ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/1823/02/08 |
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/1823/02/09 2009թ. |
Նախագահող դատավոր՝ Լ. Գրիգորյան | |
Դատավորներ՝ Գ. Մատինյան Ե. Խունդկարյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ա. Մկրտումյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ս. Սարգսյանի | |
|
Վ. Աբելյանի | |
Ս. Անտոնյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Ա. Մաթևոսյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
|
Ե. Սողոմոնյանի |
2009 թվականի փետրվարի 13-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Լարիսա Հովեյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.10.2008 թվականի որոշման դեմ՝ ըստ Արտավազդ Հովեյանի հայցի ընդդեմ Լարիսա Հովեյանի, երրորդ անձ Երևանի Կենտրոն նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանի՝ ժառանգության իրավունքի վկայագիրը և դրա հիման վրա տրված սեփականության իրավունքի վկայականն անվավեր ճանաչելու, ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Արտավազդ Հովեյանը պահանջել է անվավեր ճանաչել Լարիսա Հովեյանի անվամբ տրված ժառանգության իրավունքի վկայագիրը, դրա հիման վրա տրված սեփականության իրավունքի վկայականը և ճանաչել ժառանգությունն ընդունած ժառանգ:
Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 29.04.2008 թվականի վճռով հայցը մերժվել է:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 01.10.2008 թվականի որոշմամբ Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 29.04.2008 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել. սեփականության իրավունքի վկայականն անվավեր ճանաչելու մասով քաղաքացիական գործի վարույթը կարճվել է, ժառանգության իրավունքի վկայագիրը ճանաչվել է անվավեր և Արտավազդ Հովեյանը ճանաչվել է ժառանգությունն ընդունած ժառանգ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Լարիսա Հովեյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1217-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Պատճառաբանելով, որ Լարիսա Հովեյանը ժառանգատու Ժենյա Հովեյանի համահայր, այսինքն՝ ոչ հարազատ քույրն է, Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ Լարիսա Հովեյանն ընդհանրապես ժառանգ չէ: Մինչդեռ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1217-րդ հոդվածի իմաստով Լարիսա Հովեյանը ևս համարվում է երկրորդ հերթի ժառանգ: Համահայր կամ համամայր լինելը բավարար է հարազատությունը կամ արյունակցական կապը հաստատված համարելու համար: Հետևաբար, Լարիսա Հովեյանը Ժենյա Հովեյանի երկրորդ հերթի ժառանգն է:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 01.10.2008 թվականի որոշման` հայցը բավարարելու մասը և այն փոփոխել. մասնակիորեն՝ 1/2 մասով անվավեր ճանաչել Լարիսա Հովեյանի ժառանգության իրավունքի վկայագիրը և այդ մասով Արտավազդ Հովեյանին ճանաչել Ժենյա Հովեյանի ժառանգությունն ընդունած ժառանգ:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1. Երևանի Մոլդովական փողոցի 21 շենքի թիվ 8 բնակարանը սեփականության իրավունքով պատկանել է Ժենյա Հովեյանին:
2. Արտավազդ Հովեյանը ժառանգատու Ժենյա Հովեյանի հանգուցյալ եղբոր որդին է և 1978 թվականից փաստացի բնակվում է ժառանգական գույք համարվող Երևանի Մոլդովական փողոցի 21 շենքի թիվ 8 բնակարանում:
3. Ժենյա Հովեյանի հայրն Արտավազդ Հովեյանն է, իսկ մայրը՝ Ռոզիկ Նահապետի Հովեյանը:
4. Լարիսա Հովեյանի հայրն Արտավազդ Հովեյանն է, իսկ մայրը՝ Արտաշամ Գևորգի Գսպոյանը:
5. Լարիսա Հովեյանին դիմումի հիման վրա տրվել է վեճի առարկա բնակարանի նկատմամբ ժառանգության իրավունքի վկայագիր:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործով անհրաժեշտ է պատասխանել հետևյալ իրավական հարցին.
Արդյո՞ք ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1217-րդ հոդվածի իմաստով համահայր կամ համամայր քույր կամ եղբայրները երկրորդ հերթի ժառանգներ չեն:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1217-րդ հոդվածի համաձայն՝ երկրորդ հերթի ժառանգներ են ժառանգատուի հարազատ եղբայրները և քույրերը: Ժառանգատուի եղբայրների և քույրերի երեխաները ժառանգում են ներկայացման իրավունքով:
Վերաքննիչ դատարանը, հայցի բավարարման հիմքում դրել է այն հանգամանքը, որ ժառանգատուի հետ համահայր կամ համամայր քույրը կամ եղբայրը երկրորդ հերթի ժառանգ չէ:
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 11-րդ հոդվածի «բ» կետի համաձայն՝ արգելվում է ամուսնություն կնքել մերձավոր ազգականների (ուղիղ վերընթաց ու վայրընթաց ազգականների` ծնողների ու զավակների, պապի, տատի ու թոռների, ինչպես նաև հարազատ և համահայր կամ համամայր եղբայրների ու քույրերի, մորաքրոջ, հորաքրոջ, հորեղբոր և մորեղբոր զավակների) միջև:
Ամուսնական իրավահարաբերություններում, կարևորելով գենետիկական ներդաշնակության առաջնայնությունը, օրենսդիրը տարանջատել է «հարազատ եղբայրներ ու քույրեր» և «համահայր կամ համամայր եղբայրներ ու քույրեր» հասկացությունները՝ ամուսնության արգելք սահմանելով նաև համահայր կամ համամայր եղբայրների և քույրերի միջև, ինչը կապված է այս հարաբերությունների խիստ անձնական-ֆիզիոլոգական բնույթի հետ:
Մինչդեռ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի «ժառանգական իրավունք» բաժնում զետեղված նորմերում որևէ տարանջատում սահմանված չէ «հարազատ քույրեր և եղբայրներ» և «համահայր կամ համամայր քույրեր և եղբայրներ» հասկացողությունների միջև, քանի որ այս հարաբերությունները գույքային բնույթի հարաբերություններ են:
Այսինքն, ժառանգական իրավահարաբերություններում անձի ժառանգական իրավունքները սահմանափակած չեն ժառանգատուի հետ համահայր կամ համամայր եղբայր կամ քույր լինելու հանգամանքով: Հետևաբար, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1217-րդ հոդվածի իմաստով ժառանգատուի «հարազատ քույրեր և եղբայրներ» հասկացությունն իր մեջ ներառում է նաև համահայր կամ համամայր քույրերին և եղբայրներին:
Հիմք ընդունելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ժառանգական իրավահարաբերություններում ժառանգատուի հարազատ եղբայրներին և քույրերին հավասարեցված են նաև ժառանգատուի հետ համահայր կամ համամայր քույրերը և եղբայրները:
Այսինքն, անձը երկրորդ հերթի ժառանգ է նաև այն դեպքում, երբ ժառանգատուի հետ համահայր կամ համամայր քույր կամ եղբայր է:
Հիմք ընդունելով վերոգրյալը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արտավազդ Հովեյանը 1978 թվականից փաստացի բնակվում է ժառանգական գույք համարվող Երևանի Մոլդովական փողոցի 21 շենքի թիվ 8 բնակարանում, այսինքն՝ փաստացի տիրապետման և կառավարման եղանակով ընդունել է ժառանգությունը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ժառանգական գույքի նկատմամբ 1/2-ական բաժիններով ժառանգներ են Լարիսա Հովեյանը և Արտավազդ Հովեյանը:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքը հիմնավոր համարելով Վճռաբեկ դատարանն այն դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով վերանայվող դատական ակտը մասնակիորեն բեկանելու համար:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Մասնակիորեն բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.10.2008 թվականի որոշումը և այն փոփոխել. Արտավազդ Հովեյանի հայցը բավարարել մասնակիորեն՝ 1/2 մասով անվավեր ճանաչել Լարիսա Հովեյանի ժառանգության իրավունքի վկայագիրը և այդ մասով Արտավազդ Հովեյանին ճանաչել Ժենյա Հովեյանի ժառանգությունն ընդունած ժառանգ: Մնացած մասով որոշումը թողնել օրինական ուժի մեջ:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ա. Մկրտումյան | |
Դատավորներ` |
Ս. Սարգսյան | |
|
Վ. Աբելյան | |
Ս. Անտոնյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Է. Հայրիյան | ||
Ա. Մաթևոսյան | ||
Տ. Պետրոսյան | ||
|
Ե. Սողոմոնյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|