Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.02.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.04.08/18(684) Հոդ.339
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
13.02.2009
Подписан
Նախագահող
Дата подписания
13.02.2009
Дата вступления в силу
13.02.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԳԴ/0171/02/08

Քաղաքացիական գործ թիվ ԳԴ/0171/02/08
2009թ.

Նախագահող դատավոր՝ Ե. Խունդկարյան

Դատավորներ՝             Գ. Մատինյան

                       Լ. Գրիգորյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ`

Ա. Մկրտումյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. Սարգսյանի

Տ. Պետրոսյանի

 

Վ. Աբելյանի

 

Ս. Անտոնյանի

 

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Է. Հայրիյանի

Ա. Մաթևոսյանի

 

Ե. Սողոմոնյանի

 

2009 թվականի փետրվարի 13-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Ֆիրդուս Զաքարյանի և Ժիրայր Գալստյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.10.2008 թվականի որոշման դեմ՝ ըստ «Գլուր» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) դիմումի ընդդեմ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա ինքնակարգավորվող կազմակերպության (այսուհետ՝ Դեպոզիտարիա), ՀՀ ԱՆ Գեղարքունիքի ԴԱՀԿ ծառայության Մարտունի-Վարդենիս տարածաշրջանի բաժանմունքի (այսուհետ՝ Ծառայություն), երրորդ անձինք Գուրգեն Դարբինյանի, Տիգրան Դարբինյանի, Ֆիրդուս Զաքարյանի և Ժիրայր Գալստյանի՝ պաշտոնատար անձանց օրենքին հակասող ակտերն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

 

Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 26.12.2006 թվականի որոշումը և որպես անվավերության հետևանք Դեպոզիտարիայի միջոցով Ֆիրդուս Զաքարյանի և Ժիրայր Գալստյանի անվամբ գրանցված բաժնետոմսերը վերագրանցել որպես Ընկերության սեփականություն:

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 17.06.2008 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 10.10.2008 թվականի որոշմամբ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 17.06.2008 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Ֆիրդուս Զաքարյանը և Ժիրայր Գալստյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը       

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածը, չի կիրառել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 3-րդ մասը և 71-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանում են հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ վիճարկվող վարչական ակտով կատարվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտը՝ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 17.11.2006 թվականի վճիռը, որով «Գլուր» ՍՊԸ-ի տնօրեն Տիգրան Դարբինյանը պարտավորեցվել է Ֆիրդուս Զաքարյանի և Ժիրայր Գալստյանի անվամբ գրանցելու «Սիգմա» ԲԲԸ-ի բաժնետոմսերի 80 տոկոսից 40 տոկոսը՝ յուրաքանչյուրին 20 տոկոսի չափով: Ֆիրդուս Զաքարյանը և Ժիրայր Գալստյանը վստահել են այդ վարչական ակտին, քանի որ բաժնետոմսերը գրանցվել են օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա, և այդ ակտով ստացածը վերադարձնելը վնաս կպատճառի նրանց:

Ավելին, 26.12.2006 թվականի վիճարկվող որոշման գործողության մեջ գտնվելը որևէ անձի, այդ թվում` «Գլուր» ՍՊԸ-ին, վնաս չի կարող պատճառել, քանի որ բաժնետոմսերը նշված քանակով Ֆիրդուս Զաքարյանի և Ժիրայր Գալստյանի անվամբ գրանցելու «Գլուր» ՍՊԸ-ի տնօրեն Տիգրան Դարբինյանի և Գուրգեն Դարբինյանի պարտավորությունը որպես փաստ հաստատվել է օրինական ուժի մեջ մտած դատավճռով, որն էլ հետագայում դրվել է ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 17.11.2006 թվականի վճռի հիմքում:

Բացի այդ, դիմողը խախտել է վարչական ակտի բողոքարկման 6-ամսյա ժամկետը և չի դիմել բողոքարկման ժամկետը վերականգնելու համար: Վերաքննիչ դատարանը, չկիրառելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի դրույթները, քննության է առել տվյալ դեպքում անբողոքարկելի դարձած վարչական ակտը:

2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանում են հետևյալ փաստարկով.

ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքն ուժի մեջ է մտել 01.01.2008 թվականին, գործն ըստ էության քննվել և վճիռ է կայացվել 17.06.2008 թվականին, սակայն գործի դատաքննությունը չի կատարվել վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: 10.10.2007 թվականին գործի քննությունը հետաձգվել էր և 01.01.2008 թվականից հետո վերսկսվելու դեպքում պետք է փոխանցվեր վարչական դատարան, որը չի կատարվել:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.10.2008 թվականի որոշումը և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի օրինական ուժի մեջ մտած 17.11.2006 թվականի վճռով Տիգրան և Գուրգեն Դարբինյանները պարտավորեցվել են Ֆիրդուս Զաքարյանի և Ժիրայր Գալստյանի անվամբ գրանցելու «Սիգմա» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 40%-ը՝ յուրաքանչյուրին 20%-ի չափով (գ.թ. 17, հ.1, գ.թ. 25, հ. 2 ):

2) ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի «Թիվ 06-3581 քաղաքացիական գործով վճիռը պարզաբանելու մասին» օրինական ուժի մեջ մտած 21.12.2006 թվականի որոշմամբ պարզաբանվել է 17.11.2006 թվականի վճիռը հետևյալ ձևով՝ «դատարանը, նշելով «Սիգմա» ԲԲԸ-ի բաժնետոմսերը, նկատի է ունեցել ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության հետ 2003 թվականի հունվարի 16-ին թիվ 540-Ռ կնքված պայմանագրով ձեռք բերված «Գլուր» ՍՊԸ-ում ունեցած Մարտունու «Սիգմա» ԲԲԸ-ի բաժնետոմսերը, իսկ՝ պարտավորեցնել պատասխանողներ Տիգրան և Գուրգեն Դարբինյաններին, նկատի է ունեցել պարտավորեցնել «Գլուր» ՍՊԸ-ի տնօրեն Տիգրան Դարբինյանին» (գ.թ. 37, հ.1, գ.թ. 28, հ. 2):

3) ««ՀՀ կենտրոնական դեպոզիտարիա» ԻԿԿ-ի միջոցով բաժնետոմսերը գրանցելու մասին» Ծառայության 26.12.2006 թվականի որոշմամբ Դեպոզիտարիան պարտավորեցվել է Մարտունու «Սիգմա» ԲԲԸ-ի կողմից թողարկված «Գլուր» ՍՊԸ-ին պատկանող բաժնետոմսերի համապատասխան մասը փոխանցել Ֆիրդուս Զաքարյանի, իսկ մյուս մասը՝ Ժիրայր Գալստյանի անձնական հաշիվներին (գ.թ. 38, հ. 1): Որոշումը կայացվել է առանց կատարողական թերթի տրման և փաստացի կատարվել է (գ.թ. 42, հ. 1):

4) 17.07.2008 թվականի վերաքննիչ բողոքում առկա չեն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի խախտման մասին սույն բողոքի հիմքերն ու հիմնավորումները (գ.թ. 5, հ. 2):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ

1) վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անվավեր է առոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է` ա) oրենքի խախտմամբ, այդ թվում` oրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով, բ) կեղծ փաստաթղթերի կամ տեղեկությունների հիման վրա, կամ եթե ներկայացված փաստաթղթերից ակնհայտ է, որ ըստ էության պետք է ընդունվեր այլ որոշում:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին պարբերության համաձայն՝ ոչ իրավաչափ վարչական ակտը չի կարող անվավեր ճանաչվել, եթե ակտի հասցեատերն իրավունք ունի վստահելու վարչական ակտի գոյությանը, և վերջինիս գործողության մեջ գտնվելը չի կարող վնաս պատճառել որևէ անձի իրավունքներին, Հայաստանի Հանրապետությանը կամ որևէ համայնքի: Նույն հոդվածի նույն մասի 2-րդ պարբերության համաձայն՝ վարչական ակտի հասցեատերը վարչական ակտի գոյությանը վստահելու իրավունք ունի, եթե վարչական ակտի հիման վրա ստացածն արդեն իսկ oգտագործել կամ տնoրինել է, ինչպես նաև, եթե ակտի հիման վրա ստացածի հետ վերադարձնելը վնաս կպատճառի վարչական ակտի հասցեատիրոջը:

Նշված հոդվածներից հետևում է, որ օրենսդիրը, սահմանելով ոչ իրավաչափ վարչական ակտի անվավեր լինելու դեպքերը, միաժամանակ սահմանել է երկու պայման, որոնց միաժամանակյա առկայության դեպքում ոչ իրավաչափ վարչական ակտը չի կարող անվավեր ճանաչվել: Դրանք են, երբ՝

1)   ակտի հասցեատերն իրավունք ունի վստահելու վարչական ակտի գոյությանը, և

2)   ակտի գործողության մեջ գտնվելը չի կարող վնաս պատճառել որևէ անձի իրավունքներին, Հայաստանի Հանրապետությանը կամ որևէ համայնքի:

Սույն քաղաքացիական գործի փաստերի առանձնահատկությունների հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով պարզման ենթակա է այն իրավական հարցադրումը, թե արդյոք ոչ իրավաչափ է վիճարկվող վարչական ակտը և ոչ իրավաչափ լինելու դեպքում այն կարող է անվավեր ճանաչվել:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը պարտադիր է բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, իրավաբանական անձանց և քաղաքացիների համար ու ենթակա է կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ հարկադիր կատարման միջոցների կիրառման հիմքը սույն oրենքով սահմանված կարգով տրված կատարողական թերթն է:

Նույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ կատարողական թերթը տրվում է դատարանի վճիռների, դատավճիռների, որոշումների և դատարանի արձակած վճարման կարգադրությունների հիման վրա:

Սույն գործի փաստերի համաձայն՝ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի օրինական ուժի մեջ մտած 17.11.2006 թվականի վճռով և ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի «Թիվ 06-3581 քաղաքացիական գործով վճիռը պարզաբանելու մասին» օրինական ուժի մեջ մտած 21.12.2006 թվականի որոշմամբ ճանաչվել է Ֆիրդուս Զաքարյանի և Ժիրայր Գալստյանի սեփականության իրավունքն Ընկերության համապատասխան բաժնետոմսերի նկատմամբ, այնուհետև առանց կատարողական թերթի Ծառայությունը 26.12.2006 թվականի որոշմամբ պարտավորեցրել է Դեպոզիտարիային Ընկերությանը պատկանող բաժնետոմսերի համապատասխան մասը գրանցել Ֆիրդուս Զաքարյանի և Ժիրայր Գալստյանի անվամբ: Ծառայության 26.12.2006 թվականի վիճարկվող որոշումը փաստացի կատարվել է:

Վերը նշված փաստերի համադրության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ծառայության 26.12.2006 թվականի որոշումն ընդունվել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի, 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի խախտումներով, հետևաբար այն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետի ուժով ոչ իրավաչափ է:

Սակայն Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ծառայության վիճարկվող որոշման ընդունումն ըստ էության ուղղված է օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պարտադիր կատարմանը, որն արդար դատաքննության բաղկացուցիչ տարն է:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվեցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված արդար դատաքննության իրավունքը կդառնա վերացական, եթե պետության իրավական համակարգը թույլ տա, որ դատարանի՝ ի վնաս կողմերից մեկի կայացրած վերջնական, պարտադիր դատական ակտը մնա անկատար: Ավելին, եթե Կոնվեցիայի 6-րդ հոդվածն առանց պաշտպանության թողնի դատական ակտերի ի կատար ածումը, ապա դա, հավանաբար, կհանգեցնի այնպիսի իրողության, որ անհամատեղելի կլինի իրավունքի գերակայության սկզբունքների հետ, որը Պայմանավորվող պետությունները պարտավորվել են պահպանել Կոնվենցիան վավերացնելիս (տես՝ Բուրդովն ընդդեմ Ռուսաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 07.05.2002 թվականի վճիռը, կետ 34, Հորնսբին ընդդեմ Հունաստանի 19.03.1997 թվականի վճիռը, կետ 40):

Բացի այդ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը տվել է Կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածի իմաստով «սեփականություն» հասկացության ընդլայնված մեկնաբանություն՝ օգտագործելով «օրինական սպասելիք» հասկացությունը:

Մասնավորապես, դատարանն արձանագրել է, որ պահանջի իրավունքն ստանում է «սեփականություն» որակումն այն պահից, երբ անձն ունենում է «օրինական սպասելիք» իր իրավունքներն իրականացնելու համար (Պրեսոսն Կոմպանիա Նավիեռան ՍԱ ընդդեմ Բելգիայի, 20.11.1995թ. թիվ 17849/91): «Օրինական սպասելիքը» առկա է այն բոլոր դեպքերում, երբ անձինք ունեն բավականաչափ իրավական հիմքեր վստահելու այն իրավական ակտերի իրավաչափ լինելուն, որոնք ուղված են իրենց համար որոշակի իրավունքներ առաջացնելուն, անձի մոտ ստեղծում են իրավաչափ իրավական ակտի տպավորություն և վերաբերում են սեփականության իրավունքի (Կոպեկին ընդդեմ Սլոկանիայի, 28.09.2004թ. թիվ 44912/98):

Սույն քաղաքացիական գործով Ֆիրդուս Զաքարյանի և Ժիրայր Գալստյանի սեփականության իրավունքը ճանաչվել է ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի օրինական ուժի մեջ մտած 17.11.2006 թվականի վճռով և «Թիվ 06-3581 քաղաքացիական գործով վճիռը պարզաբանելու մասին» ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի օրինական ուժի մեջ մտած 21.12.2006 թվականի որոշմամբ, հետևաբար, նրանք ունեին օրինաչափ սպասելիք այդ ակտերի իրավաչափության վերաբերյալ և բավականաչափ իրավական հիմք` կարծելու այդ ակտերի հնարավոր հետևանքների առաջացման, այն է` դրանց կատարման հնարավորության վերաբերյալ:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարմանն ուղղված Ծառայության ոչ իրավաչափ 26.12.2006 թվականի վարչական ակտի գործողության մեջ գտնվելը չի կարող վնաս պատճառել որևէ անձի իրավունքներին, Հայաստանի Հանրապետությանը կամ որևէ համայնքի և ակտի հասցեատերեր Ֆիրդուս Զաքարյանը և Ժիրայր Գալստյանն իրավունք ունեն վստահելու այդ ակտի գոյությանը, որպիսի պայմաններում Ծառայության ոչ իրավաչափ 26.12.2006 թվականի որոշումն անվավեր չէ:

Ինչ վերաբերում է բողոքի այն փաստարկին, որ դատարանը չի կիրառել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» 71-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր չէ հետևյալ պատճառաբանությամբ՝

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 4-ին մասի համաձայն՝ սույն oրենքի գործողությունը չի տարածվում դատավարական իրավունքի նորմերով կարգավորվող հարաբերությունների վրա:

Նույն օրենքի 70-րդ հոդվածի համաձայն` ակտը կարող է բողոքարկվել վարչական կամ դատական կարգով: Վարչական կարգով բողոք կարող է ներկայացվել ակտն ընդունած վարչական մարմին, վարչական մարմնի վերադաս վարչական մարմին։ Եթե ակտը բողոքարկվել է ակտն ընդունած վարչական մարմին և (կամ) բողոքարկվող ակտն ընդունած վարչական մարմնի վերադաս վարչական մարմին, ապա բողոքը ենթակա է քննարկման բողոքարկվող ակտն ընդունած վարչական մարմնի վերադաս վարչական մարմնում։ Այդ դեպքում բողոքարկվող ակտն ընդունած վարչական մարմնում բողոքի առնչությամբ հարուցված վարույթը ենթակա է կարճման։ Եթե ակտը բողոքարկվել է վարչական և դատական կարգով միաժամանակ, ապա բողոքը ենթակա է դատական քննության, որի դեպքում վարչական մարմնում հարուցված վարույթը կարճվում է:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական բողոքը կարող է բերվել` ա) վարչական ակտն ուժի մեջ մտնելու oրվանից 6 ամսվա ընթացքում, բ) վարչական մարմնի կողմից գործողություն կատարելու oրվանից մեկ ամսվա ընթացքում, գ) վարչական մարմնի կողմից անգործություն ցուցաբերելու oրվանից 3 ամսվա ընթացքում, դ) գրավոր վարչական ակտում դրա բողոքարկման ժամկետը նշված չլինելու դեպքում` վարչական ակտի ուժի մեջ մտնելու oրվանից մեկ տարվա ընթացքում: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետները բաց թողնելուց հետո ակտը դառնում է անբողոքարկելի: Բողոքարկման ժամկետը կարող է վերականգնվել հարգելի պատճառով բաց թողնվելու դեպքում:

Վերոնշյալ հոդվածներից հետևում է, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի նորմերը չեն տարածվում դատավարական իրավունքի նորմերով կարգավորվող հարաբերությունների վրա, իսկ տվյալ օրենքի 71-րդ հոդվածը, սահմանելով վարչական բողոքի բողոքարկման ժամկետները, ըստ էության, սահմանում է վարչական ակտի բողոքարկումը վարչական կարգով՝ ակտն ընդունած վարչական մարմնին կամ վարչական մարմնի վերադաս վարչական մարմնին: Ընդ որում, վարչական բողոքի համար սահմանված ժամկետների բաց թողումը վարչական ակտը դարձնում է անբողոքարկելի միայն վարչական կարգով:

2) Վճռաբեկ բողոքի երկրորդ հիմքին Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վճռաբեկ դատարանը բողոքի հիման վրա սույն oրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով վերանայում է վերաքննիչ դատարանի դատական ակտերը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննության կարգով բողոքարկման ենթակա գործն ըստ էության լուծող դատական ակտերն անձը չի կարող բողոքարկել վճռաբեկ դատարանում, եթե նա նույն հիմքերով չի բողոքարկել դատական ակտը վերաքննիչ դատարանում:

Վերը նշված հոդվածներից հետևում է, որ վճռաբեկության կարգով բողոքարկված վերաքննիչ դատարանի դատական ակտերը Վճռաբեկ դատարանը վերանայում է վճռաբեկ բողոքի սահմաններում: Ընդ որում, անձը չի կարող վերաքննության կարգով բողոքարկման ենթակա դատական ակտը բողոքարկել Վճռաբեկ դատարան այն հիմքերով, եթե նա նույն հիմքերով չի բողոքարկել Վերաքննիչ դատարան:

Սույն գործում առկա վերաքննիչ բողոքի ուսումնասիրման արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոք բերած անձինք սույն բողոքի երկրորդ հիմքում նշված փաստարկները չեն բողոքարկել Վերաքննիչ դատարան, որի արդյունքում դրանք Վերաքննիչ դատարանի կողմից քննության առարկա չեն դարձվել:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտը սույն հիմքով չի կարող բողոքարկվել:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի առաջին հիմքի մասնակիորեն հիմնավոր լինելը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված՝ անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.10.2008 թվականի որոշումը և այն փոփոխել. «Գլուր» ՍՊԸ-ի դիմումը մերժել:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ա. Մկրտումյան

Դատավորներ`

 

Ս. Սարգսյան

 

Տ. Պետրոսյան

  

Վ. Աբելյան

 

Ս. Անտոնյան

 

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Է. Հայրիյան

Ա. Մաթևոսյան

 

Ե. Սողոմոնյան