությունների հետ համատեղ ստեղծել Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջտարածաշրջանային և մերձսահմանային համագործակցության խորհուրդ (Խորհուրդ), որի կազմի մեջ մտնում են համաձայնագրի մասնակից պետությունների` միջտարածաշրջանային և մերձսահմանային համագործակցության համար պատասխանատու նախարարությունների (գերատեսչությունների) ղեկավարները,

●  Հայաստանի Հանրապետությունում Խորհրդի նիստերի անցկացման դեպքում կրել դրա անցկացման հետ կապված ծախսերը,

●  կրել Հայաստանի Հանրապետության կողմից Խորհրդի աշխատանքներին մասնակցող անդամների գործուղման ծախսերը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

1. 2008 թվականի հոկտեմբերի 10-ին Բիշկեկում ստորագրված՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջտարածաշրջանային և մերձսահմանային համագործակցության խորհրդի մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Գ. Հարությունյան


31 մարտի 2009 թ.
ՍԴՈ-798

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան